Ֆրիկ
Ֆրիկ (մոտ 1234 - մոտ 1315), միջնադարյան հայ բանաստեղծ։
Ֆրիկ | |
---|---|
Ծնվել է | մոտ 1234 |
Վախճանվել է | մոտ 1315 |
Գրական անուն | Ֆրիկ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Ֆրիկ Վիքիքաղվածքում | |
Ֆրիկ Վիքիդարանում | |
Frik Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Հայտնի է, որ նա աշխարհիկ մարդ է եղել, երկար ժամանակ ապրել է Կիլիկիայում, շրջագայել է այլ վայրեր և ծանոթացել ժողովրդի, հատկապես աշխատավոր մարդկանց կյանքին[1]։
Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլերեն՝ բանակին հանդերձանք, ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցը դառնալով՝ սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ։ Դրա համար էլ նրանից խլել էին իր ընտանիքը։ Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել։ Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ, սակայն պարզ չէ արդյոք նա արել է այդ քայլը։
Բանաստեղծություններ
խմբագրելՖրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը[2]։ Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին.
Ֆրիկը հանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ - [3]
|
Նա իր տաղերում առատորեն օգտագործել է ժողովրդական բանահյուսության պատկերով արտահայտությունները, համեմատություններ, առածներն ու ասացվածքները, ինչպես նաև հայրեն տեսակը[4]։
Թեմաներ
խմբագրելՀասունության տարիներին Ֆրիկի ստեղծագործության կարևոր թեմաներն են դարձել ազգային ու սոցիալական խնդիրները[5]։ Մոնղոլական տիրապետության շրջանի գեղարվեստական արձագանքն են Ֆրիկի մեզ հասած չորս բանքերը՝ «Ընդդէմ ֆալաքին և վասն բախտի, «Վասն Արղուն ղանին և Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի և բրջի»։ «Ընդդէմ ֆալաքին…» քերթվածում Ֆրիկը գրում է.
Հիմիկ դժարեց բաներս, որ թաթարն եղաւ թագաւոր. Զրկեց զամենայն աշխարհս Ու զգողերն էդիր մեծաւոր |
Ազգային քաղաքական խնդիրն ավելի սուր է արծարծված «Վասն Արղուն ղանին և Բուղային» և «Գանգատ» բանաստեղծություններում, որոնցում այն հանդես է գալիս սոցիալական խնդրի հետ զուգորդված։ Առաջին բանաստեղծության մեջ Ֆրիկը վրեժխնդիր սրտով երազում է թաթար-մոնղոլների դաժան բռնատիրության վերջնական անկումը։ «Գանգատի» մեջ հայրենասեր հեղինակը ողբում է ժողովրդի ծանր վիճակը։ Դեռևս «Ընդդէմ ֆալաքին» բանքում Ֆրիկը ֆալաքին (ճակատագրին) համարում է անարդար դատավոր, որ անգետ, վատ, հիմար մարդկանց մեծ հարստության տեր է դարձնում, իսկ արժանավորներին՝ «ուղորդ», իմաստուն մարդկանց թողնում դժբախտ։ Բայց ըստ ֆալաքի՝ այդ անհավասարության պատճառը ոչ թե ինքն է, այլ Աստված. «Արարչէն լինին», - պատասխանում է ճակատագիրը։ «Գանգատ» բանաստեղծության մեջ Ֆրիկը վեճի մեջ է մտնում ուղղակի Աստծու հետ։ Խորհելով կյանքի ու մահվան, տնտեսության ու սոցիալական անհավասարության մասին՝ նա լայն ընդհանրացումներ է անում։ Ֆեոդալական հասարակարգում եղած խոր հակասությունները, հասարակական դասերի վիճակների մեծ տարբերությունը բացատրում է բախտով կամ աստծու կամքով («Եւ այ՞ս էր բան քոյ հրամանի, Արդար, իրաւ դատաւորի, Մէկն ի պապանց պարոնորդի, Մէկն ի հարանց մուրող լինի…»)։ Շարունակելով հակադրությունների շարքը՝ միջնադարյան հեղինակը աստիճանաբար բացահայտում է սոցիալական անհավասարությունների ամբողջական շղթան[6]։ Այս չորս բանքերով Ֆրիկը համարվում է ոչ միայն միջնադարյան հայ սոցիալական քնարերգության սկզբնավորողն ու խոշոր ներկայացուցիչը, այլև համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից մեկը[7]։
Երկեր
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան, էջ 561.
- ↑ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիա, ed. (1986). Հայկական սովետական հանրագիտարան, հ., 12. էջ 735-736.
- ↑ Բախչինյան Հ., Սարինյան Ս., Թամրազյան Հ., ed. (2000). Հայ գրականություն» դասագիրք հանրակրթական դպրոցի աշակերտների համար. «Լույս». էջ 54-55.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ Հովհաննիսյան Ա., ed. (1955). , Ֆրիկը պատմաքննական լույսի տակ.
- ↑ Նալբանդեան Վ.Ս., Ներսիսեան Վ.Ս., Բախչինեան Հ.Գ., ed. (1986). Հայ միջնադարեան գրականութիւն. համառօտ պատմութիւն. «Սովետական գրող». էջ 115-117. ISBN 99930-2-263-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ Ժամկոչյան Հ., ed. (1958). Պատմաբանասիրական դիտողություններ Ֆրիկի և նրա տաղերի մասին. «ՊԲՀ».
- ↑ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիա, ed. (1986). Հայկական սովետական հանրագիտարան հ., 12. էջ 735-736.
Գրականություն
խմբագրել- Հովհաննիսյան Ա., Ֆրիկը պատմաքննական լույսի ներքո, Ե., 1955 թ.
- Ժամկոչյան Հ., Պատմա-բանասիրական դիտողություններ Ֆրիկի և նրա տաղերի մասին, Պատմաբանասիրական հանդես, Ե., 1958 թ., թիվ 1։
- Ալեքսանդր Մարգարյան, Ֆրիկի անվան ծագման մասին, Ե., ա. հ., 1982, 88 էջ։
Աղբյուրներ
խմբագրել- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003 թ.
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12, Երևան, 1986 թ., էջ 735-736
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007 թ., էջ 694
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիկ» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիկ» հոդվածին։ |