Աիշա բինթ Աբու Բաքր (արաբ․՝ عائشة بنت أَبي بكر‎‎; 614[1][2][3][…], Մեքքա, Հիջազ - մոտ հուլիսի 13, 678[4], Մադինա, Օմայյան խալիֆայություն), Մուհամմադ մարգարեի երրորդ և տարիքով ամենակրտսեր կինը, Աբու Բաքր բարեպաշտ խալիֆի և Ումմ Ռումանի դուստրը․ կրել է «հավատացյալների մայր» (արաբ. أمّ المؤمنين) պատվանունը։ Մուսուլմանների շրջանում Աիշան համարվում է իսլամի՝ իր ժամանակի 7 ամենախոշոր գիտնականներից մեկը։ Կենդանության օրոք Աիշային անվանում էին նաև «Արդարամիտ»։

Աիշա բինթ Աբու Բաքր
արաբ․՝ عائشة بنت أَبي بكر‎‎
Դիմանկար
Ծնվել է614[1][2][3][…]
ԾննդավայրՄեքքա, Հիջազ
Մահացել էմոտ հուլիսի 13, 678[4]
Մահվան վայրՄադինա, Օմայյան խալիֆայություն
ԳերեզմանԱլ Բաքի
Քաղաքացիություն Ուղղահավատ խալիֆների պետություն և  Օմայյան խալիֆայություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունբանաստեղծուհի
ԱմուսինՄուհամմադ մարգարե[5]
Ծնողներհայր՝ Աբու-Բեքր[5], մայր՝ Fatima bint Zaid?
 Aisha Վիքիպահեստում

Վաղ իսլամական պատմության մեջ թե՛ Մուհամմադի կյանքի օրոք, թե՛ մահվանից հետո, Աիշան կարևոր դերակատարություն է ունեցել։ Սուննիական ավանդույթում Աիշան ներկայացված է որպես կրթված և հետաքրքրասեր կին։ Նա նպաստել է Մուհամմադի ուղերձների տարածմանը և նրա մահվանից հետո 44 տարի ծառայել մուսուլմանական հանրույթին։ Աիշան նաև հայտնի է նրանով, որ 2210 հադիս է փոխանցել ոչ միայն Մուհամմադի անձնական կյանքի մասին, այլև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ժառանգորդությունը, ուխտագնացությունը և վախճանաբանությունը։

Նրա հայրը՝ Աբու Բաքրը, Մուհամմադին հաջորդած առաջին խալիֆը դարձավ, որին երկու տարի անց փոխարինեց Ումարը։ Երրորդ խալիֆ Ուսմանի օրոք Աիշան նրա ընդդիմության առանցքային դերակատարներից էր՝ չնայած ո՛չ նրա սպանության մեղավորների, ո՛չ էլ Ալիի կողմնակիցների հետ նա համակարծիք չէր։ Ալիի կառավարման օրոք նա ցանկանում էր վրեժ լուծել Ուսմանի սպանության համար, ինչը փորձեց անել Ուղտի ճակատամարտում։ Աիշան մասնակցում էր ճակատամարտին, ճառեր ասում և ուղտի վրա նստած առաջնորդում զորքին։ Արդյունքում, նա պարտվեց ճակատամարտում, սակայն նրա մասնակցությունն ու վճռականությունն անջնջելի տպավորություն թողեցին։ Այս ճակատամարտին մասնակցության համար շիա մուսուլմանները ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք ունեն Աիշայի հանդեպ։

Այս իրադարձությունից հետո նա ավելի քան քսան տարի հանգիստ ապրել է Մեդինայում, չի զբաղվել քաղաքականությամբ, հաշտվել է Ալիի հետ և հանդես չի եկել Մուավիա խալիֆի դեմ[6]։

