Գանձերի կղզին
Գանձերի կղզին, շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի արկածային վեպը, կապված գանձերի որոնման հետ՝ թաքցրած ծովահեն Ֆլինտի կողմից անմարդաբնակ կղզում։ Առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականին, մինչ այդ 1881-1882 թվականներին որպես թերթոն լույս է տեսել մանկական «Young Folks» ամսագրում։
Գանձերի կղզին անգլ.՝ Treasure Island | |
---|---|
Հեղինակ | Ռոբերտ Լուիս Սթիվենսոն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմություն հասունացման մասին, Ծովային գրականություն, արկածային և Ադրբեջանական ֆուտբոլային ակումբ Գյանջայից |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Բիլլի Բոնս, Ջիմ Հոկինս, Բենջամին «Բեն» Գան, բժիկ Լիվսի, Ջոն Սիլվեր, նավապետ Սմոլլետտ, ազնվական կալվածատեր Ջոն Տրելոնի, Կապիտան Ֆլինտ, Ջորջ Մերի, Իսրայելի ձեռքեր, Տոմ Մորգան, Սև շուն, Թոմ Ռեդրութ, Նիկ Էլլարդայս, Պյու և Իսրայելի ձեռքեր |
Նկարագրում է | Treasure Island universe? |
Կազմի հեղինակ | Նյուել Կոնվերս և Լուի Ռհեդ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման վայր | Լոնդոն |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 14, 1883[1][2] |
OCLC | 7551075 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/120 |
Վիքիքաղվածք | Գանձերի կղզին |
Treasure Island (novel) Վիքիպահեստում |
Վեպը կազմված է երեսունչորս գլուխներից՝ բաժանված վեց մասերի։ Պատմությունը արվում է գլխավոր հերոսի՝ գինետան տիրոջ որդի երիտասարդ Ջիմ Հոկինսի կողմից (բացառությամբ 16-18 գլուխների, որտեղ պատմողի դերում հանդես է գալիս բժիշկ Լիվսը)։
Սյուժե
խմբագրելՎեպի իրադարձությունները տեղի են ունենում մոտավորապես XVIII դարի կեսերին (գրքի սկզբում Լիվսը հիշատակում է իր մասնակցության մասին Ֆոնտենուայի մոտ տեղի ունեցած պատմական ճակատամարտին, որը տեղի է ունեցել 1745 թվականի մայիսի 11–ին։ Բիլլի Բոնսի օրագրում հիշատակվում է 1745 թվականի հունիսի 12–ը, իրադարձությունները տեղի են ունենում փետրվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում)։ Նրանք սկսվում են Անգլիայի հարավ–արևմուտքում՝ Բրիստոլ քաղաքից ոչ հեռու, փոքրիկ ափամերձյան «Ծովակալ Բենբոու» գինետանը։
Մի անգամ գինետնում բնակություն է հաստատում նոր հյուր՝ նախկին ծովային Բիլլի Բոնսը։ Որոշ ժամանակ անց նրան սկսում են այցելել տարօրինակ հյուրեր։ Առաջին հայտնվում է Սև Գամփռ մականունով նախկին ծովահենը՝ Բիլլիի հին ծանոթը։ Նրանք վիճում են Բոնսը վիրավորում է Սև Գամփռին, բայց վերջինս փրկվում է փախուստով։ Այնուհետև Բիլլիին է այցելում կույր, աղքատ Պյուն, որը նրան է փոխանցում Սև նշանը՝ ծովահենների ահարկու նախազգուշացումը առաջնորդներին, որոնք խախտել են թիմի շահերը։ Բիլլին ստանալով նշանը որոշում է անմիջապես լքել այդ վայրը, բայց հանկարծակի մահանում է կաթվածից։ Ջիմ և նրա մայրը, որոնց Բիլլին գումար է պարտք բնակվելու համար խուզարկում են մահացած ծովայինին և նրա իրերը։ Նրա սնդուկի հատակին նրանք հայտնաբերում են փող և թղթերի կապոց։ Այդ թղթերից պարզ է դառնում, որ Բոնսը եղել է նավապետի օգնական հայտնի ծովահեն Ֆլինտի նավի վրա և տիրում է այն կղզու քարտեզին, որտեղ Ֆլինտը թաքցրել է իր գանձերը։
Ջիմը հազիվհազ հասցնում է վերցնել Ֆլինտի թղթերը կույր Պյուի և նրա ավազակախմբի քթի տակից, որոնք հարձակվում են «Ծովակալ Բենբոու» գինետան վրա՝ նպատակ ունենալով տիրանալ քարտեզին։ Բոնսը, Սև Գամփռը, կույր Պյուն և մնացածը «Մորժ»–ի՝ նավապետ Ֆլինտի ծովահենային նավի, անձնակազմի անդամներն էին։ Ջիմիին և նրա մորը հանկարծակի օգնության է հասնում թագավորական մաքսավորների ջոկատը։ Կույր Պյուն պատահականորեն մահանում է, իսկ մնացած ծովահենները փախչում են՝ նրանց փախուստը ապահովում է ծովահենային լյուգերի անձնակազմը, որտեղ գտնվում են նրանց համախոհները։
