Գագիկ Դավթյան (ագրոքիմիկոս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Ստեփանի Դավթյան (նոյեմբերի 8, 1909, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ագրոքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1942), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950)[1], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956)։ Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի, «Ժողովուրդների բարեկամության», «Պատվո նշան» շքանշաններով և մի շարք մեդալներով[2][3]։
Գագիկ Դավթյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 8, 1909 Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 9, 1980 (70 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | խմբագիր և քաղաքական գործիչ |
Գործունեության ոլորտ | ագրոքիմիա |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Դիլիջանում։ 1926 թվականին տեղի երկրորդ աստիճանի դպրոցն ավարտելուց հետո մինչև 1930 թվականը սովորել է ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետում։ 1929 թվականին աշխատել է ագրոքիմիայի ամբիոնում որպես լաբորանտ։
1930-1933 թվականներին գործուղվել է Պարարտանյութերի և ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք որպես ասպիրանտ։ Սովորելու տարիներին մասնակցել է Անդրկովկասի բամբակացան շրջանների հողերի քիմիացման համամիութենական արշավախմբի աշխատանքներին։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան։
1936 թվականին ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Դոկուչաևի անվան հողագիտության ինստիտուտի ագրոքիմիայի լաբորատորիայի դոկտորանտուրա։
1941 թվականին ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանական ինստիտուտին կից ստեղծել է հողի բերրիության լաբորատորիա, իսկ 1947 թվականին՝ ագրոքիմիայի լաբորատորիա։
1950-1955 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ, ապա՝ ակադեմիկոս-քարտուղար, 1955-1957 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՀԿԿ Կենտկոմի և Երևանի քաղկոմի անդամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր (1958-1962)։
1957-1961 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր։
1966 թվականին ագրոքիմիայի լաբորատորիայի հիման վրա հիմնել է ՀԽՍՀ ԳԱ ագրոքիմիայի պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտը, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջը։
1967-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար։
Ավելի քան 20 տարի ագրոքիմիա է դասավանդել ԵՊՀ-ում և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում։ Ակտիվ մասնկացել է Հայկական սովետական հանրագիտարանի ստեղծմանը, եղել հանրապետության Գերագույն խորհրդին կից տերմինաբանական կոմիտեի անդամ, «ԳԱ ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի հաղորդումներ» ամսագրի խմբագիր[4]։
Վախճանվել է Երևանում։
Հիշատակ
խմբագրել1995 թվականից ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը կոչվում է Գ. Դավթյանի անունով[2]։
Երկեր
խմբագրել- Հողի քիմիական պարարտացումը, Երևան, 1932։
- Կալցիում ցիանամիդ, Երևան, 1932։
- Հանքային պարարտանյութերի արդյունավետությունը Հայկական ՍՍՀ և Նախիջևանի ԻՍՍՀ բամբակացան շրջաններում, Երևան, 1934։
- Հայաստանի հողերի ֆոսֆորացման ռեժիմը, Երևան, 1946։
- Հայկական ՍՍՀ հողերի ագրոքիմիական բնութագիրը, Երևան, 1966[5]։
Գրականություն
խմբագրել- Գագիկ Ստեփանի Դավթյան, Երևան, 1983 (Նյութեր Հայկական ՍՍՀ գիտնականների կենսամատենագիտության, հ. 30)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Jump up to: 2,0 2,1 Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 33-34։
- ↑ Ով ով է. Կենսագրական հանարագիտարան. Հայեր, Երևան, 2005, էջ 334։
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գագիկ Դավթյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Դավթյան (ագրոքիմիկոս)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 297)։ |