Էլիզաբեթ Բերոուզ Աշեր
Էլիզաբեթ Ֆրիման Բերոուզ Աշեր (անգլ.՝ Elizabeth Freeman Barrows Ussher, հոկտեմբերի 20, 1873[1], Կեսարիա, Օսմանյան կայսրություն - հուլիսի 14, 1915[1], Վան, Օսմանյան կայսրություն)[2], ամերիկացի քրիստոնյան միսիոներ, Հայոց ցեղասպանության ականատես։ Հայ ժողովրդի հանդեպ թուրքական իշխանությունների կատարած քայլերը որակել է որպես «համակարգված և խոշորածավալ կոտորած»։
Էլիզաբեթ Ֆրիման Բերոուզ Աշեր Elizabeth Freeman Barrows Ussher | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1873[1] |
Ծննդավայր | Կեսարիա, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 14, 1915[1] (41 տարեկան) |
Մահվան վայր | Վան, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Ամերիկացի |
Կրոն | Քրիստոնեություն |
Կրթություն | Գաուչեր քոլեջ և Նորթֆիլդ Մաունթ Հերմոն դպրոց |
Մասնագիտություն | միսիոներուհի |
Ամուսին | Կլերենս Աշեր (1900-1915) |
Ծնողներ | Ջոն Օտիս Բերոուզ |
![]() |


Եղել է ամերիկյան բժիշկ, միսիոներ Կլերենս Աշերի կինը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1873 թվականի հոկտեմբերի 20-ին, Կեսարիա քաղաքում՝ ամերիկյան քրիստոնյա միսիոներների ընտանիքում։ Էլիզաբեթի եղբոր թույլ առողջական վիճակի պատճառով Բերոուզների ընտանիքը 1875 թվականին որոշում է տեղափոխվել արևմտյան Թուրքիայի Մանիսա քաղաքը՝ հուսալով, որ մթնոլորտի փոփոխությունը դրական կերպով կանդրադառնա երեխայի առողջական վիճակի վրա։ Մանիսայում ընտանիքը ծանոթանում է այնտեղ արդեն իսկ հաստատված այլ միսիոներական ընտանիքիների հետ։ Երբ տղայի առողջական վիճակը լավանում է, Բերոուզները որոշում են մեկնել Կոստանդնուպոլիս։ Ընտանիքը որոշում է հաստատվել Պոլսի Բեշիկթաշ արվարձանում[2]։
Երբ Էլիզաբեթը բոլորում է յոթ տարեկանը, Բերոուզների ընտանիքը որոշում է այցելություն կատարել Միացյալ Նահանգներ։ Ընտանիքն ի վերջո հաստատվում է Ատկինսոն բնակավայրում (Նյու Հեմփշիր նահանգ)։ Տասնմեկ տարեկանում Էլիզաբեթը մկրտվում է Ատկինսոնի եկեղեցում։ Այնուհետև Բերոուզների ընտանիքը տեղափոխվում է Նյուինգթոն բնակավայր (Կոնեկտիկուտ նահանգ), որտեղ էլ Էլիզաբեթն ստանում է իր վաղ կրթությունը։ Այնուհետև՝ 1888 թվականին՝ 14 տարեկանում, Էլիզաբեթը շարունակում է կրթությունը հայտնի ավետարանչական քարոզիչ Դուայթ Մուդիի վարժարանում։ Ավելի ուշ Բերոուզն ընդունվում է Նորթֆիլդի ճեմարան, որտեղ ուսանում է երեք տարի։ Վերադառնալով Նյուինգթոնի իր հայրական տունը՝ Բերոուզն սկսում է ուսուցանել տեղի դպրոցում։ 1895 թվականին, մոտ մեկ տարի ուսուցչական գործունեությամբ զբաղվելուց հետո, Բերոուզն ընդունվում է Գաուչերի քոլեջ (Բալթիմոր, Մերիլենդ)։ Քոլեջի ընկերների կողմից Բերոուզն ստանում է «Բեթ» մականունը[2]։
Ճեմարանն ավարտելուց հետո Բերոուզը որոշում է վերադառնալ Օսմանյան Կայսրություն և հանդես գալ որպես կրոնական միսիոներ։ 1899 թվականի հոկտեմբերի 18-ին նա սկում է նավարկությունը Բոստոնի նավահանգստից և հասնում է Կոստանդնուպոլիս, որտեղ մնում է շուրջ հինգ օր, այնուհետև նավով մեկնում Տրապիզոն։ Տրապիզոնից հետո Բերոուզը մեկնում է Էրզրում, և վերջապես՝ Վան, որտեղ էլ նրան դիմավորում են Կլերենս Աշերը և մյուս միսիոներները։ Միևնույն ժամանակ Կոստանդնուպոլսից հրաման է արձակվում, որ Բերոուզն անմիջապես վերադառնա մայրաքաղաք, քանի որ թուրքական իշխանությունները նրան կասկածում էին Հայ ազգային-ազատագրական շարժման մեջ որոշակի մասնակցություն ունենալու մեջ։ Կասկածի պատճառն այն էր, որ Բերոուզն հեռագիր էր ստացել «Հայ օգնության միության» Անգլիայի մասնաճյուղից, որում նրան խնդրում էին խնամել հայ որբացած մանուկներին։ Էրզրումի ամերիկյան հյուպատոսների միջամտությամբ Բերոուզին թույլատրվում է խնամել հայ երեխաներին։ 1900 թվականի հունիսի 26-ին Բերոուզն ամուսնանում է Աշերի հետ։ Պսակադրության արարողությունը տեղի է ունենում Վանի եկեղեցիներից մեկում։ Արարողությանը մասնակցում են բազմաթիվ օսմանյան գործիչներ, ինչպես նաև հայկական համայնքի երևելի անդամներ[2]։
