Տուրպան
Տուրպան | |
Տուրպան (արու) | |
Տուրպան (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Սագանմաններ (Anseriformes) |
Ընտանիք | Բադեր (Anatidae) |
Ցեղ | Սուզաբադ (Melanitta) |
Տեսակ | Տուրպան (M. fusca) |
Միջազգային անվանում | |
Melanitta fusca | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Տուրպան (լատին․՝ Melanitta fusca), բադերի ընտանիքին պատկանող ջրլող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Ամառնահյուր է, չվող և հազվագյուտ։
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 51-58 սմ է, թևերի բացվածքը՝ 90-99 սմ, կենդանի զանգվածը՝ 0,9-1,6 կգ։ Փետրածածկը մուգ է։ Գլուխը, կտուցը, վիզը հաստ են։ Բնադրման շրջանում արուի փետրածածկը սև է, փայլուն, թևի սպիտակ բիծն առավել տեսանելի է թռչելիս։ Աչքի տակ կա ոչ մեծ սպիտակ բիծ, կտուցը հիմնականում դեղին է։ Հետբնադրման շրջանում արուն ավելի խամրած է, դարչնագույն, էգը վերևից մուգ դարչնագույն է, թևին կա 1 սպիտակ բիծ, իսկ գլխի կողքերին՝ 2-ական սպիտակավուն բծեր։
Սովորաբար հանդիպում է ոչ մեծ երամներով (մինչև 20 անհատ)։ Թռչում է ջրից ոչ լրիվ կտրվելով և ոչ ճարպիկ։ Սնվում է խեցգետնակերպերով, խխունջներով, ջրային բույսերով՝ ժայռոտ ափերի երկայնքով քայլելով։ Բնակվում է քարքարոտ և ժայռոտ ափերով խոշոր լճերում։
Բազմացում
խմբագրելՀարսանեկան առաջին խաղերը (նման են կռիվների) տեղի են ունենում ապրիլի սկզբին։ Բնի կառուցումն ավարտվում է և առաջին ձվերը հայտնվում են մայիսի վերջից հունիսի վերջը։ Ձագերը հայտնվում են հուլիսի ընթացքում, օգոստոսին թռչում են լիարժեք։
Վտանգման հիմնական գործոններ
խմբագրելՄինչև 1960-ական թվականները, Տուրպանը, որպես Սևանա լճի ժայռաշատ ափերին բնորոշ, ծագումով բորիալ, մնացորդային տեսակ, համարվում էր բավական մեծ, նստակյաց (բնադրող) համակեցություն, որը, սակայն, Սևանա լճի մակարդակի անընդհատ նվազման հետևանքով վերջնականապես անհետացել է (1966-1968 թվականներին Սևանա լճի ավազանում գրանցվել է 2-12 թռչուն, 1995 թվականին Արփի լճում՝ 2-3)։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Սկանդինավյան թերակղզում, Ասիայի հյուսիս-արևմուտքում, Հարավային Կովկասում, Փոքր Ասիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում։ Հայաստանում հանդիպում է միայն Սևանա լճի ավազանում՝ գարնանային և աշնանային շրջաններում[1]։
Պահպանություն
խմբագրելՀազվագյուտ անհետացող տեսակ է, որոշ տեղերում` չվահյուր։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է տվյալների անբավարարություն կատեգորիայով։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրպան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրպան» հոդվածին։ |