Ջիմը փաստաթղթերը և քարտեզը փոխանցում է բժիշկ Լիվսիին և ազնվական կալվածատեր Տրելոնիին։ Ունևոր Տրելոնին սկսում է արշավախմբի կազմակերպումը և հանձնարարում է գործարար Բլենդլիին արշավախմբի համար կահավորել համապատասխան նավը՝ «Իսպանյոլա» առագաստանավը։
«Իսպանյոլի» նավապետ Սմոլետը մեծ կասկածանք է հայտնում նավի անձնակազմի և մասնավորապես չի վստահում իր օգնականի՝ շտուրման Էռռոուի, հուսալիության հանդեպ, բայց նրան համոզում են բժիշկ Լիվսին և Տրելոնին։ «Իսպանյոլը» Բրիստոլից ուղևորվում է դեպի Գանձերի կղզի։ Ճանապարհին Ջիմիին հաջողվում է լսել նավաստի Դիկի, երկրորդ բոցման Իզրայել Հենդսի և խոհարարի՝ միոտնանի Ջոն Սիլվերի, Ազդր (անգ. Barbecue) մականունով, նույն ինքը Երկարահասակ Ջոնը, միջև կայացած խոսակցությունը։ Պարզվում է, որ անձնակազմը, որը վարձել է Տրելոնին, մեծամասնությամբ կազմված է Ֆլինտի նախկին թիմից և Սիլվերը դավադրության ղեկավարն է, որի նպատակը գանձերի հափշտակումն է։ Ջիմը իմանում է, որ նավի վրա ծովահենները ավելի շատ են քան ազնիվ մարդիկ։ Նա սարսափով իմանում է, որ Սիլվերը և նրա խումբը պատրաստվում են սպանել բոլոր ազնիվ մարդկանց։ Խմբի ծովահենները ստիպում են Սիլվերին արագացնել խաղաղ մարդկանց վրա հարձակումը, բայց Սիլվերը հասկանում է, որ հրոսակախումբը չի կարող ղեկավարել նավը, քանի որ ոչ մեկը չունի համապատասխան կրթություն։ Սիլվերի նախագիծն է՝ սպասել մինչև ազնվականը, Բժիշկը և մյուսները գտնեն գանձերը, այն կտեղափոխեն նավ, մինչև փորձառու նավապետ Սմոլետը նավը կհասցնի հարմար վայր և այնուհետև սպանել բոլոր դրական հերոսներին։
Այդ ընթացքում նավը մոտենում է Գանձերի կղզուն։ Սիլվերը տեսնում, որ իր նախագիծը սկսվում է քանդվել։ Ծովահենները բացահայտ սկսում են անտեսել նավապետի հրամանները, իրենց պահում են շատ ագրեսիվ։ Ջիմը պատմում է նավապետին, կալվածատիրոջը և բժշկին այն ամենը ինչ ինքը լսել է։ Հերոսները հասկանում են, որ իրենք ծուղակում են։ Նավապետը որոշում է մեղմել իրավիճակը և անձնակազմին առաջարկում է ափ իջնել։ Նավապետի նախագիծն է՝ անակնկալի բերել ծովահեններին, որոնք մնացել էին նավում, հարձակվել նրանց վրա և գրավել «Իսպանյոլա»–ն։ Նավապետի ծրագիրը կաշխատեր, եթե Ջիմը ծովահենների հետ միևնույն նավակով չհեռանար։ Այդ պատճառով նավապետը առաջարկում է նոր նախագիծ։ Քարտեզում նա նկատում է, որ կղզում կա մի լքված ամրոց։ Նավապետը առաջարկում է տեղափոխվել ամրոց և պաշտպանություն կազմակերպել ցամաքում։ Հերոսները հավաքում են վառոդ, զենք, մթերք, նստում են նավակ և հեռանում են նավից։ Ծովահենները, անակնկալի գալով դրանից, պատրաստվում են գնդակոծել նավակը։ Նավակում գտնվում էին նավապետը, բժիշկը, կալվածատերը, նրա ծառաները և Աբրահամ Գրեյը՝ նավաստի անձնակազմից, որին ծովահենները ցանկանում էին, բայց չկարողացան իրենց կողմը գրավել։ Հենդսը փորձում է խորտակել նավակը՝ գնդակոծելով այն հրանոթից։ Կալվածատիրոջը հաջողվում է սպանել ծովահեններից մեկին։ Շուտով հերոսներին հաջողվում է հասնել ամրոց և ամրանալ այնտեղ։ Նավապետը բաժանում է նրանց դիտակետերի։ Հերոսները պատրաստ են երկարատև պաշարման։
