Ժան Մարի Կաբիդուլենի պատմությունները
Ժան Մարի Կաբիդուլենի պատմությունները (ֆր. Les Histoires de Jean-Marie Cabidoulin, Sea Serpent), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային, ֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1899 թվականին։ Առաջին հրատարակությունը տեղի է ունեցել Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d'Éducation et de Récréation» ամսագրում 1901 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Գրքային առաջին հրատարակությունը լույս է տեսել 1901 թվականի նոյեմբերի 21-ին՝ «Գյուղը օդում» վեպի հետ «երկակի» հատորով։ Հրատարակության պատկերազարդումները կատարվել են Ժորժ Ռուի կողմից։ Ավելի ուշ հրատարակություններում վեպը լույս է տեսել «Ծովային օձ» (ֆր. Sea Serpent) անվանումով։
Ժան Մարի Կաբիդուլենի պատմությունները ֆր.՝ Les Histoires de Jean-Marie Cabidoulin | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ճանապարհորդական վեպ, ֆենթեզի և Ծովային գրականություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Գյուղը օդում |
Հաջորդ | Կիպ եղբայրները |
Նկարազարդող | Ժորժ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1901 |
Թվային տարբերակ | fr.wikisource.org կայքում (ֆր.)] |
The Sea Serpent Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելԿետորսական «Սուրբ Ենոքս» նավը, որի նավապետն է Բուրկարը, և անձնակազմը բաղկացած է երեսուներկու նավաստիներից, նավարկության պետք է դուրս գա Հավրի նավահանգստից և ուղևորվի Խաղաղ օվկիանոս։ Սակայն անձնակազմում թափուր տեղեր կան։ Նավի վրա բացակայում են բժիշկը և կուպերը (տակառագործ)։ Երիտասարդ բժիշկ Ֆիլյոլը իր ծառայություններն է առաջարկում նավապետին։ Նավապետը վարձում է բժշկին՝ տպավորված նրանով։ Ֆիլյոլը կուպերի պաշտոնում առաջարկում է հիսուներկուամյա Ժան Մարի Կաբիդուլենին։ Կաբիդուլենը հին ծովային է և նավարկել է համաշխարհային օվկիանոսներում։ Սակայն նա շատ սնահավատ է և մռայլ մարգարեություններ է անում, որի պատճառով նավաստիների մեջ ժողովրդականություն չի վայելում։ Բայց նավապետը այլ ընտրություն չունի և հավելյալ վարձավճարով նրան վարձում է։
1863 թվականի նոյեմբերի 7-ին կետորսական նավը ճանապարհ է ընկնում։ Կետորսությունը կատարվում է փոքրիկ նավակներով։ Կետերի որսը հաջող է ընթանում։ Կաբիդուլենը անընդհատ պատմում է Մեծ Ծովային Օձի մասին, որը օձի և ութոտնուկի խառնուրդ է։ Նա երբեք դրան չի հանդիպել, բայց կանխազգում է, որ կհանդիպի և աղետը անխուսափելի կլինի։ Հարավային ծովերում որսը հաջող է ավարտվում, նավամբարները լիքն են որսով և նավապետը հույս ունի ամբողջ որսը հաջող վաճառել Վանկուվերում։ Այնուհետև նա մտադրություն ունի որսը շարունակել հյուսիսային ծովերում։ Հաջողության դեպքում որսաշրջանը կարող է տևել մոտ երեք տարի։ Սակայն նրան անհանգստացնում են ոչ թե կետերը, այլ բրիտանական «Ռեպտոն» կետորսական նավի հետ մրցակցությունը։
«Սուրբ Ենոքսը» նավարկում է Օխոտի ծովում և հասնում է մինչև Կամչատկա։ Որոշ ժամանակ անց տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում։ Բազմաթիվ ձկնորսներ և բնակիչներ փախուստի մեջ են մի անհայտ ինչ-որ հսկայից։ Անձնակազմը ծովում նկատում է վիրավորված կամ մահացած կետերի, սակայն ոչ մի պատճառաբանություն չեն գտնում։ Քանի որ հյուսիսային ծովերում կետորսությունը անհաջող է ընթանում, նավապետ Բուրկարը որոշում է ուղղություն վերցնել դեպի հարավային ծովեր։ «Ռեպտոնը» նույնպես բռնում է նույն ուղղին։ Շուտով «Սուրբ Ենոքսը» ստորջրյա ժայռի է հանդիպում և նստում է ծանծաղուտի վրա։ Անձնակազմը սկսում է ուսումնասիրել այդ վայրը։ Այդ նույն ժամանակամիջոցին ֆրանսիացի նավաստիների առջև բացվում է մի սարսափելի տեսարան։ Ծովը սկսում է ալեկոծվել և, կարծես եփվել։ Այդ եռացող կաթսայի մեջ նրանք նկատում են «Ռեպտոնին», որի կայմերը ջարդվել են և նավը անօգնական վիճակում է։ «Սուրբ Ենոքսի» անձնակազմը՝ չնայած եղած թշնամանքին, նետվում է օգնության։
Ծանծաղուտից դուրս գալու համար նավապետը որոշում է սպասել մակընթացությանը։ Սակայն այն ևս չի օգնում նավին դուրս գալ ծանծաղուտից։ Նավապետը հրամայում է ծովը նետել բեռի որոշ քանակ, բայց անօգուտ։ Նավը տեղից չի շարժվում։ Նրանք ծովում նկատում են «Ռեպտոնի» նավաբեկյալ անձնակազմին և փրկում են նրանց։ Նավապետ Կինգը պատմում է, որ «Ռեպտոնը» հրեշավոր ուժի հարված է ստացել նավակողին և դրանից էլ կործանվել։
Հանկարծակի նավը սկսում է շարժվել, բայց մնում է ժայռի վրա։ Կաբիդուլենը հայտարարում է, որ դա հսկա ծովային օձն է նրանց բռնել։ Նավապետը հրամայում է ձերբակալել նրան, բայց հենց նույն պահին ծովից լսվում է հրեշավոր մի ոռնոց և նավը սկսում է հսկայական ուժով նավարկել Խաղաղ օվկիանոսում։ Անձնակազմը ի վիճակի չէ ղեկավարել նավի ընթացքը՝ կարծես ինչ-որ ուժ նրան տանում է իր հետևից։ Այդ ամենը շարունակվում է նաև ամբողջ գիշեր։ Այդպես նավարկելով նրանք հաջորդ օրը՝ կեսօրն անց, հասնում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին։ Հսկա ուժը նրանց նետում է սառցաբեկորի վրա։ Նավը բազմաթիվ վնասվածքների է ենթարկվում։
Նավապետ Բուրկարը որոշում է ճանապարհ ընկնել ոտքով և սահնակներով։ Երեք օրվա աշխատանքից հետո սահնակները պատրաստ են։ Քսանչորս օր տևած ճանփորդությունից հետո նրանք, վերջապես, ծովում նկատում են եռակայմ կետորսական նավ։ Դա «Ուորլդ» նավն էր, որը ավարտելով որսաշրջանը, ուղևորվում էր Նոր Զելանդիա։ Նրանք տախտակամած են վերցնում նավաբեկյալներին։ Մեկամսյա նավարկությունից հետո նրանք ափ են իջնում և վերադառնում հայրենիք։ Ինչն էր նրանց այդպիսի արագությամբ տանում օվկիանոսի ջրերում, մնաց անհայտ, չնայած որ Ժան Մարի Կաբիդուլենը հավատացած է, որ դա Ծովային Օձն էր։ Բայց մի բան ակնհայտ էր։ Դա այն էր, որ այնուհետև Կաբիդուլենը այլևս նավարկության չմեկնեց։
Բովանդակություն
խմբագրելՎեպը բաղկացած է տասնհինգ գլուխներից[1]։
- 'Գլուխ I. Ծով դուրս գալը հետաձգվում է
- Գլուխ II. «Սուրբ Ենոքս»
- Գլուխ III. Նոր Զելանդիայի արևելյան ափին
- Գլուխ IV. Խաղաղ Օվկիանոսում
- Գլուխ V. Մարգարիտա ծովածոցը
- Գլուխ VI. Վանկուվեր
- Գլուխ VII. Երկրորդ որսաշրջան
- Գլուխ VIII. Օխոտի ծովը
- Գլուխ IX. Կամչատկայում
- Գլուխ X. Կրկնակի հարված
- Գլուխ XI. Վիճաբանական հարված
- Գլուխ XII. Ծանծաղուտում
- Գլուխ XIII. Ժայռը շարժվում է
- Գլուխ XIV. Դեպի հյուսիս
- Գլուխ XV. Հանգուցալուծում
Կերպարներ
խմբագրել- Ժան Մարի Կաբիդուլեն - 52 տարեկան, «Սուրբ Ենոքսի» տակառագործ
- Սիմոն Բուրկար - 50 տարեկան, «Սուրբ Ենոքսի» նավապետ
- Ժան Ֆրանսուա Էրտո - 40 տարեկան, նավապետի օգնական
- Ֆիլյոլ - 27 տարեկան, նավի բժիշկ
- Իվ Կոկբեր - 32 տարեկան, առաջին լեյտենանտ
- Ռոմեն Ալոտտ - 27 տարեկան, երկրորդ լեյտենանտ
- Մատյուրեն Օլիվ - բոցման
- Մարսել Ֆերյու - 36 տարեկան, ատաղձագործ
- Ժիլ Թոմա - 45 տարեկան, դարբին
- Քինգ - «Ռեպտոնի» նավապետ
Նկարազարդումներ գրքից
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժան Մարի Կաբիդուլենի պատմությունները կատեգորիայում։ |