Գյուլիստանի մելիքական ապարանք

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյուլիստան (այլ կիրառումներ)

Գյուլիստանի մելիքական ապարանքը գտնվում է Արցախ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի կենտրոնական մասում, գյուղամիջյան ճանապարհների հրապարակաձև խաչմերուկի մոտ՝ շրջապատված բնակելի տներով[1]։ Գյուլիստան գյուղը հայ մելիքությունների շրջանում համանուն գավառի կենտրոնն էր և առավելապես հայտնի է 17-19-րդ[2] դարերի ազգային-ազատագրական պայքարում ունեցած նշանակալի դերով[3]։ Սակայն երկրամասի նվիրական ուխտատեղիների և վաղ միջնադարից հայտնի վանքերի՝ Հոռեկավանքի ու Ջրվշտիկ-Եղիշե առաքյալի վանքի մերձակայքում գտնվող գյուղի պատմությունը կապված է շատ ավելի վաղ անցյալի իրողությունների հետ։ Ուսումնասիրողները գյուղը նույնացնում են Վաչագան Բարեպաշտի օրոք նշանավոր Աղուէ ամրոցի ու գավառի, ոմանք՝ այդ ժամանակաշրջանի Գյուտական արքայանիստ բնակավայրի հետ։

Գյուլիստանի մելիքական ապարանք
Քարտեզ
Քարտեզ
Տեսակապարանք և մշակութային արժեք
Ստեղծում1799
Երկիր Արցախ
ԲնակավայրՎարդաձոր
Ներկա վիճակԿիսավեր
ՀՀ ՊՄԱՀNK1/412

Ապարանքի կառուցման մասին շինարարական արձանագրություն կա գլխատանը արևմուտքից կից դահլիճի շքամուտքի ճակատակալ քարի վրա.

«ՇՆՈՐԻՒՆ ԱՅ ՇԻՆԵՑԱՒ ԱՊԱՐԱՆՍ Ի ԹՎԻՆ Ռ ԵՒ Մ(Ի)Ա (1772) ԵՍ ՅԱԿՈԲՈՍ ԾԱՌԱՅ ԱՅ ԻՇԽՕՂ ԳԵՂՈՅՍ ՈՐԴԻ ԱՆՐԱՀԱՄ ԸՍՊԱՐԱՊԵՏԻՆ»։

Ուշագրավ է, որ արձանագրության թվականի տասնավորն արտահայտող գլխատառի տեղում փորագրված ուղղաձիգ գծիկը տարընթերցումների տեղիք է տվել. թվականը վերծանվել է «ՌՄԱ» (1752), կամ «ՌՄԼԱ» (1782): Սակայն արձանագրության լուսանկարում և չափագրված գրչագրում պարզորոշ երևում է, որ չնայած կցագրերով ու նեղլիկ տառաձևորեվ խիտ փորագրված վիմագրին, տասնավոր տառի ուղղաձիգ մասնիկից հետո թողնված է ընդարձակ տառարանք՝ մինչև միավորի «Ա»-ն։ Ուստի առավել հավանական է, որ այստեղ փորագրողը բաց է թողել ոչ թե տասնավոր «Լ»-ի, այլ՝ «Ի»-ի հորիզոնական մասնիկը։ Ապարանքի կառուցման ստացված «ՌՄԻԱ» (1772) թվականը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ կառուցողը՝ ««Աբրահամ Սպարապետի որդի Յակոբոսը», հիշվում է դրանից երկու տարի անց՝ 1774 թվականի մի փաստաթղթում, որպես «Աբրահամ իւզբաշու որդի Յակովբջան իւզբաշի»։

Ապարանքը կառուցումից ի վեր երբեք չի լքվել. մինչև 1992 թվականը այնտեղ և դրան հետագայում ավելացված սենյակներում ապրում էին Աբրահամ Սպարապետի տոհմի շառավիղ Սեփյանների ընտանիքները։

