Տիգրան Աճեմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Ավետիսի Աճեմյան (փետրվարի 13, 1852/1853, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - ապրիլի 12 (25), 1913/1914, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ, բեյ, Օսմանյան կայսերական բժշկական վարժարանի դասախոս։
Ծնվել է | փետրվարի 13, 1852 |
---|---|
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1853 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կայսերական զինվորական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | ակնաբույժ և դասախոս |
Կենսագրություն
խմբագրելՏիգրանի Աճեմյանը ծնվել է 1852/1853 թվականի փետրվարի 13-ին, Կոստանդնուպոլսի Ենի կափու թաղամասում։ Ավարտել է Կոստանդնուպոլսի Կում կափու թաղամասի Պեզճյան վարժարանը։ 1866-1873 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանում և ավարտելուց հետո ստացել կապիտանի կոչում։ 1873-1875/1876 թվականներին որպես առաջավոր շրջանավարտ, պետությունը նրան ուղարկել է Վիեննա, ուր մասնագիտացել է ակնաբուժության գծով։ 1875/1876 թվականներին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ 1875/1876-1878 թվականներին ակնաբույժ է աշխատել Սելանիկի (Սալոնիկ, Թեսաղոնիկե, այժմ՝ Հունաստանի տարածքում) հիվանդանոցում։ 1878-1911 թվականներին ակնաբույժ է աշխատել Կոստանդնուպոլսի Հայ դարփաշայի զինվորական հիվանդանոցում։ Մեկնել է Եվրոպա և կատարելագործվել Փարիզի ու Վիեննայի առաջատար հիվանդանոցներում։
1897 թվականին Փարիզում «Archive d’Ophtalmologie» հանդեսում հրատարակել է հոդված՝ աչքի վիրահատության մինչ այդ անհաջող համարված մի նոր մեթոդի շատ շահեկան ուսումնասիրության մասին։ Միաժամանակ, որպես պրոֆեսոր Կոստանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում դասավանդել է ակնաբուժություն առարկան և բազմաթիվ ակնաբույժ մասնագետներ պատրաստել։
Որոշ ժամանակ քաղաքապետարանի ակնաբույժ է աշխատել։ Ավելի քան 25 տարի ակնաբույժ է աշխատել Հասեքիի կանանց հիվանդանոցում։ Եղել է Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ և նախագահ, Քաղաքական ժողովի Ուսումնական խորհրդի ատենապետ։ 1907-1909 թվականներին եղել է Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության խորհրդի անդամ։ 1909 թվականի մարտի 26-ին ընտրվել է Օսմանյան կայսերական բժշկական ընկերության անդամ, ապա՝ նախագահի տեղակալ։
1911 թվականին պետական ծառայությունը ավարտել է գնդապետի (միրալայ) աստիճանով և թոշակի անցել։ Ակնաբուժության վերաբերյալ հայերեն, թուրքերեն և ֆրանսերեն լեզուներով գրած բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է։
Ապրել է Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում։ 1912 թվականի սեպտեմբերի 21-ին, մահացած բժիշկ Անտոն փաշա Նաֆիլյանի հուղարկավորության ժամանակ Օսմանյան կայսերական բժշկական ընկերության անունից կարդացել է իր գրած ֆրանսերեն դամբանականը, որի հայերեն օրինակը տպագրվել է Կոստանդնուպոլսի «Բժիշկ» ամսաթերթում։ Մահացել է 1913/1914 թվականի ապրիլի 12 (25)-ին, Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում՝ 61 տարեկանում։ Մահվան հանգամանքները անհայտ են։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- Բեյի տիտղոս
- 4-րդ (կամ 3-րդ) աստիճանի «Օսմանիե» (1899) պատվանշան
- 4-րդ աստիճանի «Մեջիդիե» պատվանշան
- ոսկե մեդալ (1900)
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
խմբագրել- «Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց», Կ. Պոլիս, 1900։
- Թէոդիկ «Ամէնուն տարեցոյցը», Զ տարի, Կ. Պոլիս, 1912, Բ հրատարակութիւն, Հալէպ, 2008
- «Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց», Կ. Պոլիս, 1931
- Պոտուրեան Մկրտիչ «Հայ հանրագիտակ», Պուքրէշ, 1938
- Մեզպուրեան Արթօ «Հայ եւ ծագումով հայ բժիշկներ»։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940
- Օտեան Երուանդ «Մեր երեսփոխանները, մեր Ազգային ժողովը», Երեւան, 1999
- Յարման Արսեն «Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի» (թուրքերեն), Ստամբուլ, 1988
- Փամուքջյան Գևորգ «Հայերը իրենց կենսագրականներով» (թուրքերեն), Ստամբուլ, 2003
- Զօհրապ Գրիգոր «Երկերի ժողովածու», հ. Ե., գիրք 1, Երեւան, 2004
- Անթայր (Վարուժան Քէօսէեան) «Դար մը առաջ պոլսահայ բժիշկները, «Ակօս», Ստամբուլ, 0601-2006