Այդ ժամանակամիջոցում Ջիմին ծովահենների հետ հասնում է ափ և փախչում է։ Որոշ ժամանակ անց նա ականատես է լինում Ջոն Սիլվերի կողմից ազնիվ նավաստի Թոմի սպանությանը։ Վայրենի աղաղակներից պարզ է դառնում, որ ևս մեկ ազնիվ նավաստի՝ Ալանը, նույնպես զոհ է դարձել ծովահեններին։ Ջիմը փախչում է անհայտ ճանապարհներով և հանդիպում է մի մարդու, որը հագած էր այծի մորթի և իրեն պահում էր շատ տարօրինակ։ Այդ մարդը հայտնում է, որ իրեն անվանում էն Բեն Գան և որ ինքը նախկին զղջացած ծովահեն է։ Բենը խնդրում է Ջիմին կազմակերպել հանդիպում բժշկի հետ։ Ջիմը տեսնում է ծածանվող անգլիական դրոշը և շտապում է իր ընկերների մոտ։
Հաջորդ օրը հերոսները տեսնում են Սիլվերին, որը սպիտակ դրոշակով մոտենում էր ամրոցին։ Նավապետը դուրս է գալիս բանակցությունների։ Սիլվերը առաջարկում է իրեն հանձնել քարտեզը՝ փոխարենը նրանց խոստանալով, որ ծովահենները հանգիստ կթողնեն նրանց և օգնության կուղարկեն առաջին իսկ պատահած նավը։ Նավապետը խիստ մերժում է նրանց և նախազգուշացնում, որ բոլոր բանակցությունները ավարտված են։ Սիլվերը հեռանում է՝ սպառնալով, որ «կպայթեցնի այդ հին փայտաշեն տնակը՝ ինչպես վառոդի տակառ»։ Շուտով ծովահենները սկսում են ամրոցի գրոհը։ Ուժերը անհավասար են, բայց հերոսները խիզախորեն պաշտպանվում են։ Շուտով՝ կորցնելով մի քանի մարդ սպանված, ծովահենները ստիպված նահանջում են։ Բայց ազնիվ մարդկանց շարքերում նույնպես կորուստներ կան՝ կալվածատիրոջ ծառաները սպանված են, նավապետը՝ վիրավոր։
Ջիմը բժշկին է փոխանցում Բեն Գանի խնդրանքը։ Ուժ չունենալով դիմանալ ամրոցում գտնվելուն՝ Ջիմը վերցնում է պաքսիմատի պաշարը և հեռանում է։ Նա մոտենում է ափին, տեսնում է «Իսպանյոլա»–ն և որոշում է տեսնել թե ինչ է կատարվում այնտեղ։ Ջիմը գտնում է Բեն Գանի փոքրիկ նավակը, որը պատրաստած է ծառի կտորներից և այծի մորթուց, և, սպասելով մակընթացությանը, նավարկում է նավի մոտ։ Ջիմը սակայն չգիտեր որ մյուս կողմից նավին է մոտենում Սիլվերը։ Երկարահասակ Ջոնը իմանում է, որ պահակները՝ Հենդսը և Օ՛Բրայենը, որոնք մնացել էին հսկելու նավը, մահացու հարբած են։ Հանձնարարելով նրանց շատ ուշադիր հսկելու նավը, Սիլվերը հեռանում է։ Ջիմը հասնում է նավին, հեռացնում է նավակը և բարձրանում է տախտակամած՝ խարիսխի ճոպանով։ Լուսանում է։ Ջիմը գտնում է վիրավոր Հենդսին և սպանված Օ՛Բրայենին։ Հենդսի ղեկավարությամբ Ջիմը նավը մոտեցնում է Հյուսիսային կայանին՝ այժմ նավի գտնվելու վայրի մասին ոչ մեկին հայտնի չէ։ Հենդսը փորձում է հարձակվել Ջիմի վրա։ Ջիմը հանկարծակի սպանում է Հենդսին։ «Իսպանյոլա»–ն նստել է ծանծաղուտին, բայց նա հուսալի թաքցրած է։
Ուրախացած Ջիմը վերադառնում է ամրոց, բայց այնտեղ հայտնաբերում է ծովահեններին՝ իր ընկերների փոխարեն։ Ջիմը դառնում է պատանդ։ Շուտով ժամանում է բժիշկը։ Նա զննում է հիվանդներին և բուժում տենդով հիվանդ ծովահեններին և խնդրում է Սիլվերին թույլատրություն խոսելու Ջիմի հետ։ Սիլվերը թույլատրում է Ջիմիին բժշկի հետ զրուցելու՝ նրանից ազնիվ խոսք վերցնելով, որ չի փախչի։ Բժիշկը համոզում է Ջիմիին փախչել․ բայց վերջինս հրաժարվում է։ Ջիմը հայտնում է բժշկին, թե որտեղ է թաքցված նավը։
Սիլվերի պահվածքը, որը երկակի խաղ է խաղում, դուր չի գալիս ծովահեններին։ Սիլվերին են հանձնում Սև նշանը և պահանջում են նավապետի վերընտրություն։ Սակայն Սիլվերը բացատրում է իր վարքը։ Նա, պարզվում է, պայմանագիր է կապել նավապետի հետ։ Քարտեզի, մթերքի պաշարների և ամրոցի փոխարեն ծովահենները թույլ են տալիս հերոսներին հեռանալ։ Սիլվերը և մյուսները չեն հասկանում, թե ինչի համար է դա հարկավոր։ Սիլվերը հրաժարվում է սպանել Ջիմիին՝ բացատրելով ծովահեններին, որ չի կարելի սպանել պատանդներին։ Սիլվերը մնում է նավապետ, նրա հեղինակությունը միայն մեծանում է։
