Անուշ

Հովհաննես Թումանյանի պոեմ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անուշ (այլ կիրառումներ)

«Անուշ», հայ գրող Հովհաննես Թումանյանի լիրիկական-էպիկական պոեմը։ Այն ունի երկու հիմնական տարբերակ։ Դրանցից սկզբնականը գրված է 1890 թվականին և առաջին անգամ տպագրվել է հեղինակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուում (1892 թ., Մոսկվա)։ Իսկ մյուս տարբերակը առաջինի վերամշակումն է՝ գրված 1901-1902 թթ. և հրատարակված հեղինակի բանաստեղծությունների և պոեմների 1903 թվականի ժողովածուում։ Երկու դեպքում էլ պոեմի նյութն Անուշի և Սարոյի դժբախտ պատմությունն է։

Անուշ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքնարապատմողական
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890, 1901-1902
Հրատարակվել է1892
Թվային տարբերակtoumanian.am/toumanian/html/stegts/poem_legend/anush.html
ՎիքիդարանԱնուշ
ՎիքիքաղվածքԱնուշ

Սյուժե

խմբագրել

«Անուշ»-ի նյութը վերցված է իրական կյանքից։ Պոեմում հիմնական առանցքային նյութն Անուշի և հովիվ Սարոյի փոխադարձ նվիրական սերն է։ Բայց սիրահար զույգի երջանկությունն անակնկալ խափանվում է հարսանիքի ժամանակ, երբ Սարոն, Անուշի եղբոր՝ Մոսիի հետ կոխի բռնված, խախտում է «հնոց ադաթը» և տապալում է ընկերոջը։ Այդ ադաթի խախտմանը հետևում է իգիթ ընկերների «անհաշտ թշնամությունը»։ Ողջ գյուղի առաջ ամոթահար եղած, խորապես վիրավորված Մոսին հետապնդում ու վրեժ է լուծում Սարոյից՝ սպանելով նրան։ Իսկ Անուշը, որի «չար բախտը», ժողովրդի հավատալիքների համաձայն, կանխորոշված էր արդեն «համբարձման տոնի» վիճակահանությամբ, արտաքսվում է հոր տնից և խելագարվում տանջանքներից ու վշտից։

Կերպարներ

խմբագրել
  • Անուշ - գլխավոր հերոսուհին
  • Սարո - Անուշի սիրեցյալը
  • Մոսի - Անուշի եղբայրը
  • Անուշի մայրը
  • Անուշի հայրը

Պատմություն

խմբագրել

Պոեմի առաջին տարբերակը Թումանյանի կենդանության ժամանակ տպագրվել է միայն մեկ անգամ՝ Մոսկվայում հրատարակված «Բանաստեղծությունների» երկրորդ հատորում 1892 թվականին (էջ 3-9)։ Այնուհետև տպագրվել է երկերի ժողովածուի 2-րդ հատորում (էջ 319-339), ապա «Երկերի լիակատար ժողովածուի» երրորդ հատորում 1989 թվականին։ Այդ տարբերակի ինքնագրեր չեն պահպանվել։

«Անուշի» երկրորդ՝ էապես վերամշակված տարբերակը առաջին անգամ տպագրվել է 1903 թվականին՝ Թիֆլիսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուում (էջ 93-127)։ Այնուհետև Թումանյանի կենդանության ժամանակ ևս յոթ անգամ՝ առանձին ոչ մեծ լրացումներով և ճշտումներով, որոնք ցույց են տրվում բնագրային տարբերությունների բաժնում։ Այդ հրատարակություններն են. ա) Առանձին գրքով, Թիֆլիս, 1904, «Հայ բանաստեղծներ» մատենաշարով, հրատ. Ստ. Լիսիցյանի և ընկ. № 2, 40 էջ, բ) «Բանաստեղծություններ», Բաքու, 1908, էջ 117-149, գ-դ) «Հայ գրողներ», հ. 1, Թիֆլիս, 1909 (1֊ին տպ.), 1914 (2֊րդ տպ.), էջ 112 -124, ե) առանձին գրքով, Թիֆլիս, 1916, հրատ. «Լույս» ընկ., 48 էջ, զ) «Բանաստեղծություններ», Կ. Պոլիս, 1922, էջ 179—214, է) Սուրխաթյան, Գրական գոհարներ (քրեստոմատիա), Թիֆլիս, 1922, էջ 216-239։ Պոեմը ներառվել է Թումանյանի Երկերի ժողովածու վեցհատորյակի (գիտական հրատարակություն) երկրորդ հատորում (Երևան, 1940—1959, էջ 45—71)։

