Կարի մեքենա, կարի արտադրանքի դետալների միացման կամ վերջնամշակման մեքենա։ Կիրառվում, է կարի, տրիկոտաժի, կոշիկի և թեթև արդյունաբերության այլ ճյուղերում, ինչպես նաև կենցաղում։ Ըստ նշանակման կարի մեքենաները լինում են սովորական կարի, շրջակարի, գաղտնակարի, կոճակի և այլն։ Տարբերում են նաև ունիվերսալ (կատարում է տարբեր տեսակի կարեր, տարբեր երկարության և տարբեր ուղղություններով թակալակարեր) և մասնագիտացված (կատարում է որոշակի գործողություններ) կարի մեքենաներ։ Վերջինները սովորաբար կիսաավտոմատ են։ Կարի մեքենաները, ստորաբաժանվում են 2 ենթախմբի՝ մաքոքային և շղթայական կութերով։ Միևնույն ենթախմբի բոլոր կարի մեքենաները շատ նման են ինչպես գործողության սկզբունքով, այնպես էլ աշխատանքային օրգանների կոնստրուկցիայով։ Ունիվերսալ կարի մեքենաներից առավել տարածված է մաքոքային կութով միասեղ կարի մեքենան, որի հիմնական տարրերն են ասեղի, թելաքաշիչի, մաքոքի, գործվածքի շարժիչի մեխանիզմները։ Արդյունաբերության մեջ կիրառվող կարի մեքենաների կառուցվածքը, չափերը, ձևը, արագության և այլ ցուցանիշները որոշվում են նշանակմամբ, արտադրանքի չափերով, նյութի հատկություններով և հաստությամբ։ Մաքոքային կութով ունիվերսալ կարի մեքենաներ են նաև կենցաղում կիրառվող մեքենաները։ Վերջինները, բացի ուղիղ կարից, կարող են կատարել նաև զիգզագաձե կութերով թակալներ և կիրառվել գործվածքների կտրվածքները շրջակարելու, ժանյակները, ապլիկացիաները կարելու, արտադրանքը վերջնամշակելու համար։ Հանովի լրացուցիչ հարմարանքների առկայության դեպքում այդ մեքենաներով կարելի է շրջակարել մերակները, կարել կեռիկները, կոճակները։ Գործվածքի կարման և միաժամանակ կտրվածքների, ինչպես նաև եզրերի շրջակարման համար կիրառում են կարող-շրջակարող մեքենաներ։ Զիգզագ մեքենաները կատարում են զիգզագաձև թակալակարեր։ Գաղտնակարի մեքենաները նախատեսված են ենթաօձիքների, կրծպանի միջադիրի կութերի, ենթակարման տարբեր աշխատանքների համար։ Կոճակի կարման մեքենաները ծառայում են 2 և 4 անցքերով հարթ, կանթերով կոճակների համար։ Մերակի մեքենաները ոչ միայն կարում են մերակների եզրերը, այլ նաև կտրում պահանջվող չափի և ձևի բացվածքներ, ամրացնում բացվածքի ծայրերը, կտրելուց հետո կտրում թելերը։ Ասեղնագործական կարի մեքենայում սինքրոն աշխատում են ասեղի, մաքոքի և գործվածքի շարժիչի մի քանի մեխանիզմներ, որոնք միաժամանակ նույնական նախշեր են կատարում քարգահին հագցված մի քանի կտավի վրա։ Կոճակի, մերակի, ասեղնագործական, ամրակցման կարի մեքենաները կիսաավտոմատ են։ Կան նաև կարի մեքենաներ, որոնցում գործվածքները միացվում են եռքակարով կամ սոսնձի օգնությամբ։

Կարի մեքենա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 321
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարի մեքենա» հոդվածին։