Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆլանդրիա

Ֆլանդրիա (հոլ.՝ Graafschap Vlaanderen, ֆր.՝ Comté de Flandre, արևմտ․ ֆլամանդ․՝ Groafschap Vloandern, ռուս.՝ Фландрия), միջնադարյան կոմսություն, որի սահմանները մշտապես վիճարկվել են 866 թվականից (ստեղծման տարեթիվ) մինչև 1384 թվականը (վերջին ֆլամանդական կոմս Լյուդովիկոս II Մալացու մահվան տարեթիվ) տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ։ 15-րդ դարում մտել է Բուրգունդական դքսության կազմի մեջ, այնուհետև եղել է Հաբսբուրգյան Նիդեռլանդների մաս։ Ֆլանդրիայի արևմտյան տարածքները նվաճվել են ֆրանսիացիների կողմից Ֆրանցիսկ I-ի և Լյուդովիկոս XIV-ի օրոք։

Ֆլանդրիա
Դրոշ Զինանշան


Կարգավիճակcountship?
ՄայրաքաղաքԲռյուգե
Պետական կարգմիապետություն
Հիմնադրված է866 թ.

Որպես քաղաքական կազմավորում՝ Ֆլանդրիան դադարել է գոյություն ունենալ 1795 թվականին՝ ֆրանսիացիների կողմից Ավստրիական Նիդեռլանդների նվաճումով։

Մինչ կոմսության առաջացումը

խմբագրել

Հին ժամանակներում Ֆլանդրիան բնակեցված է եղել կելտական ցեղերով (բելգեր)՝ մորիններ, ատրեբատներ, մենանիներ։ Կեսարի կողմից Գալլիան նվաճելուց հետո պատկանել է Belgica secunda հռոմեական գավառին։ Հռոմեական տիրապետությունը ավելի նվազ նկատելի հետք է թողել Գալլիայի հյուսիսային մասում, քան միջին և, հատկապես, հարավային մասերում։

Գերմանների արշավանքները Ֆլանդրիայի դեմ վաղ են սկսվել։ 4-րդ դարի սկզբին սաքսոնական և ֆրանկական ցեղերը այդ երկիրն աստիճանաբար սկսել են բնակեցնել հյուսիսից (ծովով) և արևելքից։ 6-րդ դարում երկրում վերջնականապես ներդրվել է գերմանական սովորութային իրավունքը։ Ռոմանական տարրը ազգագրական առումով պահպանվել է միայն Ֆլանդրիայի հարավարևելյան մասում (հյուսիսն ու հարավ-արևմուտքը դարձել են գերմանական)։

Երբ Քլոդվիգը հռոմեական կայսրության ավերակների վրա հիմնել է իր թագավորությունը, Ֆլանդրիայով հոսող Շելդա գետի Լիս (Lys) վտակը Ավստրազիայի և Նեյստրիայի միջև դարձել է սահման։ Երկրում հետզհետե սկսել է տարածվել քրիստոնեությունը, բայց նրա հաջողություններն սկզբնապես աննշան էին։

Ֆլանդրիա (Fleanderland) և ֆլանդացիներ (flamings) անվանումները երևան են եկել Մերովինգյան ժամանակաշրջանում. սկզբնապես այդպես է կոչվել միայն ծովափը՝ Բրյուգգեի և Սլեյսի ժամանակակից մարզը։ Ֆլեմինգները (բառացիորեն՝ արտաքսյալները) Հյուսիսային Ֆլանդրիայի սաքսոնական բնակչությունն էր։ Այնտեղ արդեն նկատվել են հասարակության սկզբնավորումներ և ծաղկում էր համակեցության բուն գերմանական ձևը՝ գիլդիաները, որի դեմ ապարդյուն պայքարել են կարոլինգյան թագավորները՝ կապիտուլարներ հռչակելու օգնությամբ։

Կառլոս Մեծը, փորձելով պետական ընդհանուր կարգին ենթարկել նաև այդ ծայրամասային գավառը, 792 թվականին ստեղծել է «Ֆլանդրիայի անտառապահ» պաշտոնը, որը պարտավոր էր ոչ միայն կառավարել նրա հարուստ անտառները, այլև հնազանդության մեջ պահել բնակիչներին։ Այդ վերջին խնդիրը մեծ դժվարությունների հետ էր կապված, և իզուր չէ, որ ժամանակագրությունը վկայում է ազատասեր բնակչության հետ անտառապահի բախումների մասին։

