Տիգրան Ջրբաշյան

հայ խորհրդային երկրաբան

Տիգրան Արշակի Ջրբաշյան (նոյեմբերի 9 (21), 1889[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1937[1][2]), հայ խորհրդային երկրաբան, ԵՊՀ երկրաբանության ամբիոնի հիմնադիր։

Տիգրան Ջրբաշյան
Ծնվել էնոյեմբերի 9 (21), 1889[1]
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1937[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1]
Ալմա մատերՆերսիսյան դպրոց (1912)[1], Թբիլիսիի պետական համալսարան (1920)[1], Փարիզի համալսարան (1924)[1] և Փարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց (1924)
Գիտական աստիճանպրոֆեսոր (1935)

Կենսագրություն

խմբագրել

Տիգրան Ջրբաշյանը ծնվել է 1889 թվականի նոյեմբերի 9-ին Վան քաղաքում։

1896-1902 թվականներին սովորել է Էրզրումի Արծնյան վարժարանում, 1902-1906 թվականներին՝ Վանի Երեմյան վարժարանում, իսկ 1908-1912 թվականներին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1913 թվականին վերադառնալով Վան՝ աշխատել է Հայկազյան կոնտրոնական վարժարանում որպես ուսուցիչ։ Այս շրջանում իր աշակերտների թվում եղել է Հայաստանի ապագա ղեկավար Աղասի Խանջյանը։

Օսմանյան բանակի կողմից Վանի գրավման ժամանակ՝ 1915 թվականի հուլիսին Ջրբաշյանը իր եղբոր ու քրոջ հետ գաղթում է Արևելյան Հայաստան։ 1915-1918 թվականներին նա դասավանդել է մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, բնագիտություն Աշտարակի որբանոց-դպրոցում, իսկ հետո Թիֆլիս տեղափոխվելուց հետո Հայկազյան բարեգործական ընկերության և Ներսիսյան դպրոցին կից որբանոցներում։

1917-1920 թվականներին նա սովորել է Թիֆլիսի համալսարանի բնագիտական ֆակուլտետում։ Նույն ընթացքում աշխատել է Պոլիտեխնիկական ինս­տի­տուտի հան­քա­բանության կաբինետում։

Ուսումն ու կյանքը Ֆրանսիայում

խմբագրել

Գերազանց առաջադիմության համար նրան շնորհվում է Նուբար Փաշայի կրթաթոշակ, որով 1920 թվականին նա մեկնում է Փարիզ ու ընդունվում Սորբոնի համալսարան։ 1924 թվականին ավարտելով համալսարանը՝ նա ընդունվում է Փարիզի հանքաբանական ինստիտուտ, որն ավարտում է 1925 թվականին՝ ստանալով լեռնային ինժեներ-հան­քա­բանի կոչում։

Ուսմանը զուգահեռ նա նաև աշխատում է Փարիզի բնապատմական թանգարանում, որտեղ մեծանուն երկրաբաններ Ա․ Լակրուայի, Է Օգիի ու Պ․ Բոննեի ղեկավարության ներքո ձեռք է բերում գերազանց փորձ ու բարձր մասնագիտացում։

Դիպլոմային աշխատանքի ներկայացումից հետո Ջրբաշյանին եթովպիացի մի դիվանագետ աշխատանքի գրավիչ առաջարկ է անում, որը նա մերժում է՝ պնդելով, որ իր հայրենիքին պետք է վերադարձնի այն ամենն ինչ ստացել է։

Կյանքը Հայաստանում

խմբագրել

1925 թվականին նա վերադառնում է Հայաստան ու հաջորդ տարվանից սկսում աշխատել Երևանի համալսարանում որպես ընդհանուր երկրաբանություն, բյուրեղագիտություն ու հանքաբանություն առարկաների դասախոս։ Որոշ ժամանակ անց նա համալսարանում հիմնում է բյուրեղագիտական արհեստանոց, բյուրեղագիտական-հանքաբանական ու ընդ­հանուր երկրաբանության կաբինետներ։

1934 թվականին Տիգրան Ջրբաշյանը դառնում է իր ակտիվ մասնակցությամբ ստեղծած աշխարհագրական-երկ­րա­բա­նա­կան ֆակուլտետի առաջին դեկան, ինչպես նաև ընդհանուր երկրաբանության ամբիոնի վա­րիչ։ Հաջորդ՝ 1935 թվականին նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում։

Ջրբաշյանը եղել է նաև Հայաստանի ժողտնտխորհի խորհրդատու ինժեներ։ 1936 թվականի երկրաշարժից հետո Կառավարության հանձնարարությամբ նա օրական մի քանի դասախոսություն էր կարդում Կուլ­տու­րայի տան դահլիճում՝ քաղաքացիներին ներկայացնելով երկրաշարժերի պատճառները, անհրաժեշտ քայլերը երկրաշարժերի ժամանակ ու հանգստացնում նրանց։