«Անուշի» վերջնական խմբագրության նախապատրաստման ընթացքում ստեղծված ինքնագրերը և սևագիր հատվածները պահվում են ԳԱԹ-ում, Թումանյանի ֆոնդում։

«Անուշի» ստեղծագործական պատմությունը, հաճախ մեծ ընդհատումներով, ընդգրկում է ավելի քան երեք տասնամյակ (1890-1922)։ Այդ ընթացքում ստեղծվել են պոեմի ավարտուն և անավարտ, տպագիր և ձեռագիր մի քանի տարբերակ, բազմաթիվ սևագիր հատվածներ, որոնց միայն մի մասն է պահպանվել։

Առաջին հիշատակությունը «Անուշի» մասին երևան է գալիս 1890 թվականի հուլիսի 6-ին Անուշավան Աբովյանին հղած նամակում, ուր բանաստեղծը գրել է. «Իմ տետրակն արդեն ուղարկված է Մոսկվա տպագրելու... Հետո քեզ կուղարկեմ իմ նոր գրածներից (տետրակից հետո), ի թիվս այլոց և մի պոեմա «Անուշ» վերնագրով, Լոռու կյանքից»[1]։ Սա հիմք է տալիս ասելու, որ «Անուշը» գրվել է այդ ժամանակ տպագրության պատրաստվող «Բանաստեղծությունների» առաջին ժողովածուի գործերն ամփոփող «տետրակից հետո», ուրեմն 1890 թվականի աոաջին կեսին, և այդ պատճառով էլ չի մտել այդ գրքի մեջ։

«Անուշի»՝ իբրև արդեն ավարտված ստեղծագործության, մասին հիշատակություն կա նույն Ան. Աբովյանին հասցեագրած 1890 թվականի նոյեմբերի 1-ի նամակում, ուր հայտնվում է նաև, թե այդ պոեմը «մի անուշ ընկերոջ անվան է նվիրված» (այսինքն՝ Անուշավան Աբովյանին)։ Մի քանի ամիս անց՝ 1891 թվականի փետրվարի 8-ին Թաւմանյանն ընկերոջը հայտնում է. «Անուշը», որ իմ մյուս պոեմաներից մեծ է և հաջողված, գուցե հանձնեմ «Մուրճ»-ին. ի՞նչ կասես։ «Անուշի» նախերգանքը, որ ձոն է մի ընկերոջ, որին նվիրված է «Անուշը», ուզում էի այստեղ գրել, բայց տեղ չկա. հետո»[2]։ 1891 թվականի մարտի 2-ի նամակում, անդրադառնալով պոեմի ձեռագիրն ընկերոջը ուղարկելու իր խոստմանը, բանաստեղծն ավելացնում է. «...Ահա կատարում եմ. բայց այստեղ ես միմիայն պոեմի հառաջաբանը կամ այն ձոնը կգրեմ, որով դիմում եմ այն ընկերիս, որին նվիրված է «Անուշը»։ Գուցե «Անուշը» ապրիլին տամ Մուրճիոսին, եթե չպահեմ II հատորի համար։ Առայժմ խմբագրատանը կարդացի և ուզեցին ինձանից «Մերժած օրենք» փոքրիկ պոեման... «Անուշը» 5 թերթ է ամբողջ. այնպես որ իմ բոլոր պոեմաներից մեծ է»[3]։ Նույն նամակում մեջ են բերվում պոեմի ձոնը և առաջին երկու փոքրիկ գլուխները։