Աբրահամ Սպարապետը և իր Եսայի ու Սարգիս յուզբաշի-եղբայրները գավառի հին իշխողների ժառանգորդն էին և իրենց հերոսական կենսագրության էջն են թողել 18-րդ դարի առաջին երեսնամյակի հայ ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ։ Դարասկզբին՝ հակաթուրքական թեժ կռիվների շրջանում, Աբրահամ Սպարապետի և նրա զինակից եղբայրների նստոց-ապարանքը, իրոք, եղել է Գյուլիստան բերդում, իսկ դարի կեսերից, բերդը Մելիք-Հովսեփին անցնելուց հետո, Աբրահամի հետևորդների նստավայրը դարձել է նույնանուն գյուղը, որտեղ և կառուցվել է նոր ապարանքը։

Մեղմ թեքությամբ հարավահայաց լանջի վրա կառուցված ապարանքը, չնայած հետագա վերակառուցումներին և հավելումներին, հիմնականում պահպանվել է նախնական հատակաձևը և բաղկացած է գլխատնից ու դրա երկարության չափով երկու կողքից կից մեկական սենյակներից, որոնցից յուրաքանչյուրն ունի երկայնական պատերի շարունակությամբ կազմված առանձին նախասրահ-պատշգամբ։ Ընդ որում, դրանք մեկ՝ ուղղանկուն հիմքով ամբողջություն են կազմում (արտաքուստ՝ 19,7×13,2 մետր) և ետնապատով հպված են լանջին, իսկ ճակատամասի հատակը փոքր-ինչ բարձր է բակից։

Գլխատունը հատակագծում քառակուսի ընդարձակ դահլիճ է (ներքուստ՝ 7,15×7,15×6,2 մետր), քարաշեն գոցվող թաղերով կազմված երդիկավոր գմբեթածածկով։ Մուտքը նախասրահից է՝ ճակատապատի ձախ եզրում և ունի բարավորաքարն ընդգրկող արտաքուստ երկաղեղ, իսկ ներքուստ կիսաշրջանաձև կամարավարտ։ Գլխատան պատերում թողնված տասը մեծ ու փոքր պահարանախորշերը և դեպի կից սենյակներ երկու կողային մուտքերը երկայնական ուղղությամբ դասավորված են համաչափ ու կանոնավոր, իսկ լայնական կողմերում՝ ազատ տեղադրությամբ, և տարբեր բարձրություններ ու կամարավարտներ ունեն (երկաղեղ, կիսաշրջանաձև, հարթաղեղ), ինչը մեծ աշխուժություն է հաղորդում ողջ ներքին տարածքին։ Գմբեթաթաղի հիմքի «թարեք»-դարակ-որմնագոտին մատչելիության համար դրված է ծածկի անցման սահմանից բավականին ներքև, որի պատճառով այն ընդհատվում է մուտքի և խորշերից մի քանիսի բարձր կամարաղեղներով՝ միաժամանակ իր ցածր դիրքով ընդգծելով թե գմբեթածածկի բարձրությունը, թե որմնախորշերի անընդհատ շարքը պատերում։ Որմնագոտուն ամրացված են եղել մետաղական կոփածո-ձևավոր ջահականեր, գլխատան հյուսիս-արևմտյան անկյունում գտնվող աղբյուր-ջրավազանը փակվել է 80-ական թվականներին՝ այդ մասում ծածկի փլուզման պատճառով, իսկ ծխից սևացած պատերն ու առաստաղը վկայում են երբեմնի օջախի գոյության մասին։

Գլխատունը կից սենյակների հետ կապող նեղ ու ցածրիկ մուտքերը հետագայում կիսով չափ փակվել են ու օգտագործվել որպես պահարանախորշեր։ Սենյակները միանման թաղակապ շինություններ են (արևմտյանը ներքուստ՝ 3,8×6,4 մետր, արևելյանը՝ 4,25×7,05 մետր)՝ իրենց լայնության չափով կազմված թաղակապ-երեսբաց նախասրահներով, որտեղից և մեկական մուտք, իսկ արևելյանը ունի նեղ պատուհան դրանից վեր։ Սրանք լուծված են դարին բնորոշ պարզ, կամարակապ շքամուտքերի ձևով, արևմտյանի բարավորին շինարարական արձանագրություն է։