Ամուսնությունից հետո Էլիզաբեթ Աշերը սկսում է դասավանդել Վանի աղջիկների դպրոցում, ինչպես նաև զբաղեցնել դպրոցի երաժշտական բաժնի ղեկավարի պաշտոնը։ Բացի այդ Աշերն սկսում է երկրամասի մի շարք այլ դպրոցներում աստվածաշնչյան ուսումնասիրություններ դասավանդել և դառնում է Վանի «Երիտասարդ կանանց քրիստոներական ասոցիացիայի» (YWCA) անդամ։ Աշերի միջնորդությամբ օթևան է տրվում հայ որբ մանուկներին և այրի կանանց՝ վերջիններիս սովորեցնելով արվեստի և արհեստի տարբեր տեսակներ։ Որբերի և այրիների ձեռքերով պատրաստված արտադրանքը հաջողությամբ վաճառվում էր աշխարհի տարբեր անկյուններում։ Մի քանի տարի ուսուցանելուց հետո, Աշերը 1908 թվականին որոշում է վերադառնալ Միացյալ Նահանգներ և այցելել ընտանիքին։ Կոնեկտիկուտ նահանգի Սթոնինգթոն բնակավայրում ընտանիքի մեկ տարի անցկացնելուց հետո, Աշերը կրկին որոշում է վերադառնալ Արևմտյան Հայաստան։ Աշերը նավով հասնում է Բաթումի նավահանգիստ։ Թիֆլիսում կարճ դադար ունենալուց հետո Աշերը մեկնում է Էջմիածին և մասնակցում Ամենայն հայոց կաթողիկոս Մատթևոս II Իզմիրլյանի օծման արարողությանը։ Այնուհետև Աշերը մեկնում է Իգդիր և ի վերջո վերադառնում է Վան։ Մի քանի տարի անց բռնկվում է Առաջին աշխարհամարտը[2]։
Աշերը և ցեղասպանությունը
խմբագրելՀայոց ցեղասպանության տարիներին Աշերն հաստատված էր Վան քաղաքում։ Վանի ինքնապաշտպանության ժամանակ նա իր անձնական օրագրում գրի էր առնում ամենօրյա դիպվածների մասին, որոնք հետագայում (1917) հրատարակվում են հոր՝ Ջոն Օտիս Բերոուզի կողմից՝ «Արարատի երկրում` Թուրքիայի միսիոներ և Առաջին աշխարհամարտի մարտիրոսուհի Միսս Էլիզաբեթ Ֆրիման Բերոուզի կյանքից մի պատառ» վերնագիրը կրող գրքում։
Մահը
խմբագրելԱշեր ամուսինները հսկայական օգնություն էին ցուցաբերում վիլայեթի գաղթական հայերին՝ հարյուրավոր ընտանիքների ապաստան տալով իրենց իսկ տանը։ Տանը տիրող վիճակի մասին Էլիզաբեթը նշում էր. «Յուրաքանչյուր հնարավոր կետ լեփ-լեցուն է ընտանիքներով` անկողնային աննշան հարմարանքներով, լացող երեխաներով և մերկության, սննդի պակասի ու վախի պատճառով տկարացածներով»[2]։
Ի վերջո Աշերն հիվանդանում է բծավոր տիֆով, որը բռնկվել և արագորեն տարածվել էր գաղթականների շրջանում։ Նա մահանում է 1915 թվականի հուլիսի 14-ին և թաղվում Վանում։
Բծավոր տիֆով վարակվել և կոմայի մեջ էր ընկել նաև Կլերենս Աշերը, սակայն բարեբախտաբար կարողացել էր հաղթահարել հիվանդությունը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://uli.nli.org.il/F/?func=find-b&local_base=NLX10&find_code=UID&request=987010311793105171
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ջոն Օտիս Բերոուզ, «Արարատի երկրում` Թուրքիայի միսիոներ և Առաջին աշխարհամարտի մարտիրոսուհի Միսս Էլիզաբեթ Ֆրիման Բերոուզի կյանքից մի պատառ» PDF ֆայլ, բեռնելի
Գրականություն
խմբագրել- Balakian, Peter (2009). The Burning Tigris. HarperCollins. ISBN 0061860174.
- Barrows, John Otis (1916). In the Land of Ararat: A Sketch of the Life of Mrs. Elizabeth Freeman Barrows Ussher, Missionary to Turkey and a Martyr of the Great War. Fleming H. Revell.
- Boyajian, Dickran H. (1972). Armenia: the case for a forgotten genocide. Westwood, N.J.: Educational Book Crafters. ISBN 0912826029.
- Gherasim, Teodor (2006). Ancient Dictators and Modern Tyrants. AuthorHouse. ISBN 1463490070.
- Herrera, Hayden (2003). Arshile Gorky: his life and work (1st ed.). Farrar, Straus and Giroux. ISBN 0374529728.
- Knapp, Grace H. (1915). The mission at Van in Turkey in war time. Prospect Press.
- Oren, Michael B. (2011). Power, Faith, and Fantasy: America in the Middle East: 1776 to the Present. Transaction Publishers. ISBN 0-393-34152-6.
- Ussher, Clarence (1917). An American Physician in Turkey: A Narrative of Adventures in Peace and in War. Houghton Mifflin Company.