«Անուշ» պոեմը «Մուրճ» ամսագրում չի տպագրվել։ Թերևս ինքը՝ Թումանյանն է հետ կանգնել այդ մտադրությունից, հետևելով Ան. Աբովյանի խորհրդին, որը 1891 թվականի մարտի 12-ին բանաստեղծին գրել էր. «Անուշ» պոեմայիդ սկզբի գլուխներից փոքր ի շատե մի հավանական գաղափար կազմելով, եթե ինձ կլսես, խորհուրդ չեմ տալ «Մուրճի» կամ մի այլ ամսագրի մեջ տպել տալու։ Իմ կարծիքով՝ այդպիսի մի գեղեցիկ պոեման, որը ճոխ զարդ էր կազմելու քո «Բանաստեղծությունների» II հատորի համար, ամսագրում տպվելով անշուշտ կորցնելու է յուր հարստությունը... Ուրիշ մանր-մունր բանաստեղծություններ կամ փոքրիկ պոեմաներ, որոնց նմանը էլի ունես, կարող ես երբեմն «Մուրճի» մեջ տպել տալ, դրա դեմ ոչինչ չունեմ»[4]։

«Անուշ» պոեմն աոաջին անգամ տպագրվել է 1892 թվականին Մոսկվայում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 2-րդ հատորի սկզբում։ Վերջում նշված է պոեմի գրության թվականը՝ 1890։

«Անուշի» այդ առաջին խմբագրությունը (728 տող), մեկն է այն երկերից, որ երիտասարդ Թումայանը գրել է հայրենի գյուղաշխարհի մասին իր պատկերացումների և տպավորությունների հիման վրա։ «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառման մեջ նա գրել է. «Գևոյի, Ալեքի, Օսմանի և այլն աղջիկ փախցնելը և Անուշը»[5]։ Սակայն նման դեպքերը բանաստեղծի համար եղել են միայն արտաքին ազդակ` գրելու իր ամենից ծավալուն և համապարփակ պոեմը, որի մեջ պիտի արտահայտվեին նրա ըմբռնումները հայրենի եզերքի անցյալի ու ներկայի, անհատի և նահապետական միջավայրի, մարդու և բնության փոխհարաբերության մասին։

«Անուշի» առաջին տարբերակը հասարակության կողմից ընդունվել է իբրև երիտասարդ բանաստեղծի տաղանդի հասունացման վկայություն։ 1892 թվականին Մոսկվայում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի առթիվ գրած գրախոսության մեջ Աղայանը փաստորեն անդրադարձել է միայն այդ պոեմին («Հովհ. Թոոմանյանցի «Անուշ»-ից մի ճաշակ», ՄՃ, 1893, № 8) և բանաստեղծի հայտնությունը բնութագրել է այսպես. «Վերջին ժամանակներս մեր գրականության նորատունկ բուրաստանի մեջ մինը մյուսի ետևից դուրս եկան նոր-նոր ծաղիկներ, նորերումս փթթեց մի նոր ծաղիկ ևս. անուշահոտ և համեստ, ինչպես վճիտ աղբյուրների ափերում բուսած մանուշակը Գուգարաց աշխարհում»[6]։

