Օդագնացություն, աերոնավտիկա (հուն.` αέρας – աերո և ναυτικός – ծովագնաց), օդից թեթև ապարատներով թռչելը (ի տարբերություն ավիացիայի)։ Օդագնացության գիտական հիմունքների սկզբնավորումը և օդ բարձրանալու առաջին փորձերը վերաբերում են 18–րդ դարին։

Պատմություն

խմբագրել

Ըստ տարերգության Ռուսաստանում ծխով լցված մեծ օդապարիկով օդ բարձրանալու փորձ կատարվել է 1731 թվականին։ 1783 թվականին Պետերբուրգի ԳԱ անդամ Լ. Էյլերը արտածել է օդապարիկների վերամբարձ ուժի հաշվարկի բանաձևեր։ Նույն թվականին Ժ. և Է. Մոնգոֆիե եղբայրները կառուցել են օդապարիկ, որը թռիչքում փորձարկվել է 1783 թվականի հունիսի 5–ին, իսկ նոյեմբերի 21–ին Փարիզում Պիլատր դե Ռոզիեն և դ՛Առլանդը 25 րոպե տևողությամբ թռիչք են կատարել տաք օդով լցված օդապարիկով։ Ֆրանսիացի գիտնական Ժ. Շառլի առաջարկությամբ օդապարիկները սկսեցին լցնել ջրածնով։ Ջրածնով լցված` 8,5 մետր տրամագծով օդապարիկով առաջին թռիչքը (2,5 ժամ տևողությամբ) կատարել են (նույնպես Փարիզում) Ժ. Շառլը և Ռոբերը 1783 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ռուսաստանում օդապարիկով առաջին թռիչքները կատարել է ֆրանսիացի Ժ. Գառներենը. 1803 թվականի հունիսի 20–ին և հուլիսի 18–ին՝ Պետերբուրգում, իսկ 1803 թվականի սեպտեմբերի 20–ին՝ Մոսկվայում[1]։

 

Գիտական և Ռազմական օգտագործումը

խմբագրել

Զվարճալի բնույթի առաջին թռիչքներից հետո օդապարիկները սկսեցին կիրառել գիտական և ռազմական նպատակներով։ 1804 թվականի հունիսի 30–ին Պետերբուրգում ռուս գիտնական Յա. Դ. Զախարովը և բելգիացի ֆիզիկոս Է. Ռոբերտսոնը օդապարիկով թռիչք են կատարել զանազան ֆիզիկական երևույթներ դիտելու նպատակով։ Թռիչքի տևողությունը 3 ժամ 45 րոպե էր, բարձրությունը՝ 2550 մետր։ 1805 թվականի փետրվարին շուրջերկրյա ռուսական գիտարշավի մասնակիցները, գտնվելով Ճապոնիայում, օդային հոսանքների դիտման համար առաջին անգամ օգտագործել են տաք օդով լցված օդապարիկը։ 19–րդ դարի կեսերին օդապարիկները սկսել են լայնորեն կիրառել ռազմական նպատակներով (ռմբակոծում, հետախուզում, լուսանկարում, հրետանային կրակի ճշգրտում և այլն)։ Մինչև 19–րդ դարի 70–ական թվականները կիրառում էին միայն ազատ և կապովի օդապարիկներ։

Նախագծեր

խմբագրել
 

Ձեռքով պտտվող օդային պտուտակներով կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը 1784 թվականին առաջարկել է ֆրանսիացի ռազմային ինժեներ Ժ. Մենիեն։ 19–րդ դարի 40–ական թվականներին կառավարելի օդապարիկների (մասնավորապես, հրթիռային շարժիչով) նախագծեր են առաջարկել ռուս ռազմային ինժեներ Ի. Ի. Տրետեսսկին և ուրիշները։ 1852 թվականի սեպտեմբերի 24–ին ֆրանսիացի Ա. Ժիֆարը կատարել է շոգեշարժիչավոր օդապարիկով առաջին կառավարելի թռիչքը՝ մինչև 11 կմ/ժ արագությամբ (անհողմ եղանակին)։ 1869 թվականին Ռուսաստանում կազմակերպվել է ռազմային նպատակներով օդային օգտագործման մշտական հանձնաժողով։ 1875 թվականին Դ. Ի. Մենդելեևը առաջ է քաշել ստրատոստատի գաղափարը։ 1885 թվականին Մ. Ա. Ռիկաչովի ղեկավարած Գլխավոր ֆիզիկական աստղադիտարանում մշակվել են օդապարիկ–զոնդեով և օդապարուկներով օդ բարձրացող ինքնագրիչ օդերևութաբանական սարք։ 1887 թվականի օգոստոսի 19–ին Մենդելեևը ռազմային օդապարիկով 3 ժամ 36 րոպե տևողության և 3350 մետր բարձրության թռիչք է կատարել Արևի խավարումը դիտելու համար։ Կատարվել են ազատ օդապարիկները (ավելի ուշ՝ դիրիժաբլները) դժվարամատչելի տեղանքների հետազոտման համար օգտագործելու փորձեր։ 1897 թվականին շվեդ օդագնաց Ս Անդրեն երկու ուղեկիցների հետ 5000 մ³ ծավալ ունեցող օդապարիկով դուրս է եկել Շպիցբերգեն կղզուց և փորձել հասնել Հյուսիսային բևեռ, սակայն՝ ապարդյուն։

