Հանդիպում են բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Ավստրալիայի և Անտարկտիդայի։
Վայրի խոզերին (վարազներ) մարդն ընտելացրել է շուրջ 10 հազար տարի առաջ։ Տարածված են եղել ամենուրեք՝ բևեռային շրջաններից մինչև հասարակած։ Հայաստանում վարազները հանդիպում են Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և այլ մարզերի անտառներում, Արաքս գետի առափնյա եղեգնուտներում։ Ապրում են ջրից ոչ հեռու անտառային գոտու խիտ մացառուտներում, փշոտ թփուտներում, խոնավ, ճահճոտ վայրերում։
Մարմնի երկարությունը մինչև 2 մ է, պոչինը՝ 20–25 սմ, էգերի կենդանի զանգվածը 125 կգ է, արուներինը՝ 250-300 կգ։ Ընտանի խոզից տարբերվում է մարմնի ամուր կառուցվածքով, ավելի մեծ գլխով, սուր սեպաձև երկար դնչով։ Ստորին ծնոտի 2 կողքերից դուրս են ցցված 2 սուր եռանկյունաձև ժանիքներ։ Մազածածկը զարգացած է. ունի խոզան և ենթաբուրդ։ Մարմնի վերին մասը դարչնագույն է՝ տարբեր երանգներով, ձագինը՝ բաց գույնի երկայնակի շերտերով։ Տեսողությունը թույլ է զարգացած, հոտառությունն ու լսողությունը՝ լավ։ Վայրի խոզերը նստակյաց կյանք են վարում. ցերեկը թաքնվում են, մթնշաղին և գիշերները՝ ակտիվանում։ Ամենակեր են. սնվում են անտառային պտուղներով (տանձ, խձոր, սալոր, կաղին, հաճար, շագանակ), պալարներով, խոտաբույսերով, միջատներով, կրծողներով, սողուններով և այլն։ Ունենում են 4–8 (հազվադեպ՝ 10–16) խոճկոր, որոնք 7–10 օր կերակրվում են միայն կաթով, ապա 3 ամիս՝ նաև բուսական կերով։ Մարմնակազմը ծանր է ու կոպիտ. իր ցեղակցի կողքին հսկա է թվում։ Դունչը երկար է՝ կարճ, շարժուն կնճիթով։ Մազածածկը նոսր է։ Ապրում են հոտերով (բոլուկ)։ Քնում են գիշերը, սնվում ցերեկը, 2–3 անգամ ավելի շատ խոճկորներ են ունենում։ Ընտանի ցեղական խոզերի կենդանի զանգվածը հասնում է մինչև 500 կգ-ի, ծնում և սնում են 10–12-ից մինչև 28–32 խոճկոր (տարին 2 անգամ)։ Հայաստանում մսատու խոզաբուծությունը կենտրոնացված է հյուսիսարևելյան և Արարատյան դաշտի տարածաշրջաններում։ Բացի խոշոր սպիտակից, բուծվում են նաև լանդրաս, ուելս, ուկրաինական, տափաստանային սպիտակ և հյուսիսկովկասյան խոզերի ցեղերը։
Биологический энциклопедический словарь / Гиляров М. С., Баев А. А., Винберг Г. Г., Заварзин Г. А. и др. — М.: Советская энциклопедия, 1986. С. 562.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 66)։