Կղերա-ֆեոդալական հոսանք
Կղերա-ֆեոդալական հոսանք, հայ հասարակական-քաղաքական մտքի ուղղություն 18-19-րդ դարերում։ Արտահայտում էր բարձրաստիճան հայ հոգևորականության, արևելահայ մեծահարուստների, կալվածատերերի և պոլսահայ ամիրայության՝ շահագործող դասերի շահերը։ Կղերա-ֆեոդալական հոսանքը ամենահետադիմական հոսանքն էր հայ հասարակական կյանքում։ Նրա ներկայացուցիչները, որպես կանոն, Թուրքիայում ծառայում էին սուլթանական, Ռուսաստանում՝ ցարական կառավարություններին երկու պետությունների հայ հատվածներում պաշտպանում նրանց ազգային-գաղութային քաղաքականությունը։ Կրոնը, եկեղեցին, նրա ժամասացության լեզուն՝ գրաբարը, նրանք համարում էին ազգի գոյության միակ հենարանը, իսկ դպրոցը՝ եկեղեցու գավիթը (ուստի արգելում էր աշխարհաբարի մուտքը դպրոցներ)։ Կղերա-ֆեոդալական հոսանքի պարագլուխներն էին՝ արևելահայերի մեջ Գ. Այվազովսկին, Մ. Մսերյանը, Ի. Լազարյանը, Ստ. Մանդինյանը, Մ. Զալալյանցը, Ա. Արարատյանը և ուրիշներ, որոնց խոսափողներն էին «Ճռաքաղ և «Մասյաց աղավնի» պարբերականները, իսկ արևմտահայ հատվածում՝ Հ. Չավուռճյանը, Մ. Տեյիրմենճյանը, Ա. Աղանուրը, Կոստանդնուպոլսի ամիրաները և ուրիշներ (ունեին «Զոհալ», «Երևակ», «Արևելյան դար» և այլ պարբերականներ)։ Կղերա-ֆեոդալական հոսանքը կատաղի պայքար էր մղում հայ լուսավորիչներ՝ Աբովյանի, Ստ. Նազարյանի, Մ. Նալբանդյանի, Ն. Ռուսինյանի, Ն. Զորայանի և այլոց առաջադեմ գաղափարների դեմ։ Հալածում և հետապնդում էին հայ առաջադեմ գործիչներին։ 19-րդ դարի 50-60-ական թվականներին, ֆեոդալիզմի քայքայման ու կապիտալիզմի զարգացման պայմաններում, Կղերա-ֆեոդալական հոսանքն ջախջախիչ հարված ստացավ հայ առաջադեմ գործիչներից, հատկապես հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանից, աստիճանաբար կորցրեց իր ազդեցությունը և որպես հոսանք դադարեց գոյություն ունենալուց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 486)։ |