Հաջորդ օրը ծովահենները՝ վերցնելով իրենց հետ Ջիմիին, ուղևորվում են գանձերի որոնման։ Շուտով նրանք սայթաքում են կմախքների վրա։ Սիլվերը հասկանում է, որ դա կողմնացույց է՝ Ֆլինտի հնարանքներից մեկը։ Հանկարծակի ծովահենները լսում են Ֆլինտի ձայնը։ Նրանք սարսափահար կանգ են առնում և չեն կարողանում առաջ շարժվել։ Սիլվերը համոզում է բոլորին, որ դա կենդանի մարդու ձայն է, քանի որ բոլորը լսել են արձագանքը։ Շուտով ծովահենները ճանաչում են Բեն Գանի ձայնը։ Ծովահենները շարունակում են իրենց ճանապարհը և գտնում են մի հսկայական փոս, որը վստահաբար ինչ–որ մեկը արդեն փորել էր։ Ծովահենները հասկանում են, որ գանձը արդեն գտել են և հենց այդ պատճառով նավապետը համաձայնվել է տալ քարտեզը։ Ծովահենները փորձում են հարձակվել Սիլվերի վրա, բայց նա, պարզվում է, ավելի ուժեղ է և ճարպիկ։ Բացի այդ, նավապետը, բժիշկը, Աբրահամ Գրեյը և Բեն Գանը դարանից հարձակվում են ծովահենների վրա։
Պարզվում է, որ Բեն Գանը վաղուց արդեն գտել է գանձը և այն տեղափոխել իր քարանձավը։ Մի քանի օր մեր հերոսները գանձերը տեղափոխում են նավ։ Շուտով նրանք հեռանում են կղզուց՝ թողնելով այնտեղ ողջ մնացած երեք ծովահենների։ Սիլվերին հաջողվում է անհայտանալ նավահանգիստներից մեկում՝ իր հետ տանելով գանձերի մի մասը։ Բեն Գանը օգնում է նրան, քանի որ մահացու վախենում էր Սիլվերից։
Վերադառնալով Անգլիա, հերոսները դառնում են հարուստ մարդիկ։ Միայն Բեն Գանը մի քանի օրվա ընթացքում ծախսում է իր բոլոր գանձերը։ Կալվածատերը նրան վերցնում է իր մոտ աշխատանքի որպես այգեպան։
Բովանդակություն
խմբագրելԱՌԱՋԻՆ ՄԱՍ։ ԾԵՐ ԾՈՎԱՀԵՆԸ
- Գլուխ I։ Ծեր ծովային գայլը «Ծովակալ Բենբոու» պանդոկում
- Գլուխ II։ Սև Գամփռը գալիս է ու գնում
- Գլուխ III։ Սև նշանը
- Գլուխ IV։ Նավաստու սնդուկը
- Գլուխ V։ Կույրի վախճանը
- Գլուխ VI։ Նավապետի թղթերը
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ։ ՆԱՎԻ ԽՈՀԱՐԱՐԸ
- Գլուխ VII։ Ես գնում եմ Բրիստոլ
- Գլուխ VIII։ «Հեռադիտակ» ցուցանակի տակ
- Գլուխ IX։ Վառոդ և զենքեր
- Գլուխ X։ Նավարկություն
- Գլուխ XI։ Ինչ լսեցի ես խնձորի տակառի մեջ նստած ժամանակ
- Գլուխ XII։ Ռազմական խորհուրդ
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ։ ԻՄ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՑԱՄԱՔԻ ՎՐԱ
- Գլուխ XIII։ Ինչպես սկսվեցին իմ արկածները ցամաքի վրա
- Գլուխ XIV։ Առաջին հարվածը
- Գլուխ XV։ Կղզեբնակ
ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ։ ՑՑԱՊԱՏ
- Գլուխ XVI։ Հետագա դեպքերի մասին պատմում է բժիշկը։ Ինչպես հեռացան նավից
- Գլուխ XVII։ Բժիշկը շարունակում է իր պատմությունը։ Վերջին տեղափոխությունը նավակով
- Գլուխ XVIII։ Բժիշկը շարունակում է իր պատմությունը։ Կռվի առաջին օրվա վերջը
- Գլուխ XIX։ Հետագա դեպքերը կրկին շարադրում է Ջիմ Հոկինսը։ Կայազորն ամրոցում
- Գլուխ XX։ Սիլվերը բանբեր
- Գլուխ XXI։ Հարձակում
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ։ ԻՄ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԾՈՎԻ ՎՐԱ
- Գլուխ XXII։ Ինչպես սկսվեցին իմ արկածները ծովի վրա
- Գլուխ XXIII։ Տեղատվության իշխանության տակ
- Գլուխ XXIV։ Մակույկի մեջ
- Գլուխ XXV։ Ես իջեցնում եմ «Ուրախ Ռոջերը»
- Գլուխ XXVI։ Իզրայել Հենդսը
- Գլուխ XXVII։ «Պիաստրներ»
ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ։ ՆԱՎԱՊԵՏ ՍԻԼՎԵՐԸ
- Գլուխ XXVIII։ Թշնամիների ճամբարում
- 'Գլուխ XXIX։ Կրկին սև նշան
- Գլուխ XXX։ Ազնիվ խոսքով
- Գլուխ XXXI։ Գանձերի որոնումը։ Նավապետ Ֆլինտի ցուցասլաքը
- Գլուխ XXXII։ Գանձի որոնումը։ Ձայն անտառում
- Գլուխ XXXIII։ Առաջնորդի անկումը
