Եղնջացան
Եղնջացան (լատին․՝ urticaria) հիվանդություն, որը բնութագրվում է մաշկի վրա շոշափվող, բաց վարդագույն, քոր առաջացնող տարրերի առաջացմամբ, որոնք կենտրոնում գունատ են և իրենցից ներկայացնում են սահմանափակ հատվածի, հիմնականում մաշկի պտկիկավոր շերտի այտուց։ Իրենց տեսքով հիշեցնում են եղինջ բույսի առաջացրած պատկերը, որտեղից էլ ստացել է իր հայերեն անվանումը։ Այս տարրերը կարող են լինել տարբեր ձևերի ու չափերի, տեղային կամ գեներալիզացված։ Կարող են առաջանալ մաշկի տարբեր հատվածներում, հայտնվում են արագ՝ րոպեների ընթացքում և անհետանում են ժամերի ընթացքում՝ չթողնելով որևէ հետք։ Եղնջացանի տարատեսակ է Կվինկեի այտուցը(հսկա եղնջացան, անգիոնևրոտիկ այտուց), որի ժամանակ այտուցը տարածվում է ավելի խոր շերտեր՝ ընդգրկելով դերման և ենթամաշկային շերտը։ Սուր եղնջացանը բավականին տարածված հիվանդություն է։ Ըստ որոշ ամերիկյան հետազոտությունների բնակչության 15-20%-ը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ունեցել է եղնջացանի դրվագ։ Շատ երկրներում եղջացանը ալերգիկ հիվանդությունների մեջ զբաղեցնում է երկրորդ, որոշ երկրներում(Ճապոնիա)՝ նույնիսկ առաջին տեղը։ Այն կարող է հանդիպել ցանկացած տարիքում։
Եղնջացան | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն և Ալերգիաբանություն |
ՀՄԴ-10 | L50 |
Urticaria Վիքիպահեստում |
Դասակարգում
խմբագրելԸստ ավանդույթի տարբերում են եղնջացանի սուր և քրոնիկ ձևեր։ Սուր եղնջացան ենթադրվում է, եթե եղնջացանի դրվագներ դիտվում են մինչև 6շաբաթ տևողությամբ։ Իսկ եթե այդ երևույթները շարունակվում են 6 շաբաթից ավել տևողությամբ, ապա դասակարգվում է որպես քրոնիկ եղնջացան։ Եթե սուր եղնջացան ավելի հաճախ դիտվում է երեխաների և երիտասարդների շրջանում, ապա քրոնիկ եղնջացանը ավելի բնորոշ է 20-40 տարեկան անձանց։ Սուր եղնջացանը զարգանում է ի պատասխան սննդամթերքի (կաթ, ձու, ընկուզեղեն, ծովային սնունդ) կամ դեղորայքի(պենիցիլին, ասպիրին և այլ ՈՍՀԴ)։ Երեխաների մոտ շատ սուր եղնջացանը կարող է կապված լինել վիրուսային ինֆեկցիայի հետ։ Քրոնիկ եղնջացանով հիվանդների մոտ շատ դեպքերում պատճառը մնում է անհայտ, այսինքն հանդիսանում է իդիոպաթիկ։ Ներկայումս առանձնացնում են քրոնիկ եղնջացանի հետևյալ տեսակները՝
- քրոնիկ իդիոպաթիկ եղնջացան
- քրոնիկ եղնջացան, պայմանավորված ֆիզիկական գործոններով
- այլ ծագման եղնջացան, այդ թվում նաև ալերգիկ
Ըստ էթիոլոգիայի ֆիզիկական եղնջացանը կարող է լինել՝
- դերմատոգրաֆիկ
- ցրտային
- վիբրացիոն
- խոլիներգիկ
- արևային
- մեխանիկական ճնշումից
- ակվագեն
Ախտաֆիզիոլոգիա
խմբագրելԵղնջացանի ախտաֆիզիոլոգիայի հիմքում ընկած է պարարտ բջիջների ակտիվացումն ու ապահատիկավորումը՝ տարբեր իմունաբանական և ոչ իմունաբանական մեխանիզմերով հիստամինի և այլ միջնորդանյութերի ձերբազատմամբ։ Հիստամինն ունի անմիջական ազդեցություն արյան անոթների H1-ընկալիչների վրա՝ բերելով անոթալայնացման և անոթների թափանցելիության աճի, որի արդյունքում դիտվում է ենթամաշկային և ենթալորձային այտուցի առաջացում։ Այն նաև խթանում է մաշկային նյարդավերջույթները՝ առաջացնելով քոր։
