Տիբերիոս
Տիբերիոս (լատին․՝ Tiberius Caesar Augustus, ծնունդով՝ Տիբերիոս Կլավդիոս Ներոն (Tiberius Claudius Nero), նոյեմբերի 16, մ. թ. ա. 42[1][2][3], Հռոմ, Հռոմեական Հանրապետություն - մարտի 16, 37[3], Միսենո, Բակոլի, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[3]), հռոմեական կայսր 14 - 37 թվականներին, Հուլիոսների-Կլավդիոսների հարստությունից։ Մայրը՝ Լիվիան, մ.թ.ա. 38 թվականին, երբ Տիբերիոսը չորս տարեկան էր, ամուսնալուծվել է առաջին ամուսնուց, որպեսզի ամուսնանա Օկտավիանոս Օգոստոսի հետ։ Մ.թ. 4 թվականին, երբ Տիբերիոսը որդեգրվեց Օգոստոսի կողմից, նա սկսեց անվանվել Տիբերիոս Կեսար, իսկ Օգոստոսի մահից հետո՝ Տիբերիոս Կեսար Օգոստոս։ Նախքան գահը ժառանգելը զբաղեցնում էր մի շարք պաշտոններ, կատարում կայսրի հատուկ հանձնարարությունները։ Աչքի է ընկել նաև որպես ռազմական գործիչ, հռոմեական զորքերի հրամանատար՝ մ.թ.ա. 12-9 թվականներին գրավելով Պանոնիան (Դանուբ գետի վրա), հաջող ռազմական գործողություններ վարելով Գերմանիայում (մ.թ.ա. 9–7 թվականներին և նորից մ.թ. 4–6 թվականներին)։ Մ.թ. 6–9 թվականներին ճնշել է Իլիրիկում և Պանոնիայում ծագած ապստամբությունները։ Տիբերիոսը հպատակեցրել է Հռոմի իշխանությանը առ Հռենոս և Դանուբ ընկած տարածքները՝ դարձնելով այդ գետերը կայսրության սահմանագիծ։ Հայաստանի նկատմամբ շարունակել է վարել Օգոստոսի քաղաքականությունը, ձգտել է դրածոների միջոցով Հռոմի ազդեցությանը ենթարկել Հայաստանը։
Տիբերիոս | |
---|---|
Ծնվել է՝ | նոյեմբերի 16, մ. թ. ա. 42[1][2][3] |
Ծննդավայր | Հռոմ, Հռոմեական Հանրապետություն |
Մահացել է՝ | մարտի 16, 37[3] (77 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Միսենո, Բակոլի, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[3] |
Օգոստոսի դամբարան | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Հուլիոս Կլավդիոսներ, Claudii Nerones? և Julii Caesares? |
ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և զինվոր | |
Հայր | Tiberius Claudius Nero?[3], Marcus Gallius? և Օկտավիանոս Օգոստոս |
Մայր | Livia?[3] |
Երեխաներ | Drusus Julius Caesar?, Claudia/Claudius?, Tiberillus? և Գերմանիկոս |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Պարգևներ |
Տիբերիոսի անձնական կյանքը Օգոստոսի կողմից զոհաբերվեց կասերական դինաստիական շահերին։ Մ.թ.ա. 11 թվականին Օգոստոսը ստիպեց Տիբերիոսին ամունալուծվել իր հղի կնոջ՝ Վիպսանիա Ագրիպայի հետ, որից նա արդեն ուներ որդի և ամուսնանալ Օգոստոսի այրի դստեր Յուլիայի հետ։ Ամուսնությունը հաջող ընթացք չունեցավ և, հնարավոր է, բացասաբար անդրադարձավ Տիբերիոսի բնավորության վրա։ Մ.թ.ա. 6 թվականին Տիբերիոսը թողնում է Հռոմը և հեռանում հունական Հռոդոս կղզի, որտեղ մնում է մինչև մ.թ. 2 թ.։ Տիբերիոսի այդ քայլը հարուցում է Օգոստոսի դժգոհությունը, նամանավանդ, որ մինչ այդ նա հինգ տարով շնորհել էր Տիբերիոսին տրիբունի լիզորություններ։ Մ.թ.ա. 2 թվականին Օգոստոսը դատապարտում է իր աղջկան՝ Յուլիային ամուսնական անհավատարմության համար և խզում նրա ու Տիբերիոսի միջև ամուսնությունը։ Մ.թ. 4 թվականին, Օգոստոսի թոռներ՝ Լուցիոս և Գայոս Կեսարների հաջորդական մահերից հետո, կայսրը որդեգրում է Տիբերիոսին՝ պարտավորեցնելով նրան իր հերթին որդեգրել Գերմանիկոսին, որը Տիբերիոսի եղբորորդին էր և Օգոստոսի քրոջ թոռը։ Հաջորդ 10 տարիներին Տիբերիոսը փաստորեն Օգոստոս կայսեր գահակիցն էր։
