Գրիգոր Սաղյան
Գրիգոր Միքայելի Սաղյան (մարտի 10 (22), 1880[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 22, 1937), հայ բժիշկ, թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1904)։
Ծնվել է | մարտի 10 (22), 1880[1] |
---|---|
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1937 (57 տարեկան) |
Մահվան պատճառ | հրազենային վերք |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ենայի համալսարան (1903)[1] |
Մասնագիտություն | phthisiatrist |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1904) |
Աշխատավայր | Ադրբեջանի բժշկական հիմնարկությունների գլխավոր տեսուչ-հսկիչ Աբասթումանի տուբերկուլոզային առողջարանի տնօրեն |
Ամուսին | Սառա Սաղյան |
Զավակներ | Արմիկ Սաղյան Նինա Սաղյան Մարո Սաղյան |
Կենսագրություն
խմբագրելԳրիգոր Միքայելի Սաղյանը ծնվել է 1880 թվականին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Տարրական կրթությունը ստացել է Շուշիում, միջնակարգը՝ Բաքվի ռեալական դպրոցում։
1903 թվականին ավարտել է Ենայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1904-1909 թվականներին մասնագիտացել է Բեռլինի մանկաբուժական, ներքին հիվանդությունների և տուբերկուլոզային հիվանդությունների կլինիկաներում։ Ավարտելուց հետո, 1904 թվականին, «Արյան պատկերը, մասնավորապես լեյկոցիտների փոփոխությունը պլևրիտի ժամանակ» թեմայով դոկտորական ատենախոսություն է պաշտպանել, որը Լայպցիգում հրատարակվել է գերմաներենով։
1909 թվականին վերադարձել է Բաքու և աշխատել քաղաքի տարբեր հիվանդանոցներում։ Ամառային արձակուրդներին այցելել է Շուշի և նրա շրջակա գյուղերը՝ բուժկայաններ հիմնելու և բուժօգնություն ցուցաբերելու համար։ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելու կապակցությամբ զորակոչվել է Ռուսական բանակ և որպես գլխավոր բժիշկ ծառայել է թուրքական ռազմաճակատում, ապա՝ պահեստային հոսպիտալներում։ 1915 թվականին Մեծ եղեռնի օրերին կազմակերպել է հայկական որբանոցներ, որտեղ պատսպարվել են հազարավոր որբեր։
Գործունեությունը 1918 թվականից հետո
խմբագրել1918 թվականին Բաքվում կազմակերպել է անվճար բժշկական օգնություն և ջանք ու եռանդ չի խնայել երեխաների և մեծերի շրջանում թոքախտը արմատախիլ անելու գործում։ Եղել է Ադրբեջանի բժշկական հիմնարկությունների գլխավոր տեսուչ-հսկիչը։
1918 թվականին Հայաստանի Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրերին եկել է Հայաստան։ Այստեղ ստանձնել է Հայաստանի որբանոցային գործերի գլխավոր լիազորի և գաղթականների ու որբերի տեղավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Զգալի աշխատանք է կատարել որբանոցների ցանցի ընդլայնման և որբերի կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։
1921 թվականին տեղափոխվել է Դիլիջան և շարունակել թոքախտով հիվանդների բուժման գործը։ Դիլիջանում հիմնել է մանկական տուբերկուլոզային առաջին դիսպանսերը։ 1923-1924 թվականներին աշխատել է Աբասթումանի տուբերկուլոզային առողջարանի տնօրեն։
Թիֆլիսում աշխատել է Ս. Շահպարոնյանի հիվանդանոցում և եղել Հովհաննես Թումանյանի բուժող բժիշկներից մեկը։ Մեծ գրողը նրան նվիրել է իր քառյակներից երկուսը։