Ախտորոշում
խմբագրելԵղնջացանի առաջացման պատճառը պարզելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ անամնեզ հավաքել։ Պետք է մանրամասն ուսումնասիրել ցանի առաջացմանը նախորդող դեպքերը, ինչպիսիք են սննդի կամ դեղի ընդունումը, միջատի խայթոցը կամ քիմիական գրգռիչ նյութի հետ շփումը։
Ախտորոշման համար ցուցված են մի շարք թեստերի անցկացում, ինչպիսիք են հրահրիչ փորձերը, փաթչ թեստը, ներմաշկային կամ փրիք թեստերը։ Չնայած մանրամասն հավաքած անամնեզին և համապատասխան հետազոտություններին՝ առաջացման պատճառը 50% դեպքերում մնում են անորոշ։
Պատճառներ
խմբագրելՊատճառներ | օրինակներ |
---|---|
սննդամթերք | կաթ, ձու, ընկուզեղեն, ծովային սնունդ, մրգեր, ինչպես օր.՝ ելակ, համեմունքներ և այլն |
դեղեր | հակբիոտիկներ, ասպիրին, ՈՍՀԴ, ԱՓՖ-պաշարիչներ |
վիրուսային վարակներ | |
միջատի խայթոցներ | մեղու, իշամեղու |
ալերգենային իմունոթերապիա | ծաղկափոշու կամ տան փոշու տզի ալերգենի մզվածք |
այլ | լատեքս, արյան պատրաստուկներ, ռադիոկոնտրաստային նյութեր |
իդիոպաթիկ |
Սննդային ալերգիան սուր եղնջացանի կարևոր պատճառներից է։ Այն սովորաբար առաջանում է IgE-միջնորդված մեխանիզմով։ Միայն անամնեզը կարող է բավարար լինել ախտորոշման համար, եթե հաստատվում է պատճառահետևանքային կապը, այսինքն ռեակցիան առաջանում է սննդի ընդունումից քիչ անց, մեկից ավելի անգամներ։ Եղնջացանի սննդային գործոններն են կաթը, ձուն, ձուկը, ընկուզեղենը և մրգերը։ Եթե կասկած կա, ապա կատարվում է սննդի օրալ հրահրման փորձ կամ կասկածելի սննդամթերքի կամ սննդահավելումի բացառման ստանդարտ գործընթաց։ Այս ամենը պետք է արվի միայն համապատասխան բժշկական հսկողության տակ։ Դեղերը ևս սուր եղնջացանի կարևոր պատճառներից են։ Որպես պատճառային գործոն հաճախ հանդես են գալիս հակաբիոտիկները և ցիկլօքսիգենազայի պաշարիչները, ինչպիսիք են ասպիրինը և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը։ Այնուամենայնիվ մի շարք այլ դեղեր, ներառյալ միզամուղները, հակահիպերտենզիվները, տրանկվիլիզատորները և մկանային միոռելաքսանտները, ևս կարող են առաջացնել ռեակցիա։
Ինհալացիոն ալերգենը սովորաբար չի առաջացնում եղնջացան։ Այնուամենայնիվ, ծաղկափոշու կամ կատվի թեփի հանդեպ խիստ գերզգայուն անձանց մոտ կարող է զարգանալ եղնջացան ուղղակի շփումից։
Լատեքսի հանդեպ ալերգիան կարող է առաջացնել եղնջացան և մաշկին հպման, և լատեքսի ալերգենի ինհալացիայի հետևանքով։
Բուժում
խմբագրելՊետք է հնարավորության դեպքում հայտնաբերել եղնջացանի առաջացման պատճառը և բացառել շփումը նրա հետ։ Հիստամինի ազդեցությունը կարող է պաշարվել հակահիստամինային դեղերով։
Գրականություն
խմբագրել- Пыцкий В.И., Адрианова Н.В., Артомасова А.В. Аллергические заболевания
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղնջացան» հոդվածին։ |