Տանձատափ (Քաշաթաղի շրջան)

նախկին բնակավայր Քաշաթաղի շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանձատափ (այլ կիրառումներ)

Տանձատափ (նաև Տանձաթափա, ադրբեջանական անունը՝ Ղարաբաբա), նախկին բնակավայր Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի բնակավայր, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Զանգելանի շրջանի բնակավայր։

Նախկին գյուղ
Տանձատափ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքԶանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
Ազգային կազմՀայեր՝ մինչև 1963 թ․-ը,
Ադրբեջանցիներ՝ 1920-ականներից 1993 թ,
Ժամային գոտիUTC+4
Տանձատափ (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Տանձատափ (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Անվանում

խմբագրել

Բնակավայրի պատմական, հայկական անունը Տանձատափ է։ Երբեմն կիրառվել է նաև անվան աղավաղված ձևը՝ Տանձաթափա։ Ադրբեջանական անվանումը Ղարաբաբա է։

Աշխարհագրություն

խմբագրել

Աշխարհագրորեն Տանձատափը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Թորոսաձորի ձախ կողմում։ Հայաստանի Սյունիքի մարզի սահմանագծից հեռու է 2 կմ դեպի հարավ-արևելք։ Տանձատափի հյուսիս-արևմուտքում՝ 4,5 կմ հեռու, գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ գյուղը։ Բնակավայրի տարածքը ծովի մակարդակից 700-740 մ բարձրության վրա է[1]։

Պատմություն

խմբագրել

Գյուղի վերաբերյալ պատմական մատենագիտական տեղեկություններ քիչ են պահպանվել։ Տանձատափի վերաբերյալ տեղեկությունները առավելապես սկսվում են 18-րդ դարի 20-ական թվականներից[1]։

Դավիթ Բեկի ժամանակաշրջան

խմբագրել

Հայտնի է, որ հայ զորավար Դավիթ Բեկի զինակից Թորոս իշխանի նստավայրը եղել է Եղվարդ գյուղը, որտեղից իշխում էր նաև Տանձատափ և հարակից այլ գյուղերում[1][2]։ Թորոս իշխանի կրտսեր որդու՝ Հեթումի որդիներից երկրորդը՝ Քարամը, ով հայտնի էր նաև արտասովոր ուժ ունենալով, մելիքական իրավունքներով իշխում էր Ագարակի տարածաշրջանում, այդ թվում՝ Տանձատափում։ Մելիք-Քարամն ու իր հաջորդներն իրենց նստավայրը Ագարակ գյուղից տեղափոխում են Տանձատափ գյուղը[1][3]։

Ռուսական կայսրության ժամանակաշրջան

խմբագրել

Տարածաշրջանը Ռուսական կայսրության կողմից նվաճվելուց հետո հայ մելիքները պահպանում են իրենց տիրույթները ղեկավարել բեկական իրավունքով[4]։

Հայ-թաթարական ընդհարումներ, 1905-1907թթ․

խմբագրել

1905-1907 թվականներին տեղի ունեցած հայ-թաթարական ընդհարումների թատերաբեմ է եղել նաև Տանձատափը։ 1906 թվականի օգոստոսի 10-ին թուրքերի մեծաքանակ ուժեր հարձակվեցին Տանձատափի վրա։ Հայերը մինչև կեսօր կարողանում են դիմադրություն ցույց տալ, սակայն, թուրքերի անընդհատ հարձակմանը չդիմանալով, նահանջեցին մոտակա Ագարակ գյուղ։ Տանձատափն ամբողջովին թալանվեց և հրդեհվեց։ Թուրքերն իրենց հետ տարան գյուղի 300 գլուխ կով, հարյուրավոր պարկերով ցորեն, գարի, ինչպես նաև բնակարանների իրերը։ Ընդհարումների ժամանակ հայկական կողմից արձանագրվեց 5 զոհ և մի քանի վիրավոր։ Սպանվեցին Մելիք Քարամյանների տանից 70 տարեկան Միքայել բեկը, 65 տարեկան Բեգլար բեկը, 45 տարեկան Բահրամ բեկը, Բախշի բեկի 40 տարեկան կինը և Հաթամ բեկի 19 տարեկան աղջիկը։ Թուրքական կողմը նույնպես ունեցավ զոհեր, որոնց թվաքանակն անհայտ է։ Հետագայում համագյուղացիներին օգնելու նպատակով Տիրմեզից Մելիք Քարամյան եղբայրները հատկացրեցին 300 ռուբլի[1][4][5]։

Խորհրդային ժամանակաշրջան

խմբագրել

Խորհրդային ժամանակաշրջանում Տանձատափ բնակավայրն ընդգրկվել է Խորհրդային Ադրբեջան Զանգելանի շրջանում։