Լյուդովիկոս I Բարեպաշտի իշխանության օրոք ֆլամանդական ափերին հայտնվել են նորմանները։ Միայն աննշան դիմադրության հանդիպելով՝ նրանք գետերով բարձրացել են երկրի խորքերը և սրի ու կրակի մատնել այն։ Այդ հանգամանքը ստիպել է ավելի գործուն պաշտպանության կազմակերպման մասին մտածել։ Գերմանների արշավանքներից ավերված հին քաղաքները նորից են վերաշինվել։ Ամրացվել են վանքերը (օրինակ՝ հանրահայտ Էյնհարդի հիմնած վանքը Գենտում), սակայն քանի դեռ երկրում կենտրոնական իշխանություն չկար, բոլոր այդ ձեռնարկումները չեն վերացրել նորմանական վտանգը։

Ֆլանդրիա կոմսության կազմավորում

խմբագրել
 
Ֆրանսիայի թագավորությունը Հուգո Կապետի կառավարման սկզբին (987 թվական)

862 թվականին Բալդուին Երկաթե Ձեռքի[1] կողմից ֆլանդրական կոմսության հիմնումը ուղիղ պատասխան է հանդիսացել ժամանակի պահանջներին։ Բալդուինի տիրույթները Ֆլանդրիայի ամբողջ տարածքը չեն զբաղեցրել։ 843 թվականին Վերդենի պայմանագրով ֆլամանդական կոմսերի տոհմի հիմնումից քսան տարի առաջ երկրի հարավարևելյան մասը անցել է Գերմանիային։ Նոր կոմսությունը կազմավորվել է Ֆրանսիայի տարածքում։

Բալդուին I-ի և նրա մերձակա ժառանգորդների` Բալդուին II-ի (879-918 թվականներ), Արնուլֆ I Մեծի (918-966 թվականներ), նրա որդի Բալդուին III (ի օգուտ որի Արնուլֆը գրեթե հրաժարվել է գահից, մահացել է նրա գահակալության օրոք), Արնուլֆ II-ի (966-989 թվականներ) գահակալումը լի են եղել վաղ ֆեոդալական շրջանին բնորոշ դեպքերով՝ երկպառակտչական կռիվներով, նորմանների, Ֆրանսիայի թագավորի, հարևան բարոնների և, գլխավորապես, Նորմանդիայի դուքսերի դեմ պայքարով։

Նոր ժամանակաշրջան է սկսվել Բալդուին IV Մորուքի (989-1036 թվականներ) գահակալմամբ։ Նրա և նրա հաջորդների (Բալդուին V` 1036-1067 թվականներ, Բալդուին VI` 1067-1070 թվականներ) օրոք աստիճանաբար սկսել է մարել ռազմական խառնակությունը։ Առևտուրը և արտադրությունը, որի զարգացմանը նպաստել են Ֆլանդրիայի աշխարհագրական դիրքը, ինչպես նաև նրա բնակիչների գործարար ջիղը, հետզհետե զարգացել են։ Բարդացել էր քաղաքային կյանքը. քաղաքաբնակների միջև առաջանում էին բազմապիսի կապեր։

1049 թվականին Բալդուին V-ը Գերմանիայից հաջողել է խլել Բրաբանտի մի մասը, որը հետագայում անվանել են «Կայսերական Ֆլանդրիա»։ Դրա փոխարեն Ֆլանդրիայից առանձնացել են Կամբրեզ, Բուլոն, Սեն Պոլ, Գին կոմսությունները։ Բալդուին V-ի օրոք Ֆլանդրիայի կոմսերի հեղինակությունը շատ բարձր էր Ֆրանսիայում։ Հենրիխ I թագավորը մահանալիս իր որդու՝ Ֆիլիպի խնամակալ է նշանակել Բալդուինին։ Բալդուինն իր գահը կտակել է իր երկրորդ որդուն ՝ Բալդուին VI-ին։ Ավագ որդի Ռոբերտը (մականունը՝ Ֆրիզ) չափազանց վիրավորվել է դրանից և իր եղբոր մահից հետո սկսել է գահը սրով նվաճել՝ ակտիվ աջակցություն գտնելով քաղաքացիների կողմից։ Վերջիններս դեմ էին Բալդուին VI-ի այրուն և փոքրահասակ որդուն։ Նա կոմս դարձավ ավելի քան երեք տարվա պայքարից հետո։