Ձերբակալությունն ու մահը

խմբագրել

1937 թվականի օգոստոսի 30-ին ավարտելով դաշտային աշխատանքները՝ Տիգրան Ջրբաշյանը վերադարձել է տուն՝ պատրաստվելով երկու օրից իր ավագ որդուն՝ Էդգարին առաջին անգամ ուղեկցել դպրոց սեպտեմբերի 1-ին։ Սակայն օգոստոսի 31-ին նրանց տուն ներխուժում են Ներքին գործերի կոմիսարիատի աշխատակիցները, ովքեր ձերբակալում են Ջրբաշյանին ու տակն ու վրա անում տունը՝ առգրավելով նրա աշխատանքներն ու նամակագրությունը արտասահմանյան մեծանուն գիտականների հետ։ Տիգրան Ջրբաշյանը մեղադրվում է լրտեսության մեջ ու գնդակահարվում նույն թվականին։

Գիտական ժառանգությունը

խմբագրել

Տիգրան Ջրբաշյանը կազմել է երկրաբանական դասընթացի ծրագիր, երկրաբանական եզրույթների բառարան, թարգմանում է մի շարք մասնագիտական գրքեր, որոնք չի ավարտել ու որոնք ձերբակալության պատճառով առգրավվել են։

Հովհաննես Կարապետյանի հետ միասին Ջրբաշյանը եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի Աշխարհա-երկրաբանական նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտի ստեղծողներից մեկը։ Այստեղ 1935-1937 թվականներին նա եղել է գիտական աշխատող ու Կոտայքի երկրաբանական արշավախմբի պետ։

Նա մեծ ծավալի տվյալներ է թողել Հայաստանում ա­ղի, պեմզայի, պեռլիտի, մարմարի, ծծմբի, այրվող թերթաքարերի, տրե­պել­ների, բարիտի, օբսիդիանի, գունագեղ քարերի, ավազների և հրաբ­խա­յին խարամների երևակումների և հանքավայրերի մասին՝ լինելով Հայաստանում ոչ-մետաղական հանքավայրերի առաջին ուսումնասիրողը։ Ուսումնասիրել է Հայաստանի երկրաբանական կառուցվածքը, շերտագրությունը, տեկտոնիկան, մագմատիզմը, հիդրոերկրաբանությունը։ Նա կանխատեսել է Երևանի մոտակայքում աղի հսկայական պաշարների առկայությունը, ինչը դարձել է Երևանում աղի արդյունաբերական շահագործման հիմք։

Ջրբաշյանը կատարել է նաև ինժեներաերկրաբանական հետազոտություններ՝ կապված հանրապետությունում ծավալված շինարարության և նոր առողջարանների ստեղծման հետ։ Նրա հայտնագործությունների օգնությամբ Հայաստանում շահագործվել են Արագած-պեռլիտ, «Հայ­բնա­գույն­­քարեր», «Դիա­տո­միտներ», գաջի և շինանյութերի մի շարք ձեռնարկություններ։

Զբաղվել է Հրազդանի ավազանի հանքային ջրերի, նորագույն հրաբխային լավաների, սողանքների, երկրաշարժերի, սելավների ուսումնասիրությամբ։

Անձնական տվյալներ

խմբագրել

Ջրբաշյանը ամուսնացել է 1927 թվականին Էլբիս Կարա­սե­ֆեր­յա­նի (1909-1986) հետ, ով նույնպես Վանից էր, վաղ հասակում կորցրել էր ծնողներին ու եղբոր հետ բնակվում էր Թիֆլիսում։ Նրանք ունենում են երկու որդի՝ ապագայում տեխնիկական գիտությունների թեկնածու է, ջրա­յին պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօ­­րենի գիտության գծով տեղակալ Էդգար Ջրբաշյանը ու ապագայում երկրա­բա­նա­կան-հանքաբանական գիտությունների դոկտոր է, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Ջրբաշյանը։ Ընտանիքը տուն է ստանում Աբովյան 29 հասցեում՝ Արմէներգո ինստիտուտի բակում, որտեղ ապրում էին նաև Դերենիկ Դեմիրճյանը, Վահան Միրաքյանը, Նաիրի Զարյանը, Ռուբեն Զարյանը, Միքայել Մանվելյանը ու այլ ականավոր գործիչներ։

Տիգրան Ջրբաշյանը ազատորեն տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն ու ռուսերեն լեզուներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 542.
  2. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 509։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Ջրբաշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 542