Արևմտյան Իրիան
Արևմտյան Իրիան, Նոր Գվինեա կղզու արևմտյան մասը Ինդոնեզիայի կազմում։ Վարչական նահանգ է։ Կենտրոնը՝ Ջայապուրա։ Տարածությունը 412, 8 կմ² է, բնակչությունը՝ 918 հզ․ (1969), գլխավորապես պապուասներ։ Արևմտյան Իրիանի տերիտորիայի 70%-ը ծածկված է արևադարձային անտառներով։ Բնակչությունն զբաղվում է որսորդությամբ, ձկնորսությամբ, սագոյի հավաքով, նավթի արդյունահանությամբ և հարոսային հողագործությամբ։ Հին և միջին դարերում ինդոնեզական պետությունները կապեր են ունեցել Արևմտյան Իրիանի մերձափնյա ցեղերի հետ։ XVII դ․ Արևմտյան Իրիանն ընկել է Տիդորե սուլթանության ազդեցության ոլորտը։
1828 թ.-ին նիդերլանդական գաղութարարները գրավել են Արևմտյան Իրիանի հարավարևմտյան, իսկ 1848 թ.-ից հետո՝ հյուսիսային մասը։ 1905 թ.-ին Տիդորեի սուլթանը իր իրավունքներն Արևմտյան Իրիանի նկատմամբ վերջնականապես զիջեց Նիդերլանդներին։ Ինդոնեզիայի անկախության հռչակումից հետո (1945 թ.) Նիդերլանդները պահպանեցին հսկողությունը Արևմտյան Իրիանի նկատմամբ և փորձեցին այդ տերիտորիան մտցնել Նիդերլանդների կազմի մեջ։ Ինդոնեզիայում Արևմտյան Իրիանի ազատագրման համար ծավալված շարժումների և միջազգային հասարակական կարծիքի ճնշման տակ՝ Նիդերլանդներն ստիպված եղան 1962 թ.-ի օգոստոսի 15-ին ստորագրել Արևմտյան Իրիան Ինդոնեզիային տալու համաձայնագիր, սակայն միայն 1969 թ.-ին, Արևմտյան Իրիանում կատարված հանրաքվեից հետո այն վերջնականապես միացվեց Ինդոնեզիային։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան Իրիան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 41)։ |