Քաղաքային լեգենդ
Քաղաքային լեգենդ (անգլ.՝ urban legend), լեգենդի ժամանակակից տարատեսակ։ Քաղաքային լեգենդները փոքրածավալ են, առաջին հայացքից ճշմարտանման, չնայած իրականում իրականությանը չհամապատասխանող պատմություններ են, որոնք հենվում են ժամանակակից տեխնիկական ու հասարակական իրականության վրա։
Անվան ծագումնաբանություն
խմբագրել«Քաղաքային լեգենդ» անվանումը անգլերեն «urban legend» բառակապակցության բառապատճենումն է, որն արտահայտում է որպես ճշմարտություն ներկայացվող մտացածին պատմության իմաստ[1]։
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՔաղաքային լեգենդը սովորաբար շոշափում է ժամանակակից հասարակության խնդիրներն ու վախերը։ Դրա ճշմարտացիությունը հիմնվում է նրա մշակման ու ստուգման հատուկ գիտելիքների անհրաժեշտության վրա[2]։
Քաղաքային լեգենդն անեկդոտից տարբերվում է նրանով, որ հումորը, եթե նույնիսկ այն առկա է, կապված չէ կոնկրետ անձանց հետ։ Սովորաբար այն վերապատմվում է որպես պատմություն, որ տեղի է ունեցել որևէ մմեկի, ինչ-որ գործակալի հետ, որ սերտորեն չի առնչվում պատմողին, ծանոթ-բարեկամներին կամ գործընկերներին։
Քաղաքային լեգենդը ժամանակակից բանահյուսության մի մաս է, որ փոխանցվում է բանավոր եղանակով կամ համացանցի միջոցովт[3]։ Այն անհավանական միջադեպ է, որ իրական, ճշմարտանման է թվում[3]։ Նրա գործառույթը սարսափելի վտանգի մասին նախազգուշացումն է։ Քաղաքային լեգենդները դեղին մամուլում հաճախ դառնում են ոչ ստույգ հրապարակումների նյութ, կամ էլ ընդհակառակը, լեգենդներն են առաջանում որևէ նյութի հրապարակման հիմքով։ Ամերիկացի բանագետ, գրող, մարդաբան Յան Հարոլդ Բրունվանդը նշում է, որ «քաղաքային լեգենդները ամուր նստել են երևակայության մեջ, քանի որ նրանք քողարկված են անհայտության ու հումորի շղարշով, նրանք ճշմարտանման են և ունեն բարոյախոսություն»[4]։
Լեգենդի տեսակներ
խմբագրելԺամանակակից հեքիաթներ
խմբագրելԺամանակակից հեքիաթները պատմություններ են, որոնք հենված են այնպիսի հեքիաթների ու լեգենդների նորացված տարբերակների վրա, որոնք գոյություն են ունեցել հարյուրամյակներով և նույնիսկ հազարամյակով։ Սպիտակ ձիու վրա ասպետին փոխարինում է հաջողակ գործարարը իր՝ հեղինակություն վայելող մեքենայով, իսկ Մոխրոտիկին՝ աղքատ, բայց գեղեցիկ գավառականը, որ ամուսնանում է հեքիաթային ասպետի հետ և դառնում գեղեցկուհի։ Որպես կանոն, այսպիսի թեմաները շոշափում են դասական թեմաներ՝ սեր, մահ, հիվանդություն կամ պատերազմ, և ունենում են հաջողակ վերջաբան․ բարին հաղթում է չարին։ Հեքիաթում անպայման առկա է հրաշքի տարրը․ կախարդական օգնականը կամ առարկան հանդիսանում են ժանրի սկզբունքային բնորոշիչ։
Եղելություններ
խմբագրելՔաղաքային լեգենդի տեսակ են եղելությունները, որոնք պատմվում են ականատեսի կամ նրա ծանոթների կողմից։ Այստեղ բացառվում են հրաշքի տարրերը, սակայն նկարագրվում է իրադրություն, որի միջոցով մարդիկ առնչվել են գերբնական իրականությանը։ Նմանատիպ եղելությունների նպատակն է երիտասարդ սերնդին ուսուցանել գերբնական աշխարհի հետ շփվելու կանոնները։ Այսպիսի պատմություններում միշտ մատնանշվում է որոշակի տեղանք, որ հայտնի է պատմողին կամ լսողին։ Դա ստեղծում է ճշմարտացիության պատրանք (սա ժանրի պարտադիր առանձնահատկությունն է)։ Քաղաքային լեգենդների ճնշող մեծամասնությունը վերաբերում է հենց այսպիսի պատմությունների․ այդ պատճառով էլ «լեգենդ» բնորոշումը պատշաճ չի համարվում։
