Կոնստանտին Օրբելյան
Կոնստանտին Աղապարոնի Օրբելյան (հուլիսի 29, 1928[1], Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 24, 2014[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), խորհրդային դաշնակահար, դիրիժոր, երգահան։ Ազգությամբ՝ հայ։ ՀԽՍՀ (1974) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)։
Կոնստանտին Օրբելյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1928[1] Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ, Հայաստան և ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 24, 2014[1] (85 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
Կայք | korbelian.com |
Konstantin Orbelyan Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնստանտին Օրբելյան (այլ կիրառումներ)
Կենսագրություն
խմբագրելԿոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում։ Երաժշտական ունակություններն ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում։ Շնորհալի փոքրիկին ծնողներն ուղարկել են Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցը։ Դժբախտաբար, նա շատ քիչ է սովորել այնտեղ։ Օրբելյանի ծնողները դարձել են ստալինյան արյունալի բռնությունների զոհը։ Հորը ձերբակալել են 1936 թվականին, ապա գնդակահարել, իսկ մորը 2 տարի անց ձերբակալել են, ապա ուղարկել ստալինյան ճամբար։ Կոնստանտինին հեռացրել են դպրոցից, և եղբայրները մեծ քաղաքից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը։
1942 թվականին ավիացիոն կորպուսի ջազային խմբում Կոնստանտինին աշխատանքի են ընդունել որպես դաշնակահար։ Որոշ ժամանակ անց պատանին ռազմական նվագախմբի հետ միասին համերգներով սկսել է հադես գալ Երևանում։ Հայաստանի ջազ երաժիշտներն իրենց համար նոր տաղանդ են բացահայտում այդ համերգների ժամանակ և տղային հրավիրում նվագելու Հայաստանի էստրադային նվագախմբում։ Այդ ժամանակ էլ դրվում է Օրբելյան արտիստի ստեղծագործական փայլուն կարիերայի ամուր հիմքը։
1945 թվականից Օրբելյանն ուժերը փորձում է նաև երգահանության ասպարեզում և բավական լուրջ հաջողություններ է գրանցում։ Նվագախմբի համար վերամշակում էր ժողովրդական երգերը, ինչպես նաև ստեղծում նոր մեղեդիներ։ Առաջին գործերից է «Օրորոցայինը»։
Հայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը Օրբելյանի համար ուղեցույց է դարձել դեպի երաժշտական մեծ աշխարհ։ 1952 թվականին Օրբելյանը հեռացել է էստրադային նվագախմբից և ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, այնուհետև՝ Երևանի պետական կոնսերվատորիա։
1955 թվականին հայ կոմպոզիտորը փորձել է ուժերը մեկ այլ ասպարեզում՝ գրելով «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը, որը մեծ հաջողություն է ունեցել։ 1956 թվականին Օրբելյանը հրավիրվում է ղեկավարելու Հայաստանի էստրադային նվագախումբը։ Երկար մտածելուց հետո համաձայնում է՝ դառնալով խմբի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը։
1956 թվականից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։ Էստրադային և ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ։
1957 թվականին Օրբելյանը դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ[2]։ 1962 թվականին Մոսկվայում անցկացվող «ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ» մրցույթի հաղթող ճանաչվել է Օրբելյանը։
1961 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական դասարան)։ 1956 թվականից՝ Հայաստանի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար։ Արտահայտման անմիջականությամբ և քնարական հագեցվածությամբ աչքի է ընկնում Օրբելյանի լարային կվարտետը (1956 թ., առաջին մրցանակ Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնում, 1957 թ., Մոսկվա)։
1992 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում։
Մահացել է 2014 թվականի ապրիլի 24-ին[3]։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում[4][5]։
Սիմֆոնիկ գործեր
խմբագրելՃանաչում են գտել նրա սիմֆոնիան (1961 թվական) և «Անմահություն» բալետը որը բեմադրվել է 1969 թվականին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ Դրանցում յուրովի են վերակերպվել հայկական ժողովրդական երաժշտության լադաինտոնացիոն ու ռիթմական առանձնահատկությունները, ժամանակակից սիմֆոնիզմի նվաճումները։
Սիմֆոնիկ գործերի թվում են նաև «Հուշարձան» (1955 թ.) և «Դեպի թռիչք» (1956 թ.) խորեոգրաֆիկ պատկերները, «Տոնական նախերգանքը» (1967 թ.) և «Զանգեզուր» պոեմը (1973 թ.)։ Գրել է «Սիրում եմ քեզ, դու իմ Մոսկվա» (երգի միջազգային փառատոնի մրցանակ, Բուդապեշտ, 1967 թ.), «Երևանյան մեղեդի», «Ռեքվիեմ», «Կեչիների աղմուկը», «Արևիկ», «Սերը չի ծերանում» և բազմաթիվ այլ երգեր, էստրադային պիեսներ (1966 թ. Պրահայի ջազային երաժշտության միջազգային փառատոնում մրցանակի է արժանացել նրա «Պոլիֆոնիկ պրելյուդը» 4 տրոմբոնների և էստրադային նվագախմբի համար), ջազային կոմպոզիցիաներ։
Դրամատիկ, ներկայացումների (Ա․ Արաքսմանյանի «Քո հոգու կրակը», բեմադրված 1959 թ., Մոսկվա]ի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոն և այլն) և կինոնկարների («ճանապարհ դեպի կրկես», «Փառքի օղակներ», «Թռիչք անդունդի վրայով» և այլն) երաժշտության հեղինակ է։
Ընտանիք
խմբագրել- Հայր՝ Օրբելյան Աղապարոն Սուլթանի (1892-1938)
- Մայր՝ Աթարբեկով Սոֆիա Միքայլի (1900-1991)
- Եղբայր՝ Օրբելյան Գարեգին Աղապարոնի (1920-2007), Սան Ֆրանցիսկոյի առևտրաարդյունաբերական պալատի արտաքին հարաբերությունների փոխնախագահ։
Պարգևներ
խմբագրել2012 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «п Б─■ RuData.ru». Արխիվացված է օրիգինալից 2019-09-22-ին. Վերցված է 2015-09-22-ին.
- ↑ Այսօր Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է
- ↑ Կոնստանտին Օրբելյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան
- ↑ «Կոնստանտին Օրբելյանի աճյունն ամփոփվեց հայրենիքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Օրբելյան» հոդվածին։ |