Բյուրեղապակյա պալատ
Բյուրեղապակյա պալատ (անգլ.՝ Crystal Palace), չպահպանված շինություն Լոնդոնի Հայդ պարկում, որ կառուցվել էր ապակուց և թուջից 1851 թվականի համաշխարհային ցուցահանդեսի առթիվ։ 90.000 մ² մակերեսով, 564 մ երկարությամբ և 33 մ բարձրությամբ ցուցասրահը կառուցվել է ճարատարապետ Ջոզեֆ Պակստոնի ղեկավարությամբ[1]։ Այն կարող էր ընդունել 14.000 այցելու։ Ցուցահանդեսի ավարտից հետո պալատը ապամոնտաժվել և տեղափոխվել է նոր վայր` Լոնդոնի Սիդնեմ Հիլլ։ 1963 թվականի նոյեմբերի 30-ին Բյուրեղապակյա պալատը ոչնչացել է հրդեհից և այլևս չի վերականգնվել։
Բյուրեղապակյա պալատ | |
անգլ.՝ Crystal Palace | |
Տեղագրություն | Լոնդոն |
Կառուցման ժամանակ | 1850–1851 |
Բարձրություն | |
---|---|
Տեխնիկական պարամետրներ | |
Ճարտարապետ | Ջոզեֆ Պակստոն |
Պալատի անունով են կոչվել Լոնդոնի հարավային թաղամասերից մեկը, երկաթուղային կայարանը, հեռուստատեսային աշտարակը և ֆուտբոլային «Քրիսթալ Փելաս» ակումբը։ 1854 թվականին Բյուրեղապակյա պալատի նմանությամբ Մյունխենում առաջին համագերմանական արդյունաբերական ցուցահանդեսում կառուցվել է Ապակե պալատը, որն այրվել է 1931 թվականին։
1851 թվականի համաշխարհային ցուցահանդես
խմբագրելԿառույցի հեղինակ Ջոզեֆ Պակստոնը արհեստավարժ ճարտարապետ չի եղել, այլ Չաստվորթ Հաուսի (անգլ.՝ Chatsworth House) այգեպանը` ունենալով բույսերի աճեցման համար նախատեսված շինություն կառուցելու փորձ։ Նախագծի ինժեները եղել է Ուիլյամ Կաբիթը։ Ցուցահանդեսի դիտորդների խորհուրդը գլխավորում էր բրիտանացի ինժեներ Իզամբար Բրյունելը։ Պակստոնի գաղափարի շնորհիվ` այն է` պալատը կառուցել երկաթե և փայտե տարրեր ունեցող մոդուլային կոնստրուկցիաներից, պալատը կառուցվել է մեկ տարուց քիչ ժամանակահատվածում։ Պալատի կառուցմանը մասնակցել է 5.000 մարդ (միաժամանակ` ոչ ավելի, քան 2.000): «Բյուրեղապակյա պալատ» անվանումը կառույցին տվել են ոչ թե հեղինակները, այլ «Պանչա» թերթի լրագրողները, ովքեր սկզբում քննադատել են նախագիծը, սակայն հետագայում նրա պաշտպաններն են դարձել։
Ի թիվս այլ նորամուծությունների` նախագծում առաջին անգամ ձևավորվել են վճարովի զուգարաններ` մեկ պեննի արժողությամբ։ Ցուցահանդեսի գործունեության վեց ամիսների ընթացքում Բյուրեղապակյա պալատ է այցելել 827.280 այցցելու։ Ցուցահանդեսը կոմերցիոն հաջողություն է ունեցել` 160.000 ֆունտ եկամուտ արձանագրելով այն դեպքում, երբ կառույցի վրա ծախսվել էր 150.000 ֆունտ։ Հետագայում համանուն բյուրեղապակյա պալատներ են կառուցվել Նյու Յորքի (1853), Մյունխենի (1854), Պորտուի (1865) ցուցահանդեսներում։ Չնայած շահագործման բարդություններին` հետագայում կառուցվել են համանման երկաթուղային կայարաններ և այլ շինություններ[2]։
Ցուցահանդեսի փակումից հետո 1851 թվականի հոկտեմբերին կազմակերպիչները պարտավոր էին Հայդ պարկը բերել նախնական տեսքի։ Հասարակությունը, որ հիմնականում հիացած էր ցուցահանդեսով և պալատով, միասնական կարծիք չարտահայեց պալատի պահպանման հարցում[3]։ Պակստոնը, պաշտպանելով իր նախագիծը, առաջարկեց այնտեղ ձևավորել ձմեռային այգի` հասնելով այն բանին, որ խորհրդարանը որոշում կայացրեց չապամոնտաժելու կառույցը մինչև 1852 թվականը։ 1852 թվականի ապրիլին պահպանողականների ճնշմամբ ընդունվեց հակառակ որոշում, ինչի արդյունքում Բյուրեղապակյա պալատը քանդվեց։ Պալատի կոնստրուկցիաները որպես մետաղի ջարդոն վաճառվել են Fox & Henderson մետալուրգիական գործարանին։
