Արիստակես Հայրապետ (մոտ 264[1], Կեսարիա, Թուրքիա[1] - 333[1], Ծոփք[1]), ամենայն հայոց երկրորդ կաթողիկոս։

Արիստակես Ա
Արիստակես Ա
Կառավարում
Տիտղոս Ամենայն Հայոց Կաթողիկոս (2-րդ)
Ժամանակամիջոց 325-333 թվականներ
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Կեսարիա
Ծնվել է 264 թվական
Հայր Գրիգոր Լուսավորիչ
Ձեռնադրում 325 թվական
Գրիգոր Լուսավորիչ        Վրթանես Ա

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Կեսարիայում 264 թվականին։ Մանկությունից իր իսկ կենսագրի բառերով․ «Ըստ աստուածագործ ծառայության սնեալ էր»[2], այսինքն՝ աստվածապաշտական ծառայության համար դաստիարակված։ Վաղ երիտասարդությունից հետևեց ճգնողական կյանքի՝ «Մենակեաց լեռնակեաց կրօնս մտեալ» այսինքն միայնակ, լեռնաբնակ կրոնավորական կարգի մեջ մտած էր իրեն ենթարկելով քաղցի, ծարավի, տքնության և «բանջարաճաշակ և խարազանազգեստ» կենցաղի՝ Նիկոմաքոս ճգնավորի առաջնորդությամբ։ Երբ դարձավ չափահաս ու հոգևոր կատարելության բոլոր կանոններին տիրացավ, ունեցավ աշակերտների իր խումբը։ Հաղթահարեց ամեն տեսակ փորձություններ և ինքնազրկանքները «կամայական քաջությամբ տարեալ», լուսավորեալ և պայծառացեալ» հոգեվիճակի հասավ։ Ըստ Ագաթանգեղոսի, նա նախքան եկեղեցական ասպարեզ մտնելը արդեն հասել էր կրոնավորական օրինակելի հոգևոր կատարելության։ Քանի որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հաճախ կբացակայեր իր հայրապետական նստավայրից՝ երկրի ծայրամասերում կքարոզեր Աստծո խոսքը և ճգնակյաց կյանք կվարեր։ Տրդատ թագավորը հաշվի առնելով այս ամենը, մարդ ուղարկեց Արիստակեսի հետևից։ Երբ նրան ներկայացվեց թագավորի հրավերը, Արիստակեսը չէր ուզում հեռանալ իր մենաստանից մինչև որ քրիստոնյաների բազմությունը նրան համոզեց, որ «Աւելի լավ է, որ Աստուծո մշակութեան գործին նուիրուիս, քան մենակեաց անապատական կեանքին»։ Ուստի Արիստակեսը հետևեց Տրդատ թագավորի պատվիրակներին։ Երբ հասան Հայաստան, թագավորի հետ միասին փնտրեցին Գրիգոր Լուսավորչին և գտան նրան Դարանաղյաց գավառում՝ Մանեայ Այր կոչված ճգնարանում։ Տրդատը խնդրեց Լուսավորչին, որպեսզի նա իր երկու որդիներին՝ Արիստակեսին և Վրթանեսին եպիսկոպոսներ ձեռնադրի։ Այս կապակցությամբ Օրմանյանը կավելացնի՝ «Ընդհանուր փափաքին վրայ, Արիստակես, իբրև աւելի հոգևորական անձ, մեծ եղբօրմեն առաջ եպիսկոպոսութեան կը կոչուէր և իր հօր հայրապետական պաշտօնին օգնական կը նշանակուէր»[3]։ Արիստակեսի մասին շատ դեպքեր կամ գործունեության դրվագներ հայտնի չեն։ Հիշատակության արժանի է նրա մասնակցությունը Առաջին համաքրիստոնեական ժողովին, որը գումարվել էր 325 թվականին, Նիկիա քաղաքում։ Նրան ուղեկցում էին Արևելյան եպիսկոպոսները՝ Հովհաննես Տիզբոնեցին, Հակոբ Մծբնացին, Եվթաղ Եդեսիացին և Ղեվոնդիոս Կեսարացին։ Նիկիայում իր մասին մի դեպք կպատմեն, մի խումբ արիոսականներ տեսնելով Արիստակեսի նիհար և ճգնություններից հյուծված կերպարանքը, կծաղրեին, թե Հայոց Եպիսկոպոսը ավելի շատ մշակի կնմանվի, քան Հայրապետի, և հեգնելով առաջարկեցին, որ դիմացի արորադիր եզները վերցնի և ծովը հերկի։ Արիստակես առանց վարանելու ընդունեց առաջարկը և հերկեց ծովը իբրև հաստատ գետին։ Վերադարձին նա իրեն ծաղրողներին ասեց.

  Եթե դուք ալ ուղիղ հաւատք ունիք՝ գացէք հերկերուն վրայ սերմ ցանեցէք։
- Արիստակես Ա
 

Մարդիկ ամոթահար եղան և իրենց հարգանքը և համարումը ավելի մեծացավ[4][5]։ Արսիտակես Ա-ն, վերադառնալով Մեծ Հայք, մնաց որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս մինչև իր մահը 333 թվականին։ Նրան հաջորդեց եղբայրը՝ Վրթանես Ա-ն։

Ծանոթագրություններ

խմբագրել
Նախորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Հաջորդ
Գրիգոր Լուսավորիչ
(301-325)
Արիստակես Ա
(325-333)
Վրթանես Ա
(333-341)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 61