Արեգ Լուսինյան
Արեգ Հակոբի Լուսինյան (մարտի 20, 1935, Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 2, 2024[1]), հայ կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2011)։
Արեգ Լուսինյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1935 Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 2, 2024[1] (89 տարեկան) |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Աշխատավայր | Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1956) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1961) |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
Areg Lusinyan Վիքիպահեստում |
Հայ տնտեսագետ Լուսինե Լուսինյանի հայրը։
Կենսագրություն
խմբագրել1952-1956 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանում, 1956-1961 թվականներին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գրիգոր Եղիազարյանի, Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարաններում։
1953-2004 թվականներին դասավանդել է Երևանի պետական հումանիտար քոլեջի (նախկինում՝ Ն. Օստրովսկու անվան) «Երաժշտական կրթություն» մասնագիտության առարկաների (տեսություն և նվագարաններ) դասախոս, 1992-2003 թվականներին՝ ամբիոնի վարիչ։ 1962-1964 թվականներին համատեղության կարգով դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։
1969-1970 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության պատասխանատու քարտուղարը։ 1971 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի երաժշտության տեսության, դասավանդման մեթոդիկայի և նվագարանների ամբիոնում, 2000 թվականից` պրոֆեսոր[2]։ 1966 թվականից եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ։ 1996 թվականից` Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ[3]։
Երկար տարիներ եղել է Հանրապետական նախադպրոցական գիտամեթոդական կաբինետի երաժշտական բաժնի նախագահ։ 1985 թվականից` աշխատանքի վետերան։ 2000 թվականից` Հումանիտար քոլեջի պրոֆեսորի պաշտոնակատար։
2003 թվականին Լուսինյանին շնորհվել է ՀՊՄՀ-ի դոցենտի գիտական կոչում` «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ, իսկ 2005 թվականին նա արժանացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսորի գիտական կոչման` «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ։
Հեղինակել և տպագրել է երաժշտությանը վերաբերող մի շարք գործեր՝ «Երաժշտությունը մանկապարտեզում» ձեռնարկ, «Լարային կվարտետ թիվ 1», «Լույսը հաղթության», «Հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ», 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների Երաժշտություն առարկայի դասագրքեր և դրանց ձեռնարկը, «Աֆորիզմներ և փիլիսոփայական մտորումներ» և այլն[4]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԱրեգ Լուսինյանը մեծակտավ, կամերային-գործիքային, վոկալ երկերի, ինչպես նաև մանուկների ու պատանիների համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ Հրատարակված 76 հեղինակային և շուրջ 200 (Երևանում, Մոսկվայում, Բեյրութում, Կիևում, ԱՄՆ-ում, Թեհրանում) ժողովածուներում հազարի հասնող ստեղծագործությունների հեղինակ է։
Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում ներառված են նրա 300 ստեղծագործությունների ձայնագրությունները։ Կան ձայնագրություններ նաև այլ երկրների ռադիոֆոնդերում։ Կոմպոզիտորի ստեղծագործություններից մի քանիսը զետեղված են նաև խորհրդային «Մելոդիա» ֆիրմայի թողարկած ձայներիզներում։
Կոմպոզիտորի բազմաթիվ ստեղծագործություններ արժանացել են համամիութենական և հանրապետական տարբեր մրցանակների ու խրախուսական պարգևների։
Արեգ Լուսինյանը երաժշտական մի շարք դասագրքերի, ձեռնարկների ու ժողովածուների համահեղինակ և հեղինակ է։
Նախասիրություններ
խմբագրելԱրեգ Լուսինյանը զբաղվում է նաև նկարչությամբ։ Նկարել սկսել է ինը տարեկանում։ Նկարում է գունավոր մատիտով և ջրաներկով։ Նկարները մեղմ, նուրբ գույներով, լուսավորր մանրանկարներ են, հիմնականում` բնանկարներ։
Դպրոցական տարիներից նա սկսել է նաև գրի առնել իմաստասիրական (փիլիսոփայական) իր մտքերը, մտորումները բանաստեղծությունների տեսքով, ինչպես նաև կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող ասույթներ (աֆորիզմներ)։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության ոսկե շքանշան (2001 թ.)
- Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալ, 2010 թ.
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2010 թ.
- Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2011 թ.)[5]
- «Մանկավարժական համալսարան, 90-ամյակ» մեդալ
Ստեղծագործություններ
խմբագրելՎոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ.
- «Բացվի՛ր, հայրենի գարուն» (1967 թ.)
- «Իմ հայ ժողովուրդ» (1973 թ.)
- «Այս գարունը» (1973 թ.)
- «Գարնան սպասում» (1981 թ.)
Կամերային նվագարանային ստեղծագործություններ.
- Լարային քառյակներ (1958, 1960 թթ.)
- Սյուիտ երկու դաշնամուրի համար (1956 թ.)
- Տրիո (դաշնամուր, ջութակ և թավջութակ) (1959 թ.)
- «Չորս մանրանվագ» լարային քառյակի համար (1955 թ.)
- Ֆլեյտայի և դաշնամուրի «Քնարական» և այլ նվագարանների համար (հոբոյ, կլառնետ, քանոն) գրված ստեղծագործություններ
Դաշնամուրային ստեղծագործություններ.
- «Նազանքով պար» («Դանդաղ պար») և «Երիտասարդական պար» (1955, 1956 թթ.)
Դաշնամուրային շարքեր.
- «Փոքրիկ պատկերներ» (1953 թ.)
- «Կրկես» (1966, 1974 թթ.)
- «Աշխարհի ժողովուրդների պարեր» (1969 թ.)
- «Խաղալիքների աշխարհում» (1975 թ.)
- «Ֆանտաստիկ չորս մանրանվագ» (1974-1975 թթ.)
Վոկալ ստեղծագործություններ (խմբերգեր, անսամբլներ, զուգերգեր, մեներգեր, ռոմանսներ).
- «Դու, իմ աշխարհ լեռնային» (1972 թ.)
- «Ամեն գիշեր» (1963 թ.)
- «Կռունկներ հայրենի» (1963 թ.)
- «Հայրենի գարուն» («Կարոտ») (1965 թ.)
- «Օրոր» (1955 թ.)
- «Սրտիս թագուհի» («Կարոտ») (2005 թ.)
- Վոկալ շարքեր ձայնի և դաշնամուրի համար
- «Հայրենյաց տաղարան»` հայրենասիրական և ֆիդայական 24 երգ դաշնամուրի նվագակցությամբ (մշակում, 1990 թ.)
- Ռազմական քայլերգերի շարք
- Հոգևոր երգերի շարք
- Ստեղծագործություններ դպրոցականների և պատանեկության համար
- Երգեր նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխանների համար
Աշխատություններ
խմբագրել- Ակորդեոնի ձեռնարկ, 2005 թ.։
- Երաժշտություն, 2009 թ.։
- Երաժշտությունը մանկապարտեզում, 2009 թ.։
- Լույսը հաղթության (Մանկապատանեկան խմբերգային ստեղծագործություններ), 2010 թ.։
- Հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ մանկական երկձայն երգչախմբերի համար, 2010 թ.։
- Լարային կվարտետ թիվ 1, 2010 թ.։
- Աֆորիզմներ և փիլիսոփայական մտորումներ, 2012 թ.։
- Лирико-философские раздумья, 2013 թ..
- Հետադարձ հայացք անավարտ կյանքից, 2014 թ.։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Արեգ Լուսինյանը
- ↑ ՀՊՄՀ, Արեդ Լուսինյան(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Արեգ Լուսինյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Աղբյուրներ
խմբագրել- Արեգ Լուսինյան, «Կենսամատենագիտություն», 2016։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեգ Լուսինյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեգ Լուսինյան» հոդվածին։ |