-
Ընդհանուր տեսք, 1851
-
Վիկտորյա թագուհին ցուցահանդեսի բացմանը, 1851
-
Գլխավոր հատակագիծ
Նոր տեղում
խմբագրելԿանխատեսելով պալատի ապամոնտաժումը` Պակստոնը հիմնում է Բյուրեղապակյա պալատի ընկերությունը (The Crystal Palace Company)` կարողանալով ներգրավել կես միլիոն ֆունտ մասնավոր կապիտալ[4]։ Պալատի տեղափոխման համար ընկերությունը Սիդնեյ Հիլլում ձեռք է բերում 389 ակր (157 հա) հողատարածք, որից 17 ակրը վաճառում է երկաթուղային ընկերությանը, որը երկաթուղային նոր ճյուղ էր կառուցում։ Նոր գիծն անցնում էր «Բյուրեղապակյա պալատ» կայարանի կողքով, որը գործում է մինչ օրս։ Պակստոնի նախագծի համաձայն` կայարանը պետք է պալատին միանար ապակյա փակ կամարաշարով։ Տարածքից ևս 120 ակր վաճառվում է բնակելի թաղամասի կառուցման համար, ինչից հետո նոր զբոսայգու համար մնում է 200 ակր հողատարածք։
Ընկերությունը 70.000 ֆունտ է ծախսում Fox & Henderson ընկերությունից Բյուրեղապակյա պալատի կոնստրուկցիաները վերագնելու համար։ 1852 թվականի օգոստոսի 5-ին սկսվում են պալատի վերականգնման շինարարական աշխատանքները։ Նոր շենքի հարկերը երեքից վերածվում են հինգի, ինչի հաշվին մակերեսը գրեթե կրկնապատկվում է։ Նոր պալատի սրահները ձևավորված էին միջնադարյան և անտիկ ոճերով, զարդարված էին քանդակներով և համապատասխան դարաշրջանին բնորոշ վիտրաժներով։ Աշխատանքներում ներգրավված էին ավելի քան 7.000 աշխատող, որոնցից 12-ը մահացել են ծածկի փլուզման հետևանքով։
Էդվարդ Միլների նախագծած զբոսայգին ներառում էր ջրավազաններ և կղզիներով «բնական» լիճ։ Շատրվաններում ձևավորել էին 76 մ բարձրությամբ ջրի 12.000 շիթ։ Յուրաքանչյուր ներկայացման համար ծախսվում էր 7 միլիոն գալոն (4.55 լ) ջուր[5]։ Ջրի ճնշումն ապահովում էին Բրյունելի նախագծով կառուցված ջրմուղ երկու աշտարակները (Պակստոնի նախագծով առաջին երկու աշտարակները, ջրի ծանրությանը չդիմանալով, փլուզվել էին)։ Շատրվանների շահագործումը չափազանց թանկ է ստացվում, ինչի պատճառով դադարեցվում է դրանց շահագործումը։ Նույն ճակատագրին են արժանանում ջրավազանները, որոնցից մեկի տեղում 1895 թվականին ֆուտբոլի դաշտ է կառուցվում։ Պալատի վերականգնումը և զբոսայգու ձևավորումը ընդհանուր առմամբ արժենում է 1.300.000 ֆունտ։
Նոր պալատը բացվում է 1854 թվականի հունիսի 10-ին։ Բացման հետաձգման պատճառը պահպանողական ուժերն էին, ովքեր պահամջում էին անտիկ արձաններից հեռացնել անհարմար մերկությունը. թզենու տերևները չէին բավարարում քննադատներին, ուստի արձանները ծալազարդերով պատեցին[5]։ Վերջին 30 տարիների ընթացքում (1854-1884) առաջին անգամ Լոնդոնում թեմատիկ զբոսայգի այցելեց ավելի քան 2 միլիոն մարդ։ Այգում մշտապես կազմակերպվում էին մարզական մրցություններ, սիրողական և կոմերցիոն