Քաղաքացիական պաշտպանություն

Քաղաքացիական պաշտպանություն, համապետական պաշտպանական միջոցառումների համակարգ խաղաղ և պատերազմական Ժամանակաշրջանում՝ հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում բնակչության պաշտպանության և ժողտնտեսության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։ Այդօրինակ միջոցառումներ իրականացվել են դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) և կարևոր դեր կատարել Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ։ XX դարի 50-60-ական թվականներին քաղաքացիական պաշտպանության համակարգ ստեղծվել է շատ պետություններում՝ կապված միջուկային զենքի, հրթիռների երևան գալու և զարգացման հետ։ Շատ երկրներում այդպիսի ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է կառավարությունը, տեղերում՝ իշխանության տեղական մարմինները։ Նրա անմիջական ղեկավարությունն իրականացնելու համար ստեղծված են կառավարման հատուկ մարմիններ, առանձնացվում են քաղաքացիական պաշտպանության հատուկ զորքեր, ստեղծվում ռազմականացված և ոչ ռազմականացված միավորումներ աշխատունակ բնակչությունիցː Ժամանակակից պայմաններում նրա խնդիրն է զանգվածային ոչնչացման զենքի հնարավոր հարվածին ենթակա քաղաքներից բնակչության տեղափոխումն առավել անվտանգ շրջաններ և ապաստարաններ, բնակչությանն ապահովել պաշտպանական անհատական միջոցներով (հակագազ, շնչազտոց, բժշկական պատրաստուկներ և այլն), իրականացնել փրկարար և անհետաձգելի վերականգնման աշխատանքներ հարվածի ենթարկված տարածքներում։ Պատերազմական ժամանակաշրջանում ժողտնտեսության կայուն աշխատանքն ապահովելու համար իրականացվում են կազմակերպական և ինժեներատեխնիկական տարբեր միջոցառումներ, ստեղծվում միջոցներ վերականգնման աշխատանքների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Արտաքին հղումներ

խմբագրել