Ֆլադրիայի քրիստոնեացում և հետագա պատմություն

խմբագրել

Ռոբերտ I-ի (Ֆրիզ) գահակալության օրոք (1071-1092 թվականներ) Ֆլանդրիան վերջնականապես դարձավ քրիստոնեական երկիր։ Մինչ այդ տեղ-տեղ դեռևս պահպանվել էին հեթանոսական սովորույթներ։

1071 թվականին տեղի է ունեցել Կասսելի ճակատամարտը Բոդուեն VI-ի որդի, օրինական ժառանգորդ Արնուլֆի (նրան աջակցել է ֆրանսիական թագավոր Ֆիլիպ I-ը) և հանգուցյալ թագավորի եղբայր Ռոբերտի միջև։ Ճակատամարտն ավարտվել է Արնուլֆի պարտությամբ, և իշխանությունը տևական ժամանակ անցել է Ռոբերտի և նրա սերնդի ձեռքը։ Արնուլֆի եղբորը մնացել է Էնո (Գեննեգաու) կոմսությունը։

Ռոբերտի որդին՝ Ռոբերտ II-ը (1092-1109 թվականներ), իր ժամանակի լավագույն ասպետներից մեկն է եղել։ Նա մասնակցել է խաչակրաց I արշավանքին, իսկ վերադառնալուց հետո կապեր է հաստատել Հենրիխ I Անգլիացու հետ՝ դաշնակիցներ փնտրելով ֆրանսիական թագավորի և Էնոյի կոմսի դեմ։ Անգլիայի հետ բարեկամության շնորհիվ Ռոբերտ II-ի օրոք սկսվել է ֆլամանդացիների զանգվածային արտագաղթը դեպի Անգլիա, դեպի ուր նրանք փախչում էին կործանարար պարբերական ջրհեղեղներից։

Բոդուեն VII-ից (1109-1119 թվականներ) հետո Ֆլանդրիայի կոմս է դարձել դանիական արքայազն Կառլ Բարեսիրտը (1119-1127 թվականներ)։ Նա հաղթել է մյուս թեկնածուներին և խաղաղություն հաստատել երկրում։ Նրա օրոք Ֆլանդրիան հսկայական առաջընթաց քայլ է կատարել մշակութային զարգացման ասպարեզում։ Կառլի հեղինակությունն այնպիսին էր, որ նրան առաջարկել են Երուսաղեմի թագավորության և Հռոմեական Սրբազան կայսրության թագը։ Նա բարեհաջող հաշվեհարդար է տեսել արտաքին թշնամիների հետ, սակայն կոմսության ներսում նրա դրությունն անկայուն է եղել։ Նա խիստ է կառավարել, հետ չի կանգնել իր նախընտրանքներից։ Այդ ժամանակ արդեն նշանակալի հարստություն կուտակած և ազատության ձգտող քաղաքներին նա անվստահությամբ է վերաբերվել և այդ պատճառով հեղինակազրկվել։ Բրյուգգեի քաղաքացիների դավադրությունը, որին միացել են նաև որոշ բարոններ, վերջ է դրել նրա կառավարմանը։

Նրա սպանությունից հետո Ֆլանդրիայի գործերին խառնվել է Ֆրանսիայի թագավորը, որի ազդեցության շնորհիվ իշխանությունն անցել է Վիլհելմ Նվաճողի թոռանը, Ռոբերտ III Նորմանդացու որդուն՝ նորմանական արքայազն Վիլհելմ Կլիտոնին։

Ֆրանսիական դրածոն դուր չի եկել առևտրական շահերով Անգլիայի հետ ավելի ու ավելի կապվող ֆլամանդացիներին։ Վիլհելմը սպանվել է ֆլամանդական իշխանության համար ծագած պատերազմում, և կոմս է դարձել Անգլիայի կողմնակից Թյերի Էլզասկին (1128-1168 թվականներ)։ Նա մասնակցել է խաչակրաց երկրորդ արշավանքին և, բացի այդ, ևս երեք արշավանքներ է ձեռնարկել դեպի Արևելք։

