Ատրվշնասպ (պարս.՝ آذرگشنسپ), Սասանյան կառավարիչ, ով 465-481 թվականներին զբաղեցրել է Մեծ Հայքի մարզպանի պաշտոնը՝ նախորդելով Սահակ Բ Բագրատունուն։

Ատրվշնասպ
آذرگشنسپ
Մեծ Հայքի մարզպան
Իշխանություն465–481
Լրիվ անունԱդհուր Ղուշնասպ
ՏիտղոսներԱտրպատականի
մարզպան
Մահացել է՝482[1]
Ազգությունպարսիկ
ՀարստությունՍասանյաններ
կառավարիչ

Ատրվշնասպը ղեկավարել է հայ ապստամբների դեմ մղվող պայքարը և ղեկավարել պարսկական բանակը Ակոռիի ճակատամարտում։ Ըստ Ղազար Փարպեցու` Ակոռիի ճակատամարտում սպանվեցին մարզպան Ատրվշնասպն ու «այլ արք ավագ և զբազում պարսիկք»[2]։

Կենսագրություն

խմբագրել

Ատրվշնասպը Հայաստանի մարզպանի պաշտոնում նշանակվել է 465 թվականին՝ պարսից շահնշահ Պերոզի հրամանով։ Այդ պաշտոնում փոխարինել է հայերի ձեռքով սպանված Ատրորմիզդին։ 475 թվականին զրադաշտականություն ընդունած Գուգարքի բդեշխ Վազգենը սպանում է քրիստոնեությունը չուրացող կնոջը՝ Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկին։ Այս դեպքից հետո Վազգենը ստիպված է լինում հեռանալ Վիրք, որտեղ էլ սակայն սպանվում է վրաց արքա Վախթանգ Գորգասալի կողմից։ Իմանալով այս մասին՝ Պերոզը զորքեր է ուղարկում Վրաստան՝ Վախթանգ արքային պատժելու նպատակով։ Բարեկամական վրաց ժողովրդին օգնության հասնելու նպատակով շուտով Թբիլիսիի ուղղությամբ են շարժվում հայկական ապստամբական ուժերը՝ հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ։

Նույն տարում Արևելյան Հայաստանի պարսիկ մարզպան Ատրվշնասպը խառնիճաղանջ մի բանակով Ատրպատականից շարժվում է ապստամբներին ընդառաջ։ 400 հոգուց կազմված հայկական մի ջոկատ՝ Վասակ Մամիկոնյանի, Բաբգեն Սյունու և ուրիշ իշխանների գլխավորությամբ, Դվինից շտապում է դեպի Արաքս գետը՝ Նախճավանի մոտ՝ կասեցնելու թշնամու գետանցը։ Սակայն մինչև հայերի տեղ հասնելը պարսկական զորքն անցել էր գետը և ամրացել Կռվակ գյուղում։ Հայերը հետախուզում են թշնամու բանակը (կազմված մեծ մասամբ անվարժ, ոչ պիտանի զինվորներից) և որոշում նահանջել դաշտից ու ճակատամարտ տալ լեռնային տեղանքում։ Հայկական ջոկատը դիրքավորվում է Մասիսի փեշերին՝ Ակոռի գյուղի մոտ, որտեղ թիկունքն ապահով էր լեռան կողմից, ապա հանկարծակի հարձակվում իրեն հետապնդող պարսիկների վրա։ Չդիմանալով գրոհին՝ պարսիկները խուճապահար փախուստի են դիմում։

Ակոռիի ճակատամարտում Ատրվշնասպի սպանությունից հետո հայ նախարարական խորհուրդը հայոց մարզպանի պաշտոնում նշանակում է Բագրատունիների տոհմից սերվող Սահակ Բ-ն։ Վերջինս թոթափում է Սասանյանների տիրապետությունը և հիմնադրում Դվին քաղաքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Histoire de l'Arménie des origines à 1071 — P. 219.
  2. Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904