Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ կրթադաստիարակչական գործունեություն ծավալող կառույց է, որ համագործակցելով ոլորտին առնչվող և այն համակարգող հաստատությունների հետ՝ խթանում է հանրակրթության ոլորտի սովորողների, կիրակնօրյա կրթօջախների և մանկատների սաների հոգևոր ազգային կրթությունն ու դաստիարակությունը՝ իրականացնելով համապատասխան կրթադաստիարակչական ծրագրեր։

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
Երկիր Հայաստան

Պատմություն

խմբագրել

1991 թվականին՝ երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի օրոք, հիմնադրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը (ՔԴՔԿ), որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հոգելույս Գարեգին Ա Կաթողիկոսի օրոք՝ 1996 թվականին՝ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի տարածքում գտնվող շենքում [1] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine։ Կենտրոնի գործունեության անդրանիկ պտուղը մեկօրյա (կիրակնօրյա) դպրոցական համակարգի ստեղծումն էր և կրոնի ուսուցիչների հիմնավոր վերապատրաստման դասընթացների կազմակերպումը։ Կենտրոնը նաև զբաղվում էր հոգևոր գրականության, «Քրիստոնյա Հայաստան» թերթի պատրաստմամբ և հրատարակությամբ, ինչպես նաև քրիստոնեական դաստիարակչության և քարոզչության բովանդակային հաղորդաշարերի պատրաստությամբ և հեռարձակմամբ։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ 2005 թ. սեպտեմբերի 1-ից ՔԴՔԿ-ն վերակազմավորվեց, ամբողջովին փոխեց իր ռազմավարությունը և իր վրա վերցրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հանրակրթական ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի կյանքի կոչման առաքելությունը՝ անվանվելով Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն՝ ՔԴԿ։

 
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի գրասենյակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի գործունեության շրջանակներում ընդգրկված են նախադպրոցական, միջնակարգ ընդհանուր, հատուկ տիպի դպրոցների և մանկատների և կիրակնօրյա կրթության ոլորտները։ Կենտրոնի գործունեությունը համակարգվում է ՔԴԿ գրասենյակային և տարածաշրջանային աշխատակիցների գործունեությամբ։ Գրասենյակային աշխատակիցները ստանձնում են կենտրոնի գործունեության ոլորտների, ծրագրերի համակարգման, հասարակայնության և արտաքին կապերի պատասխանատվությունը, իսկ տարածաշրջանային պատասխանատուները տեղայնացնում են այդ գործունեությունը իրենց տարածաշրջաններում։ Կենտրոնի ընթացիկ գործունեությանը իրենց նպաստն են բերում տարբեր հանձնախմբեր՝ տնօրեն խորհուրդ, գեղարվեստական խորհուրդ, հրատարակչական խորհուրդ և հանրակրթության ոլորտում իրականացվող տարաբնույթ ծրագրերի տարբեր խորհուրդներ։ Կենտրոնը համագործակցում է ՀՀ ԿԳՆ, Սփյուռքի, Մշակույթի և Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, ԿԱԻ, ԱԺ Կրթության և Գիտության, Մշակույթի և Երիտասարդության մշտական հանձնաժողովի, Հայաստանյան և միջազգային, հասարակական և բարեգործական տարբեր կազմակերպությունների հետ։

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկա

խմբագրել

2002 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ ի դեմս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի, և ՀՀ կառավարության՝ ի դեմս վարչապետ հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի, միջև կնքվեց համաձայնագիր՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ներդնելու վերաբերյալ։ Սույն համաձայնագիրը ամրապնդվեց 2005 թ. Վեհափառ Հայրապետի և ՀՀ ԿԳՆ նախարարի միջև կնքված համաձայնագրով՝ կարգավորելով յուրաքանչյուր կողմին վերապահված աշխատանքները ՀԵՊ առարկայի առնչությամբ։ Առարկան 2005 թվականից ընդգրկված է հանրակրթական դպրոցների պետական ուսումնական պլանի 4-10-րդ (այսօր՝ 5-10-րդ) առարկայացանկում։
2005-2006 ուստարվանից սկսյալ՝ ՔԴԿ-ն ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համատեղ իրականացրել է ՀԵՊ ուսուցիչների վերապատրաստման մեկնարկային դասընթացներ Երևանում և ՀՀ մարզերում։ ՀՀ ԿԳՆ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ 2005 թ. սեպտեմբերից ՔԴԿ-ն ստանձնել է հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ առնչվող խնդիրների վերահսկողությունը։ ՔԴԿ-ի պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոցներ, իրականացնում ՀԵՊ առարկայի դասալսումներ, մատնանշում ուսուցիչների բացթողումները, օգնում շտկել դրանք, իսկ առանձին դեպքերում հարց բարձրացնում անհապատասխան ուսուցչի փոխարինման։ Տարածաշրջաններում շարունակաբար կազմակերպվում են ամսական մասնագիտական սեմինարներ ՀԵՊ առարկայի ուսուցիչների համար, հանդիպումներ հոգևորականների հետ, ուխտագնացություններ և այլն։ Այցելություններ, հոգևոր զրույցներ են իրականացվում նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում։

Կիրակնօրյա դպրոցներ

խմբագրել

Կիրակնօրյա կրթության ոլորտում ՔԴԿ գործունեություն է ծավալում կենտրոնի հիմնադրման առաջին օրվանից։ Եթե այդ օրերին կենտրոնի առաքելություններից էր հանդիսանում կիրակնօրյա կրթօջախների հիմնումը, ապա ներկայումս դպրոցների հիմնումը և գործունեության շարունակականության ապահովումը վերապահված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերին։ Ըստ կիրակնօրյա դպրոցների գործունեության ներկայումս մշակվող միասնական կանոնակարգի, որի վերջնական խմբագրումն ու հաստատումը կիրականացվի առաջիկայում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ին վերապահված է կիրակնօրյա դպրոցների ծրագրային գործունեության կազմակերպումը և վերահսկումը։ Այս առաքելության իրագործման համար ՔԴԿ նախաձեռնել է կրթական միասնական ծրագրի մշակումն ու ներդնումը կիրակնօրյա կրթօջախներում։ Կիրակնօրյա ոլորտի առաքելության իրագործման մեջ ՔԴԿ ծրագրերին մեծապես աջակցում է World Vision միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստան ներկայացուցչությունը։