Կրիմինալ պատմություններ
խմբագրելՈրպես կանոն, պատմվում է հաջողակ հանցագործների ու նրանց բռնելու անզոր ոստիկանության մասին։ Նմանատիպ պատմություններին բնորոշ տեսակ է անթերի հանցագործության մասին պատմությունը։ Հանցագործը նման պատմության մեջ կարող է ինչպես սարսափ, այնպես էլ հարգանք ներշնչել (ոըժեղ ու հաջողակ անհատը հաջող ձևով հակադրվում է համակարգին, որ թշնամական է «փողոցի մարդու» հանդեպ)։ Քրեագիտության մեջ կան իրական դեպքեր, երբ քրեական գործը վերածվում է քաղաքային լեգենդի, օրինակ՝ «Ֆիշեր» մականունով սերիական մադասպան Գոլովկինի պատմությունը, որ 1986-1992 թվականներին սպանել էր 11 տղայի։
Կառավարական դավադրությունների պատմություններ
խմբագրելԼրտեսների մասին պատմող կինոնկարներում հաճախ ներկայացվում են պատմություններ կառավարական դավադրությունների մասին։ Դրանց են առնչվում սոցիալական արմատական փոփոխությունների, խոշոր ընկերությունների, այլմոլորակայինների, համաշխարհային կառավարության, Չորրորդ ռայխի մասին պատմությունները։ Հաճախ աբսուրդային, ոչնչով չհիմնավորված պատմությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում ընթերցողների ու հանդիսատեսների շրջանում։
Գաղտնի տեխնոլոգիաների մասին լեգենդներ
խմբագրելՆմանատիպ լեգենդներն իրենց մեջ ներառում են տեղեկություն սեփական կամ հակառակորդ հանդիսացող երկրում գաղտնի տեխնոլոգիաների մասին, որոնց միջոցով հնարավոր է փոփոխել ձգողականության դաշտը մոլորակների մակարդակով կամ ազդել երկրագնդի կեղևի վրա։ Քիչ չեն լեգենդները, որոնք հայտնում են բարձր տեխնոլոգիական մեքենաների մասին, որոնք առկա են որոշ երկրների զինված ուժերում։ Օրինակ, այդպիսի մի լեգենդ պատմում է այն մասին, որ Երրորդ ռայխը լուրջ հաջողություններ է գրանցել «սկավառականման թռչող ափսեների» կամ հոգեմետ զենքի բնագավառում, որ իբր ունակ է ինչ-որ ճառագայթման դեպքում մարդկանց ստիպելու գործել այս կամ այն արարքը, կամ նրանց որոշ գաղափար կարելի է ներշնչել[5]։ Կան նաև լեգենդներ տեխնոլոգիաների մասին, որոնք իբր ի վիճակի են փոխելու եղանակային պայմանները կամ նույնիսկ երկրաշարժ առաջացնելու։
Մարդկանց առևանգման մասին լեգենդներ
խմբագրելՆման պատմություններում որպես մարդկանց առևանգողներ հանդես են գալիս այլմոլորակայինները, հանցագործները կամ գաղտնի կազմակերպությունները (այստեղ կարող են լինել իրական հղումներ)։ Դիցաբանական հանրահայտ սյուժեներ են մարդկանց առևանգումը օրգանների համար, սատանայականության ծեսերի ու գերբնական փորձարկումների համար։
Անբնական երևույթների վրա հիմնված պատմություններ
խմբագրելՔաղաքային լեգենդների մի զգալի մասը առնչվում է բնության անբացատրելի երևույթների նկատմամբ վախին։ Ներկայացվում են պատմություններ այլմոլորակայինների, ուրվականների, պոլտերգեյսթների հետ հանդիպումների մասին։
Արտադրության ազդեցություն
խմբագրելՔաղաքային լեգենդների տեղիք են տալիս արտադրության ավտոմատացումը։ Առավել հայտնի լեգենդներ են կվասի և գարեջրի (տարբերակներից մեկի համաձայն՝ նաև կոկա-կոլայի) քամուկում խեղդված մարդու մասին առասպելը, որն ամբողջովին տարրալուծվել է, երշիկի արտադրանքում առնետների պոչերի կամ մատանիով ու մանիկյուրով մատների առկայությունը։
