Կոնցենտրացիա (այլ կիրառումներ)
Կոնցենտրացիա (նոր լատ. concentratio, լատ. con (cum)- միասին, հետ և centrum — կենտրոն, կենտրոնակետ, առանցքակետ) քիմիայում մեծություն, որն արտահայտում է տվյալ բաղադրամասի հարաբերական քանակությունը ֆիզիկա-քիմիական համակարգում (խառնուրդում, լուծույթում, միահալույթում)։ Կոնցենտրացիայի արտահայտման եղանակներն են.
Բաժնային կոնցենտրացիա ըստ զանգվածի, որը տվյալ բաղադրամասի հարաբերությունն է համակարգի ամբողջ զանգվածին, այդ հարաբերությունը բազմապատկելով 100-ով՝ կստացվի տոկոսային կոնցենտրացիա՝ ըստ զանգվածի։
Ատոմական (մոլային) բաժնային կոնցենտրացիան տվյալ բաղադրամասի գրամ-ատոմների (մոլերի) հարաբերությունն է համակարգի գրամատոմների (մոլերի) ընդհանուր թվին։ Այդ հարաբերությունը բազմապատկելով 100-ով՝ կստացվի կոնցենտրացիան՝ արտահայտված ատոմական (մոլային) տոկոսներով։
Ծավալային բաժնային կոնցենտրացիան տվյալ բաղադրամասի ծավալի հարաբերությունն է համակարգի ամբողջ ծավալին, այդ հարաբերությունը բազմապատկելով 100-ով՝ կստացվի կոնցենտրացիա՝ արտահայտված ծավալային տոկոսներով։
Հեղուկ համակարգերի կոնցենտրացիան արտահայտում են
- տոկոսներով, որը ցույց է տալիս, թե 100 գ լուծույթում քանի գ նյութ է լուծված
- մոլյարությամբ՝ 1 լ լուծույթում լուծված նյութի մոլերի թիվը
- նորմալությամբ՝ 1 լ լուծույթում լուծված նյութի գրամ-համարժեքների թիվը
- մոլալությամբ՝ 1000 գ լուծիչում լուծված նյութի գրամմոլերի թիվը
- տիտրով՝ 1 մլ լուծույթում եղած գործող կամ որոշվող նյութի գ-ների թիվը։
Գործնականում կոնցենտրացիայի որոշման համար սովորաբար օգտագործում են քանակական վերլուծության մեթոդները, ինչպես նաև որոշ գործիքային մեթոդներ, որոնք հնարավոր են դարձնում արագ և բավարար ճշտությամբ որոշել տվյալ բաղադրամասի պարունակությունը։
![]() |
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 584)։ ![]() |