Քարագլուխ (Հադրութի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարագլուխ (այլ կիրառումներ)

Քարագլուխ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։

Գյուղ
Քարագլուխ
ադրբ.՝ Daşbaşı
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
ՀամայնքՄարտունու շրջան
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն112 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Քարագլուխ (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Քարագլուխ (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Բնակիչների մեծ մասը բնիկ են, նրանց միայն փոքր մասի նախնիները գաղթել են Ղարադաղից։ 1890-ական թվականների սկզբներին այստեղ կար 25 տուն, 203 բնակիչ, իսկ 1897 թվականին 40 տուն, 96 բնակիչ։ Արցախյան պատերազմի ժամանակ` 1991 թվականին գյուղը ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Քարագլուխը վերականգնվող գյուղ է և ունի շատ քիչ բնակչություն։ Շնորհիվ գյուղի բարերար Մաքսիմ Աթայանցի` Քարագլուխն ունի 2 եկեղեցի, որոնցից մեկը` Սուրբ Աստվածածինը, համարվում է 18-րդ դարի կառույց[2]։ 2012-ին սկիզբ է առել գյուղի վերևում նոր եկեղեցու կառուցումը, որը երկու տարի անց ավարտին է հասցվել[3]։

Արցախյան ազատամարտ

խմբագրել

Քարագլուխ բնակավայրն Արցախյան ազատամարտի տարիներին հաճախակի եղել է պատերազմական գործողությունների թատերաբեմ։

1991 թվականի մայիսի 13-ի վաղ աոավոտյան ադրբեջանական օմոնականներն ու ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումներն իրենց տրամադրության տակ գտնվող զրահամեքենաներով պաշարել են Հադրութի շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում՝ Քարագլուխը։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով խուզարկություններ են կատարել տներում, բռնացել և ծաղրուծանակի ենթարկել հայազգի բնակչությանը։ Անձնագրային ստուգումների ընթացքում կալանավորվել և ադրբեջանաբնակ Ջրական (Ջաբրայիլ) քաղաք են տարվել ավելի քան 50 մարդ[4]։

1991 թվականի մայիսի 15-ին Քարագլուխ գյուղից բռնի կերպով ադրբեջանաբնակ Ջրական (Ջաբրայիլ) են տեղափոխվել բրիգադավար Շ. Աթայանը, հանդապահներ Հ. Ստեփանյանն ու Յու. Գասպարյանը[4]։ Մայիսի 16-ին ադրբեջանական օմոնականները խորհրդային բանակի ու ներքին զորքերի զինծառայողների հետ կրկին ներխուժել են Քարագլուխ և հարակից հայկական գյուղերը։ Մեկ օրվա մեջ բնակավայրերն ամայացել են, իսկ հարակից ադրբեջանաբնակ գյուղերի բնակիչները սկսել են թալանել տները[4]։

1991 թվականի հունիսի 3-ին Ջաբրայիլի շրջանի Մազրա գյուղի կողմից ինքնաձիգներով զինված մի խումբ ադրբեջանցիներներխուժել են Քարագլուխ գյուղ և կրակ բացել բնակիչների ուղղությամբ։ Ադրբեջանցիները Քարագլուխը գնդակոծել են նաև ուղղաթիռից, ինչի հետևանքով հրդեհվել է Վանյա Սարգսյանի տունը։ Ձերբակալվել և Ջաբրայիլ են տեղափոխվել Քարագլուխի երիտասարդ բնակիչներ Վարուժան և Հովիկ Գասպարյանները, Հենրիկ Ստեփանյանը։ Վիրավոր վիճակում ձերբակալվել է նաև Վանյա Սարգսյանը[4]։

1991 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Ջաբրայիլի շրջանի Մազրա գյուղից 150 ադրբեջանցիներից բաղկացած զինված մի խումբն ավտոմեքենաներով ներխուժել է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղ և հրդեհել ամբողջ գյուղը։ Տեղում պահակություն անող 16 անձից 6-ն անհայտ կորել են, որոնցից 3-ը՝ Հադրութի շրջմիլիցիայի աշխատակիցներ՝ միլիցիայի կապիտան Վլադիկ Սահակյանը, լեյտենանտ Էրիկ Պողոսյանը և սերժանտ Հակոբ Պողոսյանը[4]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7]։

Աշխարհագրական տեղեկություններ

խմբագրել

Գտնվում է Հադրութից 9 կմ հեռավորությամբ դեպի հարավ-արևմուտք։ Տեղադրված է Դիզափայտի արևելյան լանջին։ Դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները նպաստավոր են, օդը` մաքուր, ջուրը` զուլալ[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղ
  3. «ՔԱՐԱԳԼՈՒԽ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԳՅՈՒՂ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Արցախյան շարժման և զինված պայքարի ժամանակագրություն (1988 - 1994), Արիս Արսենի, (թվային տարբերակ)
  5. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  7. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  8. Ս. Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թ.