Գարեջրագործությունն Ավստրիայում

Գարեջրագործությունն Ավստրիայում երկարամյա ավանդույթներ ունի։ Երկրում գարեջուր արտադրող գործարանները բաշխված են երկրի ամբողջ տարածքով մեկ։ Դրանց թիվը քիչ չէ, սակայն շուկայում գերակշիռ դիրք ունեն միայն մի քանի խոշոր գարեջրային ընկերություններ։

Ավստրիական գարեջուրը Ավստրիական ալպերի ձյունածածկ գագաթին

Ավստրիական գարեջրագործները երբեք չեն հետևել 1516 թվականին ընդունված գարեջրի մաքրության օրենքից բխող խիստ սահմանափակումներին։ Դրա արդյունքում, ի տարբերություն Գերմանիայի, Ավստրիայում հումքի և գարեջրի եփման տեխնոլոգիաների առավել լայն շրջանակ է կիրառվել։ Ավստրիայի ամենահայտնի գարեջուրը նման է մարտյան գարեջրին՝ մերցենին (գերմ.՝ Märzen, Märzenbier), որը թույլ խմորմամբ և անպայման վաղ գարնանն է պատրաստում։ Բայց այնուամենայնիվ, այս գարեջրի տեսակի պատրասպան ավստրիական ոճը նույնպես փոքր-ինչ տարբերվում է գերմանականից։

Պատմություն

խմբագրել

Ավստրիայում գարեջրագործությունը սկիզբ է առել Գերմանիայում և Չեխիայիայում այդ ավանդույթի հիմնադրման հետ միաժամանակ։ Ավստրիայում նույնպես, սկզբնական շրջանում գարեջուրը եփվել է հիմնականում վանական համալիրներում, սակայն արդեն 19-րդ դարի կեսերին երկիրը դարձել է Եվրոպայում գարեջրագործության հիմնական կենտրոններից մեկը։

Չնայած ավստրիացիները պնդում են, որ իրենց երկրում զարգացած է գինեգործությունը, սակայն գարեջրագործությունը նույնպես վերելք է ապրում, և համաձայն վիճակագրական տվյալների, Ավստրիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում (Չեխիայի Հանրապետությունից հետո) բնակչության մեկ շնչի հաշվով սպառվող գարեջրի քանակությամբ։ Յուրաքանչյուր ավստրիացուն տարեկան բաժին է ընկնում 107.8 լիտր գարեջուր։

Արտադրություն և տեսակներ

խմբագրել
 

Գարեջրի սպառման ժամանակակից շուկան Ավստրիայում համեմատաբար մեծ չէ։ Տեղական գարեջրագործական ընկերությունները արտադրում են ավելի քան 360 տեսակի գարեջուր, որոնց տարեկան ընդհանուր արտադրությունը ավելի քան 8 միլիոն հեկտոլիտր է կազմում։

Ավստրիայում 2012 թվականից ի վեր գարեջրագործական ոլորտի ցուցանիշները հետևյալն են - Արտադրության ծավալը` 8.917 մլն հեկտոլիտր - Արտահանման ծավալը` 713.000 հեկտոլիտր - Ներմուծման ծավալը` 673.000 հեկտոլիտր - Սպառումը `9.105 մլն հեկտոլիտր - Գոյություն ունեցող գարեջրագործական ընկերություններ՝ 170 (+ 97 փոքր գարեջրագործական արտադրամասեր)։

Ըստ պատրաստման տեխնոլոգիայի՝ ավստրիական գարեջրի տեսակների գերակշիռ մասը արտադրվում է ստորին խմորման մեթոդով։ Ներկայում առավել տարածված են բաց լագերները (անգլ.՝ Pale Lager, Light Lager), որոնցից ամենահայտնիներն են Gösser, Stiegl, Zipfer, Ottakringer, Schwechater, Egger, Wieselburger, Fohrenburger, Hirter, Kaiser, Zwettler գարեջրի տեսակները։

