Անումանա (սանսկրիտ՝ anumāna, anu-mā - չափել ինչ-որ բանից հետո կամ ինչ-որ բանին համապատասխան, अनुमान), ճանաչողության տերմին, Հնդկաստանի փիլիսոփայության տրամաբանության և էպիստեմոլոգիայի մեջ հավաստի գիտելիքի երկրորդ աղբյուր (հավաստի գիտելիքի առաջին աղբյուրից՝ պրամանայից հետո - զգայական ընկալում), որը նշանակում է տրամաբանական ընկալում (մտահանգում), տրամաբանական ապացույց, մտքի ընկալում, հիպոթեզ, ենթադրություն։

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա · Հաթհապրադիպիկա
այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Ժամանակակից ամբողջ գիտությունը անումանա է կամ այլ կերպ ասած օրթոդոքսալ գիտելիք է։ Այսինքն եթե որևէ պնդում հենվում է գիտական տրամաբանության վրա, ուրեմն այն հեղինակություն է դառնում և պետք է ճշմարտություն համարվի։ Սակայն գիտական եզրակացություն դառնալու համար անհրաժեշտ է այդ եզրույթը հաստատող փորձ, այսինքն տրամաբանությունը իմաստավորվում է, եթե հենվում է իրենից դուրս գտնվող ճշմարտության վրա (շաբդա

Գիտելիքի ստացման աղբյուր

խմբագրել

Անումանայի կոնցեպցիան նախ և առաջ զարգանում է հասարակական քննարկում (դիսպուտ) վարելու արվեստի շրջանակներում։ Սա պայմանավորված էր հին Հնդկաստանում գոյություն ունեցող բազմատեսակ իրար հետ մրցակցող դպրոցների և ուղղությունների առկայությամբ։ Սակայն համակարգված փիլիսոփայության ի հայտ գալուն պես անումանան դիտարկվում է նաև որպես նոր գիտելիքի ստացման աղբյուր։ Չնայած հնդկական տրամաբանության «օրթոդոքսալ» առաջատարը համարվում էր նյայան (Վեդաները հեղինակություն ճանաչելու հետ կապված՝ աստիկա), նրա զարգացման սկզբնական շրջանում տրամաբանական մտահանգման կոնցեպցիան բացառապես հենվում էր դիսպուտի վրա (ահա, թե ինչու է օրինակը կարևորվում հակառակ տեսակետը հերքելու հարցում)։ Սրանով էլ բացատրվում է նրա զուտ ինդուկտիվ և էմպիրիկ բնույթը։ Վաթսյայանան, «Նյայա–սուտրաների» մեկնաբանը, ձգտում է համապատասխանություն գտնել փաստարկների մասերի (ավայավա) և պրամանաների միջև․

  1. թեզիս – բառացի վկայություն
  2. հիմք – տրամաբանական հետևություն
  3. օրինակ – զգայական ընկալում
  4. լրացում – համեմատություն և
  5. ամփոփում – դատողություն, որն ապացուցված է բոլոր չորս պրամանաների միջոցով։

Նման փոխհարաբերությունը կարևորվում է այն իմաստով, որ տրամաբանությունը «աջակցություն է ստանում» այնպիսի անտրամաբանական միջոցներով, որոնք նրան կարող են կշիռ հաղորդել նախ և առաջ հենց դիսպուտի ընթացքում։

Տրամաբանություն և էպիստեմոլոգիա

խմբագրել

Անումանայի տրամաբանական և էպիստեմոլոգիական կոնցեպցիա դառնալը կապված է բուդդայական Դիգնագայի անվան հետ։ Նա ձևավորում է մտահանգման նշանի (տրայրուպյա) եռատեսանկյուն կանոն[1]։ Շեշտադրում է կատարում մտահանգման նշանի և մտահանգման առարկայի միջև անփոփոխ ուղեկցության վրա։ Սա ամբողջ եզրահանգման գործընթացին հաղորդում է առավել դեդուկտիվ բնույթ։

Դիգնագայի ձեռքբերումները զարգացնում են Դհարմակիրտին (սանսկր․ धर्मकीर्ति, dharmakīrti), Դհարմոտտարա և այլն, բրահմայական փիլիսոփաներից Պրաշաստապադը, Ուդյոտակարան (սանսկր. Uddyotakara) և այլն։ Վայշեշիկայի ներկայացուցիչներից Պրաշաստապադը հրաժարվում է մտահանգման նշանի և մտահանգման առարկայի միջև զուտ նատուրալիստական մեկնաբանությունից, դրանք ընդհանրացնելով անվայա-վյատիրեկա ձևական սկզբունքով (անփոփոխ ուղեկցում - ոչ ուղեկցում)։ Նման ընդհանրացումը նպաստում է անումանայի հնդկական դասական կոնցեպցիայի ստեղծմանը, որը կառուցված է մտահանգման նշան հանդիսացող իրական փաստի և մեկ այլ՝ մտահանգման առարկա հանդիսացող իրական փաստի հարաբերությունների (անփոփոխ ուղեկցում, ներթափանցում) գաղափարի վրա (օրինակ՝ ծխի և կրակի միջև․ երկուսն էլ փոխկապակցված են, բայց հակառակ հատկություններով են օժտված՝ կրակը լույս է տալիս, իսկ ծուխը լույսը խավարացնում է)։ Սրանով սկզբունքայնորեն տարբերվում է հնդկական տրամաբանությունը և եվրոպական տրամաբանությունը։ Եվրոպական տրամաբանությունը չի ուսումնասիրում իրական հարաբերություններ սիլոգիզմի հիմնական տերմիններով նշանակված առարկաների միջև։ Վեդաներում բացակայում է հիպոթեզը․ վեդաները գործնականում լիովին կիրառելի են[2]։