- Գլուխ XXXIV։ Եվ վերջին
Կերպարներ
խմբագրելԴրական հերոսներ
խմբագրել- Ջիմ Հոկինս (անգլ.՝ Jim Hawkins), պատանի, գլխավոր գործող հերոս, որի անունից (բացառությամբ բժիշկ Լիվսի անունից մի քանի գլուխների) և տարվում է պատմությունը։ Հենց նրա գործողություններն են հիմք հանդիսանում Սթիվենսոնի վեպի համար։ Ջիմ Հոկինսը ակտիվորեն մասնակցում է բոլոր իրադարձություններին՝ նա է ընկերացել ծովահեն Բիլլի Բոնսի հետ, նա է վերցրել Գանձերի Կղզու քարտեզը այդ ծովահենի սնդուկից, որը փոխանցել է բժիշկ Լիվսին և Տրելոնիին, նա է հայտնաբերել նավի վրա խռովությունը, գտել է Բեն Գանին, սպանել է Իզրայել Հենդսին, փախցրել է ծովահենների նավը Հյուսիսային կայան և դարձել կռվախնձոր Ջոն Սիլվերի և նրա ավազակախմբի հակամարտության մեջ։
- Ջիմ Հոկինսի մայրը, «Ծովակալ Բենբոու» գինետան տիրուհին։
- Բժիկ Դեվիդ Լիվսի (անգլ.՝ Dr. David Livesey), ջենտլմեն, բժիշկ և դատավոր, ապշեցուցիչ խիզախությամբ մարդ՝ պատրաստ առանց տատանման կատարելու իր մասնագիտական և մարդկային պարտավորությունները։ Ինչ–որ ժամանակ ծառայել է հերցոգ Կումբերլենդսկու զորքում և վիրավորվել Ֆոնտենուայի (1745) ճակատամարտի ժամանակ։
- Ազնվական կալվածատեր Ջոն Տրելոնի (անգլ.՝ Squire John Trelawney), հարուստ հողատեր, որը հովանավորել է նավապետ Ֆլինտի գանձերի արշավախումբը։ Հասակը վեց ֆունտից բարձր (183 սմ)։ Սկզբնապես հավակնում էր ղեկավարի, բայց նրա շատախոսությունը և անիրազեկությունը պատճառ դարձան, որ անձնակազմի մեծամասնությունը կազմեցին մահացած Ֆլինտի հրոսակախումբը։ Զիջեց ղեկավարության իրավունքը նվապետ Սմոլլետտին, երբ իմացավ պատրաստվող խռովության մասին։ Հրաշալի հրաձիգ։ Նավարկության վերցրեց երեք հավատարիմ ծառաների, որոնք իրենց հրաշալի ցուցադրեցին ավազակախմբի հետ պայքարում։
- Նավապետ Ալեքսանդր Սմոլլետտ (անգլ.՝ Captain Alexander Smollett), «Իսպանոլա»–ի նավապետ։ Արհեստավարժ ծովային, ոչ միայն նավագնացության, այլ նաև կազմակերպչական հարցերում։ Փայտաշեն տնակի գրոհի ժամանակ ստացել է հրազենային վերք։ Հասակը վեց ֆունտից բարձր։ Անգլիա վերադառնալուց հետո թողել է ծովային ծառայությունը։
- Թոմ Ռեդրութ (անգլ.՝ Tom Redruth), կալվածատիրոջ ծեր անտառապահը, մահացել է հրացանային կրակոցից առագաստանավի կղզի ժամանելու օրը։
- Ջոն Հանտեր (անգլ.՝ John Hunter), կալվածատիրոջ ծառա, մահացել է ամրոցի պաշարման ժամանակ։ Ծովահեններից մեկը խլել է նրանից հրացանը և նրանով ուժգին հարվածել նրան, որը նրան հասցրել է կողոսկրերի կոտրվածք։ Հանտերը վայր է ընկել և ստացել գանգի կոտրվածք։ Այդ վերքերից նույն օրը երեկոյան մահացել է։
- Ռիչարդ Ջոյս (անգլ.՝ Richard Joyce), կալվածատիրոջ ծառա, մահացել է ամրոցի գրոհի ժամանակ՝ գլխին արձակված գնդակից։
- Աբրահամ «Էյբ» Գրեյ (անգլ.՝ Abraham Gray), նավի ատաղձագործի օգնական, Դիկի, Ալանի և Թոմի (չշփոթել Թոմ Մորգանի հետ) հետ միասին մտել է այն երեք ազնիվ նավաստիների ցանկը, որոնց Սիլվերը փորձել է գրավել դեպի իր կողմը։ Անսալով նավապետ Սմոլլետի կանչին, անցել է նրա կողմը, պաշտպանվելով հինգ խռովարարներից, որոնք վնասել են նրա դեմքը։ Հետագայում արդարացրել է վստահությունը, սպանելով բցման Ջոբ Էնդերսոնին, որը ցանկանում էր սպրդել ամրոց։ Վերադարձից հետո գանձից ստացած իր մասը ծախսել է կրթության վրա, որի արդյունքում դարձել է ծովագնաց և ոչ մեծ նավի համասեփականատեր։