– Էս է, որ կա..ճիշտ ես ասում, թասըդ բեր։ – Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բեր։ - օգոստոսի 14, 1922 թ.:
|
1924 թվականին վերադառնալով Հայաստան, շարունակել է բժշկական գործունեությունը։ Նրա նախաձեռնությամբ Դիլիջանում սկսել են գործել 2 առողջարաններ, շահագործման է հանձնվել 2-րդ տուբերկուլոզային հիվանդանոցը։ 1927 թվականին Երևանում կազմակերպել և ղեկավարել է հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերը։ 1936 թվականին կազմակերպել է Երևանի տուբերկուլոզային ԳՀԻ-ը, որը գործել է մինչև 1940 թվականը։
Եղել է թոքախտով հիվանդ Աղասի Խանջյանի անձնական բժիշկը։
Մահը
խմբագրել1936 թվականի հուլիսի 9-ին, Թբիլիսիում Լ. Բերիայի կողմից Աղասի Խանջյանի սպանվելուց հետո դիակը բերվել է Երևան։ Մինչև թաղելը դիակը զննել են բժիշկներ Գրիգոր Սաղյանը, Հարություն Միրզա-Ավագյանը և Հեքիմայնը[փա՞ստ]։ Հետազոտելով դիակը բժիշկները համոզվել են, որ դա չէր կարող ինքնասպանություն լինել, ուստի հրաժարվել են ինքնասպանության մասին ակտը ստորագրելուց։
1937 թվականի հուլիսի 27-ին ձերբակալվել է։ Մեղադրվել է իբր հակախորհրդային, ազգայնական կազմակերպության անդամ լինելու և վնասարարությամբ զբաղվելու մեջ։ 1937 թվականի դեկտեմբերի 22-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից դատապարտվել է գնդակահարության։
1956 թվականին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից հետմահու արդարացվել է։
1965 թվականին ՀԽՍՀ ՆԽ որոշմամբ Գրիգոր Սաղյանի անունով է կոչվել Դիլիջանի թիվ 2 հակատուբերկուլոզային առողջարանը[2]։
Գիտական աշխատանքներ
խմբագրելԳիտական աշխատանքները վերաբերում են Դիլիջանում թոքերի, ոսկրահոդային տուբերկուլոզի բուժման հարցերին։ Հեղինակ է բազմաթիվ աշխատությունների։
Գրիգոր Սաղյանը մեծ սեր է ունեցել գրականության նկատմամբ, ինքն էլ ստեղծագործել է։ Անձնական մտերմություն է ունեցել Զապել Եսայանի, Լեոյի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի հետ։ Գրիգոր Սաղյանի բանաստեղծություններից մի քանիսն առաջին անգամ հրատարակվել են Լևոն Անանյանի «Բժիշկ Սաղյանի երեք կյանքը» (Երևան, 1984) գրքում[3]։
Մենագրություն
խմբագրել«Դիլիջանը` որպես լեռնակլիմայական և ջրաբուժական առողջարան» 220 էջ։
Ընտանիք
խմբագրել- Կինը՝ Սառա Սաղյան, գերմաներեն բնագրից հայերեն է թարգմանել գերմանուհի գրող Աննա Զեգերսի «Մեռածները երիտասարդ են մնում» (Երևան, 1954) վեպը։
- Որդին՝ Արմիկ Սաղյան, 1914 թվական Աստրախանում մահացել է համաճարակից։ Այդ օրերին Սաղյանը ծառայում էր բանակում։ Լսելով մանկահասակ որդու մահվան լուրը՝ նրա մազերը մեկ օրում լրիվ սպիտակել են։
- Դուստր՝ Նինա Սաղյան (1906-1993), դաշնակահարուհի, մանկավարժ, պրոֆեսոր։ Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։
- Դուստր՝ Մարո Սաղյան (1910-1974), ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Ռուսերեն է թարգմանել Նար-Դոսի «Պայքարը», Խաչիկ Հրաչյանի «Ուրցի Մարան», Ստեփան Ալաջաջյանի «Անապատում» գործերը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 153)։ |