Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիա
Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիա (ԵՄՔԱ), անգլերեն՝ Young Men's Christian Association (YMCA), հիմնադրվել է 1844 թվականի հունիսի 6-ին Լոնդոնում։ Արդեն 1855 թվականին, ի շնորհիվ արագ տարածման, դարձել է համաշխարհային շարժում, որն ըստ ԱՄՆ Նախագահ Ուիլյամ Հ. Թաֆթի 1922 թվականին տված բնութագրման. "...Պատփերազմների համամարդկային պատմության ընթացքում աննախադեպ արդյունքների հասավ իր խաղաղասիրական գործունեությամբ։”
Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիա | |
---|---|
Տեսակ | Միսիոներական և Միջազգային կազմակերպություն |
Հիմնադրված է | հունիսի 6, 1844 |
Հիմնադիր | Ջորջ Ուիլյամս |
Վայր | Ժնև, Շվեյցարիա[1][2] |
Սպասարկվող տարածք | համաշխարհային |
Դուստր ընկերություններ | YMCA Vivekananda Road? և YMCA, Chowringhee? |
Կայք | ymca.int(անգլ.) և ymcagta.org(անգլ.) |
Մասնակից է | European Youth Forum?[3] |
YMCA Վիքիպահեստում |
Լինելով քրիստոնեական արժեքները հիմնարար ընդունող կազմակերպություն ու սկիզբ առնելով Բրիտանական կայսրությունում, ԵՄՔԱ-ն ի սկզբանե ունեցել է բողոքական հենք։ Սակայն ժամանակի ընթացքում տարածվելով աշխարհով մեկ, դարձել է համաեկեղեցական շարժում՝ առաքելությամբ ամփոփված Համաշխարհային ԵՄՔԱ Փարիզյան Հիմնադրույթներում։ Այսօր ԵՄՔԱ շարժումը գործում է աշխարհի 119 երկրներում և ունի շուրջ 58 միլիոն անդամ՝ միավորված ԵՄՔԱ-ների Համաշխարհային Ալիանսի հովանու ներքո։
ԵՄՔԱ-ն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնության հասած առաջին կազմակերպություննեից մեկն էր։ Գյումրիի Զորջ Բայրոնի անվան նորակառույց դպրոցը վերջինիս անմիջական աջակցության օրինակներից մեկն է։ 1994 թվականին ձևավորվեց և պաշտոնապես գրանցվեց ԵՄՔԱ-ների Հայկական Ազգային Միությունը, որի անդամ կազմակերպությունները այսօր համայնքային ծառայություններ են մատուցում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում և Վարդենիսում։ Այն ԵՄՔԱ-ների Եվրոպական Ալիանսի լիիրավ անդամ է։ 2004 թվականից Ստեփանակերտում գործում է նաև Արցախի ԵՄՔԱ-ն, որը հանդիսանում է ԵՄՔԱ-ների Եվրոպական Ալիանսի համագործակցող անդամ՝ անկախ կարգավիճակով։
Հետաքրքիր Փաստեր
խմբագրելԵՄՔԱ-ում են ստեղծվել Բասկետբոլ և վոլեյբոլ մարզաձևերը, այն նաև հայտնի է "Village People" խմբի YMCA երգով։
Պատմություն
խմբագրելԳործունեությունը Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում. 1883-1923 թվականներ
խմբագրելՀայերենում գործածվել է նաև Երիտասարդաց քրիստոնեական ընկերակցություն (ԵՔԸ) անունը։
ԵՄՔԱ շարժումը ձևավորվել ու ընդլայնվել է որպես ուղղակի արդյունք բողոքական եկեղեցիների “Մեծ Զարթոնքի” երրորդ ալիքի, որը հատկապես նկատելի հետք թողեց Ամերիկայում։ Միսիոներական շարժման նոր ալիքը այդ զարթոնքի բուն դրսևորումն էր։ 1886 թվականին Ամերիկյան ԵՄՔԱ-ն նախաձեռնում է Օտարերկրյա առաքելությունների ուսանողական կամավորական շարժումը։ Առաջ քաշելով “եվանգելիզացնել աշխարհը մեկ սերնդի միջոցով” հավակնոտ տեսլականը, այս շարժումը Չինաստանի, Ճապոնիայի ու Հնդկաստանի հետ միասին Օսմանյան կայսրությունը ընտրում է որպես հիմնական թիրախ։