Բացի այդ, ավստրիացի գարեջրագործների մոտ տարածված է մարտյան գարեջուր պատրաստելու ավանդույթը։ Վաղ գարնանը Ավստրիայում պատրաստում են Gösser Märzen, Zipfer Märzen, Schwechater Zwikl, Gösser Bock, Eggenberg Urbock 23, Ottakringer 2000, Eggenberg Nessie տեսակները։

Ավստրիացի գարեջրագործները ծննդյան տոներին ընդառաջ պատրաստում են նաև մեկ այլ սեզոնային գարեջուր՝ Սուրբ Ծննդյան համար նախատեսված Samichlaus-ը։

Ավստրիան հպարտանում է նաև իր ցորենի գարեջրային տեսակներով, որոնք պատրաստվում են վերին խմորման շնորհիվ՝ Edelweiss Weissbier, Stiegl-Weisse և այլն։

Ավստրիայում արտադրվող գարեջրի տեսակներ

խմբագրել

Վիեննական լագեր

խմբագրել
 
Դրեերի վիեննական գարեջրի գործարանի շենքը, 1859թ.

Վիեննական լագերը (Vienna lager) «եվրոպական սաթագույն լագեր»-ի (European Amber Lager) տեսակ է։ Այն ստեղծվել է 1840 թվականին ավստրիացի գարեջրագործ Անտոն Դրեերի կողմից, Schwechat գարեջրի գործարանում և կոչվել է վիեննական գարեջուր կամ վիեննական լագեր։ Դրեերը գարեջրի մեծ գործարան է հիմնել Վիեննայում, իսկ ավելի ուշ նաև Բուդապեշտում, Տրիեստում և Միխալովցեում (Բոհեմիա)։ 1930 թվականին վիեննական գործարանը սնանկանում է, և նոր գարեջրի տեսակը Ավստրիայում դադարում է թողարկվել[1]։

Այժմ վիեննական լագերը մեծ պահանջարկ ունի հիմնականում Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմի այն երկրներում, որոնք են՝ Մեքսիկան և Ամերիկայի Միացյալ Նահանգները[1]։

Այս գարեջուրը պատրաստելու համար օգտագործվում է միայն բարձրորակ ածիկ, որը համադրվում է ազնվական սորտի գայլուկի հետ։ Վիեննական լագերն առանձնանում է իր վառ կարմիր գունավորմամբ արտահայտված սաթագույնից մինչև մեղրագույն։ Այն առանձնանում է նաև իր թափանցիկությամբ, առատ, դեղին և կայուն փրփուրով, վիեննական կամ մյունխենյան ածիկային ընդգծված հարուստ համով, գայլուկի նրբերանգներով։ Սպիրտի պարունակությունն ընդհանուր զանգվածի 4.5-ից 5.7 % է կազմում[1]։

Այս տեսակն այսօր արտադրվում է մի քանի ավստրիական գարեջրի գործարաններում։ Գարեջուրն արտադրվում է հետևյալ ապրանիշերի ներքո՝ Ottakringer Wiener Original, Schloss Eggenberg Nessie, Stiegl-Ambulanz Wiener Lager, Gusswerk Wiener Lager, Gablitzer Wiener Lager, Brew Age Malzstrasse:

Շտեյնբիր

խմբագրել
 
Քարի գարեջուր

Steinbier (գերմ.՝ Stein, թարգ.՝ «քար»), հայտնի է նաև որպես քարի գարեջուր, որը հատուկ ավանդական գարևեջուր է համարվում, որը տարածված է եղել Կարանտիայում մինչև 20-րդ դարի սկիզբը։ Այն հայտնի է եղել նաև Սկանդինավիայում, Ֆրանկոնիայում և հարավ-արևմտյան Գերմանիայում։ Այսօր արտադրվում է հազվադեպ՝ Ավստրիայի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների որոշ գարեջրային գործարաներում։ Այն իր անվանումը ստացել է քաղցուի եփման տեխնոլոգիայի շնորհիվ, որը եփվում է տաք քարի վրա տեղադրման շնորհիվ[2]։

