Ակն, (թուրք. Էգին կազասը), գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում, այժմ՝ Թուրքիայի Երզնկայի վիլայեթում։

Գավառակ
Ակնի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներԱկնա, Ակին, Էգին, Էգինկազասը, Էկին, Մարնտուրիկգազասը, Մարնտուրիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունակնեցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն

խմբագրել

Ակն գավառակի հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք հոսում է Արևմտյան Եփրատ (Կարասու) գետը։

Կլիման բարեխառն է, առողջարար, օդը՝ մաքուր լեռնային դիրքի (բարձր. 2000 - 2300 մ), առատ ջրի և փարթամ բուսականության շնորհիվ։ Ձմեռը (հատկապես հունվարը) ցուրտ է, ամառը՝ տաք։ Աճում են ծիրան, խաղող, դեղձ, սալոր, թութ և այլն։

Պատմություն

խմբագրել

1896 թվականին գավառակի հայ բնակչությունը թուրքերի կողմից ենթարվեց կոտորածի։ Զոհ գնացին մոտ 3000 հայեր։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տեղի հայ բնակչությունը կոտորվեց։ Զոհ գնացին մոտ 10 200 հայեր։ ԱՄՆ գաղթած հայերը հիմնել են «Ակնա հայրենակցական միություն» և «Ակնա ուսումնասիրաց ընկերություն» հաստատությունները

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 1885 թվականի մարդահամարի, Ակնի գավառակում հայերը կենտրոնացած էին հետևյալ բնակավայրերում՝ Ակն (5442 բնակիչ), Կամարակապ (1133), Ապուչեխ (1066), Բենկա կամ Բինկյան (874), Լիճք (507), Կարուշլա (204), Նարվեր (191), Վանք (180), Ձորակ (170), Շրզու (138) և Մուշեղկա (62)։ Այս գյուղերում բնակվում էին նաև թուրքեր։ Բացի այդ կային թուրքացած հայ գյուղեր (Խաչուկիլ, Վարդանկիլ, Կնքահայրկիլ և այլն), որոնց թիվն անցնում էր 40-ից։ Դրանց բնակիչները թուրքերից հալածվելով հարկադրաբար իսլամացել էին XVI–XVII դդ.։ Իսլամացած հայերի լեզվում, որ թուրքերենն էր, օգտագործվում էին ոչ քիչ թվով հայերեն բառեր։

Ակնեցիք խոսում էին Ակնա բարբառով և պահում էին հեթանոս կենցաղ։ Հայտնի էին իրենց ժողովրդական կենցաղով։

Տնտեսություն

խմբագրել

Հայերն զբաղվում էին արհեստներով (հյուսնություն, կոշկակարություն, դերձակություն), առևտրով, գյուղատնտեսությամբ։ Ապուչեխում հյուսում էին նրբաթել յազմաներ և դիմացկուն կերպասներ։ Հռչակված էին Կամարակապի ոսկերիչները, երկաթագործները և շերամապահները։

Ճարտարապետություն

խմբագրել

Ակնի գավառակի հայկական գյուղերը, կառուցված լինելով սարալանջերին, ունեին ամֆիթատրոնի տեսք։ Առհասարակ տները երկհարկ էին, բայց կային 3 - 4 հարկանի ևս։ Վանք գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք եղած ուրարտական ավերակները վկայում են, որ ուրարտական շրջանում որոշ բնակավայրեր են եղել Ակնի գավառակում։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Ակն գավառակը 1903 թվականին ուներ 5 վանք և 72 եկեղեցիներ։

Կրթություն

խմբագրել

Հայաբնակ բոլոր գյուղերում հայերն ունեին դպրոց, եկեղեցի, զանազան մշակութային միություններ։ Ապուչեխում կային «Վարագա սանուց» և «Արշալույս երիտասարդաց» միությունները, թատրոն և գրադարան, հրատարակվում էր «Մտրակ» թերթը, Կամարակապում՝ «Ազգանազյան», «Դպրոցասիրաց» և «Հույսի պսակ» ընկերությունները ևն։

1883 թվականին գավառակում գործում էր 24 դպրոց և 9-ը երկսեռ վարժարան, որոնցից առավել հայտնի էին Ակն գյուղաքաղաքի Նարեկյան, Կամարակապի Արամյան, Բինկյանի Մեսրոպյան և Ապուչեխի Վարագի վարժարանները[1]։

Վարչական բաժանում

խմբագրել

Վարչական տեսակետից Ակնը բաժանված էր 8 գյուղախմբերի (ընդամենը՝ 102 գյուղ)։ Գավառակը կառավարվում էր կայմակամի, իսկ գյուղախումբը՝ մյուդիրի կողմից։

Աղբյուրներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 135-136
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 225