Բնական ընտրություն
Էվոլյուցիայի հիմնական նախապայմանը օրգանիզմների ժառանգական փոփոխականությունն է, իսկ նրա կառուցվածքային միավորը տեսակն ու պոպուլյացիան են։ Էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը բնական ընտրությունն է։ Ըստ Չարլզ Դարվինի տեսության միայն բնական ընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվում են միջավայրի պայմաններին ու նրա փոփոխություններին։ Հաճախ բնական ընտրությունը համեմատում են մաղի հետ, որը միջավայրից հեռացնում է քիչ հարմարված տեսակներին ու պահպանում է ավելի հարմարվածներին։ Սակայն ընտրության գործողությունն չի ավարտվում այդպիսի տեսանելի արդյունքներով։ Համաձայն գիտնականների ուսումնասիրությունների, եթե ընտրությունը կատարվեր միայն այդ սկզբունքով, ապա էվոլյուցիան շատ ավելի դանդաղ կընթանար։ Տեսությունը թերի է այն պատճառով, որ իր այդպիսի ակնառու ու պարզ գաղափարով ստվերում է թողնում էվոլյուցիայի ստեղծագործական ներուժը։ Էվոլյուցիան ոչ միայն հեռացնում է վատ հարմարված տեսակներին, այլև միավորում է աննշան տարբեր փոփոխականությունները՝ ձևավորելով նրանցից արտակարգ բարդ ու կատարյալ հարմարանքներ։ Բնական ընտրությունը ազդեցություն է թողնում ոչ միայն ֆենոտիպային հատկանիշների և նրանց կոդավորող գեների, այլև ժառանգական փոփոխականության և դրա տեմպերի վրա։
Դրա հետ բնական ընտրությունը, խիստ ասած, ազդում է ոչ թե առանձին գեների, այլ որոշակի ֆենոտիպերի վրա, որոնք ձևավորվել են ամբողջական գեների հիմքի վրա։ Դրա համար էլ ամենից առաջ ընտրվում են գենոտիպերը, որոնք տվյալ միջավայրի պայմաններում ունեն բարենպաստ ռեակցիայի նորմա։ Բայց յուրաքանչյուր որոշակի գենոտիպ տիրապետում է միայն հատուկ փոփոխականության սպեկտրին, նաև հավանական մուտացիաների ընտրությանը։ Միջավայրի պայմանների երկարատև փոփոխականության ժամանակ բնական ընտրությունը ընտրում է այն գենոտիպերը, որոնց փոփոխականության սպեկտրը ավելի է համապատասխանում միջավայրի փոփոխականությանը։ Բացի այդ, ընտրությունը արագացնում է էվոլյուցիայի տեմպերը որոշակի ուղղվածությամբ՝ գենոմում գտնվող գեն - մուտատորների միջոցով, որոնք ազդում են գեների՝ մուտացիայի ենթարկվելու արագության վրա։ Բնական ընտրության արդյունավետության արագությունը կախված է գոյապայմաններից, օրգանիզմների բուն հատկություններից։
Ընտրությունը կարելի է համեմատել վեկտորի հետ, որը բնութագրվում է մեծությամբ կամ ինտենսիվությամբ և ուղղվածությամբ։ Դարվինի կողմից բնական ընտրության ձևակերպումը, որպես հարմարվածների գերապրում, ներկայումս անբավարար է արտահայտում ընտրության գործունեության շատ կարևոր գենետիկական հետևանքները։ Բնական ընտրության՝ որպես էվոլյուցիայի շարժիչ ուժի հիմնական առանձնահատկությունները համարվում են՝
- նրա հավանականության բնույթը,
- կուտակող,
- միավորող կամ ինտեգրացնող բնույթը,
- հարմարողական ուղղվածությունը։
Չնայած ընտրության տակ հասկանում ենք ամենահարմարվածների պահպանում, բայց իրականում օրգանիզմների խմբերից միշտ չէ որ ամենաուժեղը կամ ամենահմուտն է ապրում և սերունդ թողնում։ Նկատելի ընտրության հավանականության շնորհիվ միայն անհատների խմբերից ամենահարմարվածներին առանձնացնելու միտումը և անպայման բոլորից լավ հարմարված անհատին։
Բնական ընտրության երկրորդ առանձնահատկությունը նրա կուտակող առանձնահատկությունն է։ Սա մանր օգտակար ժառանգական փոփոխականությունների կուտակումն է, որը բերում է արդեն ձեռք բերած հատկանիշների և հատկությունների կատարելագործմանը կամ նորերի առաջացմանը։ Այս առանձնահատկությունը ամենից լավ է բնութագրում է ընտրության պրոցեսը՝ որպես ստեղծագործական պրոցես։ Ընտրության երրորդ առանձնահատկությունը հատկանիշների միավորման - ինտեգրացիայի մեջ է։ Օրգանիզմը իր բարդության յուրաքանչյուր մակարդակի վրա իրենից ներկայացնում է միասնության ամբողջական կառուցվածք։
Մեկ հատկանիշի ուղղությամբ ընթացող ընտրությունը անխուսափելիորեն տանում է նրա հետ կորելյատիվ կապերի մեջ գտնվող մյուս հատկանիշների փոփոխությանը, հատկապես բնական ընտրության պրոցեսում օրգանիզմը էվոլյուցիայի ենթարկվում է ամբողջությամբ վերցրած։ Ընտրության միավորող գործունեությունը դրսևորվում է ոչ միայն օրգանիզմի էվոլյուցիայում։ Տեսակը, կենսացենոզը գոյություն ունեն և պատմականորեն զարգանում են շնորհիվ բնական ընտրության միավորող հատկության։
Ընտրության չորրորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրա կուտակող ու միավորող գործունեությունն ընթանում է օրգանիզմների արտաքին միջավայրին հարմարվելու ուղղությամբ։ Բնական ընտրության ընթացքում կարևոր են ոչ այնքան օրգանիզմների ոչնչացումը կամ պահպանումը, որքան նրանց ընտրողական բազմացումը։ Էվոլյյուցիայում կարևոր նշանակություն է ձեռք է բերում յուրաքանչյուր անհատի պոպուլյացիայի գենոֆոնդում ներմուծած հարստությունը։ Առանց բազմացման՝ անհատի դերը էվոլյուցիայում ոչինչ է։
Նշանակում է, բնական ընտրությունը օրգանիզմների ընտրողական պահպանման և բազմացման պրոցես է, որի հետևանքը համարվում է օգտակար փոփոխությունների կուտակման և ինտեգրացիայի շնորհիվ հարմարողականության կատարելագործումը և տեսակառաջացումը։
Ընտրության տարբեր ձևերի, էվոլյուցիայի պրոցեսում նրանց միջև եղած փոխհարաբերությունների մասին ուսմունք ստեղծել է Շմալհաուզենը։ Ներկայումս տարբերում ենք ընտրության հետևյալ տեսակները՝
- կայունացնող ընտրություն,
- ուղղորդող կամ շարժիչ ընտրություն,
- դիզրուպտիվ կամ ճեղքող ընտրություն,
- անհատական ընտրություն
- խմբակային ընտրություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 489)։ |