Ուիլյամ Գլադստոն

(Վերահղված է Գլադստոն Ու.ից)

Ուիլյամ Յուարթ Գլադստոն (անգլ.՝ William Ewart Gladstone, դեկտեմբերի 29, 1809(1809-12-29)[2][3][4][…], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2] - մայիսի 19, 1898(1898-05-19)[2][3][4][…], Հեուարդեն Քասլ, Hawarden, Flintshire, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի պետական գործիչ և գրող։ Չորս անգամ զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը (դեկտեմբեր 1868 թ. - փետրվար 1874 թ., ապրիլ 1880 թ. - հունիս 1885 թ., փետրվար - օգոստոս 1886 թ., օգոստոս 1892 թ. - փետրվար 1894 թ.)։ Մեծ Բրիտանիայի 41-րդ, 43-րդ, 45-րդ և 47-րդ վարչապետն է։

Ուիլյամ Գլադստոն
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն, Տորի և Լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Քրայսթ Չյորչ և Իթըն քոլեջ (1827)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, վիճակագրագետ և գրող
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 29, 1809(1809-12-29)[2][3][4][…]
Ծննդավայր Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2]
Վախճանի օր մայիսի 19, 1898(1898-05-19)[2][3][4][…] (88 տարեկան)
Վախճանի վայր Հեուարդեն Քասլ, Hawarden, Flintshire, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Թաղված Վեստմինստերյան աբբայություն[1][2]
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Հայր Ջոն Գլադստոն[1][5]
Մայր Anne MacKenzie Robertson?[6][5]
Ամուսին Քեթրին Գլադսթոն[1][5][2][…]
Զավակներ Ուիլյամ Հենրի Գլադստոն[5][2], Մերի Գլադստոն[5], Հենրի Գլադստոն[5], Հերբերտ Գլադստոն[5], Helen Gladstone?[5], Agnes Gladstone?[6], Stephen Edward Gladstone?[6][2] և Catherine Jessy Gladstone?[6][5]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ուիլյամ Յուարթ Գլադստոնը ծնվել է 1809 թվականի դեկտեմբերի 9-ին Լիվերպուլում՝ շոտլանդական ծագում ունեցող ընտանիքում։ Ընտանիքի վեց երեխաներից հինգերորդն էր։ Հայրը հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող Ջոն Գլադստոնն էր՝ մեծահարուստ ստրկատեր։ Հենց հորից էր ժառանգել հետաքրքրությունը հասարակական խնդիրների հանդեպ, ինչպես նաև պահպանողական հայեցակետը։ Նախնական կրթությունը ստացել է տանը, 1821 թվականին տեղափոխվել Էտոն քոլեջ, իսկ 1828 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարան։ Դպրոցի և համալսարանի ազդեցության ներքո ավելի են ամրապնդվում Գլադստոնի պահպանողական հայացքները։ Համալսարանն ավարտելուց հետո նա առաջարկ է ստանում պառլամենտում հանդես գալ որպես Նյուարկի ներկայացուցիչ։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Առաջին անգամ Գլադստոնը մուտք է գործում Համայնքների պալատ 1832 թ.՝ որպես թորիների (պահպանողականների) կուսակցության ներկայացուցիչ և շնորհիվ հռետորական ունակությունների, կարճ ժամանակահատվածում լայն ճանաչում է ստանում իր ելույթներով։ 1835 թ. փետրվարին նշանակվում է գաղութներ կառավարման գծով նախարարի օգնական։ Բայց 1835 թ. Ռոբերտ Պիլի կառավարության պարտությունից հետո Գլադստոնը անցնում է ընդդիմության շարքերը և հիմնականում զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ։ 1841 թ. Ռ. Պիլը նոր կառավարություն է ձևավորում և Գլադստոնը 1843 թ. նշանակվում է առևտրի նախարար, 1845 թ. գաղութների կառավարման գծով նախարար, 1852-1853 թթ. ֆինանսների նախարար։ Այս փուլում է, որ մի շարք հարցերում Գլադստոնը հակասություններ է ունենում պահպանողական գործիչների հետ և աստիճանաբար շեղվում է դեպի հակադիր ճամբարը։ 1859 թ. նա մտնում է լորդ Պալմերսթոնի կաբինետ՝ որպես ֆինանսների նախարար, այս քայլով վերջնականապես տեղափոխվելով դեպի լիբերալների (վիգերի) բանակը։ Այսուհետ, մինչ իր քաղաքական կարիերայի ավարտը, նա շարունակում է գործել արդեն վիգերի կառավարության կազմում։ 1868-1894 թթ. եղել է լիբերալ կուսակցության առաջնորդը՝ իշխանությունը գլխավորելով 4 անգամ՝ 1868-1874 թթ., 1880-1885 թթ., 1886 թ. հունվար-հունիս, 1892-1894 թթ.։ Մահացել է 1898 թ. մայիսի 19-ին 89 տարեկան հասակում։