Երաժշտական ստեղծագործություններ

խմբագրել

1903 թվականի տարբերակի տպագրությունից հետո «Անուշ» պոեմն անմիջապես գրավել է հայ արվեստագետների ուշադրությունը, սկսվել են այն երաժշտության վերածելու փորձերը։ Առաջինը Կոմիտասն է եղել, որ իսկույն արձագանքել է իշխանուհի Մարիամ Թումանյանի առաջարկին` «Անուշ» օպերա գրելու մասին։ 1904 թվական փետրվարի 22-ի նամակով Կոմիտասն իշխանուհու միջոցով բանաստեղծին խնդրել է կատարել մի շարք լրացումներ և փոփոխություններ, որոնք անհրաժեշտ էին պոեմը լիբրետոյի վերածելու համար. «Ուրախությամբ կարդացի պ. Հովհ. Թումանյանի «Անուշը» և շա՜տ անուշ գտա. պատրաստ եմ ձեր փափագն իրագործելու»,— գրել է Կոմիտասը։ Նրա առաջարկները վերաբերել են մի քանի հատվածներ կրճատելու, լրացնելու, որոշ բառեր փոխելու, մանավանդ թուրքերեն բառերից խուսափելու և դրամատիկական երկի անհրաժեշտ տարրեր ներմուծելու հարցերին[7])շ։

Պոեմն օպերայի հարմարեցնելու Կոմիտասի առաջարկները Թումանյանին հաղորդել է նաև Փ. Վարդազարյանը՝ մոտավորապես նույն ժամանակ գրած մի նամակում. «Եթե ժամանակ կունենաս՝ կոմպոզիտորիդ կարծիքն իմացիր»,- գրել է Վարդազարյանը՝ առաջարկելով, մասնավորապես, մի քանի լրացումներ կատարել Անուշի և Սարոյի փախուստի, ապա և Անուշի՝ գյուղ վերադառնալու տեսարաններում։

Հայտնի չէ, թե ինչ չափով է Թումանյանն ընդառաջել Կոմիտասի ցանկությանը։ Պահպանվել է միայն պոեմի 1903 թվականի հրատարակության մի առանձնատիպ՝ բանաստեղծի բազմաթիվ նշումներով ու լրացումներով, որոնք կապված են միաժամանակ երկու խնդրի հետ՝ օպերային լիբրետոյի ստեղծումը և պոեմի՝ 1904 թվականի առանձին հրատարակության նախապատրաստումը։ Թումանյանը պոեմը բաժանել է չորս գործողության, նշել է գործող անձանց անունները, կատարել է կրճատումներ, ավելացրել է մի քանի քնարական հատվածներ, կազմել է բարբառային բառերի բառարան (լրացումներն ու բառերի բացատրությունները տեղ են գտել 1904 թվականի հրատարակության մեջ)։

Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համագործակցությունը շարունակվել է մի քանի տարի, բայց անկանոն և մեծ ընդմիջումներով, որոնք կապված էին բանաստեղծի գերզբաղվածության, ապա նաև առաջին ձերբակալության հետ։ 1908 թվականի մայիսի 24-ին Թումանյանին հասցեագրած նամակում Կոմիտասը, մասնավորապես, գրել է. «Ախպեր, վաղուց է սկսել եմ և բավական բան գրել քո «Անուշ»-ից, բայց դեռ պակասավոր բաներ շատ կան, որպեսզի մի ամբողջություն դառնա։ Այս գիրս ստանալուն պես գրիչդ կառնես և ինձ մի դրական բան կգրես։ Այս ամառվան արձակուրդին պետք է զբաղվեմ առավելապես «Անուշ»-ով։ Գրիր, թե երբ կարող ես մի քանի օրով ինձ մոտ հյուր գալ և այստեղ միասին վերջացնենք և ես հանգիստ շարունակեմ...»[8]։ Մի քանի ամիս անց՝ 1909 թվականի փետրվարի 14-ին, Կոմիտասը Մարիամ Թումանյանին գրել է. «Անուշն» առաջ է գնում, էլի մի շարք նոր բաներ գրեցի։ Մնացել եմ մոլորված։ Հովհաննեսի բանտարկությունն էր պակաս, էլի կիսատ մնաց «Անուշի» երգական խմբագրությունը, հույս ունեի, որ կգար այս տոներին և վերջ կտայինք, այդ էլ այդպես մնաց»[9]։ Հետագայում՝ Կոմիտասի կյանքի դժբախտ հանգամանքների պատճառով, նրա մտահղացումը լիովին չիրականացավ. «Անուշ» օպերայից մեզ հասել են միայն առանձին մեներգեր և խմբերգեր[10][11]։