Ըստ որոշ ավանդական աղբյուրների՝ Աիշան Մուհամմադի հետ նշանվել է 6 կամ 7 տարեկանում։ Այլ աղբյուներ գրում են, որ նա 9 տարեկանում ոչ մեծ արարողությամբ է ամուսնացել[7]։ Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ ամուսնությունը նրա պատանեկության տարիներին է եղել։ Ամեն դեպքում, ամուսնանալու պահին նրա տարիքը և ամուսնության տարեթիվը գիտնականների շրջանում մինչև օրս տարակարծությունների թեմա են։

Մանկություն

խմբագրել

Աիշան ծնվել և մեծացել է մուսուլմանական մի ընտանիքում, որտեղ հաճախ էր լինում Մուհամմադը, քանի որ մտերիմ էր նրա հոր՝ Աբու Բաքրի հետ։ Աբու Բաքրն իր տան բակում ոչ մեծ մզկիթ էր կառուցել, որում աղոթում էր նրա ամբողջ ընտանիքը։ Չնայած իր փոքր տարիքին՝ Աիշան ջանասիրաբար հիշում էր իսլամի բոլոր հիմնադրույթները, քանի որ մանկուց պատասխանատվությնա մեծ զգացումով էր օժտված և դեռ մանուկ ժամանակ խելացի հարցեր էր տալիս։ Նա լավ հիշողություն ուներ, ոչ իր տարիքին բնորոշ հոգևոր և ֆիզիկական զարգացվածությամբ էր աչքի ընկնում, իսկ նրա դիտարկումները շրջապատի մարդկանց, իրադարձությունների և երևույթների մասին բոլորին զարմացնում էին[8]։

Մուսուլմանական աղբյուրները Աիշային բնորոշում են որպես գեղեցիկ, խելացի, շնորհալի, դաստիարակված, համեստ և բարեպաշտ աղջիկ[9]։

Նշանադրություն

խմբագրել
 
Մուհամմադն ու Աիշան ազատում են ցեղապետի դստերը

Իսլամական ավանդույթի համաձայն՝ Աիշան Աստծո կողմից էր նախասահմանված Մուհամմադի համար։ Սաուդայի հետ ամուսնությունից հետո Մուհամմադը երազ է տեսնում, որում իրեն հայտնվում է Ջիբրիլ հրեշտակը՝ մետաքսաքաթանով, որի վրա լուսավորվում էր Աիշայի կերպարը։ Ջիբրիլ հրեշտակն ասում է Մուհամմադին․ «Հիրավի նա քո կինն է այս կյանքում և եկող կյանքում»։ Երբ Մուհամմադն այս երազը երկրորդ անգամ է տեսնում, հասկանում է, որ Ալլահի կամքով Աիշան պետք է իր կինը դառնա[8][10]։

Մուհամմադը Աիշայի ձեռքը խնդրեց իր ընկեր Ուսման իբն Մազունի կնոջ՝ Խաուլա բինթ Հաքիմի միջոցով։ Այդ ժամանակ Աիշան նշանված էր Ջուբայր իբն Մուտիմի հետ, որն անհավատների ընտանիքից էր։ Սկզբնապես Աբու Բաքրը «իր եղբոր հետ իր դստեր ամուսնության իրավաչափության կամ նույնիսկ օրինականության» հարցում վստահ չէր։ Մուհամմադը իր հերթին նրան պատասխանեց, որ իրենք միայն կրոնով են եղբայրներ[11]։ Նշանադրությունը չեղյալ համարվեց։ 620 թ․-ին Աբու Բաքրն իր դստերն ամուսնացրեց Մուհամմադի հետ և 622 թ․-ին Աիշան տեղափոխվեց նրա տուն։ Այս ամուսնությունն ավելի ամրապնդեց Մուհամմադի և Աբու Բաքրի ընկերությունը, որը վայելում էր առաջին մուսուլմանների հարգանքն ու մեծ ազդեցություն ուներ նրանց շրջանում։

