Աբգար Թոխաթեցի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)
Աբգար Թոխաթեցի (Աբգար Եվդոկացի, Աբգար Դպիր, Աբգար Սաֆար Թոխատցի (1520, Թոքաթ - 1572)), հայ տպագրիչ, հոգևորական, հասարակական-քաղաքական գործիչ, ծածկագրերի մասնագետ։ Իրեն համարել է Արծրունյաց թագավորական տան շառավիղներից։ 1562 թ.-ից Հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու հանձնարարությամբ ազգային-ազատագրական և դավանաբանական հարցերով մեկնել է Հռոմ։ Թեպետ այդ առաքելությունը նպատակին չի ծառայել, սակայն նպաստել է հայ տպագրության զարգացմանը։ Աբգար Թոխաթացին Հռոմի Պիոս IV պապից և Վենետիկի Հերոնիմոս Բրիոլիդոժից հայերեն գրքեր տպագրելու իրավունք ստանալով, 1565 թ.-ին լույս է ընծայել «Խառնայ փնթուր տումարի...» օրացույցը (1-էջանոց) և առաջին հայերեն Սաղմոսարանը (մինչև 1880-ական թվականներին համարվել է հայերեն 1-ին տպագիր գիրքը, իսկ Թոխաթացին՝ առաջին հայ տպագրիչը, բայց հետագայում պարզվել է, որ Թոխաթացին աշխատանքներն սկսելիս ձեռքի տակ ունեցել է Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերը)[1]։
Աբգար Թոխաթեցի | |
---|---|
Ծնվել է | 1520 |
Ծննդավայր | Թոքաթ |
Մահացել է | 1572 |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | քահանա և հասարակական գործիչ |
Ծնողներ | մայր՝ Եվա |
Երեխաներ | Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի |
Գործունեություն
խմբագրելԾնվել է Թոխաթում (Եվդոկիա), հայրը՝ Ամիրբեկ, մայրը՝ Եվա։ Ժամանակակիցներին ներկայացել է իբրև Արծրունյաց թագավորական տան շառավիղ։ 1562 թ.-ին մասնակցել է Սեբաստիայի գաղտնի խորհրդաժողովին։ Հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացին Թոխաթեցու գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկել Հռոմ՝ Հայաստանի ազատագրության, ինչպես նաև դավանաբանական հարցերով։ Հռոմի պապի հանձնարարությամբ Թոխաթեցին Աղեքսանդր քահանայի հետ կազմել է հայերի Դավանագիրը (Հավատո հանգանակ), որը 1565 թ.-ի փետրվարին ներկայացրել է հատուկ հանձնաժողովին։ Այստեղ Թոխաթեցին քաղաքական նկատառումներով դավանական նվիրվածություն է հայտնել պապին և շեշտել, թե Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միջև տարբերությունները չնչին են։ 1565 թ.-ին Վենետիկում հիմնադրել է տպարան և տպագրել «Խառնայ փնթուր տումարի» օրացույցը (մեկ էջանոց) և առաջին հայերեն «Սաղմոսարանը»[2] (վերջինս մինչև 1880-ական թվականներին սխալմամբ համարվել է հայերեն առաջին տպագիր գիրքը, իսկ Թոխաթեցին՝ առաջին հայ տպագրիչը, այնինչ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Աբգար Թոխաթեցին տպագրությունն սկսել է ձեռքի տակ ունենալով հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի գրքերը)։ 1567 թ.-ին Թոխաթեցին տպարանը տեղափոխել է Կոստանդնուպոլիս և Սբ․ Նիկողայոս եկեղեցում իր որդի Սուլթանշահի գործակցությամբ հիմնադրել Կ․ Պոլսի հայկական առաջին տպարանը, տպագրել վեց գիրք՝ որոնցից առաջինը վերաբերում է քերականության, «Փոքր քերականութիւն» (1567), իսկ ամենօրյա ժամերգությունների և եկեղեցածիսակատարության վերաբերող, «Ժամագիրք» և «Պատարագամատոյց» (1568), յուրաքանչյուր տարվա տոնակարգը ցույց տվող «Տօնացոյց» (1568), «Տաղարան» (1568), «Պարզատումար» (1568), ծիսական կարգերի, օրհնությունների և աղոթքների վերաբերող «Մաշտոց» (1569)[3]։
Եվ այսպէս Կոստանդնուպոլսում տպագրված 6 գրքերն են՝
- 1567 - «Փոքր քերականութիւն»
- 1568 - «Տօնացոյց», «Տաղարան», «Պարզատումար», «Ժամագիրք» և «Պատարագամատոյց» (միասին)
- 1569 - «Մաշտոց»։
Պահպանվել է հայերի դավանանքի և ազգային սովորությունների մասին Պիոս IV պապի առաջարկով Աբգարի հեղինակած մի գրությունը (լատիներեն թարգմանությամբ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 7-8, էջեր 7-8 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
- ↑ Սաղմոսարան, տպ. Աբգար Դպիր Թոխաթեցու, Վենետիկ, 1565-1566։(չաշխատող հղում)
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 18 — 720 էջ։
Գրականություն
խմբագրել- Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց, հատոր Գ, Վենետիկ-Սբ. Ղազար, 1786։
- Զարբհանալյան Գ., Պատմութիւն հայկական տպագրութեան, Վենետիկ-Սբ. Ղազար, 1895։
- Լեո, «Հայկական տպագրություն» հատոր Ա, Թիֆլիս, 1904։
- Վ. Զարդարյան, «Հիշատակարան» հատոր Ե, Կահիրե, 1939։
- Գարեգին Լևոնյան, «Հայ գիրքը և տպագրության արվեստը», Երևան, 1958։
- Հ. Անասյան, Հայկական մատենագիտություն Ե.-ԺԸ դդ., հտ. Ա, Երևան, 1959, էջ 18-25։
- Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հատոր 1, Երևան, 1977։
- Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հատոր 1, Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում, Երևան, 2012։
- Վարդան Դեվրիկյան, Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում, մասն Ա, Վենետիկից Հռոմ (16-րդ դար), Երևան, 2012։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 18)։ |