Ցասում (ֆիլմ, 2014)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցասում (այլ կիրառումներ)
Ցասում (անգլ.՝ Fury), ռեժիսոր Դևիդ Էյերի ռազմական դրամա։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 17-ին։ Ֆիլմում նկարագրվում են Արևմտյան ճակատում ընթացող դեպքերը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջերին։ Դերերում ամերիկյան դերասանական համույթն է, Բրեդ Փիթի, Լերման Լոգանի և Շայա Լաբաֆի գլխավորությամբ։
Ցասում անգլ.՝ Fury | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռազմական դրամա |
Թեմա | Նացիստական Գերմանիա, Երկրորդ համաշխարհային պատերազմ և տանկային զորքեր |
Հիմք | Death Traps? |
Թվական | 2014 |
Պրեմիերա | 2014 թվական, հոկտեմբերի 17 |
Լեզու | անգլերեն գերմաներեն |
Ռեժիսոր | Դևիդ Էյեր |
Պրոդյուսեր | Ալեքս Օտտ Իթան Սմիթ Դևիդ Էյեր |
Սցենարի հեղինակ | Դևիդ Էյեր |
Դերակատարներ | Բրեդ Փիթ Շայա Լաբաֆ Լերման Լոգան Մայքլ Պենյա Ջոն Բերնթալ |
Օպերատոր | Ռոման Վասյանով |
Երաժշտություն | Սթիվեն Պրայս |
Մոնտաժ | Դոդի Դորն և Ջեյ Քեսիդի |
Պատմվածքի վայր | Գերմանիա |
Նկարահանման վայր | Լոնդոն, Օքսֆորդշիր, Հարթֆորշիր, Watlington?[1], Լոս Անջելես, Pinewood Studios[1] և RAF Bovingdon?[1] |
Կինոընկերություն | Le Grisbi Productions QED International LStar Capital Crave Films |
Տևողություն | 134 րոպե |
Բյուջե | 68 միլիոն $[2] |
Շահույթ | 211 817 906 $[2] |
Տեղայնացնող | Columbia Pictures |
MPAA վարկանիշ | |
IMDb | ID 2713180 |
Պաշտոնական կայքէջ | |
Fury (2014 film) Վիքիպահեստում |
Սյուժեն
խմբագրել1945 թվական, ապրիլ։ Նացիստական Գերմանիան փլուզվում է, սակայն գերմանացի զինվորները դեռևս անհուսորեն դիմադրում են։ Wardaddy («Հայրիկ») մականունով մարտերում փորձված սերժանտ Դոն Քոլիերը, ով կռվել է գերմանացիների դեմ անգամ Աֆրիկայում, առաջնորդում է «Sherman» տանկը հինգ հոգուց բաղկացած անձնակազմին[3]։
Անձնակազմը կորուստ էր կրել. մահացել էր գնդացրորդը։ Որպես նրան փոխարինող, Դոնին ներկայացնում են նորակոչիկ Նորման Էլիսոնին, ով մինչ այդ ծառայել էր շտաբում։ Նորմանը միանգամից հայտնվում է հարձակման ժամանակ, որտեղ նա դեմ-դիմաց ականատես է լինում պատերազմի սարսափներին։ Նորակոչիկը պատրաստ չէր մարդ սպանելու։ Զրահատեխնիկայի շարասյան ընթացքի ժամանակ նա նկատում է գերմանացիներին, բայց չի կրակում նրանց վրա։ Հակառակորդը հարձակվում է շարասյան վրա, հրկիզում նրանց դիմացից ընթացող մեքենան, սակայն դաշնակիցները հետ են մղում գրոհը։ Քոլիերը հասկացնում է նորակոչիկին, որ նա պիտի սովորի սպանել, քանի որ հակառակ դեպքում կարող են մահանալ ոչ միայն Էլիսոնը, այլ նաև իր մարտական ընկերները։
Հրամանատարի մահից հետո Դոնն է ստանձնում տանկային ստորաբաժանման հրամանատարությունը։ Նրա հրամանատարության տակ տանկիստները օգնության են հասնում զինվորների դասակին, որը բարդ դրության մեջ էր հայտնվել, և ոչնչացնում են գերմանական հակատանկային մարտկոցը։ Մարտից հետո Քոլիերը ստիպում է Նորմանին գնդակահարել գերի ընկած գերմանացի զինվորին, նրա ձեռքը տալով իր ռևոլվերը։ Մյուս մարտի ժամանակ Էլիսոնը կարեկցանքի զգացումից գնդացրից կրակում է մի քանի զիվորների, ովքեր տանջամահ էին լինում ֆոսֆորային ռմբակոծությունից այրվելով։
Մի փոքրիկ գերմանական քաղաք վերցնելուց հետո Դոնը և Նորմանը ստուգում էին մի բնակարան, որտեղ ապրում էր գերմանուհի Իռման։ Ննջարանի մահճակալի տակից Քոլիերը գտնում է երկրորդ աղջկան՝ Էմմային, ով Իռմայի բարեկամուհին էր։ Հասկանալով, որ վտանգ չկա, Դոնը իր սննդի պաշարը կիսում է կանանց հետ։ Դոնի ճնշմամբ Նորմանը առանձնանում է Էմմայի հետ։ Որոշ ժամանակ անց բոլոր չորսն էլ հավաքվում են սեղանի շուրջ։ Նրանց են միանում նաև անձնակազմի մյուս անդամները։ Նրանցից մեկը՝ Գրեդին, իրեն հանդուգն է պահում, հատկապես Էմմայի նկատմամբ, ինչը հարուցում է Նորմանի զայրույթը։ Դոնը ջանում է թույլ չտալ իրավիճակի վատացումը։
