Ժամանակի պարագա
Ժամանակի պարագա, նախադասության երկրորդական անդամ, բայական անդամի լրացում, որը ցույց է տալիս գործողության, եղելության ժամանակը[1], այսինքն՝ այն ժամանակահատվածը, որի ընթացքում սկսվում կամ ընթանում և կամ ավարտվում է գործողությունը[2]։ Հիմնական հարցերն են՝ ե՞րբ, երբվանի՞ց։
Ժամանակի պարագան ունի իմաստային տարբերակներ, որոնք անվանվում են գործողության կատարման, սկզբնավորման, վախճանի ժամանակի պարագաներ[3]։ Ժամանակի պարագան ցույց է տալիս՝
- Գործողության կատարման կամ եղելության ժամանակը. օրինակ՝ Գործարանը ներկայումս թողարկում է 7 տարբեր տեսակի արտադրանք («Սովետական Հայաստան»)։ Սլացիկ սոսիներն ու ցարասիները գիշեր-ցերեկ սոսափում էին այնտեղ (Ավետիք Իսահակյան)։ Ծաղկելու է էգուց վարդերով իր (Եղիշե Չարենց)։
- Գործողության ժամանակային սկզբնակետը, այսինքն՝ այն ժամանակը, որից սկսվում է գործողությունը. օրինակ՝ Վաղուց նա չէր տեսել այդպիսի տեսարան (Շիրվանզադե)։ Այսուհետև պիտի ապրեն հանքերում (Շիրվանզադե)։
- Այն ժամանակը, մինչև որը տևում է գործողությունը. օրինակ՝ Ու ես ցմահ կպարծենամ երկրե-երկիր, Իմ ժողովուրդ, քո անունով՝ վեհ ու հեզ (Հովհաննես Շիրազ)։ Դեռ մի քանի ժամ մնում էր մինչև ճաշը (Րաֆֆի)։
Արտահայտություն
խմբագրելՀայերենում ժամանակի պարագան արտահայտվում է.
- ժամանակի մակբայով՝ Մենք արդեն ապրում ենք զարգացած պետությունում։
- որոշ գոյականներով՝ Գիշերը սաստիկ անձրև եկավ։
- որոշ դերանուններով՝ Ես երբևիցե չեմ տեսել նրան։
- դերբայով (այս դեպքում արտահայտում է այն ժամանակամիջոցը, որի ընթացքում կատարվում է մի զուգահեռ գործողություն)՝ Սառույցի վրա սահելիս ընկա։
- կապական հոլովառությամբ, բառակապակցություններով՝ ուսումնական տարում, անցած ամսում։
Ժամանակակից գրական հայերենում դրսևորվում է տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովներով։ Օրինակ՝ «Կեսօրին սաստիկ շոգ էր», «Ցերեկը գրողների տանը հանդիպում կա», «Վաղվանից քննություններն սկսվում են», «Ցերեկով դժվար է որս անել» և այլն։
Ժամանականիշ որոշ բառեր ժամանակի պարագայի պաշտոնում հանդես կարող են գալ միայն բառակապակցությամբ, օրինակ՝ այդ օրը, մի օր, հետևյալ օրը, ամեն օր։