Ամուսնական տարիք

խմբագրել

Աիշայի ամուսնանալու տարիքի վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Մուսուլմանական աղբյուրների մեծամասնությունում նշվում է, որ նա 6 տարեկան է եղել, իսկ ամուսնական կյանքը սկսել է 9 տարեկանում։ Այլ աղբյուրներում հիշատակվում է 10 տարեկան հասակը[12]։ Որոշ հեղինակներ հակված են այն կարծիքին, որ նա 15 կամ 17 տարեկան է եղել։ Առանձին պատմաբաններ՝ ներառյալ Իբն Հիշամը, գրում են, որ Աիշան առաջիններից է իսլամ ընդունել, ինչից կարելի է եզրակացություն անել, որ ամուսնության պահին նա 15 տարեկան է եղել։ Որոշ պատմաբաններ և հետազոտողներ տվյալներ են ներկայացնում, որ երբ Մուհամմադից առաջ նրա ձեռքը խնդրում էր Ջուբեյր իբն Մուտիմը, նա 17 տարեկանից մեծ էր։ Տվյալներ կան, որ Աիշայի քույր Ասման, որը հիջրայի պահին 17 տարեկան էր, 10 տարով մեծ էր քրոջից, ինչից հետևում է, որ հարսանիքի ժամանակ Աիշան 17 տարեկան էր։

Պատմության պրոֆեսոր Դենիզ Սփելբերգը, նշելով Աիշայի 9-10 տարեկան հասակը, երբ եղել է նրա սեռական ակտը, գրում է. «հարսի տարիքի մասին այս վկայությունները ամրապնդում են Աիշայի նախադաշտանային տարիքում լինելը, և հետևաբար, նրա կուսությունը»։

Ամուսնական կյանք

խմբագրել

Մուհամմադի հետ ամուսնությունից հետո Աիշան տեղափոխվեց նրա տուն՝ մզկիթի հարևանությամբ։ Աիշան և Մուհամմադը շատ էին սիրում իրար[13]։ Մարգարեն նրան Խումեյրա էր անվանում[14]։

Աիշան առաքինի, աստվածավախ կին էր, շատ ժամանակ էր հատկացնում աղոթելու համար և առատորեն ողորմութուն էր բաժանում։

Աիշան նաև քաջ և հաստատակամ կին էր։ Նա շատ ճակատամարտերի է մասնակցել՝ օգնություն ցուցաբերելով վիրավոր մուսուլման զինվորներին։ Ուհուդի ճակատամարտում, որում շատ մուսուլմաններ էին զոհվել, Աիշան խնամում էր վիրավորներին, իսկ մահացածներին տեղափոխում էր Մեդինա։ Այդ ճակատամարտում Մուհամմադը հեթանոսների քարերից դեմքի վիրավորում էր ստացել։ Աիշան նրա արյունահոսությունն էր կանգնեցնում։

Մուհամմադի հետ ամուսնանալուց հետո Աիշան սովորեց Ղուրան կարդալ։ Մինչև ամուսնությունը Աիշայի կրթության հիմքը Աբու Բաքրն էր դրել, որը հայտնի էր պոեզիայի և հին ցեղերի մասին իր իրմացությամբ։ Աիշան ժառանգել էր նրա գիտելիքները։ Աիշան յուրաքանչյուր հնարավորություն օգտագործում էր գիտելիքները լրացնելու համար և Մուհամմադի հետ յուրաքանչյուր հանդիպմանը իսլամի մասին իրեն հետաքրքրող հարցեր էր տալիս։ Մուհամմադի կողմնակիցներից քչերը Ղուրանի և Սուննայի իմացության առումով կարող էին համեմատվել Աիշայի հետ։

