Քիթ-կոկորդ-ականջաբանություն
Քիթ-կոկորդ-ականջաբանություն, լարինգոօտորինոլոգիա (ԼՕՐ), բժշկական կլինիկական դիսցիպլին, ուսումնասիրում է քթի, կոկորդի (ըմպան, շնչափող), ականջի և դրանց հարակից շրջանների հիվանդությունների առաջացման պատճառները, կանխարգելումն ու բուժումը։ Ընդհանուր քիթ-կոկորդ-ականջաբանությունից, որպես ինքնուրույն մասնագիտություններ, առանձնացվել են աուդիոլոգիան՝ ուսմունք լսողության մասին, ուսումնասիրում է խլության և թույլ լսողության պատճառները, կանխարգելումը, բուժումը, շտկումն ու փոխհատուցումը։
Ֆոնիատրիան զբաղվում է ձայնառաջացման ֆիզիոլոգիայի և ախտաբանության, ինչպես նաև ձայնի խանգարումների կանխարգելման ու բուժման հարցերով։ Օտիատրիան ուսումնասիրում է ականջի հիվանդությունները, դրանց կանխարգելումն ու բուժումը։ Քիթ-կոկորդ-ականջաբանությունը ընդհանուր վիրաբուժությունից առանձնացել և որպես ինքնուրույն դիսցիպլին ձևավորվել է 20-րդ դարի կեսին, չնայած քիթ-կոկորդ-ականջաբանության առանձին հարցեր մշակվել են դեռևս հին Հնդկաստանում, Հին Հունաստանում։ Միջնադարի հայ խոշորագույն բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատություններում 15 գլուխ նվիրված է քիթ–կոկորդ–ականջի հիվանդություններին։
Քիթ-կոկորդ-ականջաբանության զարգացման համար կարևոր դեր է ունեցել ականջի բժիշկների Վիեննայի դպրոցը (հիմնադրել և ղեկավարել է Ա․ Պուիցերը)։ 19-րդ դարում լույս տեսան քիթ-կոկորդ-ականջաբանությանը վերաբերող առաջին աշխատությունները։ Ռուսաստանում ականջի, քթի և կոկորդի անատոմիայի և դրանց վնասվածքաբանության հարցերը մշակել են Պ․ Զագորսկին, Ե․ Մուխինը և Ն․ Պիրոգովը, իսկ քիթ-կոկորդ-ականջաբանության ձևավորմանը նպաստել են Դ․ Կոշլակովի, Ի․ Նասիլովի և այլոց աշխատանքները։ 1893 թվականին քիթ-կոկորդ-ականջաբանության դպրոցի հիմնադիր Ն․ Սիմանովսկին Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիային կից հիմնել է քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն և կլինիկա։ ԽՍՀՄ բժշկական բուհերում 1922 թվականից քիթ-կոկորդ-ականջաբանությունը դարձել է պարտադիր դասավանդման առարկա։ Ձևավորվեցին քիթ-կոկորդ-ականջաբանության խոշոր դպրոցներ (Լենինգրադում, Մոսկվայում, Կիևում և այլն)։ Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրներն են քթի, կոկորդի և ականջի պրոֆեսիոնալ, ուռուցքային հիվանդությունների ուսումնասիրությունը, պայքարը ականջի հիվանդությունների բարդությունների (թույլ լսողություն, խլություն, խուլհամրություն) դեմ։
Կատարելագործվել են վիրաբուժական բազմաթիվ մեթոդներ։ Օտոսկլերոզի վիրահատական բուժման մեթոդի մշակման համար լենինյան մրցանակի են արժանացել (1964 թվականին) Ա․ Կոլոմիյչենկոն, Ն․ Պրեոբրաժենսկին, Կ․ Իփլովը, Ա․ Խեչինաշվիլին և Ֆ․ Նիկիտինան։ Քիթ-կոկորդ-ականջաբանության հարցերը լուսաբանվում են «Վեստնիկ օտորինոլարինգոլոգիի» (ռուս.՝ «Вестник оториноларинго-логии», 1936 թվականից), «Ժուռնալ ուշնիխ, նոսովիխ ի գոռլովիխ բուեզնեյ» (ռուս.՝ «Журнал ушных, носовых и горловых болезней», 1924 թվականից) և արտասահմանյան «Ակտա օտոլարինգոլոգիա» («Acta otolaryngolo-gica», Stockholm, 1918 թվականից), և այլ ամսագրերում։ Քիթ-կոկորդ-ականջաբանությունը Հայաստանում ձևավորվել է սովետական կարգերի հաստատումից հետո, երբ Հ․ Հարությունյանի նախաձեռնությամբ Երևանի բժշկական ինստիտուտում կազմակերպվեց քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն (1962 թվականից ամբիոնը ղեկավարում է Կ․ Շուքուրյանը)։ Հետագայում նման ամբիոն կազմակերպվեց նաև բժիշկների կատարելագործման ինստիտուտում։ Գործում է նաև մանկական հիվանդությունների ամբիոնին կից քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների մասնաճյուղ (վարիչ՝ Ի․ Ազիզյան)։
Կազմակերպվել է քիթ-կոկորդ-ականջաբանության գիտական ընկերություն։ Քիթ-կոկորդ-ականջաբանության զարգացմանը նպաստել են Վ․ Արծրունու, Ա․ Վիրաբովի, Ւ․ Մելիք-Փարսադանյանի, Ն․ Նաջարյանի, Հ․ Հովհաննիսյանի, Կ․ Շուքուրյանի, Զ․ Նարիմանովի, Ի․ Ազիզյանի, Մ․ Ավագյանի, Ա․ Գյուլխասյանի, Բ․ Դունայվիցերի, Գ, Բաբայանի, Ա․ Վարդանյանի և այլոց աշխատանքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 445)։ |