1868 թվականին դառնում է լիբերալ կուսակցության պարագլուխը։ 1868-1894 թթ. առաջին կառավարության ընթացքում նրա գլխավոր ձեռնարկներից էին 1689 թ. Իռլանդիայում պետական եկեղեցու վերացման օրենքը, 1870 թ. Իռլանդական հողային օրենքը, 1870 թ. տարրական կրթության ոլորտի բարեփոխումները, 1871 թ. պաշտոնների վաճառքի արգելումը, 1872 թ. ընտրություններում գաղտնի քվերակության մտցնումը և այլն։ Երկրորդ կառավարման ընթացում 1880 թ. ապրիլ-1885 թ. հուլիս, նրան հաջողվում է անցկացնել 1881 թ. իռլանդական հողային օրենքը և երրորդ պառլամենտական օրենքը (1885 թ.)։

1885 թ. պառլամենտական ընտրություններում Գլադստոնի կառավարությունը պարտություն է կրում և նոր կառավարություն ձևավորում են պահպանողականները՝ լորդ Սոլսբերիի գլխավորությամբ, վերջինս սակայն երկար չի մնում իշխանության գլուխ։ Նույն թվականին ընտրություններում Գլադստոնի կաբինետը կրկին հաղթանակ է տոնում շնորհիվ իռլանդական խմբավորման աջակցության։

1886 թ. հունվարին ձևավորվում է Գլադստոնի երրորդ կառավարությունը։ Այս փուլում նկատվում է նրա վճռական տրամադրվածությունն իռլանդական հարցին քաղաքական լուծում տալու շուրջ։ 1886 թ. ապրիլի 4-ին Գլադստոնը պառլամենտ է ներկայացնում Իռլանդիային սահմանափակ տեղական ինքնավարություն հոմրուլ (Home rule) շնորհելու մասին օրինագիծը, որի համաձայն Իռլանդիայում պետք է ստեղծվեր տեղական պառլամենտ և գործադիր իշխանություն։ Իռլանդիան տարեկան անգլիական գանձարան պետք է մուծեր 3 մլն. 245 հազար ֆունտ ստերլինգ։ Սակայն արտաքին և ներքին կարևորագույն հարցերը մնում էին Լոնդոնի իրավասության ներքո։ Բայց Գլադստոնի ներկայացրած հոմրուլի այս սահմանափակ օրինագծին պառլամենտում դեմ են դուրս գալիս ինչպես պահպանողականները, այնպես էլ Գլադստոնի գլխավորած լիբերալ կուսակցության պատգամավորների մի մասը։ Եվ 1886 թ. հունիսի 7-ին հոմրուլի մասին օրինագծին պահպանողականներն ու նրանց միացած լիբերալների մի մասը դեմ են քվեարկում։ Այս օրինագծի պատճառով լիբերալների կուսակցությունը 1886 թ. պառակտվում է և պառակտված մասը անվանափոխվում է լիբերալ յունիոնիստների կուսակցություն։ Պարտություն կրած Գլադստոնը հրաժարական է տալիս։ Ընդդիմության մեջ գտնվելիս՝ Գլադստոնը օգտագործել է Հայկական հարցը որպես պահպանողականների դեմ քաղաքական պայքարի միջոց, իսկ իշխանության գլուխ անցնելով շարունակել է պահպանողականների նույն ծավալապաշտական քաղաքականությունը, իր վարչապետ լինելու ժամանակաշրջաններում որևէ գործնական քայլ չանելով արևմտահայության վիճակը բարելավելու ուղղությամբ։ Եղել է Մեծ Բրիտանիայում հայանպաստ հանրային կարծիքի ստեղծման նախաձեռնողներից, նրան է պատկանում «Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» թևավոր արտահայտությունը։ 1894-96 թթ. հայկական կոտորածների ժամանակ Աբդուլ Համիդ II-ին անվանել է «մեծ մարդասպան»։