Թյերիի որդին՝ Ֆիլիպը (1168-1191 թվականներ), ավելի սերտ է մերձեցել Անգլիայի հետ հատկապես Ֆիլիպ II Օգոստոսի գործողությունների՝ ավելի ու ավելի ագրեսիվ դառնալուց հետո։ 1182 թվականին Ֆիլիպն իր ֆլամանդացիների հետ նույնիսկ ներխուժել է Ֆրանսիայի տարածք. պատերազմը տևել է մինչև 1186 թվականը։

Ֆիլիպի մահից հետո Ֆլանդրիայի կոմսությունն անցել է Ֆլանդրական կոմսերի տոհմի հնագույն ճյուղի ժառանգ Բոդուեն VIII Գեննեգաուսցուն (1191-1194 թվականներ)։ Վերջինիս որդին՝ Բալդուին IX-ը (1194-1202 թվականներ), մասնակցել է խաչակրաց չորրորդ արշավանքին, 1204 թվականին ընտրվել Լատինական կայսր և հաջորդ տարին, գերի ընկնելով Ադրիանապոլսում, տանջամահ է արվել բուլղարների կողմից։

Գեննեգաուի և Ֆլանդրիայի ժառանգորդուհի Ժաննան ամուսնացել է Ֆերդինանդ Պորտուգալացու հետ (1211 թվական)։ Նրա օրոք Ֆլանդրիայի համար վճռական բախում է տեղի ունեցել Ֆիլիպ Օգոստոսի հետ։ Ֆերդինանդը, Անգլիայի և Գերմանիայի հետ դաշինք կազմած, պատերազմ է սկսել, իր երկիրը ենթարկել թշնամու արշավանքի սարսափներին, իր դաշնակիցների հետ պարտվել է Բուվինի մոտ (1214 թվական) և գերի ընկել։ Համաձայն Ֆիլիպի հետ Ժաննայի կնքած պայմանագրի՝ Ֆլանդրիան պարտավոր է եղել վճարել ահռելի ռազմատուգանք, հրաժարվել Արտուայից, քանդել լավագույն ամրոցները, և որոշները թողնել Ֆրանսիային՝ պարտքի դիմաց։ 1226 թվականին Ֆերնինանդն ազատվել է գերությունից և մահացել 1233 թվականին։ Ժաննան կառավարել է երկիրը մինչև 1244 թվականը և գահը փոխանցել իր քրոջը՝ Մարգարիտային (1244-1280 թվականներ)։ Այդ ժամանակաշրջանը նշանավորվել է նրա երկու ամուսնություններից ծնված երեխաների՝ Ավենների և Դամպյերների միջև երկպառակտչական կռիվներով։ Այս խռովությունների արդյունքը Ֆլանդրիայի և Գեննեգաուի բաժանումն էր։ Առաջինը բաժին է հասել երկրորդ ամուսնությունից ծնված կրտսեր որդուն՝ Գի դը Դամպյերին (1280-1305 թվականներ)։

 
Ֆլանդրիայի կոմսերի ամրոցը Գենտում՝ կառուցված Ֆիլիպ I-ի կողմից

Բուվինի մոտ պարտությունն ուժեղ հարված է հասցրել Անգլիային։ Հովհան Անհողինի կառավարման վերջին տարիներին և նրա մահվանը հաջորդած խռովությունների ժամանակ Անգլիան չկարողացավ նախկինի նման աջակցել Ֆլանդրիային։ Երկպառակտչական պայքարը ևս նպաստել է ֆրանսիական ազդեցության ուժեղացմանը և կոմսերի ու քաղաքների վերաբերմունքի փոփոխմանը։ Ֆրանսիական թագավորները և հատկապես Լյուդովիկոս IX Սուրբը խառնվել են ֆլամանդական գործերին՝ օժանդակելով կոմսերի իշխանությանը։ Անգլիայի հետ տնտեսական շահերով կապված քաղաքները չէին կարող հանգիստ հետևել կոմսերի քաղաքականության շրջադարձին։