Արցախյան ազատամարտ, 1991-1994թթ․

խմբագրել

Արցախյան ազատամարտի ընթացքում՝ 1993 թվականին, Տանձատափն անցել է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո և ընդգրկվել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020թ․

խմբագրել

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ամբողջ ընթացքում Տանձատափը մնացել է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Տանձատափը և հարակից տարածքները պետք է մնային հակամարտ ուժերի այն կողմում, որի վերահսկողության ներքո գտնվել է։ Սակայն հետագայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ կարգադրել է, որ հայկական զորքերը հեռանան այդ տարածքներից՝ դրանք թողնելով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[6]։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Տանձատափի տարածքում 1990-ականներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են պատմամշակութային մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ եկեղեցի, գերեզմանոց տապանաքարերով, հին ջրաղաց և այլն։

Տանձատափի եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիսային եզրին՝, բլրաշարքի բարձրադիր տեղում։ Մինչև 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը, այն կանգուն էր։ Ճարտարապետական տեսակետից միանավ, թաղածածկ կառույց է և ունի 14,50x8,30 մ արտաքին չափեր։ Կառուցվել է անմշակ քարով և կրաշաղախով։ Որոշ անկյունաքարեր սրբատաշ են։ Ներսի կողմիցսվաղված է եղել։ Եկեղեցու խորանի աջ և ձախ կողմում գտնվում են ավանդատներ։ Միակ մուտքը եղել է հարավային կողմում։ Հյուսիսային պատի մեջ գտնվել է մկրտարանի ավազանը։ Եկեղեցու պատերին արձանագրություններ չեն պահպանվել։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ եկեղեցու կառուցումը թվագրվում է 19-րդ դարի կեսերով։ Եկեղեցու շուրջ տարածված է եղել հայկական գերեզմանոցը, որը ադրբեջանցիների կողմից ավերվել է 1989-1993 թվականների ընթացքում։ 1993 թվականից հետո այնտեղ պահպանվել են միայն կոտրված տապանաքարերի բեկորներ, որոնց մի մասի վրա դեռևս առկա են եղել հայատառ արձանագրություններ[1]։

Տանձատափի տարածքում է գտնվել մեկ այլ հայկական գերեզմանոց։ Այն տեղակայված է եղել գյուղից 1 կմ դեպի հյուսիս։ Գերեզմանոցն ավերված է, որի տարածքում նկատելի 1990-ականների վերջերին տեսանելի են եղել խաչքարերի բեկորներ։ Դրանցից մեկն ունեցել է 11-ից 12-րդ դարերին բնորոշ խաչաքանդակներ[1]։

Գյուղից դեպի հյուսիս-արևմուտք՝ Թորոսաձորով հոսող վտակի ափին, 1990-ականների վերջերի ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են պահպանված 2 ջրաղացների ավերակներ[1]։

Բնակչություն

խմբագրել

Տանձատափում հին ժամանակներից եղել է հայաբնակ։ Հայտնի է, որ 1897 թվականին գյուղն ունեցել է 29 տուն ընդհանուր 218 բնակիչ (բոլորը հայեր)[1][5]։ 1905-1907 թվականներին տեղի ունեցած հայ-թաթարական ընդհարումների ժամանակ թուրքերի հարձակման հետևանքով գյուղի բնակչությունը ստիպված է եղել լքել բնակավայրը։ Հետագայում վերադառնալով գյուղ, բնակչությունը այն կրկին զարգացնում է[1][4][5]։

1908 թվականին Տանձատափն ունեցել է 373 հայ բնակիչ[7]։

Տանձատափ գյուղը հայաթափվել է 1967 թվականին[1]։

Գյուղում թուրքական բնակչությունը սկսել է հայտնվել 1920-ական թվականներից և արդեն 1960-ականներին կազմել է բնակչության բացարձակ մեծամասնությունը[1]։ Ադրբեջանական բնակչությունը լքել է գյուղը 1991 թվականին սկսված Արցախյան ազատամարտի ընթացքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 թվական, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-11-10 Wayback Machine
  2. Ղաբաթլիի շրջանի տարածքում պահպանված պատմական հուշարձաններին նվիրված մեր ընդարձակ հոդվածը տես «Առերեսում» ամսաթերթում, N 15, 1996, էջ 8-9։
  3. «Հայաստանի Հանրապետաթիւն», օրաթերթ, 1995, 21 օգոստոս, N 209, էջ 2։
  4. 4,0 4,1 4,2 «Մշակ», 1906, N 257, 23 նոյեմբերի, էջ 2։
  5. 5,0 5,1 5,2 Ա-Դօ, Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905– 1906 թթ.), Երեւան, 1907 թվական։
  6. «Եթե լիներ նորմալ կառավարիչ, հրահանգ կտար զորքերը կանգնեցնել գոնե այն տեղերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն․ Սեյրան Օհանյան», (արխիվացված 10․11․2021թ․
  7. «Зангезурский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.(ռուս.)