Նախկինում քաղցուն եփելու անոթները պատրաստվում էին փայտից, ուստի հնարավորություն չկար դրանք տաքացնել կրակի վրա։ Նման կերպ, քաղցուն եռացնելու միակ տարբերակը մնում էր քարի միջոցով իրականացնելու տարբերակը։ Նման մեթոդով ստացված գարեջուրը առանձնանում էր սովորական գարեջրից, քանի որ քարը կարամելացնում էր ածիկային շաքարը և վառ արտահայտված սեխի բույր հաղորդում[2]։

Սովորաբար steinbier –ը չեն ֆիլտրում։ Քարի գարեջուրն ունի ընդհանուր զանգվածի մեջ 4.5-ից 7.2 % ալկոհոլի պարունակություն։ Այս էկզոտիկ գարեջրի ավստրաիկան տարբերակները արտադրվում է Gusswerk Urban-Keller's Steinbier ապրանքանիշի ներքո[2]։

Սուրբ Ծննդյան գարեջուր

խմբագրել
 
Samichlaus սուրբծննդյան գարեջուր

Սուրբ Ծննդյան ամենահայտնի գարեջրի ապրանքանիշն աշխարհում Samichlaus ավստրիական գարեջրի գործարանի Schloss Eggenberg-ն է։ Այս գարեջրի տեսակը պատրաստվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբերի 6-ին, այնուհետև հասունացման թողնելով 10 ամիս, պատրաստ է լինում հաջորդ տարի Սուրբ Ծննդյանը օգտագործելու համար։ Համարվում է պարբերաբար արտադրվող ամենաթունդ գարեջրի տեսակներից մեկը, քաղվածքի և սպիրտի մեծ քանակությունը նպաստում է երկարատև պահպանմանը՝ ընդհուպ մինչև 5 և ավել տարիներ։ Գարեջրի այս տեսակի արտադրությունը սկսվել է 1984 թվականից Ցյուրիխում գտնվող շվեյցարական Brauerei Hürlimann գարեջրագործական ընկերության կողմից, որը սակայն փակվել է 1997 թվականին։ Գարեջրի այս տեսակի ապրանքային անվանումը՝ Samichlaus-ը գնվել է ավստրիական Schloss Eggenberg գարեջուր արտադրող գործարանի կողմից, որը սկսել է տոնական գարեջուրը կրկին արտադրել 2000 թվականից։ Ապրանքանիշի անվանումը ծագել է Շվեյցարիայում, որտեղ Սանտա Կլաուսին անվանում են Samichlaus: Գարեջրի այս տեսակն առանձնանում է մուգ մեղրագույն երանգավորմամբ, ընկույզի բույրով և ածիկի, մրգերի ու ալկոհոլի համադրությամբ բարդ համով[3]։

Տրապիտյան գարեջուր

խմբագրել
 
Engelszell գարեջուր

Տրապիտյան գարեջուրը (գերմ.՝ Bière trappiste, Trappistenbier) պատրաստվում է տրապիստ-վանականների կողմից կամ նրանց հսկողության ներքո։ Ամբողջ աշխարհում հաշվվում է 174 տրապիստական աբբայություն, սակայն դրանցից միայն 8-ն են (6-ը Բելգիայում, 1-ը՝ Նիդեռլանդներում և 1-ը Ավստրիայում), որ պատրաստում են տրապիստական գարեջուր և իրավունք ունեն պիտակի վրա դնել «իսկական տրապիստական արտադրանք» մակնշումը, որը նշանակում է, որ արտադրանքը համապատասխանում է «Միջազգային տրապիստական ասոցիացիայի» նորմերին[4][5]։ Engelszell-ը ավստրիական տրապիստական գարեջուր է, որը արտադրվում և շշալցվում է Վերին Ավստրիայում գտնվող Stift Engelszell աբբայության գարեջրային արտադրամասում։ Այդ աբբայությունում գարեջրի պատրաստմամբ են զբաղվում 1590 թվականից, սակայն 1929 թվականին արտադրությունը դադարեցվել է[6]։