Ֆլամանդական քաղաքների ուժեղացումը տեղի է ունեցել ֆլամանդական ժառանգության համար մղվվող պատերազմի ժամանակաշրջանում (1127-1128 թվականներ)։ Ե՛վ Վիլհելմը, և՛ Թյերին աջակցություն ստանալու նպատակով նրանց շնորհագրեր և արտոնություններ են բաշխել։ Այդ ժամանակից Բրյուգգեն, Գենտը, Իպրը, Լիլը, Սենտ Օմերը, Կամբրեն և այլ քաղաքներ սկսել են խառնվել քաղաքականությանը։ Հատկապես մեծ է եղել առաջին երեք ամենահարուստ ու ամենահզոր քաղաքների ազդեցությունը։ Նրանք փառքի են արժանացրել Թյերիին, և քանի որ նրա գահակալելուց մինչև 13-րդ դարի սկիզբը Ֆլանդրիայի քաղաքականությունն անգլոմետ էր, քաղաքների ու կոմսերի միջև լիակատար համաձայնություն է տիրել։ Կոմսերին արտոնություններ են շնորհվել, քաղաքները առևտուր են արել Անգլիայի հետ և ավելի ու ավելի հարստացել։ Այդ ժամանակ վերջնական հաստատվել է նրանց ներքին կարգը։ Այն տիպիկ վերնախավային կառավարում էր, որի մեջ արհեստավորները բացառապես զրկված են եղել քաղաքական իրավունքներից։

Գործերի այդպիսի դրությունը դուր չի եկել կոմս Գի դը Դամպյերին։ Հենվելով արհեստավորների դժգոհությունների վրա՝ նա պայքարն սկսել է քաղաքային արիստոկրատիայի դեմ։ Ֆլամանդական համայնքները կոմսի դեմ բողոքներն արտահայտել են Ֆիլիպ Գեղեցիկին, ով համաձայնվել է նրանց հետ և դաշինք կապել Դամպյերի երդվյալ թշնամու՝ Գեննեգաուի կոմսի հետ։ Դամպյերին ոչինչ չի մնացել, քան վերադառնալ Անգլիայի հետ դաշինքին։ Դա հավասարազոր էր պատերազմ հայտարարելուն։ Ֆրանսիական բանակը ներխուժել է Ֆլանդրիա՝ ուրախ ընդունելություն գտնելով քաղաքների կողմից, որոնք առանց դիմադրության Ֆիլիպին են հանձնել իրենց դարպասների բանալիները։ Դամպյերը գերի է վերցվել, և երկիրը փաստացի կորցրել է իր ինքնուրույնությունը (1300 թվական

1302 թվականին ֆրանսիացիների ճնշումներն առաջ են բերել արհեստագործների ապստամբություն։ Բրյուգգեում բոլոր ֆրանսիացիները սպանվել են, իսկ Կուրտրի մոտ ֆրանսիական բանակը ջախջախվել է ֆլամանդացիների կողմից։ Գին մահացել է Ֆիլիպի նոր արշավանքի նախապատրաստությունների ժամանակ (1305 թվական)։ Ֆլամանդացիները ջախջախվել և ստիպված են եղել կնքել Ատրիի հաշտության պայմանագիր (1305 թվական), ըստ որի՝ Լիլի, Դուեի և որոշ այլ քաղաքների տարածքները ժամանակավորապես անցել են Ֆրանսիային[2]։

Սակայն ֆրանսիացիների հաղթանակը չի կարողացել կործանել մանր բուրժուազիայի իշխանությունը, որը շարունակել է ձգտել դեպի Անգլիան և ավելի ու ավելի թշնամաբար վերաբերվել Ֆրանսիային հավատարիմ իրենց կոմսերին։ Գյուի Դամպյերի որդին՝ Ռոբերտ III-ը, թագավորել է ոչ երկար։

Պատկեր:Political map of the Low Countries (1350), NL.svg
Նիդեռլանդները 14-րդ դարում

Նրա հաջորդը՝ Լյուդովիկ I Նևերացին, գերի է ընկել քաղաքացիներին։ Ազատ արձակվելուց հետո նա հպատակներից բողոքել է հենց այդ ժամանակ գահակալության անցած Ֆիլիպ VI-ին։ Սրա հետևանքը ֆրանսիացիների նոր ներխուժումն է եղել երկիր և ֆլամանդացիների պարտությունը Կասսելի մոտ (1328 թվական)։ Դրա մասին կարելի է մանրամասն կարդալ «1323–1328 թվականների գյուղացիական ապստամբությունը Ֆլանդրիայում» հոդվածում։ Լյուդովիկոսը, որին իրադրությունն ավելի սերտ է կապել Ֆրանսիայի հետ, Հարյուրամյա պատերազմի սկսվելուց հետո կտրուկ խզել է կապերը Անգլիայի հետ և հրամայել ձերբակալել իր տիրույթներում գտնվող անգլիացի վաճառականներին (1336 թվական)։ Էդուարդ III-ը պատասխանել է Անգլիայում գտնվող ֆլամանդացիների ձերբակալմամբ և դեպի Ֆլանդրիա բրդի արտահանման արգելքով։