- Բենջամին «Բեն» Գան (անգլ.՝ Ben Gunn), նախկին ծովահեն, «Մորժ»–ի անձնակազմի անդամ։ Կղզում գտնվելու ժամանակ կառուցել է նավակ, որով հետագայում Ջիմ Հոկինսը կարողացավ լողալ մինչև «Իսպանիոլա»։ Ֆլինտի մահից հետո նավարկել է ուրիշ ծովահենային նավով, բայց անձնակազմի հետ վիճելու պատճառով, որպես պատիժ, թողնվել է Գանձերի Կղզում։ Կղզում ստիպված գտնվելու եռամյա կյանքի ընթացքում զղջացել է իր կատարած հանցանքներում, գտել է Ֆլինտի գանձերի հիմնական մասը և տեղափոխել իր քարանձավ։ Կղզում նրա արկածների մասին անգլիացի գրող Ռ․ Ֆ․ Դելդերֆիլդը գրել է «Բեն Գանի արկածները» գիրքը։ Վերադառնալուց հետո գանձերի իր մասնաբաժինը ծախսել է տասնինը օրվա ընթացքում, որից հետո Տրելոնիի կողմից վերցվել է աշխատանքի որպես այգեպան։
- Ալլան և Թոմ, ազնիվ նավաստիներ, որոնք սպանվեցին ծովահենների կողմից խռովության առաջին օրը։ Թոմը սպանվեց Սիլվերի կողմից, Ալանը՝ երկրորդ բոցման Էնդերսոնի։
Բացասական հերոսներ
խմբագրել- Ջոն Սիլվեր, նույն ինքը Երկարահասակ Ջոն, նույն ինքը Ազդր, խոհարար «Իսպանյոլա» նավի վրա, այնուհետև խռովարար ծովահենների առաջնորդը։ Տարիքը հիսուն տարեկան (Սիլվերի խոսքերով)։ Ասում են, որ «երիտասարդ ժամանակ նա գիտնական էր և, եթե ցանկանա, կարող է խոսել ինչպես գրքով»։ Ֆլինտի մոտ՝ «Մորժ»–ի վրա, կատարում էր տնտեսական մասի պետի պարտականությունները։ Նրա ձախ ոտքը կտրված էր մինչև ազդր, այդ պատճառով Սիլվերը քայլում էր փայտե պրոթեզով և հենակներով։ Ի տարբերություն ցամաքի վրա խղճուկ կյանք անցկացնող բազմաթիվ ծովահենների, որը չի շրջանցել նույնիսկ Պյուին, հատկապես հաշմանդամները, փող է կուտակել և բացել «Հեռադիտակ» սեփական գինետունը Բրիստոլի նավահանգստում։ Ամուսնացած է «գունավոր» կնոջ հետ։ Ուսին կրում էր թութակ՝ Նավապետ Ֆլինտ անունով։ Վեպի վերջում ոչ միայն ողջ մնաց՝ ժամանակին թեքվելով հաղթողների կողմը, այլ նաև թաքնվեց նրանցից նավահանգիստներից մեկում, ոչ առանց Բեն Գանի օգնության, իր հետ տանելով այնքան փող, որքան կարող էր իր հետ վերցնել։ Սիլվերի կյանքի մասին՝ մինչ «Գանձերի կղզու» իրադարձությունները, Դենիս Ջուդի կողմից գրվել է «Երկարահասակ Ջոն Սիլվերի արկածները» վեպը։
- Ջոբ Էնդերսոն(անգլ.՝ Job Anderson), բարձրահասակ, ուժեղ, խիզախ և եռանդուն բոցման։ Էրրոուի անհետացումից նավի վրա հետո կատարում էր նավապետի օգնականի պարտականությունները։ Սիլվերից հետո նշանակությամբ երկրորդ ծովահենը «Իսպանյոլա»–ի վրա, հիանալի տիրապետում է կացնին և կրակում է ատրճանակից։ Փայտաշեն տնակի գրոհի ժամանակ ընկավ Աբրահամ Գրեյի ձեռքով։
- Իզրայել Հենդս (անգլ.՝ Israel Hands), բոցմանի օգնականը, շտուրման Էրրոուի մահից և Ջոբ Էնդերսոնի առաջխաղացումից հետո սկսեց կատարել բոցմանի պարտականությունները։ Սիլվերի, Էնդերսոնի, Մերրիի և նավի ատաղձագործի հետ կազմում էր խռովարարների կորիզը, որոնք մտադրվել էին խռովություն բարձրացնել «Իսպանյոլի» վրա և տիրանալ քարտեզին։ Սիլվերի կողմից թողնվել էր հսկելու «Իսպանյոլա»–ն։ Սպանվել է Ջիմի կողմից՝ «Իսպանյոլա»–ի վրա։ Ֆլինտի մոտ՝ «Մորժի» վրա, եղել է հրաձիգ։
- «Իսպանյոլա»–ի ատաղձագործը (անունը և ազգանունը անհայտ են), ուժեղ և վտանգավոր ծովահեն։ Սպանվել է քնած ժամանակ՝ Բեն Գանի կողմից։
- Ջիրջ Մերրի(անգլ.՝ George Merry), երեսունհինգ տարեկան, երկարահասակ ծովահեն, կղզում վարակվել էր տենդով, որով և բացատրվում էր նրա հիվանդագին տեսքը։ Էնդերսոնի, Հենդսի և ատաղձագործի մահից հետո դարձավ ծովահենների ոչ պաշտոնական առաջնորդը և Սիլվերի դեմ ծովահեններին դրդողը, որի պատճառով և հետագայում սպանվեց Ջոն Սիլվերի կողմից։
- Թոմ Մորգան(անգլ.՝ Tom Morgan), ծովահենների խմբի ամենահին ավազակը, Սմոլետի և ընկերների կողմից թողնվել է Գանձերի կղզում՝ քավելու սեփական մեղքերը։ Նրա հետ միասին մնացել են նաև երիտասարդ ծովայիններ Դիկը և Շեկ Ֆաուլերը։