2011 թվականին սկսվել է նոր արտադրամասի կառուցումը։ Այն տեղակայված է վանական համալիրի տնտեսական կառույցում և հնարավորություն ունի տարեկան արտադրել 2500 հեկտոլիտր գարեջուր[6]։

2012 թվականի փետրվարի 8-ին ավստրիական աբբայության նոր գարեջրային արտադրամասում պատրաստում են առաջին տրապիստական գարեջուրը, որի արտադրությունը դադարեցվել էր 1929 թվականին։ Ավստրիական այս նոր գարեջուրը առևտրի կետերում հայտնվել է 2012 թվականի մայիսին 2 տարատեսակով։ Մեկը՝ Engelszell Benno-ն, բաց գարեջուր է ալկոհոլի 6.9% պարունակությամբ, իսկ մյուսը՝ Engelszell Gregorius-ը, մուգ գարեջուր է, ալկոհոլի 9.7% պարունակությամբ[6][7]։

Ավստրիական գարեջրի գործարաններ

խմբագրել

Ավստրիայի ամենախոշոր գարեջրի գործարանը «Brau-Union AG» - ն է, որը միավորում է մի քանի գարեջրագործարաններ՝ զբաղեցնելով շուկայի 56% մասնաբաժինը։

  • Brau Union Österreich AG (Heineken-ի սեփականությունն է)՝
    • Brauerei Gösser
    • Brauerei Zipfer
    • Brauerei Schwechat
    • Brauerei Wieselburger
    • Brauerei Puntigamer

Տարեկան 500.000 հեկտոլիտից ավելի արտադրական հզորությամբ մեծ գործարաններ են՝

  • Brauerei Stiegl
  • Ottakringer Brauerei

Տարեկան 100.000-500.000 հեկտոլիտեր արտադրական ծավալով միջին գործարաններ են՝

  • Vereinigte Kärntner Brauereien
  • Privatbrauerei Fritz Egger
  • Brauerei Fohrenburger
  • Brauerei Zwettl
  • Mohrenbrauerei August Huber
  • Schloss Eggenberg
  • Brauerei Murauer
  • Brauerei Hirt und Josef Sigl

Գարեջրային հայտնի ապրանքանիշեր

խմբագրել
  • Edelweiss
  • Egger Bier
  • Freistadter Bier
  • Fohrenburger
  • Hirter Privat Pils
  • Gösser Märzen
  • Goldfassl
  • Kaiser Bier
  • Kapsreiter
  • Ottakringer
  • Schwechater
  • Stiegl
  • Zipfer
  • Zwettler

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Lager Beer Styles Guide. Արխիվացված 2011-08-28 Wayback Machine(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 Штайнбир — каменное пиво.(ռուս.)
  3. Russell, Don, "Christmas Beer: The Cheeriest, Tastiest, and Most Unusual Holiday Brews", Universe, 2008., 208.(գերմ.)
  4. Ейвъри, Зак, 500 бири от цял свят, които непременно трябва да опитате, изд. Книгомания ЕООД — София, София, 2010 г., с. 197.(ռուս.)
  5. Фотев, Людмил, Езикът на бирата, изд. Парадокс, София, 2009 г., с. 89.(ռուս.)
  6. 6,0 6,1 6,2 Петроченков, Александр, Пиво: Путеводитель, изд. BBPG, Москва, 2009 г.(ռուս.)
  7. Trappistenbier-Brauerei.(գերմ.)