Տեսություն
Տեսություն
- Գիտելիքի բարձրագույն ձևը, որի մեջ նվազագույն թվով հիմնական հասկացություններից ու դրանք պարունակող ընդհանուր դրույթներից (հիմնադրույթներից, սկզբունքներից) բխեցվում են փորձից հայտնի երևույթները և դրանք կապակցող էմպիրիկական օրինաչափությունները (կանոնավորությունները)։ Յուրաքանչյուր տեսության հետ առնչվում է մի որոշակի մոդելային պատկերացում դիտարկելի երևույթների ներքին կառուցվածքի և գործողության մեխանիզմի վերաբերյալ։ Գիտելիքների տեսությունը իմի է բերում փորձի մեջ անջատ երևույթների բազմազանությունը, տալիս է դրանց բացատրությունը և հնարավորություն է ընձեռում կանխատեսելու նոր (մինչ այդ չդիտված) երևույթներ, իսկ իմացաբանական առումով՝ եզակին, պատահականն ու անցողիկը հանգեցնում է ընդհանուրին, անհրաժեշտին, հաստատունին, օրինաչափին։ Տեսության գիտական արժեքը որոշվում է իր այս հիմնական ֆունկցիաները հաջող կատարելու աստիճանով։ Բնագիտության յուրաքանչյուր ճյուղում գոյություն ունի միասնականացման ֆունկցիա կատարող ընդհանրական հիմնարար տեսություն, որից ելնում են երևույթների առանձին բնագավառներին վերաբերող մասնավոր տեսությունները։ Այդպիսին է դասական ֆիզիկայում Ի․ Նյուտոնի «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքներ»-ում շարադրված տեսությունը, որի վրա հիմնված էին ձայնային, լուսային, մագնիսական, էլեկտրական և մյուս ֆիզիկա-քիմիական երևույթների վերաբերյալ XVIII—XIX դդ․ ստեղծված բոլոր մասնավոր գիտական տեսությունները։ Ավելին, այն ընկած էր առհասարակ աշխարհի մեխանիկական պատկերի հիմքում։ Նորագույն ֆիզիկայում նույն դերը ստանձնել են հարաբերականության հատուկ տեսությունը և քվանտային մեխանիկայի տեսությունը, կենսաբանության մեջ՝ Դարվինի, Պավլովի, Մորգանի-Վասմանի տեսությունները և այլն։ Հասարակական գիտություններում սովորաբար զուգահեռաբար գործում են մի քանի անկախ ընդհանրական տեսություններ։ Հատուկ դաս են կազմում մաթեմատիկական և մաթեմա-տիկատրամաբանական տեսությունները, որոնցում նախապես ընդունված որոշակի դրույթներից (կանխադրույթներից, աքսիոմներից) զուտ տրամաբանական ձևափոխությունների միջոցով արտածվում են ուրիշ դրույթներ։ Գիտելիքի բովանդակային բնագավառներում կառուցվածքային առումով առավել խիստ են այն տեսությունները, որոնցում էականորեն օգտագործվում է մաթեմատիկայի լեզուն։ Տեսության ուսումնասիրությամբ զբաղվում են փիլյունը, հատկապես իմացաբանությունը, գիտության մեթոդաբանությունը և տրամաբանությունը։
- Լայն իմաստով, առանձնապես XIX դ․ փիլիսոփայական գրականության մեջ, տեսություն կամ տեսական մտածողություն ասելով նկատի ունեն հասարակական մարդու կողմից աշխարհի հոգևոր յուրացումը՝ նրա ճանաչողական գործունեությունը հատկապես իբրև երևույթների բացատրություն, ըմբռնում, իմաստավորում, ի տարբերություն աշխարհի գործնական-առարկայական յուրացման՝ պրակտիկայի։ Ըստ դիալեկտի կական մատերիալիզմի, աշխարհի յուրացման մեկ-միասնական գործունեության մեջ այս երկու կողմերի առանձնացումը և, այնուհետև, հակադրումը պատմական երևույթ է։ Հասարակական կյանքում տեսական մտածողության դերն առանձնապես մեծանում է հասարակության հեղափոխական սոցիաիստական վերափոխման ժամանակաշրջանում։ Ինչպես նշել է Վ. Ի. Լենինը․ «Առանց հեղափոխական տեսության չի կարող լինել նաև հեղափոխական շարժում», իսկ «․․․առաջավոր մարտիկի դերը կարող է կատարել միայն այն կուսակցությունը, որ ղեկավարվում է առաջավոր տեսությամբ»
Ընթերցե՛ք «տեսություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 657)։ |