Թրծում
Թրծում, բարձր ջերմաստիճաններում զանազան նյութերի տաքացումը և պահումը՝ նրանց անհրաժեշտ հատկություններ (ամրություն, կարծրություն) տալու կամ խառնուկներից ազատվելու նպատակով։ Օքսիդացնող թրծմամբ երկաթահանքից հեռացվում են ծծումբը, ցնդող նյութերը և այլ խառնուկներ, իսկ վերականգնող թրծմամբ երկաթահանքի թույլ մագնիսական ապարները վերափոխվում են մագնիսականի՝ հետագայում մագնիսատման ճանապարհով հարստացվելու համար։ Գունավոր մետալուրգիայում թրծումը կիրառում են արժեքավոր բաղադրիչների թորահանման համար։ Երբեմն թրծումն համատեղում են եռակալման հետ՝ հետագա մշակումը հեշտացնելու նպատակով։ Սիլիկատների արդյունաբերության մեջ թրծման միջոցով ստանում են կավե աղյուս, կապակցանյութեր, կավե, խեցե, ճենապակե ու հախճապակե ամանեղեն, սանիտարատեխնիկական շինվածքներ, մեքենաների ու ապարատների դետալներ։ Թրծումն իրականացվում է թրծավառարաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 228)։ |