Տարբեր դպրոցների մոտեցումներ

խմբագրել

6-11-րդ դարերի ընթացքում անումանայի ուսումնասիրությունները կենտրոնացել են անփոփոխ ուղեկցության խնդրի վրա (վյապտի)։ Այդ առումով բուռն դիսկուսիաներ են վարել բուդդիզմի հակառակորդ՝ միմանսայի ներկայացուցիչ Կումարիլա Բհատտան, նյայայի ներկայացուցիչ՝ Ջայանթա Բհատտան (Jayanta Bhaṭṭa) և Վաչասպատի Միշրան (սանսկր. Vācaspati Mišra), բուդդիստներ Դհարմակիրտին, Շանտարակշիտան և այլք։ Օրթոդոքսալ մտածողների և բուդդիստների միջև տարբերությունն այն է, որ առաջինները անումանայում տեսնում էին իրական բաների մասին դատողություններ, երկրորդները՝ միայն խոսքերի մասին դատողություններ։ Նավյա–նյայայի տրամաբանությունը փորձել է անումանան կատարելագործել և՛ ձևական, և՛ բովանդակային իմաստով։

Բուդդայայական և որոշ բրահմայական տրամաբաններ անումանան բաժանում են «մեկ ուրիշի համար մտահանգում» (parārthānumāna) և «ինքդ քո համար մտահանգում» (svārthānumāna) փաստարկների (ավայավա)։

  • «Մեկ ուրիշի համար մտահանգումը» սիլլոգիստիկա է կամ ծառայում է ապացույցի միջոց։ Այն հնգաստիճան է․
  1. թեզիս
  2. հիմք
  3. օրինակ
  4. կիրառություն
  5. ամփոփում։
  • «Ինքդ քո համար մտահանգումը» ծառայում է օբյեկտի ճանաչողության միջոց իրեն համապատասխանող նշանի միջոցով։ Այն եռաստիճան է․
  1. թեզիս
  2. մտահանգման նշանի և հիմքի միջև կապի նշում
  3. եզրակացություն

Առաջին անգամ հնգաստիճան փաստարկների մասին խոսվել է Պատանջանիի «Մահաբհաշյեի» մեջ։ Սակայն խոսվել է նաև յոթաստիճան (Չարակա-սանհիտա, 1-2 դարեր) և տասնաստիճան (ջայնիստ Բհատրաբահուի «Նիրյուկտի» մեկնաբանություններում մ․ թ․ 1-ին դար) փաստարկների մասին։

Դիգնագայից սկսած բուդդիստները եզրակացության ամբողջ գործընթացը հանգեցրել են երեք մասի․

  1. թեզիս
  2. հիմք
  3. ամփոփում

Հետագայում նրանց ազդեցությամբ միմանսան և ադվայտան նույնպես ընդունել են, որ եզրակացության համար բավարար է կամ առաջին երեք կամ վերջին երեք մասերը։

Տրամաբանական նշանի տարատեսակներից ելնելով մտահանգումները, որոնք մինչև 11-ն են եղել, բաժանվել են հիմնվելով՝

  1. պատճառահետևանքային կապի վրա
  2. նույնական հարաբերության վրա
  3. բացասական եզրակացության վրա[3]։

Անումանայի տարատեսակներ

խմբագրել
  1. Պուրվավատ - հետևանքը բխում է պատճառից (օրինակ, ամպերի առկայությունից եզրակացություն է արվում, որ անձրև է գալու)
  2. շեշավատ - պատճառը բխեցվում է հետևանքից (գետում ջրի ավելացումից եզրակացվում է, որ անձրև է եկել)։

Երբեմն նշվածները միավորվում են սամանյատոդրիշտա կատեգորիայով - «ընդհանուրից նկատած», որը հակադրվում է դրիշտայի եզրակացությունով – «մասնավորից նկատած» (օրինակ, ծխի և կրակի մասնավոր դեպքը հիմք ընդունելով, ծուխ տեսնելիս եզրակացություն է արվում, որ կրակն է այդ ծխի պատճառը)։

Նկատի ունենալով, որ Հնդկաստանում տրամաբանական համակարգերը կրել են դավանաբանական իմաստ, հնդկական տրամաբանությունը եվրոպականի համեմատ էականորեն ավելի քիչ է հետաքրքրվել մտածողության զուտ ձևական տեսանկյունով։ Հնդկական մտածողների համար առաջնայինը եղել է դատողությունների ոչ թե ֆորմալ ճշմարտությունը, այլ բովանդակային հավաստիությունը։ Այդ իսկ պատճառով նրանք կիրառել են դատողությունների ոչ թե ֆորմալ տարրերը, այլ առավելապես «գիտելիքները» (Դանիել Ինգոլսի ձևակերպմամբ[4])։ Այդ իմաստով դարշանների (հինդուիզմի վեց փիլիսոփայական դպրոցներ) ծաղկման դարաշրջանում հնդկական դասական տրամաբանությունը լուծել է այնպիսի խնդիրներ, որոնք ավելի հավասարազոր են ժամանակակից տրամաբանական ուղղությունների հետ, քան եվրոպական դասական տրամաբանության հետ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Новая философская энциклопедия․ ТРАЙРУПЬЯ
  2. «Пратйакша, Анумана, Шабда». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «Բուդդայական բառարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. Sheldon Pollock (1985-09). «Daniel Henry Holmes Ingalls». Journal of the American Oriental Society 105 (3): 387–389. ISSN 0003-0279

Գրականություն

խմբագրել