Խելագարի տեսություն
Խելագարի տեսություն (անգլ.՝ madman theory), քաղաքական մարտավարություն, որը կիրառվել է Ռիչարդ Նիքսոնի կողմից՝ կոմունիստական ճամբարի երկրների դեմ արտաքին քաղաքականության մեջ։ Հիմքում ընկած է ցանկությունը՝ համոզել հակառակորդին նրանում, որ իշխանությունը պատկանում է անկանխատեսելի, «խելագար» մարդու, ով ունակ է ամեն պահի ոչ ադեկվատ քայլեր կատարել (օրինակ՝ միջուկային զենքի օգտագործում)։ Այսպես, հակառակորդները ստիպված էին վերահսկել իրենց քայլերը, զգուշանալով անսպասելի արձագանքից։ Այս ստրատեգիայի հիմքում ընկած են խաղերի տեսության մշակումները[1]։
Պատմություն
խմբագրելՉնայած նրան, որ «խելագարի տեսությունը» առաջին հերթին կապված է Ռիչարդ Նիքսոնի անվան հետ, նրա հիմնական գաղափարները ձևակերպել է Մաքիավելին XV դարում։ Իտալացի մտածողը նշում էր, որ քաղաքականության մեջ «երբեմն օգտակար է խելագար ձևանալը»[2]։
1950-ական թվականներին ամերիկացի հետազոտողներ Թոմաս Շելլինգը և Գերման Քանը շրջանառության մեջ մտցրին «իռացիոնալության ռացիոնալություն» կոնցեպցիան, ըստ որի պետության առաջնորդները կարող են արդյունավետորեն հասնել իրենց նպատակներին, եթե հավատացնեն հակառակորդներին, որ իրենք այնքան անկանխատեսելի են, որ կարող են սկսել պատերազմներ, որոնք ոչ մի իմաստ չունեն տրամաբանական ազգային հետաքրքրությունների տեսանկյունից[3]։ 1962 թվականին Քանը գրում է, որ կարելի է վախեցնել հակառակորդին, եթե «մի փոքր խենթ» ձևանաս[4]։
Ամերիկյան արտաքին քաղաքականության պատմության մեջ նման ստրատեգիա օգտագործել է Դուայթ Էյզենհաուերը։ Երբ նա նախագահ դարձավ, Կորեական պատերազմը փակուղի էր մտել։ Էյզենհաուերը որոշեց վերջ դնել դրան, հասկացնելով չինացիներին, որ ատոմային ռումբ կնետի Հյուսիսային Կորեայի վրա, եթե անհապաղ զինադադար չկնքվի։ Ընդամենը մի քանի շաբաթ անց չինացիները համաձայնեցին զինադադար կնքել, և Կորեական պատերազմը ավարտվեց[5]։
Ռիչարդ Նիքսոնը օգտագործել է «խելագարի տեսությունը», որպեսզի ճնշի Խորհրդային Միությանը և նրա կողմից աջակցվող կոմունիստական ռեժիմը Հյուսիսային Վիետնամում՝ ավարտելու համար պատերազմը ԱՄՆ-ի համար շահավետ պայմաններով։ 1969 թվականին Փարիզում բանակցությունների ձախողումից հետո Նիքսոնը որոշեց սպառնալ ԽՍՀՄ-ին միջուկային զենքով և ստիպել առաջնորդներին մտածել, որ նա բավականին խելագար է և կարող է գնալ այդ քայլին։ Նրա հաշվարկով, Մոսկվան պետք է հյուսիսային վիետնամցիներին դներ ընտրության առաջ. նստել բանակցությունների սեղանի շուրջ ամերիկացիների հետ կամ զրկվել ԽՍՀՄ-ի կողմից դիվանագիտական աջակցությունից։
Ինչպես պատմում է Նիքսոնի շտաբի պետ Հոլդեմանը, նախագահը այսպես է ձևակերպել «խելագարի տեսությունը».
«Ես անվանում եմ սա «խելագարի տեսություն», Բոբ։ Ես ուզում եմ, որ հյուսիսային վիետնամցիները հավատան, որ իրավիճակը այնպիսին է, որ ես կարող եմ ամեն բան անել, որպեսզի դադարեցնեմ պատերազմը։ Մենք պարզապես կասենք նրանց. «ի սեր աստծո, դուք գիտեք, որ Նիքսոնը խելագարվել է կոմունիզմի դեմ պայքարում։ Մենք չենք կարող նրան կանգնեցնել։ Երբ նա բարկանում է, ձեռքը պահում է միջուկային կոճակին»[6]։
Հետևանքներ
խմբագրելՆիքսոնը և ազգային անվտանգության գծով իր խորհրդատու Հենրի Քիսինջերը ձեռնարկեցին «հսկայական նիզակ» գործողությունը, 1969 թվականի հոկտեմբերի 10-ին հրաման տրվեց ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը սկսել պատրաստվել ԽՍՀՄ-ի հետ հնարավոր բախման համար։ Գործողության արդյունքում ռազմական պատրաստության բերվեցին 18 «B-52» ռմբակոծիչներ՝ զինված միջուկային զենքով, որոնք օդ բարձրացան հոկտեմբերի 27-ին և մոտեցան ԽՍՀՄ-ի սահմանին։ 3 օր անց նրանք անսպասելիորեն վերադարձան ԱՄՆ-ի իրենց ռազմական բազա։
Բացի այդ, հոկտեմբերի 13-ից 30-ը հակառակորդին վախեցնելու համար իրականացվեցին տարբեր ծովային գործողություններ. ավիակիրների և բալիստիկական հրթիռների տեղափոխում, Հայֆոն ուղևորվող խորհրդային առևտրական նավատորմերի շրջափակում[7]։
Այնուամենայնիվ, ինչպես հետագայում նշեց ԿՀՎ-ն, այս ակտիվությունը ոչ մի պատասխան դիվանագիտական քայլերի չբերեց ո՛չ ԽՍՀՄ-ի, ո՛չ Չինաստանի կողմից, չհիշատակվեց զանգվածային լրատվության միջոցներում[8]։ Այսպիսով, «խելագարի տեսությունը» պատերազմն ավարտելու հարցում արդյունավետ չի համարվում[9]։
Քննադատություն
խմբագրել«Խելագարի տեսությունը» հաճախ քննադատվում է որպես արտաքին քաղաքականության իրականացման ոչ արդյունավետ միջոց։ Նշվում է, որ այն միշտ չէ, որ բերում է հասցեատիրոջ ցանկալի պահվածքին։
Նաև նշվում է, որ եթե առաջնորդը խելագար միայն ձևանում է, ապա հակառակորդները հասկանում են, որ գործ ունեն մանիպուլյացիայի հետ և արհամարհում են յուրաքանչյուր սպառնալիք, որին չեն հավատում։ Այդպես, Մաո Ցզե Դունը գտնում էր, որ միջուկային զենքը ԱՄՆ-ին ավելի շատ է սահմանափակում, քան իր հակառակորդներին, քանի որ նրա՝ միջուկային զենք օգտագործելու հավանակությունը շատ ցածր է[10]։ Հնարավոր է նաև հակառակ իրավիճակը. որոշ հակառակորդների համար նման պահվածքը կարող է դառնալ սեփական ֆանատիզմի դրսևորման ազդանշան, ինչը ավելի կլարի իրավիճակը և կբերի ճակատագրական հետևանքների։ Այսպիսով, այս ստրատեգիան կարող է մեծացնել զինված բախումների հավանականությունը, ոչ թե ունենալ դրական արդյունք[11]։
Ազդեցությունը հասարակության վրա
խմբագրելԺամանակակից ամերիկյան հրապարակախոսության[12][13] և քննադատական նյութերի մեջ[14] կարելի է տեսնել կարծիքներ այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես օգտագործում է «խելագարի տեսությունը» արտաքին քաղաքականության մեջ իր նպատակներին հասնելու համար։ Որպես օրինակ միշտ բերվում է նրա կողմից Հյուսիսային Կորեայի իշխանության վրա ճնշման գործադրումը։ ԱՄՆ-ի նախհագի կտրուկ վարքագիծը (մասնավորապես, Թվիթերում Հյուսիսային Կորեիայի առաջնորդին վիրավորելը) նպատակ ուներ զգուշացնել Կիմ Չեն Ընին, որ եթե նա Թրամփին չվստահեցնի, որ երկիրը զինաթափվում է, Թրամփը կարող է սկսել պատերազմ, որը կվերածվի միջուկայինի։
Մամուլում հաճախ նաև նշվում է, որ եթե Նիքսոնը խելագար ձևանում էր, ապա Թրամփը այդպիսին է իրականում, և նրա արտաքին քաղաքականությունը կարող է բերել բացասական հետևանքների[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Rosen J., Nichter L. Madman in the White House // Foreign Policy, 25.03.2014
- ↑ «Acharya A. War with Crazy Types. 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Rice A. Daniel Ellsberg Is Still Thinking About the Papers He Didn’t Get to Leak // Intellingencer, 28.11.2017
- ↑ Kahn H. Thinking about the unthinkable. Horizon Press, 1962
- ↑ Эллсберг Д. Машина Судного дня. Откровения разработчика плана ядерной войны. М.: Альпина Диджитал, 2018
- ↑ Haldeman H. R. The ends of power. New York: NYT Times Books, 1978
- ↑ «Burr W., Kimball J. National Security Archive: Nixon, Kissinger, and the Madman Strategy during Vietnam War. 29.05.2015». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Плеханов И. Удар B-52 по России через Северный полюс // ИноСМИ, 10.07.2016
- ↑ Suri J. The Nukes of October: Richard Nixon’s Secret Plan to Bring Peace to Vietnam // The Wired, 25.02.2008
- ↑ Suri J. Donald Trump and the «madman» playbook // The Wired, 10.08.2017
- ↑ Slater J. Trump Is Using the Madman Theory in North Korea Policy // National Interest, 3.07.2018
- ↑ Swaim B. How might Nixon’s ‘madman theory’ apply to Trump? // Washigton Post, 15.11.2016
- ↑ Levy P. Trump And The Half-Madman Theory Of International Negotiations // Forbes, 25.04.2018
- ↑ Sechser T.S., Fuhrmann M. The Madman and the Bomb. Nuclear Blackmail in the Trump Era // Virginia Policy Review, 2017(չաշխատող հղում)
- ↑ Heer J. Nixon Had His «Madman Theory.» Trump Is Just a Madman // The New Republic, 21.04.2017
Արտաքին հղումներ
խմբագրել- Burr W., Kimball J. Nixon’s Nuclear Specter.The Secret Alert of 1969, Madman Diplomacy, and the Vietnam War // Modern War Studies, 2015 Արխիվացված 2019-02-20 Wayback Machine
- Sechser T.S., Fuhrmann M. The Madman and the Bomb. Nuclear Blackmail in the Trump Era // Virginia Policy Review, 2017(չաշխատող հղում)
- Scott D.K. The «Madman» Rhetoric of Richard Nixon: An Alternative Means to Establish Geopolitical Ethos. Tahlequah, 2005
- Daniel Ellsberg The Doomsday Machine: Confessions of a Nuclear War Planner