Մուհամմադի և Աիշայի տանը կահույքի պարագաներից միայն ներքնակ է եղել, արմավենու թելից բարձ, խսիր, երկու կավե կուժ, որում ալյուր և խուրմա էր պահվում, ջրի բաժակ և ճաշաման։ Այնտեղ նաև լամպ է եղել, որում ձեթը հաճախ էր վերջանում և մի քանի շաբաթ շարունակ տանը լույս չէր լինում։ Չնայած Աիշան աղախին ուներ՝ նա ինքն էր սիրում խնամել Մուհամմադին՝ ալյուր աղալ, խմոր հունցել, հաց թխել, անկողին գցել և հագուստ լվանալ։ Աիշայի մասին մարգարեն ասում էր․ «Աիշան բոլոր կանանց գերազանցում է այնպես, ինչպես սարիդը (մանրակտոր հացով ապուր, որը արաբները շատ են սիրում) գերազանցում է բոլոր ուտելիքները»։

Երբ Մուհամմադը մահացավ Աիշայի ձեռքերում, նա 18 տարեկան էր։ Կտակի համաձայն՝ նրան հուղարկավորեցին մահվան վայրում, այսինքն գերեզմանը փորվեց Մեդինայում Աիշայի տան մեջ։ Մուհամմադի թաղվելու վայրում մզկիթ կառուցվեց։

Գիտնականներ Սայեդ Ղանին, Հուհամմադ Սաջադը և Հաֆզա Նաշինը պնդում են, որ եթե մանկահասակների ամուսնություններն արգելված լինեին, Մուհամմադը չէր ամուսնանա 6-ամյա Աիշայի հետ։ Բացի այդ, անդրադառնալով 9 տարեկանում կուսազրկման մասին հիշատակումներին՝ նրանք նշում են, որ դա այդքան էլ սեռական հասունացման տարիք չի համարվում[15]։

Հարաբերություններն ընտանիքի մյուս անդամների հետ

խմբագրել

Աիշան բարյացակամ և հարգալից հարաբերություններ է ունեցել Մուհամմադի մյուս կանանց և երեխաների հետ։ Այսպես, օրինակ, նա մի անգամ պաշտպանել է ամուսնու կանանցից մեկին՝ Զեյնաբ բինթ Ջահշին, որի հետ իր արարքի համար մարգարեն երկու ամիս չէր խոսում։ Մուհամմադի դուստր Ֆաթիմայի հետ Աիշան մտերիմ հարաբերություններ է ունեցել, և նույնիսկ նրա հարսանիքի պատրաստության ժամանակ սպիտակով է ներկել տան պատերը և պատրաստել նրա օժիտը։ Ֆաթիմայի նշանածին՝ Ալի իբն Աբի Տալիբին, Աիշան հյուրասիրել է խուրմա և չամիչ[8]։ Մուսլիմի հադիսներում նշվում է, որ Աիշան ոչ մի կնոջ երբևէ չի խանդել այնպես, ինչպես մարգարեի մահացած (առաջին) կնոջը՝ Խադիջային[16]։

Աիշայի կյանքը Մուհամմադի մահվանից հետո

խմբագրել

Ամուսնու մահվանից հետո որոշ ժամանակ Աիշան շարունակում էր քնել իր սենյակում՝ այնտեղ, որտեղ նրա գերազմանն էր գտնվում։ Սակայն երբ երազում Մուհամմադին տեսավ, տեղափոխվեց այլ սենյակ։ Այրիներին ժառանգություն չէր հասել, քանի որ մարգարեն շատ համեստ էր ապրում։ Մյուս այրիները մտադրվել էին մարգարեին պատկանող այգիները որպես ժառանգություն պահանջել, սակայն Աիշան ամոթանք տվեց նրանց՝ նշելով, որ Մուհամմադի ժառանգությունը պետք է պատկանի ոչ թե ինչ-որ կոնկրետ մարդու, այլ բոլոր մուսուլմաններին, ինչից հետո այրիները հրաժարվեցին պահանջներից[17]։

