Քայլերգ
Քայլերգ, երաժշտական ժանր, որն ապահովում է մեծ թվով մարդկանց միաժամանակյա շարժումը (զորքերի շարժումը շարքերով, բազմազան երթեր)։ Քայլերգերն առանձնանում են խիստ համաչափ տեմպով, հստակ ռիթմով։ Սովորաբար չափը 2/4, 4/4, կամ 6/8 է։ Քայլերգին բնորոշ է եռամաս ռեպրիզային ձևը։ Ծայրի մասերի երաժշտությունը առույգ, առնական բնույթի է, միջին մասինը՝ ավելի երգային։ Քայլերգը զինվորական երաժշտության հիմնական ժանրերից է։ Տարատեսակներից են՝ շարային, ռազմերթի և հանդիպական։ Հատուկ տարատեսակ է թաղման կամ սգո քայլերգ։ Կիրառական խնդիրներ կատարելուց բացի քայլերգն դարձել է նաև բեմական (օպերա և բալետ), կենցաղային և համերգային երաժշտության ժանր։ Դա նպաստել է նրա ձևի ընդլայնմանը, բովանդակության և արտահայտչամիջոցների հարստացմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |