Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թունիս (այլ կիրառումներ)

Թունիսի Հանրապետություն (արաբ․՝ الجمهورية التونسية‎‎), պետություն Հյուսիսային Աֆրիկայում։ Հյուսիսից և արևելքից ողողվում է Միջերկրական ծովով։ Սահմանակից է Ալժիրին և Լիբիային։ Տարածությունը 163, 6 հզ կմ² է, բնակչությունը՝ 11 565 204 մարդ (2018)[9]: Մայրաքաղաքը՝ Թունիս։ Վարչականորեն բաժանվում է 18 գովերնորատի (նահանգի)՝ Բեջա, Բիզերատա, Դաբես, Գաֆսա, Ջենդուբա (Սուկ Էլ-Արբա), Կայրուան, Կասերին, Մահդիա, Մեդենին, Մոնաստիր, Նաբուլ (Նաբել), Կամուդա, Սիլիանա, Սուս, Սֆաքս, Թունիս, Թունիս-Հարավային, Էլ-Կեֆ։

România
Թունիսի Հանրապետություն
الجمهورية التونسية դրոշ
Դրոշ
الجمهورية التونسية զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Թունիսի Օրհներգ
الجمهورية التونسية դիրքը
الجمهورية التونسية դիրքը
Թունիսի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Թունիս
Պետական լեզուներ Արաբերեն
Կառավարում Խորհրդարանական Հանրապետություն
 -  Նախագահ Մոնսեֆ Մարզուկի
 -  Վարչապետ Հաբիբ Էսիդ
Հիմնադրում
 -  Թունիսի Հանրապետություն հուլիսի 25 1957 
 -  Թունիսի Հեղափոխություն հունվարի 14 2011 
Տարածք
 -  Ընդհանուր 163, 610 կմ²  (93-րդ)
 -  Ջրային (%) 5
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 11, 037, 225[1]  (77-րդ)
 -  2011 մարդահամարը 10, 629, 186[2] 
 -  Խտություն 66.2 /կմ² (110-րդ)
175 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2012 գնահատում
 -  Ընդհանուր $105.347 միլիարդ[3] (76-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $9, 775[4] (96-րդ)
ՀՆԱ (անվանական) 2012 գնահատում
 -  Ընդհանուր $45.611 միլիարդ[5] (80-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $4, 232[6] (99-րդ)
Ջինի (2010) 35.8[7] (միջին
ՄՆԶԻ (2013) 0.721[8] (բարձր) (90th)
Արժույթ Թունիսյան Դինար (TND)
Ժամային գոտի +1
Ազգային դոմեն .tn
Հեռախոսային կոդ ++216
Թունիսի առաջին նախագահ Հաբիբը

Անվանում

խմբագրել

Անվանումը ստացել է Թունիս քաղաքից[10]։

Պատմություն

խմբագրել

Վաղ շրջան

խմբագրել

Թունիսի տարածքում մարդը բնակություն է հաստատել հնագույն ժամանակներից։ Պահպանվել են ստորին, միջին և վերին պալեոլիթի գործիքներ։ Մ.թ.ա. XII դ. Թունիսի տարածքում հայտնվել են հույները, ապա՝ փյունիկները։ Կարևոր դեր է խաղացել փյունիկների հիմնած Կարթագենը։ Պունիկյան պատերազմների հետևանքով (մ.թ.ա. 264—146) Կարթագենը կործանվել է, Թունիսի տարածքն անցել է Հռոմին, մտել Աֆրիկա պրովինցիայի մեջ։ Մ.թ. I դ. Թունիսում տարածվել է քրիստոնեությունը։ 439-ին վանդալները նվաճել են Թունիսը և նպաստել ֆեոդալական հարաբերությունների ձևավորմանը։

Միջին դարեր

խմբագրել

534-ին նվաճել է Բյուզանդիան, իսկ VII դ. վերջին՝ արաբները։ VII դ. վերջին—VIII դ. սկզբին տիրապետող կրոնը դարձել է իսլամը։ 800-ին Թունիսը անջատվել է Աբբասյանների խալիֆայությունից, դարձել ինքնուրույն պետություն՝ Աղլաբյանների (800—909), ապա արաբական այլ դինաստիաների իշխանության տակ։ XVI դ. Թունիսը զավթել են թուրքերը և դարձրել Օսմանյան կայսրության նահանգ։ 1705-ին Հուսեյնյանների դինաստիան հիմնել է ինքնուրույն պետություն։ Արտաքին առևտրի աճը և ապրանքա-դրամական հարաբերությունների զարգացումը պայմանավորեցին սոցիալական վերափոխումները XIX դ.:

Նոր շրջան

խմբագրել

1830-ին ստեղծվեցին Թունիսի կանոնավոր բանակի առաջին միավորումները, հիմնվեցին պետական գործարաններ և ֆաբրիկաներ, բացվեցին աշխարհիկ ուսումնական հաստատություններ։ 1861-ին լիբերալ բարեփոխիչ Հայրադդին ատ-Թունիսիի նախագահությամբ ընդունվեց Թունիսի 1-ին սահմանադրությունը («Դեստուր»)։

Ֆրանսիական Գաղութ

խմբագրել

XIX դ. 50-ական թթ. եվրոպական կապիտալիստները կոնցեսիաներ ստացան Թունիսում։ Հարկային ճնշումն ու եվրոպացիներին արտոնություններ տրամադրելը դժգոհություն առաջացրին բնակչության մեջ և հանգեցրին 1864-1865-ի ապստամբությանը։ 1869-ին Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան Թունիսում հաստատեցին միասնական ֆինանսական հսկողություն։ 1881-ին ֆրանսիական զորքերը ներխուժեցին Թունիս և ստիպեցին պայմանագիր ստորագրել պրոտեկտորատի մասին։ Թունիսը փաստորեն դարձավ Ֆրանսիայի գաղութը։ Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ Թունիսում ուժեղացավ ազգային-ազատագրական շարժումը։ 1920-ին հիմնվեց Թունիսի կոմունիստական կուսակցությունը։ Ազգային բուրժուազիան 1920-ին ստեղծեց լիբերալ-սահմանադրական կուսակցությունը (Դեստուր, Դուստուր)։ Այն պահանջում էր սահմանադրական կառավարություն և արաբների իրավունքների հավասարեցում ֆրանսիացիների հետ։ 1934-ին Հաբիբ Բուրգիբան ստեղծեց Նոր դեստուր ձախ ազգայնական կուսակցությունը, որը ազգային-ազատագրական շարժման ղեկավարությունից դուրս մղեց նախկին դեստուրի ղեկավարներին, որոնք հիմնել էին Հին դեստուր կուսակցությունը։ 1940-1942-ին Թունիսը գտնվել է «Վիշիի» կառավարության իշխանության ներքո, ապա այն զավթել են իտալական-գերմանական օկուպատները։ Ֆաշիզմի դեմ հաղթանակը խթանեց ազգային-ազատագրական շարժումը։ Ֆրանսիական գաղութային իշխանությունները որոշ զիջումներ արեցին։

Թունիսի Հանրապետություն

խմբագրել

1946-ին Թունիսը ստացավ Ֆրանսիական միության «Միացված պետության» ստատուս։ 1947 թվականին սկսվեց գործադուլային լայն շարժում։ 1952հունվարին զանգվածային ձերբակալություններ եղան կոմունիստական կուսակցության և արհմիությունների ղեկավարների շրջանում։ Թունիսի հարցը քննարկվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 7-րդ և 8-րդ նստաշրջաններում (1952 և 19531954-ին Ֆրանսիան Թունիսին տվեց ներքին ինքնավարություն, իսկ 1956մարտի 20-ին ճանաչեց նրա անկախությունը։ Ընտրությունների ժամանակ Սահմանադիր ժողովում բոլոր տեղերը ստացավ «Ազգային ճակատ» խմբավորումը՝ Նոր դեստուր կուսակցության ղեկավարությամբ։ Խմբավորման առաջնորդ Հ. Բուրգիբան կազմեց նոր կառավարությունը։ 1957հուլիսի 25-ին Թունիսը հռչակվեց հանրապետություն, նախագահ ընտրվեց Բուրգիբան։ 1957-ին Թունիսը տնտեսական և տեխնիկական օգնության համաձայնագիր կնքեց ԱՄՆ-ի հետ և հավանություն տվեց «Էյզենհաուերի դոկտրինային»։ Թունիսը քայլեր ձեռնարկեց Հյուսիսաֆրիկյան ֆեդերացիա (Թունիս, Ալժիր, Մարոկկո) ստեղծելու ուղղությամբ։ 1962-ին մշակվեց Թունիսի զարգացման 10-ամյա պլան, որի հիմքում ընկավ այսպես կոչված դեստուրյան սոցիալիզմի տեսակետը. տնտեսության մեջ 3 հատվածների (պետական, կոոպերատիվ և մասնավոր) առկայությունը՝ պետության ղեկավար դերով։ Սոցիալ-տնտեսական վերափոխումները հանդիպում էին որոշակի դիմադրության։ 1970-ին պլանի իրագործումը դադարեցվեց, բարեփոխումների կողմնակիցները դուրս եկան կառավարությունից, խրախուսվեց մասնավոր կապիտալը։ 1974-ին Հ. Բուրգիբան ընտրվեց ցմահ նախագահ։ Թունիսը ՄԱԿ-ի (1956-ից), Արաբական պետությունների լիգայի (1958-ից), Աֆրիկայի միասնության կազմակերպության (1963-ից) անդամ է։ Արտաքին քաղաքականության ասպարեզում վարում է դրական չեզոքության քաղաքականություն, հանդես գալիս գաղութատիրության վերացման, միջազգային լարվածության հետագա թուլացման օգտին։

 
Թունիսն արբանյակից
 
Թունիսի կլիմայական քարտեզ

Աշխարհագրություն

խմբագրել

Թունիսի տարածքը ձգվում է հյուսիսից հարավ, Միջերկրական ծովից մինչև Սահարա անապատը՝ մոտ 800 կմ երկարությամբ։ Ափագիծը 1200 կմ է։ Հյուսիսում ծովափը բարձր է, տեղ-տեղ զառիթափ, արևելքում՝ ցածրադիր, ծովալճակներով։ Նշանավոր են Թունիսի, Համամետ, Դաբես ծոցերը և Ջերբա, Կերկենա, Դալիթ կղզիները։ Ռելիեֆը գերազանցապես բլրապատ է։ Տարածքի 1/3-ը զբաղված է Թել Ատլասի ու Սահարական Ատլասի արևելյան լեռնաբազուկներով (1000—1200 մ բարձրությամբ) և միջլեռնային սարավանդներով (Հյուսիտաին և Բարձր Թել)։ Թունիսի լեռնաշղթայի արևմուտքում է գտնվում Շամբի լեռը (1544 մ)՝ երկրի ամենաբարձր կետը։ Տարածքի մնացած մասը հյուսիսում զբաղեցնում է Թունիսի հարթավայրը (Ցածր Թել), հարավում՝ էս-Սահիլը (աշխարհագրական մարզ)։ Երկրի կենտրոնական մասի աղուտային անհոսք ցածրավայրերը՝ շոթերը (Ջերիդ, Էլ-Ղա-սա), ծովի մակարդակից ցած են և եզրավորված են լեռներով։ Երկրաբանական տեսակետից Թունիսը բաժանում են հյուսիսային ծալքածածկութային սինկլինալային (Թել Ատլաս, ավլակոգեն Բերբերիդ՝ Թունիսի Ատլասում) և հարավային՝ պլատֆորմային (Սահարական սալ) մասերի։

Օգտակար Հանածոներ

խմբագրել

Օգտակար հանածոներից կան երկաթ, ֆոսֆորիտներ, նավթ, բնական գազ, ցինկ, կապար, սնդիկ, ֆլյուորիտ, բարիտ, մանգան, կալիումական աղեր են։

Թունիսի մեծ մասում մերձարևադարձային, միջերկրածովային է՝ շոգ ու չոր ամառով, համեմատաբար զով ու խոնավ ձմեռով։ Ծայր հարավում արևադարձային, անապատային է՝ Սահարայից հաճախակի փչող սիրռկո տաք քամիներով։ Ծովափին հուլիսի միջին ջերմաստիճանը 26 °C է, հունվարինը՝ 10 °C, հարավում համապատասխանաբար՝ 33 °C և 11 °C: Տեղումների առավելագույնը լինում է Հյուսիսային Թելում (տարեկան՝ 1000—1500 մմ), Թելի մնացած մասերում՝ 400—600 մմ, Թունիսի լեռնաշղթայից հարավ՝ 100—200 մմ։

Գետերը մեծ մասամբ ունեն ժամանակավոր կամ պարբերական հոսք (ունդներ)։ Խոշոր գետը Մեշերդան է, որի ջրերն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման նպատակներով։ Հյուսիսում են Բիզերտա և Գարաետ Աշկել աղի լճերը։

Հողաբուսական ծածկույթում գերակշռում են միջերկրածովյան տիպերը։ Հյուսիսում տարածված են դարչնագույն կարբոնատային, Ատլասի լեռներում՝ գորշ անտառային, հարավում՝ մոխրադարչնագույն և աղակալած կիսաանապատային և անապատային հողերը։

Բուսական Աշխարհ

խմբագրել

Անտառները պահպանվել են լեռներում, ներկայացված են սաղարթավոր և փշատերև ծառատեսակներով՝ հատկապես կաղնի, խցանակաղնի, սոճի, կենսածառ։ Մեծ տարածություններ են զբաղեցնում մակվիսի թփուտները։ Չոր տափաստաններում և կիսաանապատներում գերակշռում է չորասեր խոտածածկույթը, անապատներում՝ էֆեմեր բույսերը, աղուտներում՝ օշանը, ունդների հովիտներում՝ ակացիան, կարմրանը։

Կենդանական Աշխարհ

խմբագրել

Կենդանական աշխարհը համեմատաբար աղքատ է։ Պահպանվել են հովազը, վայրի խոզը և ոչխարը։ Կիսաանապատներին բնորոշ են վագրակատուն, շնագայլը, վայրի կատուն, աղվեսը, ուղտը և կրծողները։ Բազմազան ու հարուստ է թռչնաշխարհը։ Շատ են սողունները։ Գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցնում մորեխը։ Առափնյա ջրերը հարուստ են ձկներով։ Թունիսում է Զեբել-Բու-Հեդմա արգելանոցը։

Բնակչություն

խմբագրել

Բնակչությունը 2015 թվականի կազմել է 11, 037, 225[1] մարդ։ Բնակչության 99%-ը արաբներն են։ Կան նաև բերբերներ, ֆրանսիացիներ, հույներ։ Պետական լեզուն արաբերենն է, կրոնը՝ իսլամը։ Միջին խտությունը 1 կմ-ի վրա 67 մարդ է։ Քաղաքային բնակչությունը 52% է (2015)։ Խոշոր քաղաքներն են Թունիսը (695 հզ մարդ), Աֆաքսը (560 հզ մարդ), Սուսը (100 հզ մարդ ), Բիզերտան(130 հզ մարդ), Կայրուանը։

Պետական Կարգ

խմբագրել

Թունիսը խորհրդարանական հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1959-ին։ Պետության ղեկավարը և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է։ Նախագահն ընտրում է համաժողովրդական ընտրությունների արդյունքում՝ 5 տարի ժամկետով (ներկայիս նախագահն է Բեջի Սաիդ Էսեբսիը ընտրվել է 2014 թվականի դեկտեմբերի 31-ին)։ Կառավարության ղեկավարը Վարչապետն է։ Օրենսդրական բարձրագույն մարմինը միապալատ խորհրդարանն է՝ Ազգային ժողովը։ Թունիսի դատական համակարգը կազմում են վճռաբեկ դատարանը, երեք ապելյացիոն դատարանները և I ատյանի դատարանները։

Տնտեսություն

խմբագրել

Տնտեսա-աշխարհագրական ակնարկ

խմբագրել

Թունիսը ագրարային երկիր է՝ համեմատաբար զարգացած լեռնահանքային արդյունաբերությամբ։ Աֆրիկյան երկրների մեջ առաջինն է ձիթապտղի և ցորենի արտադրությամբ, ֆոսֆորիտների հանույթով։ Անկախություն ստանալուց հետո ազգայնացվել են երկաթուղիները, առևտրական նավատորմը, քաղաքային տրանսպորտը, կապը, որոշ բանկեր, օտարերկրացիներին պատկանող հողերի մի մասը, սահմանափակվել են ֆրանսիական կապիտալի դերը, ֆեոդ. հողատիրությունը։ Արտաքին առևտրի վրա սահմանված է պետական հսկողություն։ Պետությունը վարում է պետական, կոոպերատիվ և մասնավոր սեկտորների համագործակցելու քաղաքականություն։ Թունիսի տնտեսության ոլորտներն են նավթարդյունաբերությունը, տուրիզմը, ծառայությունների մատուցման ոլորտ՝ 55%, արդյունաբերություն 23% /ֆոսֆատ, երկաթ/, աշխարհում ձիթապտղի արտադրությամբ և արտահանմամբ զբաղեցնում է 2-րդ տեղը, զարգացող կրթական համակարգ, բազմաթիվ երկրների հետ, այդ թվում նաև ՌԴ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ։ Հիմնական գնորդներ՝ Գերմանիա 28%, Ֆրանսիա 22%, Իտալիա 17%, Բելգիա 5%, Լիբիա 4%։ Տնտեսության մեջ թափանցում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի կապիտալը։ Դրամական միավորը թունիսյան դինարն է։

Արտաքին Առևտուր

խմբագրել

Արտահանում է ֆոսֆորիտներ, նավթ, սուպերֆոսֆատ, մետաղի հանքաքար, ձիթայուղ, գինի։ Ներմուծում է մեքենաներ և տրանսպորտային սարքավորումներ, սննդամթերք, լայն սպառման ապրանքներ։ Առևտրական հիմնական գործընկերներն են Եվրոպայի տնտեսական համագործակցության երկրները (հատկապես Ֆրանսիան), ԱՄՆ-ը։

Արդյունաբերություն

խմբագրել

Արդյունաբերության առաջատար ճյուղը լեռնահանքային արդյունաբերությունն է, հատկապես նավթի հանույթը։ Կարևոր են նաև մետալուրգիական, մեքենաշինական, նավթավերամշակման, քիմիական արդյունաբերության ճյուղերը։

Գյուղատնտեսություն

խմբագրել

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Հիմնական ճյուղերն են հացահատիկային կուլտուրաների մշակությունը և անասնապահությունը։ Ագրարային բարեփոխումների հետևանքով առաջացել են մասնավոր և պետական կապիտալիստական ֆերմաներ, միջին ու մանր գյուղացիական տնտեսություններ։ Ունևոր գյուղացիների կոոպերացման փորձեր են կատարվում։ Գյուղացիների զգալի մասը հողազուրկ կամ սակավահող է։ Արտահանության համար կարևորը ձիթապտղի մշակությունն է։ Անասնապահությունը հյուսիսում և հյուսիս-արևելքում ունի արոտավայրային, իսկ կենտրոնական ու հարավային շրջաններում՝ քոչվոր և կիսաքոչվոր բնույթ։ Բուծում են գլխավորապես մանր և խոշոր եղջերավոր անասուններ, ինչպես նաև ուղտեր, ավանակներ, ձիեր, ջորիներ։

 
Գնացք Թունիս քաղաքում

Տրանսպորտ

խմբագրել

Երկաթուղիների երկարությունը ավելի քան 2, 1 հզ կմ է, խճուղիներինը՝ 19 հզ կմ։ Կառուցվում է Գաֆսա—Գաբես երկաթուղին։ Ծովային տրանսպորտով է կատարվում համարյա ամբողջ արտաքին առևտուրը։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Սեխիրան, Սֆաքսը, Բիզերաան, Թունիսը, Սուսը։ Միջազգային օդանավակայան կա Էլ-Աուինայում (Թունիս քաղաքի մոտ)։

Գրականություն

խմբագրել

Թունիսում գիր ու գրականություն ստեղծվել է դեռևս մ.թ.ա. I հազարամյակում՝ փյունիկերեն։ Հռոմեական տիրապետության շրջանում համաշխարհային գրականության մի շարք ականավոր ներկայացուցիչներ (Ապուլեոս, Օգոստոս Երանելի և ուրիշներ) եղել են թունիսցի։ Սեփական գրականության ինքնատիպ գծերը երևացել են X—XI դդ.՝ ներբողագիր բանաստեղծներ Իբն Հանի ալ-Անդալուսիի (931-973) և Ալի ատ-Թունիսի (X դ.), գեդոնիստ գրողներ Իբրահիմ ալ-Խուսրիի, Իբրահիմ ար-Դակիկի և ուրիշների ստեղծագործություններում։ XII—XIV դդ. արաբական դասական պոեզիայի անկման շրջանում գերակշռել են արձակի ժանրերը։ Միջնադարի մեծագույն գրողն է Իբն Խալդուն (1332-1406)։ XV դ. ստեղծվել է կենցաղային հարուստ գրականություն, XV—XVI դդ. ժողովրդական գրականություն՝ արաբերենի թունիսյան բարբառով։ XVIII դ. աշխուժացել է պալատական ներբողային պոեզիան։ XIX-XX դդ. բանաստեղծների ստեղծագործություններում հնչում են ազգային-ազատագրական պայքարի մոտիվները։ 1920-1930-ական թթ. այն նշանավորվել է բանաստեղծ-նորարար Աբուլ-Քասիմ աշ Շաբբիի (1909-1934), նովելիստ Ալի-ադ-Դուաժիի (1909-1949), հրապարակախոս Թահար Հադդադի (1901-1936) ստեղծագործություններով։ Ազգային վեպի կազմավորումը կապված է Բշիր Խրայեֆի և Մհամմեդ Լարուսի ալ-Մութվիի անունների հետ։ 1960-ական թթ. գրականություն մտան մի խումբ առաջադեմ գրողներ, որոնք արձակն ու դրամատիկական գործերը գրում են արաբերեն, իսկ բանաստեղծությունը՝ ֆրանսերեն։ Երիտասարդ արձակագիրներ և դրամատուրգներ ստեղծագործությանը բնորոշ են գաղափարական ու ոճական որոնումները։