ԵՄՔԱ շարժումը Օսմանյան կայսրություն է ներթափանցում նախորդող միսիոներական ալիքների արդյունքում այնտեղ արդեն ստեղծված կառույցների միջոցով։ Դրանք առաջին հերթին եվրոպացիների և ամերիկացիների հիմնած քրիստոնեական քոլեջներն էին, որտեղ սովորելու մեծ ձգտում ունեին հատկապես հայ երիտասարդները։ Այդ հաստատություններից էին Ռոբերտ քոլոջը Կ.Պոլսում (հիմն. 1863 թ.), Անատոլիա քոլեջը Մարզվանում (1886 – 1924 թ.թ.), Սբ. Պողոսի քոլեջը Տարսոնում (հիմն. 1888 թ., 1930 թ.-ից Տարսոնի ամերիկյան քոլեջ ), Միջազգային քոլեջը Զմյուռնիայում (1891 – 1922 թ.թ.)։ Հենց այս քոլեջների ուսանողների շրջանակներում էլ ձևավորվեցին առաջին ԵՄՔԱ խմբակները՝ ստանձնելով ուսանողական ինքնակառավարման, արտաուսումնական ժամանցն ու հասարակական կյանքը կազմակերպելու գործառույթներ։ Այդ քոլեջների շրջանավարտների միջոցով էլ ԵՄՔԱ շարժումը հետագայում սկսեց տարածվել դեպի Փոքր Ասիա, Կիլիկիա և Արևմտյան Հայաստան, տեղերում ձևավորելով ԵՄՔԱ համայնքային խմբեր և կառույցներ, որոնց հիմնական գործունեությունը շարունակեց մնալ կրթությունը։ Այդպիսիք էին Ադաբազարի, Ադանայի, Զմյուռնիայի, Կ.Պոլսոի, Վանի ԵՄՔԱ-ները։
Սակայն Օսմանյան կայսրությունում ծավալված հետագա իրադարձությունները՝ Աբդուլ Համիդի և նրա հաջորդների կողմից իրականացվող քրիստոնեաների և հատկապես հայերի բնաջնջումն ու հետևողական հայրենազրկումը, միսիոներներին ընդհանրապես՝ ԵՄՔԱ շարճմանը մասնավորապես, ստիպեցին որպես առաջնահերթություն արձագանքել այդ հումանիտար աղետներին։ Հազարավոր կյանքեր փրկվեցին շնորհիվ այդ արձագանքի։ Միաժամանակ ԵՄՔԱ-ն, ի դեմս իր եվրոպացի և ամերիկացի քարտուղարների, ականատեսն ու վավերագիրն է եղել այդ իրադարձությունների, մասնավորապես.
- 1909 թվականի ապրիլի Կիլիկիայում հայության կոտորածը,
- 1915 թվականի ապրիլ-մայիսի Վանի հերոսամարտը,
- 1919 - 1921 թվականների իրավիճակը Կիլիկիայում,
- 1922 թվականի սեպտեմբերի Զմյուռնիայի հրդեհումը։
Այս վկայությունները փաստագրվել և պահպանվում են Ժնևում ԵՄՔԱ Համաշխարհային Ալիանսի և Միննեսոտայի համալսարանի Է. Լ. Անդերսոնի անվան գրադարանի Քաութս ընտանիքի ԵՄՔԱ արխիվներում։
1923 թվականից հետո հայաթափված Թուրքիայում ԵՄՔԱ գործունեությունը դադարում է շոշափելի առնչություն ունենալ հայերի հետ։ Ավելին, առանց հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների այն միանշանակ և վերջնականապես կորցնում է իր անդամության հենքը բոլոր այն քաղաքներում, որտեղ որ գործել էր մինչ Առաջին համաշխարհային պատերազմը։ Իսկ վերջին մոհիկանը՝ Կ.Պոլսի ԵՔԱՆ-ն քեմալական վարչակազմի ճնշումների տակ 1939 թվականին վերջիվերջո դադարեցնում է իր գործունեքությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Google Maps — 2005.
- ↑ https://www.ymca.int/ymca-worldwide/
- ↑ http://tools.youthforum.org/memberorganisations/
Աղբյուրներ
խմբագրել- ԵՄՔԱ Համաշխարհային Ալիանսի արխիվ. Ժնև, Շվեյցարիա։
- Միննեսոտայի համալսարանի Է. Լ. Անդերսոնի անվան գրադարանի Քաութս ընտանիքի ԵՄՔԱ արխիվ. ԱՄՆ։
- Աշճեան, Համբարձում Յ., վեր.. ‘Ատանայի եղեռնը և Գոնիայէ յուշեր (պատմութեան համար)’, Նյու Յորք, 1950։
- Shedd, Clarence Prouty and others։ ‘History of the World’s Alliance of Young Men’s Christian Associations’, London, 1955.
- Balakian, Peter։ 'The Burning Tigris - The Armenian Genocide and America's Response', New York, 2003.
- Steuer, Kenneth։ ‘Pursuit of an 'Unparalleled Opportunity' - The American YMCA and Prisoner of War Diplomacy among the Central Power Nations during World War I, 1914-1923’, Kalamazoo (Michigan), 2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիա» հոդվածին։ |