- Օ՛Բրայեն (անգլ.՝ O'Brien), ծովահեն, իռլանդացի, գլխին կրում էր կարմիր թասակ։ Մասնակցում էր ամրոցի գրոհին, ծովահենների նահանջից հետո վերջինն էր հեռանում և ամրոցի պաշտպանները նրա վրա վրա չէին կրակում։ Խմած կռգի ժամանակ դանակահարվել է Իզրայել Հենդսի կողմից «Իսպանյոլա»–ի տախտակամածի վրա՝ մինչ այդ հասցնելով նրան վիրավորել։ Դեննիս Ջուդի «Երկարահասակ Ջոն Սիլվերի արկածները»վեպում կրում է Մայքլ անունը։
- Հարրի, «Հեռադիտակ» գինետան մշտական հաճախորդը։ Այն նույն ծովահենը, որին (Երկարաոտք Բենի հետ միասին) Ջոն Սիլվերը ուղարկեց բռնելու Սև Գամփռին։ Հետագայում մահացավ բայտաշեն տնակի գրոհի ժամանակ (ենթադրաբար)։
- Երկարաոտք Բեն, Ջոն Սիլվերի «Հեռադիտակ» գինետան մշտական հաճախորդը։ Ենթադրաբար մեկն այն վեց ծովահեններից, որոնց Սիլվերը թողել էր «Իսպանյոլա»–ի վրա։ Սպանվել է կալվածատեր Տրելոնիի կողմից հրանոթի մոտ (ենթադրաբար)։ Ռ․ Ֆ․ Դելդերֆիլդի գրքում հիշատակվում է, որ հրանոթի մոտ մահացու վիրավորվել է Դիկը։
- Ջոն Ֆաուլեր (Ջիմ Ֆաուլեր, Շեկ Ֆաուլեր), կղզում թողնված ողջ մնացած ծովահեններից մեկը։ Հեղինակի բնօրինակում անուն չունի, անուն ստացել է միայն Լ․ Դելդերֆիլդի «Բեն Գանի արկածները» վեպում։ Այնտեղ նշված է, որ Ֆաուլերը ծովահեն էր և «Մորժի» անձնակազմի անդամներից մեկը, իսկ Ջոն Սիլվերի կողմը անցավ այն բանից հետո երբ «Իսպանյոլա»–ն լքեց Անգլիայի տարածքը։
- Դէրկ, մեկն այն երեք ավազակներից, որը Պյուի և Սև Գամփռի հետ միասին ավերեցին «Ծովակալ Բենբոու» գինետունը։ Կույր Պյուի խոսքերով, եղել է դմբո և վախկոտ, հավանաբար սպանվել է փայտաշեն տնակի գրոհի ժամանակ։ Դեննիս Ջուդի «Երկարահասակ Ջոն Սիլվերի արկածները» վեպում կրում է Քեմփբել ազգանունը։
- Ջոննի, մեկն այն երեք ավազակներից, որը Պյուի և Սև Գամփռի հետ միասին ավերեցին «Ծովակալ Բենբոու» գինետունը։ Սիրում էր երգել «Լիլլիբուլերո» երգը։
- Երեք անանուն ծովահեններ, ծեր Ֆլինտի ավազակախմբի նախկին անդամներ։
- Դիկ Ջոնսոն, երիտասարդ ծովային։ Սկզբնապես Դիկը ծովահեն չէր, նման «Մորժի» անձնակազմի ծովայիններին։ Դեպի խռովարարները հակվեց Սիլվերի ճարտասանության ազդեցությունից։
- Նավապետ Ֆլինտ (անգլ.՝ Captain Flint), լեգենդար ծովահենային նավապետ, Պյուի համախոհը։ Նրա հին «Մորժ»–ում շտուրմանի պարտականությունները կատարում էր Բիլլի Բոնսը, հրաձիգը՝ Իզրայել Հենդսը, տնտեսական մասի պետն էր Ջոն Սիլվերը, բոցմանը՝ Ջոբ Էնդերսոնը։ Գրքում հիշատակվում է միայն խոսակցություններում, քանի որ գործողությունները կատարվում են նրա մահից հետո։
- Բիլլի Բոնս (անգլ.՝ Billy Bones), ծովահեն, ծեր Ֆլինտի նախկին առաջին օգնական։ Իր նավապետի մնհից հետո դարձավ նրա ժառանգորդը և Գանձերի Կղզու քարտեզով փախավ Անգլիա։
- Պյու (Կույր Պյու, անգլ.՝ Blind Pew), կույր ծովահենային առաջնորդ, որի մասին հայտնի է, որ նա կորցրել է տեսողությունը այն նույն ճակատամարտում, որտեղ Ջոն Սիլվերը կորցրել է իր ոտքը։ Ֆլինտի, Ջոն Սիլվերի և Բիլլի Բոնսի հետ կազմել է ամենավայրագ և ամենավտանգավոր ծովահենների քառյակը, որոնք գործում են Սթիվենսոնի վեպում։ Մահացել է ձիու սմբակների տակ՝ «Ծովակալ Բենբոու» գինետան ավերումից հետո։ Նրա ազդեցությունը մյուս ծովահենների վրա շատ մեծ է։ Լինելով կույր, նա ահ է առաջացնում Բիլլի Բոնսի վրա, իսկ հնարամիտ Ջոն Սիլվերը հարգանքով է տալիս նրա անունը։ Հենց նա է, և ոչ թե Ջոն Սիլվերը և ոչ Ջոբ Էնդերսոնը, ղեկավարել «Ծովակալ Բենբոու» գինետան վրա հարձակումը։ Պարզ չէ, թե ինչ դիրք է նա գրավել «Մորժ»–ի անձնակազմի մեջ։
