Տպագրահաստոց, մեխանիկական մեքենա, որի թանաքապատ մասը թղթի կամ այլ տպագրական մակերևույթի վրա ճնշում գործադրելով արտատպում է թանաքը այդ թղթի կամ տպագրական մակերևույթի վրա։

Աշխատողը՝ տպագրահաստոցի լծակը պտտեցնելիս
1568 թվականի տպագրահաստոց, որը ուներ մեկ ժամում 240 պատճենի արտատպման հնարավորություն։

Առաջին տպագրահաստոցների գլխավոր մասը մամլիչն էր, որի տակ դրվում էին շարվածքով շրջանակները։ Աշխատողը պետք է շարվածքի վրա ներկ քսեր, և այն ծածկեր թղթով։ Դրանից հետո հաստոցի լծակը պտտեցնելով՝ մամլիչը կարելի էր սեղմել այնպես, որ թուղթը կիպ ու հարթ հպվի շարվածքին։

Գրատպության գյուտը մարդկության պատմության մեջ խոշորագույն հայտնագործություններից մեկն էր։ Այն առաջ մղեց կրթությունը, գիտությունն ու գրականությունը։ Շնորհիվ տպագիր գրքի, մարդկության կուտակած գիտելիքները սկսեցին ավելի արագ տարածվել։ Դրանք ավելի ամբողջական էին պահպանվում և փոխանցվում հետագա սերունդներին։

Յոհան Գուտենբերգ

Առաջին տպագրահաստոցը հայտնագործել է գերմանացի Յոհան Գուտենբերգը 1440-ականներին։

Պատմություն

խմբագրել

Մեր թվարկության 14-րդ դարում Եվրոպայում արդեն տարածված էր թուղթ պատրաստելու գործը։ Սակայն գրքերի քանակը չէր բավականացնում, քանի որ Եվրոպայում գրագիտությունը շարունակ աճում էր։ Բնագրերը բազմացնելու համար արտատպվածք էին կատարում տառերով փորագված փայտյա կամ պղնձյա տախտակներից, սակայն այդ եղանակը շատ անկատար էր և աշխատատար։

15-րդ դարի կեսերից գերմանացի Յոհան Գուտենբերգը հայտնագործեց գրատպությունը։ Երկար ու համառ աշխատանքներից հետո նա ստեղծեց մետաղից առանձին լիտերներ (տառեր) ձուլելու եղանակը․ գյուտարարը դրանցով կազմում էր շարվածքի էջեր ու տողեր, որոնցից արտապվածք էր անում թղթի վրա։ Շարժական տպատառերի օգնությամբ հնարավոր էր շարել ցանկացած բնագրի ուզած քանակությամբ էջեր։ Գուտենբերգը հայտնագործեց նաև տպագրահաստոցը։

 
Շարժական տպատառեր

Մոտավորապես 1445 թվականին Գուտենբերգը հրատարակեց առաջին տպագիր գիրքը։ Դրանից հետո գրատպությունը Եվրոպայում սկսեց արագորեն տարածվել։ Նրա գյուտից կես դար անց Եվրոպայի քաղաքներում գործում էին 1100 տպարան։ Գրադարանների գրադարակները լցվում էին եվրոպական բոլոր լեզուներով տարբեր բնագավառների գրքերով։ Բացի դրանից գրքերի գինը այլևս այնքան թանկ չէր, որքան ձեռագիր գրքերինը։

Աղբյուր

խմբագրել
  • Ե․ Վ․ Ագիբալովա, Գ․ Մ․ Դոնսկոյ «Միջին դարերի պատմություն», 1989 թ․, «Լույս» հրատարակչություն, էջ 188։