Դարասկզբին «Անուշ» օպերա գրելու գործին ձեռնամուխ են եղել նաև ուրիշ կոմպոզիտորներ, սակայն առանց Թումանյանի անձնական որևէ մասնակցության։ Այսպես, 1906-1909 թվականներին Եղիշե Բաղդասարյանը պոեմի հիման վրա ստեղծել է մի քանի երգեր ու պատկերներ, որանք լայն տարածում են ստացել։ Սարգիս Բարխուդարյանը 1917 թվականին գրել է «Անուշ» սիմֆոնիկ պոեմը, իսկ 1919 թվականին պոեմը բեմադրվել է Կ. Պոլսոմ՝ Վարդան Սարգսյանի երաժշտությամբ։ Պոեմի մոտիվներով օպերա գրելու ցանկություն է ունեցել նաև ռուս կոմպոզիտոր Ա. Տ. Գրեչանինովը։

Սակայն այդ բոլոր փորձերից լիակատար հաջողությամբ պսակվել է միայն Արմեն Տիգրանյանի աշխատանքը։ 1908-1912 թվականներին նա ստեղծել է իր հանրահռչակ օպերայի նախնական տարբերակը, որ առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդրապոլում, 1912 թվական օգոստոսի 4-ին։ Թումանյանը հրավիրվել է մասնակցելու այդ առաջին ներկայացմանը, բայց ի վիճակի չի եղել ժամանելու Ալեքսանդրապոլ։ Այդ մասին նա գրել է կոմպոզիտորի քրոջը՝ Արմենուհի Տիգրանյանին, Դսեղից 1912 թվականի օգոստոսի 2-ի նամակում, ուր նաև ասված է. «Ցանկանում եմ հաջողությամբ պսակվեն պ. Արմենակի ու բոլորը մասնակցողների սերն ու ջանքերը։ Սրտագին բարևներ ինձանից Անուշին, Սարոյին, Մոսնին, մեր սարերի փերիներին ու բոլոր մասնակցողներին...»[12]: Ալեքսանդրապոլից հետո Ա. Տիգրանյանի օպերան 1910-ական թվականներին բեմադրվել է նաև Հարավային Կովկասի բազմաթիվ հայաշատ քաղաքներում (Թումանյանը դրանցից ոչ մեկին ներկա չի եղել)։ Հետագայում՝ 1920-ական թվականներին կոմպոզիտորը հիմնովին վերամշակել և լրացրել է «Անուշ» օպերան՝ ստեղծելով հայ ազգային երաժշտական թատրոնի դասական լավագույն երկերից մեկը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու վեց հատորով (գիտական հրատարակություն), հատոր 5, Երևան, էջ 17։
  2. Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու վեց հատորով (գիտական հրատարակություն), հատոր 5, Երևան, էջ 42։
  3. Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու վեց հատորով (գիտական հրատարակություն), հատոր 5, Երևան, էջ 46-47։
  4. Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 4, Երևան, 1985, էջ 301։
  5. Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 2, Երևան, 1969, էջ 420։
  6. Ղ. Աղայան, Երկերի ժողովածու, հ. 3, Երևան, 1963, Էջ 221-222։
  7. Թումանյանը ժամանակակիցների հուշերում. տեքստը պատրաստեց և ծանոթագրեց Լ. Մ. Կարապետյան, Երևան, 1969, էջ 479-480։
  8. «Խորհրդային Հայաստան», 29 մայիսի 1936 թ.։
  9. «Սովետական արվեստ», 1962, № 10, էջ 55։
  10. Ռ. Աթայան, Կոմիտասի ձեռագրերը, «Սովետական արվեստ», 1955, № 4:
  11. Ս. Գասպարյան, Կոմիտաս, Երևան, 1961, Էջ 144—150։
  12. Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու վեց հատորով (գիտական հրատարակություն), Երևան, էջ 380։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950 թ., էջ 179-186։
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Անուշ հոդվածին