Քիչ անց, երբ զինվորները հեռացել էին, քաղաքը ենթարկվում է օդային հարձակման։ Մի ռումբ ընկնում է այն տան վրա, որտեղ ապրում էին Իռման և Էմման։ Երկու կանայք էլ մահանում են։
Հարձակման ժամանակ տանկիստները ընկնում են ծուղակը, որը պատրաստված էր գերմանական «Վագր» տանկի անձնակազմի կողմից։ Դաշնակիցները հաղթում են մարտում, սակայն հաղթանակը տրվում է մեծ կորուստների գնով. կենդանի է մնում միայն մի անձնակազմ՝ բաղկացած հինգ հոգուց։
Մնալով միայնակ, Դոնը և իր տանկի անձնակազմը ճանապարհի ոլորաններում հայտնվում են ականի վրա, որի արդյունքում ստանում են տանկի թրթուրի վնասվածք և ստիպված պետք է այն վերանորոգեն։ Հետախուզության ուղարկված Նորմանը զեկուցում է հակառակորդի նշանակալի ուժերի մոտեցման մասին։ Տանկիստների մեծամասնությունն առաջարկում են նահանջել, բայց հրամանատարի վճռականությունը նրանց ստիպում է մնալ։ M4A3E8 տանկի անձնակազմը հակառակորդի հետ դյուցազնական կռվի մեջ է մտնում։ Զինամթերքը վերջանում է։ Մեկը մյուսի հետևից հերոսաբար զոհվում են անձնակազմի անդամները։ Տեսնելով իրավիճակի անելանելի լինելը, Նորմանը առաջարկում է հանձնվել, բայց մահացու վիրավոր Քոլիերը նրան խնդրում է չանել դա։ Գերմանացիները վերևի դռնակից տանկի մեջ են նետում մի քանի նռնակներ։ Էլիսոնը լքում է տանկը ներքևի դռնակից, Դոնը մահանում է։ Մի երիտասարդ գերմանացի զինվոր նկատում է Նորմանին, սակայն չի գերում նրան՝ թողնելով ոչնչացած տանկի տակ պառկած։ Ողջ մնացած գերմանացի զինվորները հեռանում են։
Հաջորդ առավոտյան Նորմանը վերադառնում է տանկ, որտեղ նրան նկատում են դաշնակիցների մոտեցող զորքերը։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Բրեդ Փիթ | շտաբ-սերժանտ Դոն «Մարտական հայր» Քոլիեր (օրիգինալում` «Wardaddy»), տանկի հրամանատար |
Լոգան Լերման | շարքային Նորման «Գնդացիր» Էլիսոն (օրիգինալում` «Machine»), հրաձիգ-ռադիստ |
Ջոն Բերնթալ | առաջին կարգի շարքային Գրեդի Թրևիս (օրիգինալում` «Coon-ass»), լիցքավորող |
Շայա Լաբաֆ | տեխնիկ Բոյդ «Սուրբ» Սվոն (օրիգինալում` «Bible»), նշանառու |
Մայքլ Պենյա | կապրալ Տրինի «Հաստլիկ» Գարսիա (օրիգինալում` «Gordo»), մեխանիկ-վարորդ |
Ջեյսոն Այզեկս | կապիտան Ուգոներ |
Քսավիեր Սեմուել | լեյտենանտ Պարկեր |
Բրեդ Ուիլյամ Հենկե | սերժանտ Դևիս |
Ջիմ Պարակ | սերժանտ Բինկովսկի |
Քևին Վենս | սերժանտ Պետերսոն |
Անամարիա Մարինկա | Իռմա |
Ալիսիա ֆոն Ռիտբերգ | Էմմա |
Սքոթ Իստվուդ | սերժանտ Մայլզ |
Լոուրենս Սպելման | սերժանտ Դիլարդ |
Դենիել Բեթս | բուրգոմիստր (քաղաքապետ) |
Լի Աքսվիտ-Քոու | ՍՍ զինվոր |
Եվգենիա Կուզմինա | Հելգա Մեյեր |
Արձագանքներ
խմբագրելՖիլմը առավելապես ունեցել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 78 %-անոց վարկանիշ՝ հիմնված 206 կարծիքների վրա, միջինը 7/10 բալով[4]։ Metacritic կայքում քննադատների 47 ակնարկների հիման վրա ֆիլմը ստացել է 64/100 բալ վարկանիշ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt2713180/locations?ref_=tt_dt_dt
- ↑ 2,0 2,1 «Fury (2014)». Box Office Mojo.
- ↑ «Fury»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Fury». Rotten Tomatoes.
- ↑ «Fury Reviews». Metacritic.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցասում (ֆիլմ, 2014)» հոդվածին։ |