Սենյակների ետնապատի կենտրոնում օջախ-բուխարիներ են. արևմտյանում՝ դրանից վեր տեղադրված լամպաքար-ճրագակալով, իսկ արևելյանում՝ զույգ կամարախորշերով։ Արտաքին երկայնական պատերում ևս պահարանախորշեր են եղել, որոնցից միայն մեկն է մնացել. մյուսները հետագայում լայնացվել ու վեր են ածվել մուտքերի և պատուհանների։

1919 թվականին ապարանքը վերակառուցվեց, պայմանավորված նահապետական ընտանիքի տրոհմամբ, լայն բացվածքներ ունեցող պատերով փակվել ու սենյակների են վերածվել կամարակապ-երեսբաց նախասրահները, դրանց ողջ ճակատի երկայնքով, խուլ կիսահարկի վրա ավելացվել է փայտաշեն սյուներով պատշգամբ, քանդվել է ապարանքի շրջապարիսպը։

Այնուամենայնիվ ապարանքի նախնական ճակատային լուծումը լիովին պատկերացնելի է, արևմտյան սենյակի նախասրահում պահպանվել է թաղածածկի պահունակավոր և երկշար ճակատակամարի ստորին մասը, իսկ փայտաշեն պատշգամբի աստիճաններում օգտագործված են գլխատան նախասրահի քառակող, տաշված անկյուններով սյան և դրա տրամատավոր վերնասալի բեկորները։ Գլխատան նախասրահը եղել է սյունազարդ ու կամարակապ, ունեցել է հարթ ծածկ, իսկ սենյակների նախասրահներն իրենց թաղածածկը եզերող կամարներով բացվել են դեպի բակ։

Բակը, դատելով պահպանված պարսպապատերի մնացորդներից և տեղանքի պայմաններից, տարածվել է շինությունների հարավային և արևմտյան կողմերում, իսկ արևելքից սահմանափակվել է այդ կողմում առկա երկայնական եզրապատի շարունակությամբ կազմված պարսպով։

Ապարանքի բոլոր բացվածքների, որմնախորշերի ու կամարների եզրաշարվածքը իրականացված է սրբատաշ, իսկ 1,1 մետր հաստությամբ պատերն ու թաղերը՝ կոպտատաշ որձաքարերից։ Ընդ որում, դրանք հետագայում մասամբ սվաղվել են ծղոտախառն կավաշաղախով և սպիտակեցվել կրաջրով։

Չնայած համեստ չափերին, Գյուլիստանի ապարանքն իր հազվագյուտ շինարարական արձանագրությամբ և դրա մեջ շինության բնույթի վերաբերյալ հիշատակությամբ, հստակ ու կուռ հատակագծային կառուցվածքով և բավականին ամբողջական պահպանվածությամբ յուրովի տեղ ունի ուշ միջնադարյան մելիքական ապարանքների շարքում և քարակերտ գլխատան հորինվածքային առանցքի շուրջն ստեղծված իր անպաճույճ ճարտարապետությամբ ներկայացնում է այդօրինակ հուշարձանների հասուն ու ավարտուն հորինվածքային տիպատարբերակներից մեկը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Գյուլիստանի մելիքություն». 2018 թ․ հունվարի 13. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Արցախի պատմություն։ Հնադարից մինչև մեր օրերը — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  3. «Խամսայի Մելիքությունները — Գրապահարան». grapaharan.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.

Գրականություն

խմբագրել
  1. Ա. Ղուլյան, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, էջ 43-49։
  2. Մ. Բարխուդարեանց, Արցախ, էջ 241։
  3. Ս. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե., 1963, էջ 34։
  4. Կ. Ղահրամանյան, Նյութեր Գյուլիստանի մելիքության պատմության վերաբերյալ, «Լրաբեր հաս. գիտ.», 1979, 12, էջ 116։
  5. Ե. Լալայան «Գանձակի գավառ», Երկեր, հտ. 2, էջ 304։