Անտիկ տաղաչափություն
Անտիկ տաղաչափություն, չափածոյի կառուցման եղանակ, որ տիրապետող էր հին հունական և հռոմեական գրականության մեջ։ Հիմնվում էր երկար և կարճ վանկերի առկայության վրա։ Կարճ վանկի արտասանության ժամանակամիջոցը կոչվում էր մորա (ամանակ)։ Երկար վանկն իր տևողությամբ հավասար էր երկու ամանակի։ Բանաստեղծն այնպես պետք է ընտրեր և դասավորեր երկար ու կարճ վանկերը, որպեսզի տողերի արտասանության ժամանակամիջոցները հավասար լինեին։ Այդ իսկ պատճառով անտիկ տաղաչափությունը կոչվում է նաև քանակական կամ չափական (մետրական) ոտանավոր։
Երկար և կարճ վանկերի տարբեր համադրություններից ստեղծվում են բանաստեղծական ոտքի տարբեր տեսակներ։ Դրանց հունարեն անվանումները (յամբ, անապեստ, քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս և այլն) պահպանվել են մինչ այսօր, չնայած ժամանակակից պոեզիայում բանաստեղծական ոտքը ոչ թե կարճ ու երկար, այլ շեշտված և անշեշտ վանկերի զուգորդությունն է։
Անտիկ տաղաչափության ամենատարածված չափերից են հեկզամետրը և պենտամետրը։
Հեկզամետր
խմբագրելՀեկզամետրը (հունարեն՝ Ήεχ-վեց և μετρον-չափ) անտիկ տաղաչափության ամենատարածված ձևերից մեկն էր։ Բանատողը բաղկացած էր վեց ոտքից՝ հինգ դակտիլ և մեկ քորեյ։ Հեկզամետրով են գրվել Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը», Վիրգիլիոսի «Էնեականը» և այլն։ Հեկզամետրը կիրառվում է նաև ժամանակակից պոեզիայում՝ անտիկ գրականությունից կատարված թարգմանություններում և գրական ոճավորման նպատակով՝ այն տարբերությամբ, որ ժամանակակից բանաստեղծական ոտքը ոչ թե երկար և կարճ, այլ շեշտված և անշեշտ վանկերի զուգորդությունն է։
Պենտամետր
խմբագրելՊենտամետրը (հունարեն՝ πενταμετρος-հնգաչափ) անտիկ տաղաչափության մեջ հնգոտնյա դակտիլով գրված տողն էր։ Հիմնականում հանդես է եկել հեկզամետրի հետ՝ կազմելով, այսպես կոչված, էլեգիական դիստիքոսի երկրորդ տողը։
Դիստիքոս
խմբագրելԴիստիքոս (հունարեն՝ διςτίκός-երկտող)-անտիկ տաղաչափության բանաստեղծական տեսակ, որը բաղկացած է երկու տողից։ Առաջին տողը գրվում էր հեկզամետրով, երկրորդը՝ պենտամետրով։ Երկու տողերը միասին կոչվում էին էլեգիական դիստիքոս, քանի որ այդպիսի տներով գրվում էին հիմնականում էլեգիաները։ Դիստիքոսը կարող է լինել նաև ինքնութույն բանաստեղծություն՝ ավարտված մտքով։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 21, 182, 251, 100
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 451)։ |