Քաղաքատեղու մելիքական ապարանք
Քաղաքատեղու մելիքական ապարանք գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից մոտ 2 կմ արևմուտք, Թարթառ գետի աջ ափի բարձրադիր անտառալանջերին սփռված Քաղաքատեղ կամ Մայրաքաղաք անունով հայտնի միջնադարյան բերդավանի կենտրոնական մասում[1]։
Քաղաքատեղու մելիքական ապարանք | |
---|---|
Երկիր | ԼՂՀ |
Շինության տեսակ | Ապարանք |
Հիմնադիր | Մելիք Ադամ |
Հիմնական թվականներ՝ | 1783 |
Պատմություն և ճարտարապետություն
խմբագրելՔաղաքատեղու մելիքական ապարանքի տարածքը հյուսիսից ու հարավից սահմանափակված է ձորերով և կազմված է խիստ կտրտված, արևմտահայաց, անտառածածկ ժայռալանջերից, զբաղեցնում է 54 հա տարածք։ Կառուցապատման մեջ իրենց ակնառու դիրքով աչքի են ընկնում կենտրոնական մասի ժայռազանգվածի լանջին կառուցված ապարանքը և դրա հյուսիս-արևմտյան ու հարավ-արևմտյան կողմերի հանդիպակաց դարավանդեզրերին գտնվող երկու փոքր ամրությունները, որոնք և կազմել են բերդավանի հիմնական պաշտպանական կետերը։
Բերդավանն ունեցել է պարիսպներով ամրացված երկու մուտք՝ արևելքից և արևմուտքից։
Հնավայրը Արցախի հնագույն ամրացված բնակավայրերից է, և կա կարծիք, որ «Մայրաքաղաք անունով հիշվում է վաղ միջնադարից, 7-րդ դարում այստեղ են նստել Աղվանքի կաթողիկոսները»[2]։ Այս տեղեկության սկզբնաղբյուրը թեև չի նշվում, սակայն հայտնի է, որ Աղվանք-Արցախի կաթողիկոսության ամառանոցը եղել է Բերդակուր ամրոցը և որպես այդպիսին մնացել է 7-րդ դարից մինչև 9-րդ դարը[3]։
Միջին դարերում բերդավանի գոյատևման մասին են վկայում հնավայրի արևելյան եզրաբարձունքին գտնված գերեզմանոցի մատուռի 1260 թ. արձանագրությունը, 1250 թ. խաչքարը և 1551 թ. տապանաքարերը[4]։
Հենց այս դարերում է բնակավայրը իշխանանիստ դարձել և կոչվել «մայրաքաղաք» (ինչպես «Եղեգիս մայրաքաղաքը» Սյունիքի Վայոց ձոր գավառում)[5], սակայն, քանի որ գտնվում է գավառի հնագույն կենտրոն Չարաբերդ-Ջրաբերդ ամրոցից մոտ 1.5 կմ արևելք, իսկ վերջինիս անունը աղբյուրներում գործածվում էր և՛ գավառ, և՛ կենտրոն, և՛ ամրոց իմաստներով[6], կարելի է ենթադրել, որ Չարաբերդ-Ջրաբերդ անունը հնուց ի վեր, մասնավորապես միջին դարերում և հետո, ներառում էր ամրոց-բերդավան ամբողջությունը։
Բերդավանի ուսումնասիրությունները վկայում են , որ ապարանքի կառուցումը կապված է Ջրաբերդի նշանավոր Մելիք-Ադամի անվան հետ, իսկ Քաղաքատեղ-Մայրաքաղաքը համարում նրա աթոռանիստ բնակավայրերից մեկը։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ապարանքը, ինչպես նկատել են Մ. Բարխուդարյանցն ու Րաֆֆին[7], կառուցվել է հնի ավերակների վրա և բաղկացած է սկզբնական՝ քարաշեն ծածկերով մասից և դրան կցված փայտածածկ սենյակներից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արցախի պատմություն։ Հնադարից մինչև մեր օրերը — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Կաղակատվացի, Մ. (1860). Պատմութիւն Աղուանից աշխարհի. էջեր էջ 297.
- ↑ Բ. Ուլուբաբյան. Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում. էջեր էջ371.
- ↑ Մ. Բարխուտարեանց. Արցախ. էջ 222.
- ↑ Ղ. Ալիշան. Սիսական. էջ 146.
- ↑ Մ. Կաղանկատվացի. Պատմութիւն Աղուանից աշխարհի. էջեր 157, 354.
- ↑ Մ. Բարխուտարեանց. Արցախ. էջ 224.
Աղբյուրներ
խմբագրել- http://www.raa-am.com/raa/pdf_files/64.pdf(չաշխատող հղում), էջ 73-81