1892 թ. 83 տարեկան հասակում Գլադստոնը չորրորդ անգամ է գալիս իշխանության՝ դառնալով ամենածեր վարչապետն Անգլիայի ամբողջ պատմության ընթացքում։ Ի դեպ, նման երևույթ, երբ քաղաքական գործիչը չորրորդ անգամ դառնում էր վարչապետ, Անգլիայի պատմության մեջ աննախադեպ էր։ Գլադստոնը դարձյալ փորձում է իրագործել հոմրուլի նախագիծը, սակայն 1893 թ. պառլամենտը կրկին մերժում է այն։ Այս անգամ էլ պարտություն կրելով հոմրուլի հարցում Գլադստոնը 1894 թ. մարտին վերջնականապես հեռանում է քաղաքական ասպարեզից։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել

Լինելով քաղաքական գործիչ՝ Գլադստոնը ծավալել է նաև ակտիվ ստեղծագործական գործունեություն։ Նրան հատկապես հետաքրքրում էր անտիկ հեղինակների ստեղծագործությունները, մասնավորապես՝ Հոմերոսի։ 1881 թ. լույս է տեսնում նրա մեծածավալ աշխատությունը “Studies on Homer and Homeric Age’’ վերտառությամբ։ 1876 թ. “Homeric Synchronizm”-ը, քիչ անց էլ մի շարք էտյուդներ նվիրված Հոմերոսին։ Գրել է բազմաբնույթ հոդվածներ նվիրված փիլիսոփայության, պատմության հարցերին, քաղաքական առկա խնդիրներին և այլն։ Դրանք հետագայում 1879 թ. հրատարակվեցին վեց հատորանի ժողովածուով՝ “Gleanings of Past Years”. Իռլանդական խնդրի զարգացմանը զուգընթաց նա գրել է նաև մի շարք հոդվածներ այս թեմայով։ Գլադստոնի նորամուծություններից էին գրքույկներն ու քաղաքական ուղերձները, որոնք 1868 թ. պառլամենտական քարոզարշավից սկսած դարձան Գլադստոնի ներմուծած քաղաքական պայքարի նոր միջոցները, որոնց օգնությամբ հնարավոր էր ներազդել լայն զանգվածների վրա։ Դրանցից էր օրինակ 1868 թ. լույս տեսած «Իռլանդական հարցը» (The Irish Question) գրքույկը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ., էջ 103։
  • Cook R.B. The Grand Old Man, or The Life and Public Services of the Right Hon. William Ewart Gladstone. L., 1898
  • Gunsaulus F.W. William Ewart Gladstone. A Biographical Study. L., 1898
  • Paul H.W. The Life of William Ewart Gladstone. L., 1901
  • Gladstone W.E. The Irish Question. L., 1886.
  • Gladstone, W.E. Studies on Homer and Homeric Age. L., 1858
  • Gladstone W.E. Homeric Synchronizm. L., 1876
  • L. J. Jennings, Mr. Gladstone։ A Study, Edinburgh/ London, 1887
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Գլադստոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 90