ցուցահանդեսներ։ Համերգային սրահը կարող էր 4.000 հանդիսական ընդունել։ 1857 թվականին սկսած` ամեն տարի կազմակերպվում էին Հենդելյան փառատոներ, պատմության մեջ առաջին անգամ բնական չափերով ցուցադրվել են դինոզավրերի քանդակներ, որոնց հեղինակը Բենջամին Հոկինսն էր[6]։ Տոմսի արժեքը, կախված միջոցառման բնույթից, տատանվել են 5 պենսից մինչև 1 գինեա։ Այցելուների թիվը ավելի շատ կարող էր լինել, եթե չգործեր շաբաթ օրերին միջոցառումներ կազմակերպելու պաշտոնական արգելքը։ Պալատի կազմակերպիչները հազիվ էին ծայրը ծայրին հասցնում` ունենալով 800.000 ֆունտ պարտք[5]։
1866 թվականի դեկտեմբերի 30-ին պալատում տեղի է ունենում առաջին լուրջ հրդեհը. բախտի քամահրանքով երկու օր հետո պալատում կազմակերպվելու էր դասախոսություն` հակահրդեհային համակարգի թեմայով[7]։ Հրդեհի արդյունքում ոչնչանում են պատմական սրահները, հյուսիսային տրանսեպտի մասերը, սատկում են կենդանիներ։ Ֆինանսական դժվարությունների պատճառով տրանսեպտը չի վերականգնվում. նրա տեղում հայտնվում է ապակյա պատը, իսկ 1872 թվականին 120 մետրանոց ծովային ակվարիում է հավաքվում[7]։
-
1857 թվականի գլխավոր նախագիծը
-
Նոր տեղում, 1854 թվականի լուսանկար
-
1854 թվականի լուսանկար
20-րդ դար
խմբագրել20-րդ դարի սկզբին հասարակության հետաքրքրությունը պալատի նկատմամբ նվազում է։ Վերջին հաջող միջոցառումը Ջորջ V արքայի թագադրումն էր 1911 թվականի հունիսին։ Սակայն դա էլ չի փրում ընկերությանը վերահաս սնանկացումից. դատարանի որոշմամբ այգին և պալատը հանվում են աճուրդի։ Աճուրդից երեք շաբաթ առաջ` 1911 թվականի նոյեմբերին, Քարդիֆի քաղաքապետ լորդ Պլիմուտսկին ընկերությունից գնում է ողջ ունեցվածքը 230.000 ֆունտով։ Լոնդոնի քաղաքապետը, հասարակության ուշադրությունը հրավիրելով այգին և պալատը ազգայնացնելու հարցին, 1913 թվականին հասարակական ստորագրահավաք է կազմակերպում և այգին գնելով` այն հռչակում է պետության սեփականություն[7]։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ շենքում հանգրվանում է բրիտանական օդուժի ուսումնական մասը։ Այդ տարիների ընթացքում Բյուրեղապակյա պալատով անցնում է շուրջ 125.000 զինծառայող[8]։ Պատերազմից հետո խարխլված կառույցում հաստատվում է առաջին մեխանիկական հեռուստատեսության հիմնադիր Ջոն Բերդի` ռոդիոտեխնիկայի ընկերությունը, իսկ այգում տեղադրվում են ռադիոընդունիչ կայմեր։ 1927 թվականին այստեղից Բերդը կազմակերպում է Լոնդոնից Գլազգո հեռուստատեսային առաջին ազդանշանի փոխանցումը։
1936 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 19.00-ին, գլխավոր տրանսեպտում հրդեհի օջախ է առաջանում։ Երկու աշխատակիցներ, փորձելով ինքնուրույն պայքարել կրակի դեմ, հակահրդեհային տեղամաս են զանգում միայն ժամը 19.59-ին։ Չնայած հակահրդեհային առաջին հաշվարկները տեղ են հասնում զանգից 4 չոպե անց, սակայն արդեն ուշ է լինում. 