Չնայած Ուսմանի քաղաքականության հետ անհամաձայնությանը՝ նրա սպանությունը շատ ցնցեց Աիշային և նա պահանջում էր անմիջապես պատժել մարդասպաններին։ Նոր խալիֆ Ալի իբն Աբի Տալիբը հարմար առիթի էր սպասում Ուսմանին սպանողներին պատժելու համար, որոնք հավատարմության երդում էին տվել իրեն։ Դավադրությունների միջոցով Աիշային ներքաշեցին ինտրիգների մեջ, խաբեությամբ ստիպեցին հանդես գալ Ալիի դեմ, որի կողմնակիցների մեջ թաքնված էին Ուսմանին սպանողները։ Ուսմանին սպանողներին պատժելու կողմնակիցների գլուխ կանգնեցին Աիշայի բարեկամները՝ Տալհան և ազ Զուբայրը։ Սխալ կարծիք կա, թե Աիշան և իր կողմնակիցները հրաժարվում էին Ալիին խալիֆ ճանաչել, սակայն նրանց իրական նպատակը Ուսմանին սպանողներից վրեժխնդիր լինելն էր։ Զորքի կառավարման Աիշայի անփորձությունից օգտվելով՝ նրա կողմնակիցները իրենք սկսեցին պատժիչ գործողությունները, և Բասրայում Ուսմանի դեմ հանցագործության մոտ 600 մասնակից մահապատժի ենթարկվեց։ Զորքը գրավեց Քուֆան և շարժվեց դեպի Բասրա, որտեղ էլ 656 թվականին տեղի ունեցավ Ուղտի ճակատամարտը, որում Աիշայի կողմնակիցները պարտվեցին։ Աիշան եղբոր՝ Մուհամմադի և տղամարդու շորեր հագած 40 պատվարժան կանանց հետ ուղարկվեց Մեքքա։ Մյուս գերիները ևս Ալիի հրամանով ազատ արձակվեցին[8]։ Չնայած տեղի ունեցածին՝ Ալին մեծ հարգանքով էր վերաբերվում Աիշային։ Ինքը Աիշան տեղի ունեցածի մասին ասում էր. «Երեխանե՛րս։ Իմ ու Ալիի միջև թշնամանք չկա. դա ուղղակի ընտանեկան սովորական վիճաբանություն էր։ Ես Ալիին բարի մարդ եմ համարում»։ Ինչին ի պատասխան Ալին ավելացրել է. «Ուղղահավատների մայրը ճիշտ է։ Նա Մարգարեի մեծարգո կինն է ինչպես այս, այնպես էլ մյուս կյանքում»։ Այս դեպքի պատճառով շիականները Աիշային բացասաբար են ընդունում։

Աիշայի դպրոցը

խմբագրել

Աիշան Մուհամմադի խոսքերից 2210 հադիս է փոխանցել՝ այդ թվում վերաբերող մարգարեի ընտանեկան կյանքին և կենցաղին։ Այդպիսով, իր ամբողջ գիտելիքը Աիշան ստացել է սկզբնաղբյուրներից՝ Մուհամմադից և իր հորից՝ Աբու Բաքրից։ Աիշան Մուհամմադի երեք կանանցից մեկն էր, որը Ղուրանը անգիր գիտեր (մյուսները Խաֆսան և Ումմ Սալամն էին)։ Խաֆսան և Աիշան Ղուրանի բնագիրն են ունեցել։ Մուհամմադի հետևորդների թվում Աիշան համարվում է իսլամական իրավագիտության ամենաերևելի մասնագետը։ Մյուս հայտնի հետևորդները իրավական տարբեր հարցերով օգնության խնդրանքով դիմում էին Աիշային և սպառիչ պատասխաններ ստանում։ Նա նաև լավ հռետոր էր։ Մուհամմադի մահվանից հետո Աիշան դաստիարակչական գործունեությամբ էր զբաղվում՝ կրթելով տարբեր տարիքի մարդկանց։ Աիշայի աշակերտները կրթությամբ և զարգացման մակարդակով գերազանցում էին իրենց ընկերներին։ Իր մոտ սովորող ծնողազուր երեխաների նա խնամակալության էր վերցնում։ Նրա աշակերտներից շատերը հետագայում հայտնի գիտնականներ, հադիսներ հավաքագրողներ, Ղուրանի գիտակներ դարձան։ Տաղաչափության մեջ նա մեծ վարպետության էր հասել[18], շատ բանաստեղծներ ձգտում էին նրա մոտ սովորել[19]։

