Ագապետոս I (լատին․՝ Agapetus PP. I,անհայտ, Հռոմ - ապրիլի 22, 536[1], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Հռոմի Պապ 535 թվականի մայիսի 5-ից մինչև 536 թվականի ապրիլի 22-ը։

Ագապետոս I
լատին․՝ Agapetus PP. I
57-րդ Հռոմի պապ
535 թվականի մայիսի 5 — 536 թվականի ապրիլի 22
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Հովհաննես II
Հաջորդող Սիլվերիոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և գրող
Ծնունդ անհայտ
Հռոմ
Մահ ապրիլի 22, 536[1]
Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար

Ընտանիք

խմբագրել

Ագապետոսը ծնվել է Հռոմում, նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Նա եղել է Գորդիանոսի որդին՝ հռոմեական քահանայի, ով սպանվել էր Սիմմաքոս Պապի օրոք (498-514) տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Հոր անունը կարող է մատնանշել նրա ազգակցական կապերը մյուս երկու Պապերի՝ Փելիքս III-ի (483-492) և Գրիգոր I-ի (590-604) հետ։

Կենսագրություն

խմբագրել

Ագապետոսը համագործակցել է Կասիոդորի հետ Հռոմում եկեղեցական հեղինակների հունարեն և լատիներեն գրադարանները գտնելու հարցում և օգնել է Կասիոդորին՝ հույն փիլիսոփաներին թարգմանել լատիներեն։

Պատմաբան Ջեֆրի Ռիչարդսը նրան նկարագրել է որպես «վերապրած վերջին սիմմաքոսականը», քանի որ Ագապետոսը որպես սարկավագ ձեռնադրվել էր, հնարավոր է, 502 թվականին՝ Լավրենտևյան պառակտման ժամանակ[2]։ Ագապետոսը Հռոմի Պապ ընտրվեց 535 թվականին։ Նրա առաջին պաշտոնական ակտը երեցների ներկայությամբ չեղյալ հայտարարեց Դիոսկորոսի բանադրանքը, ում, որպես մրցակից, Բոնիփակիոս II Պապը պատժել էր՝ կեղծ մեղադրելով սիմոնականության մեջ։

Ագապետոսը հաստատեց Կարթագենի ժողովի դեկրետները, որոնց համաձայն արիոսականության մեջ ընկած եպիսկոպոսները զրկվում էին եկեղեցու գիրկը վերադառնալու իրավունքից։ Նա նաև Ռեզի եպիսկոպոսին ուղղված դիմում ստորագրեց, ում Մարսելի խորհուրդը դատապարտել էր անբարոյականության համար, և Ցեզար Արելաթսկուն հրամայեց պապական պատվիրակների ներկայությամբ մեղադրյալին նոր դատաքննության իրավունք տրամադրել։

Այս ընթացքում բյուզանդական զորավար Վելիզարիոսը պատրաստվում էր Իտալիա ներխուժել։ Գոթական Թեոդահատ թագավորը հասավ նրան, որ Ագապետոսը գնա Կոստանդնուպոլիս՝ Իտալիայի շահերի օգտին ազդելու Հուստինիանոս կայսեր վրա։ Դեսպանության ծախսերը հոգալու համար Ագապետոսը հռոմեական եկեղեցու սրբազան գավաթները գրավ դրեց։ Նա ճամփա ընկավ դեպի Կոստանդնուպոլիս ձմռան կեսին, հինգ եպիսկոպոսների և մեծ շքախմբի հետ։ 536 թվականի փետրվարին Պապը Արևելքի մայրաքաղաքում էր։ Ագապետոսն անմիջապես խուսափեց քաղաքական հարցերի քննարկումից, որոնց լուծման համար թագավորը նրան ուղարկել էր Արևելք, և դիմեց հոգևորականներին։

Բյուզանդական պատրիարքական գահն այդ ժամանակ զբաղեցնում էր Անֆիմոսը, ով լքել է Տրապիզոնի իր եպիսկոպոսական ամբիոնը։ Անֆիմոսին մեղադրում էին հերետիկոսության մեջ, սակայն, չնայած հոգևորականության մի մասի բողոքներին, Թեոդորա կայսրուհին նրան նստեցրեց պատրիարքի աթոռին։ Տեղի հոգևորականները Ագապետոսին տեղեկացրեցին պատրիարքի հասցեին հնչող մեղադրանքների մասին, և Պապը կարգադրեց Անֆիմոսին ապաշխարել հերետիկոսությունից և վերադառնալ իր թեմ։  Հակառակ դեպքում Ագապետոսը սպառնաց հրաժարվել որևէ առնչություն ունենալ նրա հետ։ Կայսրը սպառնաց արտաքսել Ագապետոսին, ինչին Պապը, լեգենդի համաձայն, պատասխանեց՝ «Հույսով եկել էի տեսնելու քրիստոնեական Մեծ կայսր Հուստինիանոսին։ Նրա տեղում ես գտա Դիոկղետիանոսին, ում սպառնալիքները, սակայն, ինձ չեն վախեցնում»[3][4]։ Արդյունքում Ագապետոսը հասավ իր նպատակին։ Հուստինիանոսը Եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ անձամբ ձեռնադրեց Անֆիմոսի իրավահաջորդին՝ Մինոսին։ Պահպանվել են Ագապետոսի չորս նամակները։ Երկու հասցեագրված են Հուստինիանոսին՝ ի պատասխան կայսեր գրած մի նամակի, որտեղ նա հրաժարվում էր ճանաչել արիոսականության դրույթները։ Երրորդն ուղղված է Աֆրիկայի եպիսկոպոսներին և նույն թեմայով էր։  Չորրորդը Կարթագենի եպիսկոպոս Ռեպերատի շնորհավորանքների պատասխանն էր, որը նա ուղարկել էր Հռոմի Պապին ի պատիվ իր գահակալության։

Դրանից կարճ ժամանակ անց Ագապետոսը հիվանդացավ և 536 թվականի ապրիլի 22-ին մահացավ՝ գահին մնալով ընդամենը տաս ամիս։ Նրա աճյունը դրվել է կապարի դագաղի մեջ և տեղափոխվել Հռոմ, որտեղ թաղվել է Սուրբ Պետրոսի տաճարի գավթում։

Հիշատակը

խմբագրել

Ագապետոս I-ը սրբադասվել է Հռոմեական կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների կողմից։ Հիշատակը կաթոլիկության մեջ հարգվում է սեպտեմբերի 20-ին՝ նրա աճյունը Հռոմ տեղափոխելու օրը, իսկ ուղղափառության մեջ՝ ապրիլի 22-ին՝ նրա մահվան օրը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. Richards, The Popes and the Papacy in the Early Middle Ages (London: Routledge and Kegan Paul, 1979), p. 127
  3. Smith, William (1867), «Agapetus (2)», in Smith, William (ed.), Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. 1, Boston, էջեր 59–60{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Mansi, Concilia, viii. pp. 846—850

Գրականություն

խմբագրել
  • Dudden, Frederick H. (1905), Gregory the Great, London: Longmans, Green, and Co
  • Louise Ropes Loomis, The Book of Popes (Liber Pontificalis). Merchantville, NJ: Evolution Publishing. ISBN 1-889758-86-8
  • Martindale, John R.; Jones, A.H.M.; Morris, John (1992), The Prosopography of the Later Roman Empire, Volume III: AD 527—641, Cambridge University Press, ISBN 0-521-20160-8

Արտաքին հղումներ

խմբագրել