Ճարտարապետություն և Կերպարվեստ

խմբագրել

Թունիսի տարածքում պահպանվել են քարի դարի, փյունիկյան, հռոմեական ժամանակների արվեստի հուշարձաններ։ Միջին դարերում ձևավորվել է իսլամական ճարտարապետությունները։ Դղյակների շուրջ առաջացել են քաղաքներ, ընդհանուր կառուցապատման մեջ գերիշխող միջնաբերդով։ Միջնադարյան կերպարվեստին բնորոշ է արհեստական մարմարի քանդակազարդումը, անջնարակ և ջնարակված խեցեղենի, գեղարվեստական ապակու, ոսկերչական իրերի, գորգերի, արծաթով և ոսկով ընդելուզված զենքերի պատրաստումը։ Մինչև 1956-ը Թունիսում շինարարությունը կատարել են հիմնականում ֆրանսիական ճարտարապետները, որոնք ձգտել են զուգորդել տեղական ավանդույթները և եվրոպական ռացիոնալիզմի սկզբունքները։ Երկրի անկախությունից հետո աշխատում են թունիսցի ճարտարապետներ։ 1950—1960-ական թթ. բուռն զարգացել է կերպարվեստի ազգային դպրոցը, ուր գոյակցում են ռեալիստական և մոդեռնիստական ուղղությունները։ Ժամանակակից Թունիսի դեկորատիվ-կիրառական արվեստի հիմնական ճյուղերն են գորգագործությունը, ասեղնագործությունը, խեցեգործությունը, ոսկերչությունը, մետաղի դրվագումն ու ընդելուզումը։

Երաժշտություն

խմբագրել

Երաժշտական ֆոլկլորը (արաբական ճյուղը, առկա է նաև բերբերականը) լադային հիմքով, մետրոռիթմով, գործիքարանով (դարբուկա, դափ, թառ ևն) ազգակից է արևմտյան արաբական երկրների երաժշտությանը։ Դասական երաժշտությունը սկզբնավորվել է XV դ։ 1960-ական թթ. գործում է սիմֆոնիկ նվագախումբը, ստեղծվել է Ազգային կոնսերվատորիա։ Խոշոր գործիչներից է արաբական երաժշտական մշակույթի մասնագետ Սալահ ալ-Մահդին։

Թատրոն

խմբագրել

Իսլամի արգելքով մինչև XIX դ. թատերարվեստը չի կազմավորվել։ 1848-ին Մ. ալ Նաղաշը արաբերեն է թարգմանել և բեմադրել Մոլիերի «Ագահը»։ Ֆրանսիացիների տիրապետության օրոք գործել են ֆրանսիական թատերախմբեր։ Ազգային առաջին թատերախումբն ստեղծել է դերասան Խ. Զազիրին, 1950-ին։ Թունիսի հանրապետություն հռչակվելուց հետո Թունիս քաղաքում կազմակերպվել է մունիցիպալ թատերախումբ։ Գործում են ևս 2 պրոֆեսիոնալ և 60 սիրողական թատերախմբեր։ Ամեն տարի անց են կացվում թատրոնի շաբաթներ։

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Թունիսի բնակչությունը 2015 թվականին Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Թունիսի բնակչությունը 2015 թվականին» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. Թունիսի բնակչությունը 2011 թվականին
  3. Թունիսի ՀՆԱ-ն
  4. Թունիսի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն
  5. Թունիսի անվանական ՀՆԱ-ն
  6. Թունիսի մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն
  7. Թունիսի Ջինի
  8. Թունիսի ՄԶՀ
  9. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  10. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թունիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 244