Մուհամմադի մահվանից հետո ամբողջ կյանքի ընթացքում Աիշան մարդկանց է փոխանցել մարգարեից ստացած գիտելիքներն ու իմաստնությունը։ Իր բարեպաշտության և գիտելիքների շնորհիվ նա դարձավ մուսուլմանների սիրելին։ Աիշան մահացել է 66 տարեկանում Ռամադան ամսվա 17-ի երեկոյան։ Իր կամքի համաձայն՝ նա հուղարկավորվել է գիշերը Մեդինայի Ջանաաթ ալ Բակի գերեզմանատանը։ Գերեզման նրան իջեցրել են զարմիկները։ Թաղմանը մեծ թվով մարդիկ են ներկա եղել[20]։

Աիշայի կերպարը շիականությունում

խմբագրել
 
Աիշան Ուղտի ճակատամարտում կռվում է չորրորդ խալիֆ Ալիի դեմ

Իսլամի շիական ուղղությունում ավանդաբար Աիշայի նկատմամբ վերաբերմունքն անբարյացակամ է։ Նման մոտեցումը բխում է շիական Ահլ ալ Բայթի (Մուհամմադի ընտանիքը) հայեցակարգից և շիականության հետևորդների կարծիքով՝ Աիշայի՝ ֆիթնան (քաղաքացիական պատերազմ) տարածելու փորձից։ Ուղտի ճակատամարտում Աիշայի մասնակցությունը նման գործունեության ծայրահեղ դրսևորումներից է համարվում։ Շիականության հետևորդները նաև կարծում են, որ Աիշան մարգարեի կնոջ դերում իրեն ճիշտ չի դրսևորել։ Բացի այդ, շիականության որոշ շրջանակներ Աիշային և Խաֆսա բինթ Ումարին (մարգարեի չորրորդ կինը) մեղադրում են Մուհամմադին թունավորելու համար[21]։