Մ.թ. 14 թվականի օգոստոսի 19-ին Օկտավիանոս Կեսարի մահից հետո Տիբերիոսը ժառանգում է գահը՝ սեպտեմբերի 17-ին ստանալով սենատի համաձայնությունը։ Տիբերիոսի պրինցիպատը անցնում էր Օգոստոսի պատգամներին հավատարիմ մնալու նշանի տակ։ Արտաքին քաղաքականության բնագավառում նոր կայսրը հետևում էր գոյություն ունեցեղ սահմանների պահպանման և ամրապնդման սկզբունքին։ Մ.թ. 17 թվականին հռոմեական նահանգ է դառնում Կապադովկիան, որը մինչ այդ կախվածության մեջ էր Հռոմից։ Մ.թ. 21 թվականին Գաղիայում ծագած խռովությունը հեշտությամբ ճնշվում է։ Տիբերիոսի գահակալության տարիներին Հռոմեական կայսրությանը երկու անգամ սպառնում էր պատերազմ Պարթևաստանի հետ, սակայն մ.թ. 18 թվականին կոնֆլիկտը հաջողվեց մարել Արևելք արտակարգ լիազորություններով ուղարկված Գերմանիկոսի միջոցով, իսկ 30-ական թվականների սկզբներին խաղաղությունը հաջողվեց պահպանել Ասորիքի կուսակալ Լուցիոս Վիտելիոսի շնորհիվ։ Հռոմի նահանգները Տիբերիոսի օրոք ծաղկում էին, առաջին հերթին շնորհիվ կայսեր խնայողական քաղաքականության և խաղաղասիրության։
Այլ էր կացությունը Հռոմ քաղաքում, որտեղ Տիբերիոսն իր իշխանությանը սպառնացող իսկական և երևակայական վտանգները չեզոքացնելու համար հալածանքների քաղաքականություն էր վարում, որին զոհ գնացին բազմաթիվ սենատորներ և անգամ իր բարեկամներն ու ընտանիքի անդամները։ Սովորական երևույթ էին դարձել պետական դավաճանության մեղադրանքով դատավարությունները, որոնց արդյունքում շատերը դատապարտվում էին մահապատժի կամ աքսորի։ Երբ մ.թ. 19 թվականին Ասորիքում մահացավ Գերմանիկոսը հռոմեացիները կասկածեցին, որ նա թունավորվել է Տիբերիոսի հրամանով։ Մ.թ. 23 թվականին Հռոմում մահանում է Տիբերիոսի որդին՝ Դրուզոսը, որը թունավորվել էր Տիբերիոսի աջ ձեռք հանդիսացող պրետորիանական գվարդիայի հրամանատար Էլիուս Սեանուսի կողմից։ Ատելությունը Հռոմի բնակչության նկատմամբ կամ իր կյանքի համար վախը ստիպում են Տիբերիոսին հեռանալ Հռոմից և մ.թ. 26 թվականին հաստատվել Կապրի կղզում։ Տիբերիոսի բացակայությունը բացասաբար անդրադարձավ կայսրության կառավարման վրա։ Սեանուսը, որը փոխարինում էր Տիբերիոսին Հռոմում, ձգտում էր իշխանության և դավադրություն կազմեց, սակայն մ.թ. 31 թվականին կայսրը նախահարված հասցրեց՝ նրան մահապատժի ենթարկելով։ Դրանից հետո Տիբերիոսը իր ժառանգ նշանակեց Գերմանիկոսի որդուն՝ ապագա Կալիգուլային։ Մ.թ. 37 թվականին կայսեր առողջությունը սկսեց կտրուկ վատթարանալ, և 37 թվականի մարտի 16-ին նա մահանում է Կամպանիա երկրամասի Միզեն բնակավայրում իր առանձնատանը։ Հռոմեացի պատմիչ Կոռնելիոս Տակիտոսը հաղորդում է, որ Տիբերիոսը սկզբում կորցրել էր գիտակցությունը, սակայն բոլոր ներկաները կարծեցին, որ կայսրը մահացել է և սկսեցին շնորհավորել Կալիգուլային։ Այդ ժամանակ Տիբերիոսը բացում է աչքերը՝ սարսափի մատնելով ներկաներին, որոնք արագ ցրվեցին։ Սակայն պրետորիանական գվարդիայի հրամանատար Մակրոնը, որը Կալիգուլայի կողմնակիցն էր, չկորցնելով սառնասրտությունն ու վճռականությունը, խեղդամահ արեց Տիբերիոսին՝ թաղելով նրան Կապրիից բերված հագուստների կույտի տակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Suetonius/12Caesars/Tiberius*.html#5
- ↑ 2,0 2,1 http://www.newadvent.org/cathen/14717b.htm
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Любкер Ф. Tiberius (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1389—1390.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիբերիոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 695)։ |