Քաղաքացիներն ապստամբել են կոմսի դեմ։ Գենտի գարեջրագործ Յակոբ վան Արտևելդեն կանգնել է շարժման գլուխ։ Քաղաքացիները առևտրային պայմանագիր են կնքել Անգլիայի հետ՝ չխզելով Ֆրանսիայի հետ կապերը։ Արտևելդեի այցը Անգլիա պսակվել է կատարյալ հաջողությամբ. բրդի առաքումը վերականգնվել է 1338 թվականին։ Երբ սկսվել են ռազմական գործողությունները, Արտևելդեն Էդուարդի հետ կնքել է ռազմական դաշինք, որը մեծ օգուտ է բերել Անգլիային։ Այն ժամանակ, երբ Լյուդովիկ Նևերացին մարտնչել է ֆրանսիական ասպետների շարքերում (նա զոհվել է Կրեսիի ճակատամարտում), ֆլամանդական նավատորմն ու քաղաքացիների զորքն օգնել են անգլիացիներին։ Սակայն Արտևելդեի և նրա կողմից մտցված ժողովրդական վարչակարգի հեղինակությունը արագ ընկել է։ 1345 թվականի ապստամբությունը վերջ է դրել նրա տիրապետությանը։ Արտևելդեն սպանվել է, քաղաքային կարգուկանոնը նորից վերափոխվել է պատրիկների և արհեստագործների միջև փոխզիջման միջոցով։

Լյուդովիկ Նևերացու հաջորդին՝ Լյուդովիկոս դը Մալին, հաջողվել է իր շուրջը համախմբել բոլոր քաղաքներին, բացի Գենտից։ Վերջինս շրջապատվել է, բայց քաղաքացիները Ֆիլիպի՝ Արտևելդեի որդիներից մեկի առաջնորդությամբ ջարդել են կոմսի զորքին։ Ֆլամանդական քաղաքականության կառավարումը կրկին անցել է Գենտի ձեռքը, և Ֆլանդրիան նորից սկսել է մերձենալ Անգլիայի հետ։

Լյուդովիկոս Մալացուց հետո Ֆլանդրիան ժառանգել է նրա դուստր Մարգարիտան՝ ամուսնու՝ բուրգունդական դուքս Ֆիլիպ Խիզախի հետ։ Երկիրը նվաճելու համար բուրգունդական զորքը ներխուժել, ջարդել է ֆլամանդացիներին Ռոոզբեկի մոտ և դաժան պատիժներ կիրառել մի քանի քաղաքների նկատմամբ։ Գենտը դիմացել է անգլիացիների օգնությամբ, ուստի Ֆիլիպ Խիզախը ստիպված է եղել պայմանագիր կնքել նրա հետ և հայտարարել համընդհանուր ներում (1385 թվական)։

Ֆլանդրիայի հետագա պատմության վերաբերյալ տես՝ Բուրգունդիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, Ֆրանսիա, Բելգիա։

Գրականություն

խմբագրել
  • Дживелегов, Алексей Карпович|Дживелегов А. К. (1890–1907). «Фландрия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Kervyn de Lettenhove, «Histoire de Flandre, 792-1792» (6 тт., 1847-1850);
  • Warnkönig, «Flandrische Staats- und Rechtsgeschichte» (3 т., 1835-39);
  • Poullet, «Histoire politique nationale» (1882-1892, 2 изд.);
  • Vanderkindere, «Introduction à l’histoire des institutions de la Belgique au moyen âge»; его же, «Siècle des Artevelde» (1879);
  • Wauters, «Libertés communales» (1878).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Gilliat-Smith, Ernest (2009). The Story of Bruges. Stoddard Press. էջ 5. ISBN 978-1-4446-6629-8.
  2. D'Arcy Jonathan D. Boulton, "Marquis/Marquisate", Medieval France: An Encyclopedia (Taylor & Francis, 1995), 1120.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլանդրիա (կոմսություն)» հոդվածին։