Շիականները Աիշային նաև հակասական կերպար են համարում այն պատճառով, որ նա ամբողջ կյանքում ներքաշված է եղել քաղաքական գործունեության մեջ։ Աիշան ակտիվ մասնակցություն է ունեցել Մուհամմադի քաղաքական կյանքում, ուղեկցել է նրան պատերազմների ընթացքում, որտեղ էլ մարտական հնարքներ, բանակցություններ վարել և ռազմական հակամարտությունների դադարեցման ձևեր է սովորել[22][23]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Afsaruddin A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  2. 2,0 2,1 https://snl.no/Aisha
  3. 3,0 3,1 النسائي أ. ب. ش. الْمُجْتَبَى (արաբ.)
  4. 4,0 4,1 4,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  5. 5,0 5,1 5,2 Али-заде А. Аиша бинт Абу Бакр (ռուս.) // Исламский энциклопедический словарьМ.: Ансар, 2007.
  6. Watt, W. Montgomery (1961). Muhammad : prophet and statesman. London. ISBN 0-19-881078-4. OCLC 6796252.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Armstrong, Karen (1992). Muhammad : a biography of the prophet (1st U.S. ed ed.). [San Francisco, Calif.]: HarperSanFrancisco. ISBN 0-06-250014-7. OCLC 24846478. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 8,3 Mustafa ERĺŞ. Peygamberimizin Hanımları / Müminlerin Anneleri. — Erkam Yayınları, 2001. — С. 165. — ISBN 9756736240.
  9. Sayeed, Asma (2013). Women and the transmission of religious knowledge in Islam. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-1-107-34200-2. OCLC 851970618.
  10. Шайх Абдулазиз Мансур, Таваккал Кенжаев. Муминларнинг оналари (Хазрат Хадича ва Хазрат Ойша). — Гафур Гулям, 2018. — С. 256. — ISBN 9789943542273.
  11. Abbott, Nabia. Aishah The Beloved of Muhammad : [англ.]. — University of Chicago Press, 1942. — P. 3. — ISBN 978-0405053184.
  12. Spellberg, Denise A. (1994). Politics, gender, and the Islamic past : the Legacy of ʻAʼisha bint Abi Bakr. New York: Columbia University Press. ISBN 0-231-07998-2. OCLC 30666482.
  13. Шайх Абдулазиз Мансур, Таваккал Кенжаев. Муминларнинг оналари (Хазрат Хадича ва Хазрат Ойша). — Гафур Гулям, 2018. — С. 256.
  14. Ali-zade, A. A. (2007). Islamskiĭ ėnt︠s︡iklopedicheskiĭ slovarʹ. Moskva: Ansar. ISBN 5-98443-025-8. OCLC 181140934.
  15. «CONCEPT OF EARLY MARRIAGES IN THE LIGHT OF ISLAMIC TEACHINGS -(A RESEARCH STUDY)» (PDF). EPRA International Journal of Multidisciplinary Research (IJMR). 2020 թ․ դեկտեմբերի 30.
  16. Bukhārı̄ M.I., Khan M.M. Sahih Bukhari. — Islamic University, 1971
  17. Абдулхамид Тахмоз. Оиша розийаллоху анхо. — Мовароуннахр, 2005. — С. 96.
  18. Aleem S. Prophet Muhammad(s) and His Family: A Sociological Perspective. — AuthorHouse, 2007. — էջ 130.
  19. Rafiabadi H.N. World Religions and Islam: A Critical Study. — Sarup& Sons, 2003. — էջ 186. — (World Religions and Islam: A Critical Study).
  20. Campo J.E. Encyclopedia of Islam. — Facts On File, 2009. (Encyclopedia of world religions).
  21. Ahmad ibn Muhammad al-Sayyari. Revelation and Falsification: The Kitab al-qira'at of Ahmad b. Muhammad al-Sayyari: Critical Edition with an Introduction and Notes by Etan Kohlberg and Mohammad Ali Amir-Moezzi (անգլ.) // Texts and studies on the Qurʼān : journal / Kohlberg, Etan; Amir-Moezzi, Mohammad Ali. — BRILL, 2009. — Vol. 4. — P. 103.
  22. Anwar, Etin. «Public Roles of Women.» Encyclopedia of Islam and the Muslim World. 2004. Web.
  23. Smith, Jame I. «Politics, Gender, and the Islamic Past. The Legacy of Aisha Bint Abi Bakr by D.A. Spellberg.» Rev. of Politics, Gender, and the Islamic Past. The Legacy of Aisha Bint Abi Bakr by D.A. Spellberg. n.d.: n. pag. JSTOR. Web.
Մուհամմադի կանայք

Խադիջա բինթ ԽուայլիդՍաուդա բինթ ԶամաԱիշա բինթ Աբու ԲաքրԽաֆսա բինթ ՈւմարԶայնաբ բինթ ԽուզայմաՈւմմ ՍալամաԶայնաբ բինթ ՋահշՋուայրիա բինթ ալ ՀարիսՄարիա ալ-ԿիբտիաՈւմմ ՀաբիբաՌայհանա բինթ ԶայդՍաֆիա բինթ Հույայյի Մայմունա բինթ ալ Հարիս

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիշա բինթ Աբու Բաքր» հոդվածին։