- Սև Գամփռ (անգլ.՝ Black Dog), մեկը ծեր Պյուի թիմի ամենավտանգավոր ծովահեններից մեկը, նրա ձախ ձեռքին պակասում էր երկու մատ։ Ճակատագրի բերումով նա չէր կարող մասնակցել Ֆլինտի գանձերի «Իսպանյոլա»–ի արշավախմբին, քանի որ որպես ծովահեն և գանձերի որսորդ նա հայտնի էր «Իսպանյոլա»–ի յունգա Ջիմ Հոկինսին։
- Նիկ Ալլարդայս[3], երկարահասակ և շեկ մազերով ծովահեն։ Հինգ այլ ծովահենների հետ Ֆլինտը վերցրել էր կղզի՝ գանձերը թաքցնելու համար և այնտեղ էլ սպանվել։ Իր հետ կղզի է վերցրել Թոմ Մորգանի դանակը և մնացել նրան պարտք։ Ալլարդայսի ճակատագիրը դասավորվեց աննախանձելի՝ նրա մարմնից Ֆլինտը կողմնացույց սարքեց, որը ցույց էր տալիս գանձերի գտնվեու վայրը[4].։
- Դարբի Մակ Գրոու, ծովահեն և հավանաբար, նավապետ Ֆլինտի թիկնապահը։ Հիշատակվում է Բեն Գանի կողմից երբ նա պատկերում էր մահացող Ֆլինտին։
- Շտուրման Էրրոու (անգլ.՝ Arrow), նավապետ Սմոլետի առաջին օգնականը։ Հավանաբար վարձվել է Տրելինիի կողմից անկախ, քանի որ անձնակազմի մոտ հարգանք և հեղինակություն չէր վայելում։ Սպիրտայինի սիրահար էր, նրան սպիրտով ապահովում էր Ջոն Սիլվերը՝ իր պահուստից։ «Իսպանյոլա»–ի տախտակամածից անհայտացավ անհայտ պայմաններում։
Այլ
խմբագրելԻնչպես և ցանկացած հայտնի արկածային ստեղծագործություն, «Գանձերի կղզին» կյանքի կոչեց մի շարք գրական նմանակումներ և շարունակություններ։
Այդպիսի մի նմանակում գրել է Ջոն Լեննոնը (հրատարակված In His Own Write գրքում, 1964 թվականին)[5]։ Նմանակման անվանումն է Treasure Ivan բառախաղ (Ivan - ենթադրաբար նկատի ունի իր դպրոցական ընկեր Այվոն Վոենին (Ivan Vaughan))։
1973 թվականին «Աշխարհի շուրջ» ամսագրում հրատարակվել է Ռ․ Դելդերֆիլդի «Բեն Գանի արկածները» վեպը, որը նույնպես գրված է Ջ․ Հոկինսի անունից[6]։.
2001 թվականին իռլանդացի գրող Frank Delaney–ը (Francis Bryan կեղծանվան տակ), գրել է «Ջիմ Հոկինսը և Գանձերի Կղզու անեծքը» վեպ–շարունակությունը։
2013 թվականին ռուս գրող Վ․ Տոչինովը լույս ընծայեց «Կղզի առանց գանձերի» «վեպ–հետաքննություն»–ը, որում ապացուցում է, որ թվացյալ սյուժետային անհամապատասխանությունը լոկ նուրբ մտածված սյուժետային քայլեր են, որի հետևում թաքնված են հերոսների իրական դեմքերը։ Մասնավորապես, Ջիմ Հոկինսի ծնողները զբաղվում էին մաքսանենգությամբ, որի եկամուտները ստանում էր կալվածատեր Տրելոնին, բժիշկ Լիվսին յակոբիտների լրտես էր և այլն[7]։
Էկրանավորում
խմբագրել- Գանձերի Կղզի (կինոնկար, 1934)
- Գանձերի Կղզի (կինոնկար, 1937)
- Գանձերի Կղզի (կինոնկար, 1950)
- Գանձերի Կղզի (կինոնկար, 1971)
- Գանձերի Կղզի (կինոնկար, 1982)
- Գանձերի Կղզի (կինոնկար, 1985)
- Գանձերի Կղզի (մուլտֆիլմ, 1988)
- Գանձերի Կղզի (կինոնկար, 1990)
- Գանձերի կղզու լեգենդը
- Գանձերի Կղզի (կինոնկար, 1999)
- Գանձերի Կղզի (մուլտֆիլմ, 1999)
- Գանձերի մոլորակ, կիսահամակարգչային մուլտֆիլմ
- Գանձերի Կղզի (կինոնկար, 2012)
Աղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Treasure Island Published — 1994.
- ↑ В книге Л. Р. Делдерфилда «Приключения Бена Ганна» он был лучшим другом и наставником Бена
- ↑ Именно благодаря этому Бен Ганн и нашёл сокровища
- ↑ https://books.google.am/books?id=vTM41C03r0cC&pg=PA42&hl=hy&source=gbs_toc_r&cad=2#v=onepage&q&f=false
- ↑ Р. Ф. Делдерфилд. Приключения Бена Ганна
- ↑ В. Точинов. Остров без сокровищ на сайте «Лаборатория фантастики»
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանձերի կղզին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանձերի կղզին» հոդվածին։ |