Դիրիժաբլներ

խմբագրել
 

1887 թվականին Կ. Է. Ցիոլկովսկին առաջարկել է լրիվ մետաղական անկմախք դիրիժաբլի նախագիծ՝ թռիչքի ընթացքում փոփոխվող ծավալով և գազի տաքացումով։ Դիրիժաբլով 22-25 կմ/ժ արագությամբ առաջին հաջող թռիչքը կատարել է ֆրանսիացի օդագնաց Ա. Սանտոն–Դյումոնը, որը 1899 թվականի նոյեմբերի 13–ին, պտույտ կատարելով Էյֆելյան աշտարակի շուրջը, բարեհաջող վերադարձել է մեկնատեղ։ 1900 թվականին Գերմանիայում առաջին թռիչքն է կատարել Ֆ. Ցեպելինի՝ կոշտ համակարգի դիրիժաբլը, որի կոնստրուկցիան հիմք հանդիսացավ Գերմանիայում, Անգլիայում և ԱՄՆ–ում կառուցվող դիրիժաբլների համար։ Գերմանիայի և մյուս պետությունների ագրեսիվ ձգտումների պատճառով օդագնացությունը առաջին հերթին սկսվեց օգտագործվել ռազմական նպատակներով։

Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հաղթանակից հետո Վ. Ի. Լենինի նախաձեռնությամբ 1917 թվականի դեկտեմբերից սկսեցին կազմակերպվել «սոցիալիստական օդագնացային ջոկատներ» Պետրոգրադում, Մոսկվայում, Սարատովում և այլուր։ 1920 թվականի հուլիսի 27–ին 3–րդ Ինտերնացիոնալի 2–րդ կոնգրեսի պատվին Մոսկվայի Կարմիր Հրապարակից կազմակերպվել է ազատ օդապարիկի թռիչք (բարձրությունը մոտ 5000 մետր)։ 1921 թվականից օդապարիկով կանոնավոր թռիչքներ սկսվեցին ուսումնական, վարժական և գիտական նպատակներով։ 1922 թվականի նոյեմբերի 8–ին և 9–ին Ն. Դ. Անոշչենկոն, Ի. Ի. Մեյսները և Ն. Գ. Ստոբրովսկին ազատ օդապարիկով 22 ժամ 10 րոպե տևողությամբ թռիչք են կատարել Մոսկվայից մինչև Հյուսիսային Կարելիայի Լիեկսա լիճը (1273 կմ)։ Դա ռեկորդային նվաճում էր։ 1924 թվականի հոկտեմբերի 12–ին կատարված թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում էր 2485 մետր, իսկ տևողությունը 24 ժամ 10 րոպե։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում և այլ երկրներում շարունակվում էր դիրիժաբլների կատարելագործումը։ 1926 թվականի մայիսին նորվեգացի Ռ. Ամունդսենը կիսակոշտ համակարգի եռաշարժիչ դիրիժաբլով 71 ժամ տևողությամբ անվայրէջք թռիչք է կատարել Շպիցբերգեն կղզուց (Հյուսիսային բևեռով) դեպի Ալյասկա։ 1929 թվականի գերմանական դիրիժաբլը կատարել է 3 միջանկյալ վայրէջքներով 21–օրանոց շուրջերկրյա թռիչք, անցնելով 35 հզ. կմ՝ 177 կմ/ժ միջին արագությամբ։

30–ական թվականներին սկսվել է ստրատոսֆերայի ուսումնասիրությունը ստրատոստատներով։ Ավտոմատ ռադիոհաղորդիչներով ստրատոստատների և օդապարիկ–զոնդերի թռիչքները (մինչև 40 կմ բարձրության) զգալիոներ ընդլայնեցին գիտական նպատակներով օդային միջոցների կիրառումը։

Օդագնացությունը ԽՍՀՄ–ում

խմբագրել
 

ԽՍՀՄ–ում օդագնացությունը զարգացում է ստացել նաև որպես մարզաձև։ Հայրենական մեծ պատերազմից առաջ օդագնացության բնագավառում պաշտոնապես սահմանված 24 համաշխարհային ռեկորդներից 17–ը նվաճել էին սովետական օդագնացները։ Օդագնացությունը լայն կիրառություն է գտել Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945)։ Կապովի օդապարիկներից բացի, պատերազմի ժամանակ կիրառվել է նաև փափուկ համակարգի՝ 3000 մ³ ծավալով «Վ–12» դիրիժաբլը։ Նախագծվել և կառուցվել է 5000 մ³ ծավալով «Պոբեդա» դիրիժաբլը, որն օգտագործվել է Սև ծովում` ականային դաժտերի և խորտակված նավերի հայտնաբերման համար։ Պատերազմից հետո ՍՍՀՄ–ում շարունակվում էր օդագնացության զարգացումը գիտական և մարզական նխատակներով։

Ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի, ավտոմատիկայի, ճշգրիտ սարքաշինության նվաճումները հնարավորություն ընձեռնեցին ստեղծելու հետազոտական բարդ ծրագրեր կատարող հուսալի օդապարիկներ (ավտոմատ օդապարիկ)։ Դրանք ծառայում են մթնոլորտային, աշխարհագրական, բժշկակենսաբանական ուսումնասիրությունների համար, որպես մեկնահրապարակներ` օդերևութաբանական հրթիռների արձակման և դիտարկների բարձրացման բամար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, տասներկուերորդ հատոր, էջ 516

Գրականություն

խմբագրել
  • Жуковкий Н. Е. "Теоритические основы воздухоплавания", кн. 1-3, М., 1911-1912
  • Молчанов П. А. "Полеты в стратосферу", М.-Л., 1935
  • Стобровский Н. Г. "Воздухоплавание", М., 1949
  • Стобровский Н. Г. "Наша страна-родина воздухоплавания", М., 1954
  • Анощенко Н. Д. "Воздухоплаватели", М., 1960