Վախ իշխանությունից
խմբագրելԿան լեգենդներ՝ հիմնված իշխանության (միլիցիա, ոստիկանություն), հատուկ ծառայությունների ներկայացուցիչների նկատմամբ վախի վրա։ Հանցավորության բարձր մակարդակ ունեցող երկրներում շրջանառվում են պատմություններ քրեական հեղինակությունների մասին, որոնք վերահսկում են այս կամ այն տարածքը։
Սնահավատություն
խմբագրելՍնահավատության վրա են հիմնվում շատ լեգենդներ, որոնք, օրինակ, ներկայացնում են Բերմուդյան եռանկյունու, սև կատվի, ուրբաթ օրվա մասին պատմություններ։
Քաղաքային լեգենդների օրինակներ
խմբագրել- Ռոնալդ Օպուսի ինքնասպանություն
- Սաթե սենյակ
- Բրոսնո վիշապ
Մշակույթում
խմբագրելԼեգենդներ խորտակողներ
խմբագրելDiscovery Channel հեռուստաալիքում հեռարձակվում է «Լեգենդներ խորտակողներ» հեռուստահաղորդումը (անգլ.՝ Mythbusters)[6]։ Ինժեներների ու համակցված կինոնկարահանման մասնագետների խումբը փորձնական ճանապարհով ստուգում են քաղաքային տարբեր լեգենդներ։
«Լեգենդներ խորտակողներ» հաղորդաշարը հնարավորություն է ընձեռում ցույց տալու, թե «ինչ կլինի, եթե դուք փորձեք»՝ չխուսափելով հանդիսատեսների մեծ մասի համար անհասկանալի մեկնաբանություններից։ Օրինակ, թռչող ինքնաթիռի շարժիչի հետին մասում հայտնված տրանսպորտային միջոցի աերոդինամիկայի բարդ հաշվարկներ անելու փոխարեն՝ վերցվում է իրական ինքնաթիռ և իրական ավտոբուս, և կատարվում է փարձարկում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Definition of Urban Legend by Merriam-Webster
- ↑ Данченко В. В. Гравиинерциальные эффекты в проблеме прогноза землетрясений
- ↑ 3,0 3,1 Смирнова Е. В. Устойчивые мотивы сюжета «геопатогенная зона» в городской легенде. Արխիվացված 2013-12-11 Wayback Machine Вестник ЧелГУ № 21(202) 2010, Филология, Искусствоведение. Вып.45. Стр.114-119.
- ↑ O'Brien, Joan (1999 թ․ օգոստոսի 22). «For Jan Brunvand Two Decades of Reading his 'Myth-Meter'». The Salt Lake City Tribune. Salt Lake City, Utah. էջ D1.
- ↑ «III Рейх. НЛО, Хаунебу и База (211)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ На телеканалах «Rambler TV» и «ТВ3» в России передача транслируется под разными названиями.
Գրականություն
խմբագրել- Горбатов Д. С. Слухи и современные легенды: проблема различий // Миф – Фольклор – Литература: теория и практика изучения: материалы междунар. заочн. науч. конф.. — Караганда: Центр гуманитарных исследований, 2009. — С. 103–109.
- Горбатов Д. С. Городские легенды как психологический феномен // В мире научных открытий: науч. период. изд. — Красноярск: НИЦ, 2009. — № 5. — С. 141–143.
- Горбатов Д. С. Городские легенды как психологический феномен // Вопросы психологии. — 2012. — № 6. — С. 56—64. Архивировано из первоисточника 20 Օգոստոսի 2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Լեգենդներ խորտակողների» կայքէջը «Discovery» հեռուստաալիքում
- Խորհրդային շրջանի քաղաքային լեգենդների ժողովածու
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքային լեգենդ» հոդվածին։ |