88 հաշվարկները (438 մարդ) չեն կարողանում շիջել կրակը, և շենքը մինչև առավոտ ամբողջությամբ այրվում է[8]։ Հրդեհի պատճառը չի հաստատվում, իսկ վառված կոնստրուկցիաները հանձնվում են որպես մետաղի ջարդոն։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բերդի ընկերությունը տարածքը վերածում է պաշտպանական փակ օբյեկտի և ռազմական հաստատության։ Ջրմուղ աշտարակները քանդվում են 1940 և 1941 թվականներին։ Պակստոնի ժամանակներից մնացած վերջին շինությունը` Արվեստների դպրոցը, այրվում է 1950 թվականի հոկտեմբերի 24-ին։ Պալատի վերականգնման հետագա բոլոր ծրագրերը չեն իրականցվում` հաստատելով վերջին կառավարիչ Հենրի Բակլենդի խոսքերը. «Ուրիշն այլևս չի լինի» (անգլ.՝ There will never be another)[9]:
1990 թվականին այգում բացվել է Բյուրեղապակյա պալատին նվիրված մասնավոր թանգարան։
Հիշատակումներ գեղարվեստական ստեղծագործություններում
խմբագրել- Անգլիական «Դաունտոնի աբբայություն» հեռուստասերիալի 4-րդ սեզոնի 9-րդ մասում, որի գործողությունները կատարվում էին 1919 թվականին, ծառայապետ պարոն Կարսոնը սպասավորներին առաջարկում է հանգստյան օրերին այցելել Բյուրեղապակյա պալատ։
- Իվան Տուրգենևի «Ծուխ» վեպի 14-րդ գլխում Բյուրեղապակյա պալատը հիշատակվում է որպես օրինակ այն ամենի, «ինչին հասել է մարդկային հնարամտությունը»։
- Ֆեոդոր Դոստոևսկի, «Ընդհատակյա գրառումներ» (1864)
- Ջոն Ֆաուլզի «Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին» վեպում գլխավոր հերոս Չառլզը և իր հարսնացուն` Էռնեստինան, քննարկելով ապագա տան հարցը, հետևյալ խոսակցությունն են ունենում.
― Ես կարո՞ղ եմ այն իմ ճաշակով ձևավորել։
― Դուք կարող եք այն հողին հավասարեցնել` տեղը Բյուրեղապակյա պալատ կառուցելով։ |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ The Great Exhibition of 1851. Duke Magazine Volume 92, No.6, November-December 2006 (անգլ.)
- ↑ Паровозный дым ускорял коррозию и требовал постоянного мытья стёкол. Крайне затруднительно было и расширение таких вокзалов. См. И. Г. Явейн. Проектирование железнодорожных вокзалов. М., издательство Всесоюзной академии архитектуры, 1938, с.114-122
- ↑ См. текст английского памфлета 1851 года: «Выставка имела совершенный успех. Она — величайшее событие нашего века. Она принадлежит 1851 году, и должна уйти в 1852-м».
- ↑ История Хрустального дворца. Покидая Гайд-парк, октябрь 1851 Արխիվացված 2011-09-27 Wayback Machine (անգլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 История Хрустального дворца. Постройка 1852—1854. Արխիվացված 2007-11-30 Wayback Machine (անգլ.)
- ↑ Викторианские динозавры
- ↑ 7,0 7,1 7,2 История Хрустального Дворца. Продажа 1911 года Արխիվացված 2007-11-30 Wayback Machine (անգլ.)
- ↑ 8,0 8,1 История Хрустального Дворца. Пожар 1936 года Արխիվացված 2007-11-30 Wayback Machine (անգլ.)
- ↑ История Хрустального Дворца. Конец Արխիվացված 2007-11-30 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Բյուրեղապակյա պալատի հիշատակի ֆոնդ
- Այգու գլխավոր հատակագիծը 20-րդ դարում Արխիվացված 2016-09-24 Wayback Machine
- Սիդնեմի այգու պատմություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուրեղապակյա պալատ» հոդվածին։ |